ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ
«… Կարելի է ասել, որ հայը խաղաղութեան համար աշխարհի ամենաանփոյթ ժողովուրդն է: Հայը չի հաւատում պատերազմին եւ դրա համար պատմական ամէն դէպք ընդունում է իբրեւ անակնկալ, իբրեւ «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակաւին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտութիւնների իմաստը` խաղաղութեան ժամանակ պէտք է նախապատրաստուել միայն մէկ բանի համար` պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մէկ բան` յաղթանակ»:
Այս տողերի հեղինակը հայ անուանի իմաստասէր Հայկ Ասատրեանն է, ով աւելի քան 70 տարի առաջ գրել է «Ցեղ եւ հայրենիք» ամսագրում:
Իսկ ի՞նչ է փոխուել: Փոխուել են միայն ժամանակները, էլի մենք նոյնն ենք մնացել: Արցախեան առաջին յաղթական պատերազմից յետոյ եղաւ 2016թ. ապրիլեան պատերազմը: Մենք պատրա՞ստ էինք այդ պատերազմին: Միայն քչերը կարող են ասել` այո՛: Շատերն էլ կ՛ասեն մենք յաղթեցի՛նք, քանի որ միաբանուեցինք ազգովին, դարձանք ազգ-բանակ: Բայց, հետաքրքիր է, ի՞նչը մեզ միաբանեց` ինքնապաշտպանութեան բնա՞զդը, թէ՞ թուրք-ազրպէյճանցին: Միաբանուելու համար ո՞ւմ յայտնենք մեր երախտագիտութիւնը:
Ցանկացած ազգ միաբանւում է մի յստակ գաղափարի շուրջ: Եթէ այդ գաղափարը հայրենիքը չէ, ապա ո՞րն է: Իսկ ո՞րն է հայի հայրենիքը: Միանգամից կարելի է ասել` Հայաստանը եւ վերջ: Սակայն, արդեօ՞ք իւրաքանչիւր հայ կը բաւարարուի այդ պատասխանով: Հայաստանը հայի համար սիրելի բառ չէ միայն, այլ հասկացողութիւն է, ինչպէս նաեւ` իղձ, երազանք, կարօտ, ցաւ, տառապանք եւ հաւատի անսպառ աղբիւր: Հայրենիքը վտանգի պահին աւելի է քաղցրանում, հարազատանում… Իսկ մեր հայրենիքն արդեօ՞ք վտանգի մէջ չէ:
Բնութեան մէջ զարգացման ենթակայ ամէն մի արարած ունի հայրենիք: Բազմազանութեամբ ու խայտաբղէտութեամբ աչքի ընկնող բոյսերը եւ կենդանիներն ունեն աճման ու զարգացման, բազմացման ու տարածման առաւել նպաստաւոր պայմաններ ապահովող միջավայրերը` հայրենիքները: Արեւադարձային գօտում աճող բոյսերն առանց ջերմոցային պայմանների հնարաւոր չէ աճեցնել այլ գօտիներում, մասնաւորապէս` Սիպիրում: Եւ, հակառակը, սիպիրեան խստաշունչ ձմռանը յարմարուած բոյսերը արեւադարձային գօտում կ՛ոչնչանան: Նոյնը վերաբերում է կենդանական աշխարհին: Նախախնամութեամբ այդ օրէնքը տարածւում է նաեւ մարդկանց վրայ, բայց գոյութիւն ունի մեծ տարբերութիւն. մարդու կեանքը կենդանականի եւ հոգեւորի միասնութիւնն է: Այդ պատճառով էլ մարդու հայրենիքի գաղափարը բաժանւում է երկու մասի եւ հանդէս է գալիս որպէս նիւթականի ու հոգեւորի միասնութիւն:
Հայրենիքի գաղափարը յատուկ է նոյնիսկ ամենահասարակ, կիսակիրթ ազգերին, բայց նրանց գաղափարը սահմանափակ է: Հայրենիք ասելով` նրանք հասկանում են իրենց ընտանեկան օճախները, հայրենի քաղաքները կամ գիւղերը, հողն ու ջուրը, նախնիների գերեզմաններն ու սրբութիւնները:
Քաղաքակրթութեան զարգացմանը զուգընթաց, աստիճանաբար ընդարձակուել եւ ազգերի մէջ տարբեր բովանդակութիւն է ստացել հայրենիքի գաղափարը: Ընդհանրապէս, ազգայնութեան տարրերն են` արեան, հայրենի երկրի, լեզուի, պատմութեան, աւանդոյթների, սովորոյթների եւ պետական կազմակերպութեան միութիւնները: Նշուածներից, սակայն, արտաքին երեւոյթները չեն այնքան կարեւոր, որքան` հոգեւոր կեանքի եւ քաղաքակրթութեան գիտակցութեան միութիւնը: Այս տարրերից իւրաքանչիւրն իր նշանակութիւնն ունի ազգի բնական զարգացման համար, բայց այդ զարգացման ելակէտը հոգեւոր կրթութիւնն է եւ` նրանից բխած գիտակցութիւնը, որ սերտ կերպով միմեանց հետ է կապում ազդեցութեան անդամներին: Այդ գիտակցութեամբ է որոշւում, թէ ազգը ինչ հոգեւոր բարիք եւ ժառանգութիւն ունի, որ թանկ է հանրութեան համար: Եւ այդ ժառանգութիւնն է ազգի հոգեւոր հայրենիքը, որով նա ապրում է ոչ որպէս մի բոյս կամ կենդանի, այլ` բանական եւ հոգեւոր արարած:
Քաղաքակիրթ ազգի համար սովորական իմաստով` հայրենիքից բացի կայ մէկ այլ` հոգեւոր, վերացական հայրենիք: Հոգեւոր կեանքը եւ քաղաքակրթութիւնն էլ ունի իր հայրենիքը` ճիշդ այն նմանութեամբ, ինչպէս բոյսերի, կենդանիների եւ մարդկանց նիւթական հայրենիքն է: Ամէն հողի վրայ նոյն գաղափարը աճել չի կարող: Նոյնիսկ բարոյական եւ կրօնական ընդհանուր գաղափարները տարբեր բնաւորութիւն եւ ձեւակերպում են ստանում զանազան երկրների բնակիչների մէջ: Քրիստոնէութիւնը տարբեր բացատրութիւն եւ կազմակերպութիւն է ստացել տարբեր ազգերի մէջ, թէեւ արմատով նոյնն է ամէն տեղ: Դաւանաբանական եւ ծիսական կարգերի տարբերութիւնները եկեղեցիների մէջ, ընդհանրական եկեղեցու բաժանուելը ազգային եկեղեցիների Աստծոյ տնօրինութեան եւ պատմական, բնական պարագաների հետեւանք էին եւ ոչ` այս կամ այն անձի կամայականութիւն: Պատմականօրէն հետեւելով ժամանակակից ազգերի քաղաքակրթութեան եւ կրօնների զարգացման ընթացքին` համոզւում ենք, որ տարբեր են Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթութիւնները, ուրիշ է քրիստոնեայ ազգերի ընդհանուր քաղաքակրթութիւնը, եւ ուրիշ` մահմետական, պուտտայական եւ հեթանոս ազգերինը: Նոյնիսկ այս ընդհանուր խմբերի քաղաքակրթութիւններն էլ իրենց ստորաբաժանումներով տարբերւում են միմեանցից:
Ամէն ազգի հոգեւոր կեանք իր բնորոշ կողմերն ու յատկութիւններն ունի: Ինչպէս բոյսը իր յատուկ կլիմայական պայմաններում միայն կարող է զարգանալ եւ շարունակել իր տեսակը, այդպէս էլ իւրաքանչիւր ազգի հոգեւոր կեանքը իր բնորոշ յատկութիւնները պահել եւ զարգանալ կարող է իր բնիկ հողի վրայ:
Իսկ ո՞րն է հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը: Այս հարցի պատասխանը իւր ժամանակին այնքան սպառիչ է տուել Գարեգին Ա. կաթողիկոս Յովսէփեանը, որ ստիպուած ենք ամբողջութեամբ մէջբերել. «Հայ ժողովրդի գիտակցուած քաղաքակրթութիւնը սկսւում է քրիստոնէութեան հաստատութեամբ եւ նրա դրոշմն է կրում իր զարգացման ամբողջ ընթացքում: Հայոց մատենագրութեան առաջին յիշատակարանը Սուրբ Գրքի թարգմանութիւնն է, որի վրայ կրթուել են բազմաթիւ սերունդներ: Հինգերորդ դարից առաջ ի՞նչ քաղաքակրթութիւն ենք ունեցել` յայտնի չէ մեզ, եղած հեթանոսական քաղաքակրթութիւնը ձուլուել է քրիստոնէականի հետ: Հայոց հոգեւոր կեանքի պատմութիւնը գրեթէ նոյնանում է մեր եկեղեցու զարգացման պատմութեան հետ: Հայ ժողովրդի մատենագիրներն ու վարժապետները միեւնոյն ժամանակ եկեղեցու սպասաւորներն են: Գիտութիւնն ու արուեստը հայ ժողովրդի մէջ ծագել եւ զարգացում են ստացել եկեղեցու շրջանակի մէջ: Հայոց ճարտարապետութեան մասին գաղափար ենք ստանում նախնեաց թողած վանքերի ու եկեղեցիների մնացորդներով: Հայոց քանդակագործութիւնը` որմնաքանդակներ, խաչքարեր, ելունդաւոր պատկերներ, նկարչութեան մնացորդներ, նոյն վանքերում եւ նրա պատերի վրայ պէտք է որոնել: Մանրանկարչութեան արուեստը ծաղկել է հայ վանականների ձեռքով եւ պահուել է բազմաթիւ ձեռագրերի մէջ: Հայ ժողովրդի մանր արուեստների մասին` ձեռագործ, ոսկերչութիւն, փայտի քանդակագործութիւն եւ այլն, գաղափար ենք ստանում հին եկեղեցիներում եւ վանքերում պահուած սրբազան անօթներից ու զգեստներից: Եկեղեցական երգեցողութիւնը սերնդեսերունդ աւանդել եւ պահպանել է մեր ժողովրդական եղանակները: Մեր նախնեաց կրթարանները վանքերն են եղել` իրենց վանականներով. այստեղ ուսում եւ դպրութիւն են ստացել ոչ միայն եկեղեցու պաշտօնեաները, այլեւ` արքայազներ, իշխաններ եւ հասարակ ժողովրդի որդիք: Վանքերն են պահել մեր նախնեաց քաղաքակրթական մնացորդները` հնութիւնների եւ ձեռագրերի ժողովածուներ, որոնց ուսումնասիրութեամբ հնարաւոր է գաղափար կազմել մեր անցեալ կեանքի եւ պատմութեան մասին:
Եթէ իրաւ է մեր ասածը, թէ` հոգեւոր կեանքով ապրող ազգերը սովորական, երկրաւոր հայրենիքից զատ ունեն մէկ ուրիշ, վերացական հայրենիք, նրա անցեալ քաղաքակրթութիւնն ընդարձակ մտքով, ուրեմն հայ ժողովրդի հոգեւոր հայրենիքը Հայաստանեայց եկեղեցին է: Այս հայրենիքում միայն կարող ենք հոգեւոր ձեւով աճել ու զարգանալ, ինչպէս` որոշ կլիմայի եւ տեղի յատուկ բոյսն ու կենդանին: Մեր անցեալը ուրանալ չենք կարող, եթէ տգիտութեան եւ միակողմանի հասկացողութեան թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրայ:
Ո՞րն է հայի նիւթական հայրենիքը: Այս հարցի պատասխանը պէտք է որոնել մարդկութեան պատմութեան ոլորաններում` սկսած Նոյից մինչեւ Հայկ նահապետ, եւ մանաւանդ` բաբելոնեան աշտարակաշինութիւնից յետոյ: Հարցին առնչութիւն ունի Պօղոս առաքեալի` Արիսպագոսի մէջ արտասանած ճառի հետեւեալ հատուածը. «Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, որ փնտռեն Աստծուն, որպէսզի, թերեւս, խարխափեն դէպի նա, գտնեն նրան…» (Գործք ԺԷ. 26-27): Հայի բնակութեան սահմանները, ինչպէս յայտնի է պատմութիւնից, գտնւում են Հայկական Բարձրաւանդակում: Հայ ժողովրդի նիւթական հայրենիքը մտովի կարելի է բաժանել երկու մասի` Իղձերի հայրենիք (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) եւ Առարկայական (շօշափելի) հայրենիք (Հայաստանի Հանրապետութիւն, Արցախի Հանրապետութիւն, Ուտիք, Ջաւախք, Նախիջեւան):
Հայ ժողովրդի ամբողջական հայրենիքը նիւթական եւ հոգեւոր հայրենիքների միասնութիւնն է:
Միակ բանը, որ բոլորիս համար ընդհանուր է` Հայրենիքն է: Ուստի, եկէք` սիրենք մեր հայրենիքը եւ համախմբուենք ամբողջական հայրենիքի գաղափարի շուրջ: