Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

«Պնակ Մը Տաք Ճաշ»-ն Ու Լուսանկարչի Մեծ Աշխարհը

$
0
0

«Հայերն Այսօր»-ի Հարցազրոյցը Սան Ֆրանսիսքոյէն
Հայաստան Ներգաղթած Գաբրիէլ Փանոսեանի Հետ

Պատրաստեց` ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ծովից ծով Հայաստան, պատմական շքեղ հայրենիք ունեցած հային տարբեր դարաշրջաններում բաժին է հասել բռնի ուժով իր նախնիների հողից զրկուելու ու զարկուելու դառը ճակատագիրը: Սփիւռք եւ հայրենադարձութիւն, ներգաղթ ու արտագաղթ բառերն ասես ծնուել են հայի հետ, սակայն, Աստծոյ կամօք, աշխարհի տարբեր ծագերում ապրող  բոլոր հայերը մի օր հաւաքուելու են հայրենի հողում եւ ստեղծելու են հզօր Հայաստան:

Վերջին տարիներին Հայաստան վերադարձող, հայրենադարձուող հայութեան թիւն էականօրէն աւելացել է: Մեր հայրենակիցների մի մասը Հայաստան է եկել  շատ տարիներ առաջ, գտել իր տեղն ու դերը մեր հասարակութեան մէջ, կայացել իբրեւ մասնագէտ: Նրանցից մէկն էլ 12 տարի առաջ հայրենիքում հաստատուած Գաբրիէլ Փանոսեանն է, ում հետ հետաքրքիր զրոյց ծաւալուեց «Հայերն Այսօր»-ի խմբագրութիւնում:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարո՛ն Փանոսեան, պատմէք, խնդրեմ, ձեր` հայ մարդու ոդիսականի մասին:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես մուսալեռցիների զաւակ եմ, ծնուել եմ Լիբանանում, ապրել եմ Միացեալ Նահանգներում, իսկ 12 տարի առաջ հաստատուել եմ Հայաստանում: Ահա իմ ոդիսականը:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը պատճառ դարձաւ ձեր հայրենադարձուելուն:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Լիբանանում երկար տարիներ ես սկաուտների խմբապետ եմ եղել. իմ խմբի երեխաներին շարունակ հայրենասիրութիւն եմ քարոզել, նրանց սովորեցրել եմ հողով, քարով Արարատ լեռ սարքել եւ միշտ մտածել եմ, որ ես ժամանակաւոր եմ ապրում Լիբանանում, որ ես տեղացի չեմ ու մի օր պիտի գնամ իմ հայրենիք: Այդ ժամանակ, երբ դեռեւս Հայաստանում խորհրդային կարգերն էին իշխում, Հայաստան գալն աներեւակայելի էր: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 1974 թուականի հոկտեմբերի 9-ին, որից յետոյ, վերադառնալով Լիբանան, իմ տպաւորութիւնները պատմել եմ շրջապատիս: Երկրորդ անգամ Հայաստանում եղել եմ 1991-ին` Հայաստանի նախագահի ընտրութեան օրերին. հէնց այդ ժամանակ մի շարք թղթակցութիւններ արեցի: Հետագայում ընտանիքով փոխադրուեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգներ… բայց հասկացայ, որ դա էլ իմ տեղը չէ: Երբ Հայաստանում անկախութիւն հռչակուեց, ես որոշում կայացրեցի, որ պէտք է Հայաստան գամ: Այդ տարիներին Սան Ֆրանսիսքոյում  ղեկավարում էի «Համազգայինի Ձայն» ռատիոժամը: Ես ելեկտրականութեան մասնագէտ եմ, սակայն մշտապէս կապուած եմ եղել արուեստի աշխարհին: Դեռ մանկուց հետաքրքրուած եմ եղել լուսանկարչութեամբ. մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ` ափսոսում եմ, որ Հայաստանում չեմ ծնուել, թէ չէ` բոլորովին ուրիշ ճակատագիր կ՛ունենայի, նպաստաւոր միջավայր կը լինէր իմ մասնագիտական կողմնորոշման համար, ներքին ապրումներս արտայայտելու հնարաւորութիւն կ՛ունենայի իմ ստանալիք կրթութեամբ:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գաբրիէ՛լ, դուք հիմնականում զբաղւում էք լուսանկարչութեամբ եւ, կարծես թէ, հէ՛նց այդ ոլորտում էլ կայացել էք… ինչպէ՞ս յայտնուեցիք այդ դաշտում:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես արդէն ասացի, որ միշտ ձգտում ու սէր եմ ունեցել արուեստի, մշակոյթի հանդէպ, առիթ եմ ունեցել թղթակցութիւններ անելու, ռատիոժամ ղեկավարելու, իսկ  լուսանկարչութեան բնագաւառում ներկայացայ մի հետաքրքիր դիպուածով. ցոյցերից մէկի ժամանակ մի լուսանկար արեցի, որում Կիրօ Մանոյեանը փաթաթուել էր մի ձողի, եւ օրէնքի պահապանները նրան չէին կարողանում պոկել, ետ քաշել այդ ձողից: Այդ լուսանկարն ուղարկեցի «Ազդակ» օրաթերթին, նրանք շատ հաւանեցին նկարը, եւ այն  իմ անուն-ազգանունով տպագրուեց: Լուսանկարը շատերի ուշադրութիւնը գրաւեց, ու  ես օրաթերթի   ֆոթոլրագրողը դարձայ: Հայաստանի սփիւռքի նախարարութեան հետ ստեղծման առաջին իսկ օրուանից սկսել եմ համագործակցել նախարարութեան հետ, նախարարն ինձ շատ է քաջալերել, որի համար երախտապարտ եմ: Մինչ օրս էլ շարունակւում է մեր համագործակցութիւնը. մեծ սիրով եմ մասնակցում նախարարութեան բոլոր միջոցառումներին: Յարգարժան նախարարը կարծում էր, թէ ես «Ազդակ»-ի պաշտօնեայ եմ եւ զարմացաւ` իմանալով, որ ես իմ նախաձեռնութեամբ եմ լուսանկարներ պատրաստում: 1993-ին բարեգործական նպատակներով եղել եմ Արցախում եւ ականատես եմ եղել մի դէպքի. մէկուկէս տարեկան առեւանգուած Լոլային յետ էին վերադարձրել, ես հանդիպեցի նրա ընտանիքին, եկայ Երեւան եւ թերթերում գրեցի այդ մասին. դա իմ լրագրողական առաջին աշխատանքն էր, հիմնականում լուսանկարչութեամբ եմ զբաղւում:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երբեւէ մտածե՞լ էք ձեր լուսանկարների անհատական ցուցահանդէսը բացել:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես 9-ը ցուցահանդէս եմ ունեցել, որոնցում, սակայն, ցուցադրուել են վերացական լուսանկարներ. ասեմ, որ այդ ցուցահանդէսների քաջալերողը տիկին Հրանուշ Յակոբեանն է եղել:

Իմ լուսանկարները ցուցադրուել են նաեւ խմբային տարբեր ցուցահանդէսների ժամանակ: Ես միշտ ուզում եմ տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ես չեմ ուզում նոյնը տեսնել: Շատ լուսանկարներ եմ արել Արցախում. լուսանկարել եմ Շուշի քաղաքի դռները, նաեւ` եկեղեցիները: Ես նկարել եմ հայկական տների եւ ազրպէյճանական, թուրքական տների ձեւերը` ցոյց տալու դրանց տարբերութիւնը: Իմ լուսանկարչական բոլոր ցուցահանդէսներին միշտ երկու աղջիկ էին գալիս, նրանց հետաքրքրութիւնը գրաւեց իմ ուշադրութիւնը, մի օր մօտեցայ եւ հարցրեցի, թէ ի՛նչն է նրանց այդքան գրաւել, աղջիկներն ասացին` վաղն առաւօտեան կը գանք, կ՛ասենք… յաջորդ օրն առաւօտեան աղջիկները եկան` իրենց հետ մի տետր բերելով, որտեղ իմ նկարների հիման վրայ գրուած բանաստեղծութիւններ էին: Հիացած էի… երբ մէկ տարի անց գնացի Միացեալ Նահանգներ, բարեկամս` Եզնիկ Բալայեանը, իմանալով այդ մասին, յորդորեց հրատարակել այդ բանաստեղծութիւնները: Վերադարձայ Հայաստան, գտայ  այդ երկու աղջիկներին, ասացի իմ մտայղացման մասին, շատ ուրախացան. պարզուեց, որ նրանք էլ էին նոյնը մտածել, եւ իմ նկարների տպաւորութեամբ ստեղծուած այդ բանաստեղծութիւնների գիրք-ալպոմն արդէն հրատարակուել է. նկարն է եւ նրա  կողքին` նկարի տպաւորութեամբ գրուած բանաստեղծութիւնը: Մօտ ժամանակներում շնորհահանդէսը կը կազմակերպենք:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ես  տեղեակ եմ, որ դուք հիմնադիրն էք «Պնակ մը տաք ճաշ» նախաձեռնութեան. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, մանրամասնէ՛ք, խնդրում եմ:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ինչպէս տեսաք, այս տարի Հայաստանում դաժան ձմեռ էր. ես Արարատեան դաշտավայրում` Նորամարգ գիւղում, մի ֆերմա ունեմ, ասացի` գնամ տեսնեմ ինչ վիճակում է: Տեսայ, որ կէս մեթր ձիւն է նստել, չկարողացայ դուռը բացել ու ներս մտնել… այդ օրն էլ առատ ձիւն էր մաղում, դրսում մի քանի մարդիկ էին հաւաքուել` ծանօթ ու անծանօթ. հարցրեցի, թէ այդ եղանակին ինչ են անում բաց երկնքի տակ, նրանք էլ պատասխանեցին, որ տանը տաքութիւն չունեն, ուտելիք չունեն, աշխատանք էլ չկայ, գնան տուն` ի՞նչ անեն… այդ գիշեր աչքերիս քուն չեկաւ, մտածում էի, թէ ինչ կարելի է անել, ինքս ինձ խօսք տուեցի, որ մի միջոց պէտք է գտնեմ: Որոշումս իրականացնելու համար դիմեցի իմ մի քանի ծանօթների, ովքեր հաւանութեան արժանացրին այդ` «Պնակ մը տաք ճաշ» ծրագիրս, որից յետոյ գնացի գիւղապետի մօտ եւ ներկայացրի ծրագիրս. գիւղապետը շատ ուրախացաւ` ասելով` Աստուած քեզ ուղարկեց: Որոշեցինք 100 անապահով մարդկանց օրը մէկ անգամ կերակրել: Գնացի, ապրանքը բերեցի, մարդիկ գտայ, ովքեր պէտք է աշխատէին: Գիւղապետը կարիքաւորների ցանկը բերեց, պարզուեց, որ 150 է այդ մարդկանց թիւը: Ասացի, որ այդքան տեղ չունեմ (ինձ մօտ էի տեղ առանձնացրել, որ սեղան-աթոռներ դնենք, մարդիկ գան ու ճաշեն): Մտածեցի, որ այդ մարդկանց մի մասը գալու է գիւղի մի ծայրից, ճանապարհները` ցեխոտ, անյարմար, ինչպէ՞ս պէտք է տեղ հասնեն… ի՞նչ անել, ի՞նչ ձեւով իրականացնել այդ ծրագիրը, որ յարմար լինի: Օգնականիս` Արեւիկի հետ խորհրդակցեցինք եւ որոշեցինք չոր սնունդ մատուցել մարդկանց, որ գան եւ այդ մթերքը տանեն, իրենց տներում պատրաստեն: Առաջին օրը  60` ամէնից աւելի կարիքաւորներին բաժանեցինք, յաջորդ օրը մարդկանց թիւը մեծացաւ, դարձաւ մօտ 400 հոգի: Իւրաքանչիւրին մօտաւորապէս 15-20 քկ սնունդ բաժանեցինք` բուսական իւղ, վերմիշել, մաքարոն, բրինձ, շաքարաւազ… եղան նաեւ տհաճ, ինչպէս նաեւ` հաճելի դէպքեր. մարդիկ եղան, ովքեր հրաժարուեցին օգնութիւնից` ասելով, որ իրենցից աւելի վատ ապրողներ կան, աւելի լաւ կը լինի, որ նրանց տան այդ օգնութիւնը: Ինձ կամաւորութեան սկզբունքով օգնում էին հրաշալի երիտասարդներ` առանց դոյզն-ինչ ակնկալիքի: Յետոյ մտածեցի, որ կարիքաւորներին գետնախնձոր բաժանելու փոխարէն` աւելի լաւ կը լինի, որ նրանց գետնախնձորի սերմացու տանք, իրենք ցանեն. այդպէս էլ արեցինք եւ մօտ 4 թոն սերմացու բաժանեցինք: Ինձ նիւթապէս օժանդակում էին արտերկրի հայերը: Ծրագիրը նախատեսուած էր երկու ամսուայ համար, սակայն մենք երեք ամիս աշխատեցինք: Հիմա նպատակ ունենք այս ծրագիրը պաշտօնական ձեւով իրականացնել, վերածել շահոյթ չհետապնդող կազմակերպութեան: Նախընտրում ենք առաջինը ձեռք մեկնել Արարատեան դաշտավայրի սահմանային գիւղերի բնակիչներին. նրա՛նք էլ իւրօրինակ զինուորներ են, որովհետեւ չեն լքում իրենց բնակավայրերը եւ միշտ զգօն են:

Ես իմ խորին  երախտագիտութիւնն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր միացան մեր նախաձեռնութեանը, մասնաւորապէս` մեր 3 բարերարներ, նուիրատուներ Գաբրիէլ Չեմպերճեանին, ժիրայր Սարգսեանին, նրա կնոջը` Սրբուհուն, Վահան Զանոյեանին. հետագայում մեզ միացաւ նաեւ Նուպար Տեմիրճեանը: Մենք մօտաւորապէս 1200 հոգու սնունդ ենք բաժանել, իսկ 600 հոգու` գետնախնձորի սերմ: Յուսամ, որ կը կարողանանք այս տարի եւս իրականացնել նմանատիպ ծրագիր:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Շնորհակալութի՛ւն, պարո՛ն Գաբրիէլ, յաջողութիւն եմ մաղթում ձեր մարդասիրական նախաձեռնութեանը եւ ֆոթոլրագրողի` ձեր աշխատանքային գործունէութեանը: Թո՛ղ ձեր լուսանկարչական խցիկը երբեւէ չտեսնի հայի տխուր դէմքեր, թո՛ղ այն միշտ որսայ ժպտացող աչքեր, եւ թո՛ղ մշտապէս պնակ մը տաք ճաշ ունենան բոլորը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>