ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երբ Րաֆֆին ստեղծեց Մասիսեանի կերպարը «Ոսկի աքաղաղում», ելնում էր այն իրականութիւնից, որ գործարարի, փող դիզողի նրա հզօր կարողութիւնը գրոշի արժէք չունի ոչ միայն ազգի, այլ նոյնիսկ ազգի ամենափոքր միաւորի` սեփական ընտանիքի համար: Րաֆֆին ատում է Մասիսեանին, Ճանճուր Իվանիչին («Զահրումար») եւ նրանց կերպարները կերտելիս հաճոյքով գործածում է իր երանգապնակի ամենախիտ գոյները: «Կեղծաւորութիւնը, ստախօսութիւնը, երդումը, հաճոյամտութիւնը, օտարի բարին յափշտակելը, ճանճուր Իվանիչը անփոյթ խղճմտանքով ներելի է կացուցել իրեն, համոզուելով, թէ առանց դրանց ոչ միայն չէր կարելի փող դատել, այլեւ կեանք վարել կամ ապրել»: Մեր այսօրուայ վաճառականները ոչ մի բանով աւելի լաւը չեն նրանից: Իսկ թէ ինչպէս պէտք է կարողութիւնը ծառայեցնել ազգին, նա շատ լաւ գիտէր: Իր այս գաղափարը նա արտայայտել է «Վաճառականութիւնը հայերի մէջ» յօդուածում (1876թ.): Վաճառականական դասը ազգի այն մասն էր կազմում, որ ամենաբազմազան շահաւէտ կապերն ունէր աշխարհի տարբեր ազգերի հետ, շատ աւելի բան էր տեսել կեանքում, գիտէր` ինչ է կատարւում իր ժողովուրդի կեանքից դուրս: Այս իմաստով ցանկութեան դէպքում կամ, որ աւելի ճիշդ է, հեռատես լինելու դէպքում կարող էր լրացնել մտաւորականութեան հնարաւորութիւնները, ազգային գաղափարախօսութիւնների իրականացնողները լինել: Մասիսեանի եւ Ճանճուր Իվանիչի կուտակելու անյագ կիրքը իր անփառունակ վախճանն ունեցաւ: Մեռաւ «ոսկի աքաղաղը»: Նման անփառունակ աւարտի հասաւ նաեւ Իսայ Ակիմիչը Աղասի Այվազեանի «Աղի կոմսից»` մեծ փառքերի հասած եւ բառի իսկական իմաստով «ոսկէ կառքով» իր մահկանացուն կնքելով:
Գանք այսօրուայ համար իր նշանակութիւնը ոչ միայն չկորցրած, այլեւ խելամիտ դիտարկման դէպքում բացառիկ կարեւորութիւն ներկայացնող Րաֆֆու մարգարէութեանը` մեր վաճառականութեան, այսօրուայ եզրաբանութեանբ` գործարարները կամ օլիկարխների մասին: Նրանք պէտք է լինեն մեր «ներկայացուցիչները քաղաքական ազգերի առաջ, նոքա պիտի լինեն մտրակող ուժը մեր միւս, այն է` արհեստաւոր եւ մշակ դասակարգի»: Փոքր-ինչ անհասկնալի է Րաֆֆու «քաղաքական ազգեր» արտայայտութիւնը: Գուցէ դա նշանակում է «քաղաքացիական հասարակութի՞ւն» կամ «սիվիլ սոսայիթի»: Նաեւ «մտրակել» ասելով` Րաֆֆին ամենեւին ի նկատի չունէր այսօրուայ մեր օլիկարխներին, որոնք ուղիղ իմաստով են գործածում մտրակը իրենց ժողովրդի արհեստաւորական, բանուորական, «համալական» խաւերի նկատմամբ: Ամէն օր սրտի անասելի ցաւով ենք անցնում սունկի պէս բուսնող դղեակների կողքով, որոնց վրայ աշխատող ոսկեձեռ բանուորների, արհեստաւորների եւ «համալների» աշխատանքը իրաւականօրէն ոչ մի ձեւով պաշտպանուած չէ, օլիկարխի մտրակից` թէ՛ իրական, թէ՛ փոխաբերական իմաստներով: Նրանցից ամենազօրեղները գոնէ եկեղեցիներ են շինում եւ դրանով «քաւում» իրենց մեղքերը, աւելի մանրերը մի խրճիթ էլ չեն սարքում անտունների համար, այլ Ճանճուր Իվանիչի պէս այսպէս են աղօթում. «Տէ՜ր Աստուած, քո հոգուն մատաղ: Դու նամարդի մոթաջ չանիս (նամարդը մեր ըմբռնմամբ իր նման մէկն է), իմ առուտուրին խեր իւ բարաքաթ տաս (դա էլ այսօրուայ ըմբռնմամբ իր ժողովրդի կաշուից դուրս բերուածն է, օր օրի թանկացումները), իմ գործերին յաջողութիւն տաս (իսկ ժողովրդի օր օրի վատացող գործերը իրենը չեն), ազատէ ինձ շառեն (երբ ինքը` տեղովը շառ է), հարեւանի բախլեմէն (հարեւանը իրենից ոչնչով ետ չի մնում), սատանի չարէն (այս պոզաւոր-պոչաւորը իր սրտակից ընկերն է, իր ձեռքը բռնողը ու ամէն տեղ առաջնորդողը)»: Ինչ վերաբերում է Րաֆֆու այն պատկերացմանը, թէ` «նրանք մեր ներկայացուցիչներն են «քաղաքական ազգերի» առջեւ, մենք դրա մասին շատ աւելի աղօտ պատկերացում ունենք, քան Րաֆֆին` 19-րդ դարում: Արժէ աւելացնել նաեւ, որ հայ վաճառականները հիմնականում գործ էին ունենում ճորտատիրական կարգը), իսկ Հայաստանում ճորտերը տէր չունէին եւ ազատ էին քրտերի, թուրքերի, սեփական հարստահարիչների «մտրակից» անվերջ այսուայն կողմ փախչելու եւ աշխարհով մէկ ցրուելու, ինչպէս եւ այժմ:
Երեւան