Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Դարձեալ «Խոստում» Ժապաւէնի Մասին

$
0
0

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Այս օրերին հայաստանեան եւ սփիւռքի մամուլը բազմիցս անդրադարձան Հայոց ցեղասպանութեան մասին պատմող, ամերիկեան արտադրութեան «Խոստում» ժապաւէնին: Մեզանում առկայ հետաքրքրութիւնը բնական է նախ այն պատճառով, որ ազգային զգայուն թեմայով ստեղծուել է հերթական ժապաւէնը եւ ի հարկէ ունենք այն ակնկալիքը, թէ հոլիվուտեան արտադրութեան եւ համապատասխան «փայլ» ունեցող ժապաւէնը կարող է նպաստել աշխարհում Հայոց ցեղասպանութեան թեմայի քարոզչութեանը:

Անդրադառնանք բուն ժապաւէնին:

Սա այն դէպքն է, երբ կարելի է հաստատել յայտնի ճշմարտութիւնը, թէ ներդրուած միջոցները երաշխաւորել են յաջողութեան կէսը: Դիտողի համար ակնառու է, որ ժապաւէնի արտադրութեան վրայ շօշափելի գումար է ծախսուել, ինչն ապահովել է պատկերների «հարուստ» լինելը եւ միւս կողմից ապահովել է լայնածաւալ տեսարանների, անհրաժեշտ պատմական միջավայրի հաւաստիութիւնը: Իսկապէս իրական են թւում Պոլիս մայրաքաղաքն իր ասիա-եւրոպական բազմազանութեամբ, գաւառական համայնապատկերը, ինչպէս եւ` զանգուածային տեսարաններն իրենց համոզչականութեամբ ու ազդեցիկութեամբ:

Այստեղ ցանկանում եմ շեշտել մէկ ոչ անկարեւոր հանգամանք: Ժապաւէնը դիտելուց առաջ այն մտավախութիւնն ունէի, որ կերպարները, առարկաներն ու միջավայրը կարող են վատ նմանեցուած լինել, աւելի շուտ` ունենալ էքզոթիք ու էքլեքթիք պատկեր: Ինչի ակնդիրն ենք յաճախ դառնում հոլիվուտեան արտադրութեան, այս կամ այն ժանրի, ժապաւէն դիտելով: Պէտք է փաստել, որ ժապաւէնի հեղինակները կատարել են մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանք, ինչի արդիւնքում իրական են դիտւում եւ հայերի կերպարները եւ թուրքերը իրենց դիմապատկերներով, հագուստով, խառնուածքով, կենցաղային միջավայրով եւ ինչպէս ակնարկուեց վերեւում, ճշմարտանման է ու համոզիչ` ընդհանուր միջավայրը: Անգամ հերոսների մաշկի իւրայատուկ թուխ գոյնը ճիշդ է արտայայտուած, եւ այս բոլորը վկայում են, որ պատասխանատուութեամբ են իրենց առջեւ դրուած նպատակին մօտեցել շարժապատկերն ստեղծող բեմագիրը, բեմադրիչը, նկարիչները, ի հարկէ նաեւ միւսները:

Ժապաւէնը դիտելուց յետոյ ակնյայտ է դառնում նաեւ, որ հեղինակները կամ գուցէ պատուիրատու անձը մի շարք հարցադրումներ են ցանկացել ներկայացնել ժապաւէնում, այդ պատճառով ընդգրկուն ասելիքի ներառած տարբեր գաղափարներ առանձին դրուագների ձեւով հազիւ ակնարկւում են ժամանակային սահմանափակ տարածութեան մէջ:

Ի հարկէ որոշ երեւոյթներ միտումնաւոր կերպով ընդամէնը ակնարկւում են, քանի որ ակնյայտօրէն խնդիրն այդպէս է դրուել:

Ասուածի մէկ օրինակը Ա. Աշխարհամարտի նախօրեակին եւ ընթացքում երիտթուրքերի կողքին գերմանացի զինուորականութեան (բնականաբար` որպէս այդ երկրի պաշտօնական կեցուածքն արտայայտող ներկայացուցիչների) կանգնած լինելն էր: Ի հարկէ գաղտնիք չէ այն փաստը, որ երիտթուրքերը վայելում էին Գերմանիայի հովանաւորութիւնը, սակայն այս դէպքում արդարացիօրէն անհարկի է համարուել ժապաւէնում այս թեմայի զարգացումը:

Յաջորդ ակնարկը թուրքական բարձրաստիճան ընտանիքի զաւակի հայանպաստ արարքներն էին, որոնց համար իւրայինները գնդակահարում են նրան:

Իրապէս ժամանակագրութեան կողմից արձանագրուած այսպիսի մի փաստ ժապաւէն բերելը եթէ աւելորդ չէ, ապա աւելորդ կը լինէր դրա ուռճացումը:

Այստեղ մի փոքր շեղուելով` արժէ արձանագրել, որ վերջին տարիներին, նաեւ` ոչ առանց այլոց խրախուսիչ ձայնակցումի, մեզանում թշնամիների մէջ «եղբայրներ» յայտնաբերելու եւ նրանց արարքները տարփողելու, սրա խորապատկերի վրայ ինչ-ինչ սեփական մեղքեր «յայտնագործելու» հիւանդագին «հումանիզմ» է ի յայտ եկել: Խօսքը վերաբերում է, թէ՛ Ցեղասպանութեան շրջանին, թէ՛ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններին եւ թէ՛ նաեւ պատմական որոշ այլ դրուագների: Իրականութիւնն այն է, որ թշնամու «հայասէր» կամ «արդար» ներկայացուցիչների առանձին արարքները բացառիկ պարագաներ են, երբեք իրադարձութիւնների վրայ մեծ ազդեցութիւն չեն ունեցել եւ «շրջահայեաց» ու «մարդասէր» խաղալու, զոհի ու դահիճի միջեւ հաւասարութեան եզրեր փնտռելու, յանցագործութիւնները պատմական դէպքերի զուգադրմամբ արդարացնելու ոչ մի պատճառ չունենք, եթէ անգամ դրա համար ինչ-որ մէկը խրախուսաբար կը թփթփացնի ուսերիս կամ այս կամ այն միջոցառման ժամանակ ինչ-որ մրցանակ կը տան: Մեզ կոտորել են, մեր երկիրն ու ունեցուածքը մեզանից խլել են, եւ մենք բոլոր տեսակի իրաւունքներ ունենք ամէն գնով ֆիզիքական ու բարոյական հատուցման հասնելու:

ժապաւէնն առհասարակ օժտուած է ասելիքի զսպուածութեամբ եւ չափաւորութեամբ, ինչը վերջինիս առաւելութիւններից է: Մասնաւորապէս նկատի ունեմ ջարդերի տեսարանները, մարդկային ողբերգական ճակատագրերի պատկերումը, որոնք ի հարկէ տակնուվրայ են անում հանդիսականին, բայց նախճիրի սահմռկեցուցիչ դրուագներով չեն տրորում հոգիդ եւ ազգային արժանապատուութիւնդ:

Վերադառնալով ժապաւէնի ակնարկների թեմային` նշեմ դրանցից մի քանիսը:

Հանդիսականի աչքերի առջեւ պատկերւում է Պոլսոյ մեծահարուստների անհոգ կեանքն ու եղբայրութիւնը թուրք մեծամեծերի հետ: Իրականում այս մարդիկ կարծում էին, թէ ճիշդը լռելն ու համակերպուելն է` հաւատալով եւ հաւատացնելով, թէ թուրքական «զայրոյթի» այս ալիքն էլ կ՛անցնի: Եւ հայ յեղափոխական ըմբոստացումներին նիւթական ու այլ միջոցներով օգտակար լինելու փոխարէն` քննադատում էին դրանք: Տրամաբանական էր, որ Ցեղասպանութիւնը նրանց էլ չէր խնայելու: Անգամ եթէ վերջիններս մոռացութեան տային սեփական ինքնութիւնը, այդ մասին թշնամին էր յիշեցնելու: Այդպէս եղել է այն ժամանակ, եղել է Պաքւում ու Սումկայիթում, այդպէս լինելու է միշտ: Լաւ կը լինի, որ այս մասին չմոռանան նաեւ թուրքական որջում այսօր բախտ ու բարեկեցութիւն փնտռող մեր հայրենակիցները:

ժապաւէնում այս թեման այս խորութեանը չի հասնում ի հարկէ, սակայն այդ «եղբայրութեան ակնարկը», եւ հետեւանքները, ինչպէս ասուեց, ներկայացուած են:

Շահեկան մօտեցում է,­ շարժապատկերի մէջ այն օրերի ամերկեան դեսպան Հենրի Մորկենթաուի կերպարի ընդգրկումը: Կարեւոր է, որ ամերիկացի ու ոչ միայն ամերիկացի հանդիսականին հէնց Միացեալ Նահանգների դեսպանի շրթերով է փոխանցւում, որ թուրքերի կողմից իրականացուողը կանխամտածուած ջարդեր են եղել եւ մէկ ժողովրդի ոչնչացման ծրագիր: Այս դրուագը փաստագրութեան ուժ ունի, քանի-որ համապատասխանում է իրականութեանը: Մարդասէր ու հայասէր Մորկենթաուի թողած փաստաթղթերն ու յուշագրութիւնները այսօր էլ թուրքական վայրագութիւնների մասին վկայող արժէքաւոր նիւթ են: Նոյն իմաստով կարեւոր է նաեւ գլխաւոր հերոսներից մէկի` ամերիկացի լրագրողի կերպարը: Մարդ, որի համար գուցէ նախապէս շատ տարբեր չեն եղել հայն ու թուրքը, բայց որի աչքերի առջեւ ծաւալւում են դաժան իրողութիւններ: Ճշմարտութիւնը փաստելու համար նա մեկնում է գաւառներ ու գիւղեր, վկան է դառնում ջարդերի տեսարանների եւ կարողանում է բացայայտել թուրքական սուտը: Սա եւս կարեւոր շեշտադրում է ժապաւէնում, քանի որ, ինչպէս գիտենք, այսօր եւս տիրապետող թուրքական պաշտօնական կեղծիքի համաձայն, պատերազմական իրողութիւնների թելադրանքով, իբր թէ տեղի է ունեցել բնակչութեան տեղահանութիւն, որի ժամանակ էլ արձանագրուել են մեծաթիւ մահացութեան դէպքեր: Լրագրողի այս կերպարը նոյնպէս հաւաստի է ընկալւում, որովհետեւ իրականում եղել են լրագրողներ, որոնց թղթակցութիւններն օրը-օրին, իրազեկ աղբիւրներ որպէս, տեղեկութիւններ են փոխանցել եւրոպական ու ամերիկեան մամուլին:

Կարեւոր շեշտադրում է, այն որ ժապաւէնի եզրափակիչ հատուածում հայութեան բեկորները խմբուելով ըմբոստանում են` կազմակերպելով ինքնապաշտպանութիւն: ժապաւէնի հեղինակները արդարացիօրէն անհրաժեշտ են համարել շեշտել, որ հայ ժողովուրդը ստրկական խոնարհութեամբ չի գնացել կառափնարան, այլ նաեւ տարբեր վայրերում ըմբոստացել է եւ ըմբոստանալով` փրկութիւն է գտել: ժապաւէնի եզրափակիչ հատուածում իրադարձութիւնների զարգացումը ակնյայտօրէն յիշեցնում է Մուսա Լերան ինքնապաշտպանութիւնը: Ի հարկէ այստեղ պատմական իրադարձութիւնների շարադրում պէտք չէ փնտռել, բայց նմանեցնելու մօտեցումն արդարացուած է, որովհետեւ մեզ ներկայացուողը գեղարուեստական` ոչ փաստագրական, ժապաւէն է:

Կարեւոր է այն ուղերձը, որ հնչում է գլխաւոր հերոսուհի Աննայի շուրթերից. «Մենք պէտք է յաղթենք ապրելով»: Եւ պայքարելու գնով ազատուողները ապրելով յաղթում են թշնամուն, յաղթում են Ցեղասպանութեան ծրագրին, յաղթում են ազգովի բնաջինջ լինելու ճակատագրին:

ժապաւէնում մէկ կարեւոր շեշտադրում էլ կատարւում է` ներկայացնելով թուրքական այն միջավայրը, ուր ուռճանում է հայութեանը բնաջնջելու ծրագիրն ու համոզումը, ատելութիւնն ու անհանդուժողութիւնը երէկուայ դրացու ու բարեկամի հանդէպ: Ինչպէս այդ տրամադրութիւնները իջնում են փողոց` ծնելով այն մոլեռանդ խուժանին, որը թրքական ազգայնամոլութեամբ արբած պատրաստ է բռնանալու, սպաննելու եւ կողոպտելու:

ժապաւէնի դերակատարները, որոնցից շատերը յայտնի դերասաններ են, խաղում են լաւ եւ համոզիչ: Ներկայացուած հայերը գեղեցիկ, արժանապատիւ ու ազնիւ մարդիկ են:

Ի դէմս թուրքերի կերպարների ներկայացուած են մարդիկ, ովքեր վարակուած են ազգայնամոլութեան ու այլատեացութեան մոլագարութեամբ եւ հաստատակամ են երէկուայ մերձաւորներին ոչնչացնելու նրանց ունեցուածքին տիրանալու մոլագար կրքով:

ժապաւէնի առանցքում յուզիչ սիրային եռանկիւնի է, որի հանգուցալուծումը տեղի է ունենում ոչ թէ գործող հերոսների վճիռներով, այլ դաժան ու ամենակուլ բնաջնջման մեքենայի կողմից:

Ցեղասպանութեան ողբերգական պատմութիւնը ժապաւէնում հիւսուած է պարզ մարդկային ճակատագրերի վրայ: Ամենայն հաւանականութեամբ նման խնդիր է առաջադրել ժապաւէնի գաղափարի հեղինակ եւ արտադրիչ Քըրք Քրքորեանը: Միայն շնորհակալ կարելի է լինել նրան մահուանից առաջ եւս մէկ բարի ու հայանպաստ նախաձեռնութիւն կեանքի կոչելու համար:

Ժապաւէնը դիտելուց յետոյ այնուամենայնիւ մէկ հարց է ծնւում մտքումդ. այն` ինչ հետաքրքիր է մեզ համար, որովհետեւ մեր ազգային կենսագրութեան առանցքում է, արդեօ՞ք հետաքրքիր կը լինի նաեւ օտարների համար: Այն նկատառումով ի հարկէ, որ ժապաւէնը կարողանայ իրականացնել քարոզչական առաքելութիւնը:

Եւ վերջին միտքը` Ցեղասպանութեան մասին հերթական ժապաւէնը դիտելուց յետոյ: Այս ժապաւէնը եւս ասել է այնքան, ինչքան ցանկացել է ասել, սակայն պէտք է մտածել մեծ կտաւի փաստագրական-գեղարուեստական ժապաւէնի մասին: Ժապաւէն, որը վաւերագրական ճշգրտութեամբ կը ներկայացնի Ցեղասպանութեան պատկերն ու հետեւանքները, կը դառնայ քաղաքական փաստաթուղթ, կը մերկացնի թուրքական կեղծիքը եւ կը բացայայտի այլես անվիճելի ճշմարտութիւնը: Ի հարկէ քաղաքական լուրջ ակնկալիքը պարտադիր չէ, որ կապուի գեղարուեստական ստեղծագործութեան հետ, բայց եւ ցանկալի է` նկատի ունենալով շարժապատկերի արուեստի քարոզչական մեծ ուժը:

Ինչը շատ լաւ հասկացել եւ փորձել են անել ուրիշները: Վստահաբար ինչի գիտակցումից էլ ծնուել է «Խոստում» ժապաւէնը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>