ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ինչպէս յայտնի է, քղամիդ սովորաբար անուանում են թագաւորական կամ իշխանական ծիրանին, մեր ժամանակներում` նաեւ դատաւորի պատմուճանը, մի թիկնոց, որն ընդունւում է որպէս առաքինութեան, անբասիրութեան, անաչառութեան, արդարադատութեան խորհրդանիշ: Միեւնոյն ժամանակ, քղամիդը նաեւ այլ իմաստ է պարունակում` փոխաբերօրէն ընկալուելով իբրեւ որեւէ բան քօղարկելու եւ այն դրական` վեհ կերպարանքով ներկայացնելու միջոց: Ցաւօք, երկրորդ իրողութեանը մենք, կամայ թէ ակամայ, յաճախակի ենք հանդիպում: Լինի դա տեղական բնոյթի, թէ միջազգային չափանիշի կատարուած փաստ, իրողութիւն: Ու թէկուզ կանխաւ գիտենք, գիտակցում ենք այդ յոռի երեւոյթի անխուսափելիութիւնը միջանձնային, թէ միջազգային յարաբերութիւններում, սակայն, այնուամենայնիւ, դարձեալ զարմանում ենք` ինչո՞ւ այդպէս:
Օրինակ, հայ հանրութիւնը քաջատեղեակ է Միջազգային ճգնաժամային խումբ կոչուող կազմակերպութեան գործունէութեան բնոյթին: Միեւնոյն ժամանակ մեզ համար յստակօրէն տեսանելի է նրա բարոյական կերպարը: Գիտենք, թէ ի՛նչ ուժային կեդրոնների թելադրանքով են ձեւաւորւում նրա մշտապէս կանխակալ կողմնորոշումները: Ինչպէս յայտնի է, այդ կառոյցը, որի կեդրոնակայանը գտնւում է Պրիւքսելում, որն իր դուստր գրասենեակներն ունի եւրոպական մի շարք մայրաքաղաքներում, միաւորում է հինգ մայր ցամաքներից հաւաքագրուած շուրջ 80 մասնագէտի: Կազմակերպութիւնը զբաղւում է տարբեր երկրներում հակամարտութիւնների ուսումնասիրութեամբ ու վերլուծութեամբ, իրաւապաշտպան գործունէութեամբ` ուղղուած տարաբնոյթ` ազգամիջեան, միջազգային եւ այլ բախումների կանխմանն ու զսպմանը: Թէ ի՛նչ չափով է նրան յաջողուել կեանքի կոչել իր կանոնադրական նպատակներն ու խնդիրները` թողնենք կառոյցի ղեկավար մարմինների խղճին: Յամենայն դէպս անձամբ ես դժուարանում եմ առանձնացնել նման որեւէ դէպք, իսկ աշխարհը, այդ թւում` նրա համաեւրոպական հատուածը, շարունակում է արիւնահեղ բախումների թատերաբեմ մնալ: Նշենք միայն, որ Ճգնաժամային խումբը գործունէութեան այդ շրջանակներում քանիցս անդրադարձել է նաեւ ղարաբաղեան հիմնախնդրին, ազպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեանը:
Եւ ահա այդ միջազգային կազմակերպութիւնը հերթական անգամ իր ուսերին նետելով առաքինութեան, անբասիրութեան, անաչառութեան եւ արդարադատութեան խորհրդանիշ քղամիդը` օրերս հանդէս է եկել քառասուն էջից բաղկացած զեկոյցով` նուիրուած ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում առաջացած ռազմաքաղաքական իրավիճակի փորձագիտական գնահատմանը: Զեկոյցը հրապարակուել է միանգամայն ահազանգային վերնագրի ներքոյ` «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կ՛ուտակուել»: Այդ փորձագիտական վերլուծութեան մէջ անդրադարձ է կատարւում խաղաղ բանակցութիւնների փակուղում յայտնուելու պատճառներին, կանխատեսւում են մարտական գործողութիւնները հերթական հնարաւոր բախման դէպքում, թէ ինչպէ՛ս եւ ռազմաճակատի ո՞ր հատուածներում դրանք կ՛ընթանան: Մասնաւորապէս, նշւում է, որ` Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլեան բախումներից յետոյ Հայաստանը եւ Ազրպէյճանն առաւել մօտ են պատերազմական իրավիճակին, քան երբեւէ` 1994-ից ի վեր, որ կարգաւորման գործընթացը լճացած է` աւելի գայթակղիչ դարձնելով ուժի կիրառման հաւանականութիւնը` առնուազն մարտավարական նպատակներով, եւ երկու կողմերը ներկայումս կարծես թէ պատրաստ են առճակատման: Առկայ լարուածութիւնը, ասւում է զեկոյցում, կարող է վերաճել լայնածաւալ հակամարտութեան, տեղիք տալ մեծ թուով զոհերի քաղաքացիական բնակչութեան շրջանում եւ յանգեցնել տարածաշրջանային գլխաւոր ուժերի` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջամտութեանը: Խմբի փորձագէտները յորդորում են, որպէսզի Մինսքի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսան եւ Միացեալ Նահանգները մի կողմ դնեն իրենց անհամաձայնութիւնները եւ համակարգուած կերպով ճնշում գործադրեն հակամարտ կողմերի վրայ` ներկայիս կաթուածահար վիճակից ելք գտնելու եւ բռնութեան վերսկսման վտանգը նուազեցնելու համար: Հայաստանը, նշում են Ճգնաժամային խմբի վերլուծաբանները, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի անվտանգութեամբ եւ վրդովուած Պաքուի յարաճուն վճռականութեամբ, ուստի պահանջում է, որպէսզի բանակցութիւններից առաջ նուազեցուեն անվտանգութեան ռիսքերը, որոշակիօրէն` իրականացուեն այդ կապակցութեամբ Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի համաձայնութիւնները: Իսկ Ազրպէյճանը, դժգոհ լինելով տեւական սթաթիւս քուոյից եւ նրանից, որ յաւելեալ անվտանգութեան միջոցները կարող են է՛լ աւելի ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային քննարկումները չեն կարող յետաձգուել: Այդ պայմաններում որեւէ միջադէպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողութիւնից, յատկապէս երբ երկու հասարակութիւններն էլ համակարծիք են, որ յաջորդ առճակատումն անխուսափելի է, եւ որ` Լեռնային Ղարաբաղի խնդրի «վերջնական կ՛արգաւորումը» անհրաժեշտ է, եթէ անգամ դա նոր պատերազմ է ենթադրում:
Մի խօսքով, փաստաթղթում բերւում են հանրայայտ իրողութիւններ, որոնց փորձագիտական գնահատումները գրեթէ մօտ են իրականութեանը: Ասացի` գրեթէ: Քանզի առկայ իրողութիւնները ներկայացուած են շատ աւելի թանձր գոյներով, քան իրականում դրանք կան: Միւս կողմից` այդ ամէնը նկարագրւում է` հիմք ընդունելով կողմերի հաւասարեցման, համահարթեցման սկզբունքը, ինչպէս որ դա սովորաբար արւում է ԷԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան պարբերաբար հրապարակուող յայտարարութիւններում, երբ թէ՛ Հայաստանը եւ թէ՛ Ազրպէյճանը միջազգային հանրութեանը ներկայացւում են նոյնաչափ մեղքի բաժնով եւ հաւասարաչափ պատասխանատուութեամբ: Բացառութեամբ` համանախագահների վերջին յայտարարութիւնից, որի մէջ յստակօրէն նշուել է, որ հրադադարի խախտումն առաջինը նախաձեռնել է ազրպէյճանական կողմը, իսկ հայկական կողմը ստիպուած էր պատասխան քայլի դիմել:
Բայց քարը գլուխը, թէ ինչո՛ւ այդպէս նոյնական են ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան եւ Միջազգային ճգնաժամային խմբի գնահատումները: Դա, ի վերջոյ, նաեւ հեղինակութեան խնդիր է այդ կառոյցներից իւրաքանչիւրի համար, եւ թող իրենք տեսնեն իրենց գլխի ճարը: Սակայն էականն իրավիճակի գնահատման նմանութեան մէջ չէ միայն: Այն ակնյայտ է նաեւ առաջարկուող լուծումներում: Այսինքն զեկոյցում գրեթէ բառացիօրէն կրկնւում են այն լուծումներն իրենց յաջորդականութեամբ, որոնք շարադրուած են Մատրիտեան սկզբունքներում: Իսկ ինչպէս յայտնի է, բանակցային գործընթացի առանցք դարձած այդ տխրահռչակ փաստաթղթում գլխաւորն ու առաջնահերթը «հող` կարգավիճակի դիմաց» սկզբունքն է, ինչը նշանակում է ոչ այլ ինչ, քան 90-ականների սկզբի պատերազմի ընթացքում հայկական ուժերի ազատագրած շրջանների որոշ մասի վերադարձ Ազրպէյճանին` Լեռնային Ղարաբաղի անորոշ եւ անյայտ կարգավիճակի դիմաց:Սակայն ուշադրութիւն է գրաւում Ճգնաժամային խմբի եւս մէկ դիտարկում-առաջարկութիւն, որ կարծես թէ համահունչ լինելով Մադրիդեան սկզբունքների համապատասխան պահանջին, միեւնոյն ժամանակ բովանդակային առումով տարբերւում է նրանից: Բանն այն է, որ նշուած սկզբունքներում առաջարկւում է փախստականների վերադարձ` նախկին բնակութեան վայրեր, ինչը, զուտ ենթադրաբար, կարելի է վերագրել նաեւ Ազրպէյճանից բռնատեղահանուած հայ քաղաքացիներին: Թէկուզ մեզ համար պարզից էլ պարզ է, որ Մինսքի խմբի համանախագահութիւնը տուեալ պարունակում նկատի ունի բացառապէս ազրպէյճանցի փախստականներին` անտեսելով Ազրպէյճանից բռնատեղահանուած աւելի քան կէս միլիոն հայ փախստականների քաղաքացիական իրաւունքները: Մինչդեռ ահա, Ճգնաժամային խմբի գնահատմամբ, որն արձանագրուել է նրա մէկ այլ` դեռեւս 2012թ. փետրուարին կազմուած
«Ազրպէյճանում ներքին տեղափոխուած անձանց հիմնախնդրի լուծումը» զեկոյցում, խօսքը վերաբերում է միայն, ինչպէս այդ փաստաթղթում է արձանագրուած, «Լեռնային Ղարաբաղից եւ նրան յարակից շրջաններից, բռնատեղահանուած 600 հազար ներքին տեղափոխուածներին»: Պարզւում է, որ այդ անձանցից շուրջ 400 հազարն ապրում է այնպիսի կացարաններում, որոնք չեն համապատասխանում թեքնիք եւ առողջապահական չափանիշներին, իսկ 128 հազարը` ներքին տեղափոխուածներ եւ մշտական բնակիչներ, բնակւում են հակամարտ զօրքերի շփման գծի անմիջական մերձակայքում: Ինչպէս տեսնում ենք, զեկոյցում խօսք անգամ չկայ ոչ միայն Ազրպէյճանից բռնագաղթած հայ քաղաքացիների, այլեւ մարտական գործողութիւնների պատճառով Ազրպէյճանի վերահսկողութեան տակ անցած Շահումեանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի բոլոր հայաթափուած բնակավայրերի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի շարք հայկական գիւղերի բնակիչների վերադարձի մասին:
Մի խօսքով: Փորձեմ ամփոփել: Տասնամեակների մեր փորձառութիւնից յստակ գիտենք, ուստի եւ կասկած չի յարուցում, որ այդ եւրոպական կառոյցը` Միջազգային ճգնաժամային խումբը, ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ իր փորձագիտական զեկոյցներում երբեք չի առաջնորդուել համընդունելի իրաւաքաղաքական ու բարոյական չափանիշներով եւ մշտապէս հանդէս է գալիս ազրպէյճանամէտ կողմնորոշմամբ: Բայց ահա, իմանալով հանդերձ, ամէն անգամ էլ շարունակում ենք զարմանալ կամ վրդովել, աւելի ճիշդ` վրդովուած զարմանալ, թէ ինչո՛ւ այդ աստիճան կողմնապահ է նա իր դիրքորոշման մէջ: Չէ՞ որ ում` ում, բայց ճգնաժամային խմբի փորձագէտներին յայտնի են բուն ղարաբաղեան հիմնախնդրի ծագման թէ՛ պատմաիրաւական եւ թէ՛ իրաւաքաղաքական ակունքները, ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան դրդապատճառները, այն կարգաւորելու կոչուած միջազգային սկզբունքները, որոնց շրջանակներում ահա քառորդ դարից ի վեր շարունակւում է բանակցային գործընթացը: Աւելի՛ն. զեկոյցում անտեսւում է ԵԱՀԿ 1994թ. Պուտափեշտի գագաթնաժողովի եզրափակիչ որոշման յայտնի դրոյթն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտութեան լիիրաւ կողմ, հետեւապէս զեկոյցում խօսք անգամ չի ասւում բանակցային գործընթացին Ստեփանակերտի անմիջական` լիարժէք, իրաւահաւասար մասնակցութեան մասին: Անշուշտ, անկախ այն հանգամանքից, որ այդ տասնամեակների ընթացքում գործընթացը վերջնակէտին չի հասել, այնուամենայնիւ, բանակցութիւնների անժխտելի ձեռքբերում է հակամարտ զօրքերի շփման գծում հաստատուած հրադադարը: Այո, յարաբերական է այն, պարբերական խախտումներով յագեցած, բայց, ամէն դէպքում, հեռու է լայնածաւալ պատերազմական իրավիճակից: Այլ խնդիր է, թէ հակամարտ կողմերից ո՞վ է ամէն անգամ նախաձեռնում այդ խախտումները: Այլ խնդիր է, թէ ինչու միջազգային հանրութիւնը` ի դէմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ նրա Մինսքի խմբի համանախագահութեան, չի մատնանշում ու սաստում մեղաւոր կողմին, չի պարտադրում նրան դադարեցնել մարդկային անիմաստ կորուստների տեղիք տուող այդ խախտումները: Անգամ անտեսուել եւ շարունակաբար անտեսւում է, թէ ո՛վ է նախաձեռնել անցեալ տարուայ ապրիլեան լայնածաւալ պատերազմը` երկուստեք աղէտալի հետեւանքներով հանդերձ, որոշակի` ազրպէյճանական կողմի արկածախնդիր դերակատարութիւնը:
Ցաւօք, հրադադարի հաստատումից յետոյ անցած բոլոր տարիներին, ինչպէս նշեցի, միայն մէկ անգամ է, որ Մինսքի խմբի համանախագահները յստակ շեշտել են այդ խախտումները նախաձեռնած կողմին` Ազրպէյճանին: Մենք` հայերս, ի հարկէ, ցնծութեամբ ընդունեցինք այդ իրողութիւնը` այն գնահատելով որպէս միջազգային առաքելութեան յետագայ ողջամիտ պահուածքի սկիզբ, հրադադարի պահպանման բանալի: Բայց, արդեօք, այդ շեշտադրումից յետոյ էապէս փոխուե՞լ է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահութեան հրապարակային դիրքորոշումն Ազրպէյճանի նման սանձարձակ պահուածքի նկատմամբ: Արդեօք, յիշու՞մ ենք որեւէ էական տեղաշարժ ԵԱՀԿ վերաբերմունքում, երբ Ազրպէյճանի կամայական որոշմամբ փակուեց այդ հեղինակաւոր միջազգային կազմակերպութեան գրասենեակը Պաքւում եւ ապա նոյնքան կամայական դիրքորոշման պատճառով դադարեցուեց նաեւ Երեւանի գրասենեակի ֆինանսաւորումը: Իսկ մինչ այդ փակուել էր նաեւ Թիֆլիսում գործող նրա գրասենեակը: Արդիւնքում ԵԱՀԿ-ն ներկայումս Անդրկովկասում չունի եւ ոչ մի յենակէտ, որի միջոցով կարողանայ իրականացնել իր կանոնադրական գործառոյթները տարածաշրջանում: Աւելի՛ն. համանախագահների վերջին յայտարարութեան վերոյիշեալ շեշտադրումը արդեօք շա՞տ է ազդել Պաքուի վարքագծի վրայ: Հազիւ թէ: Կարելի է ասել` դոյզն իսկ: Ազրպէյճանական զինուժը շարունակում է հրադադարի խախտումները շփման գծում, իսկ Պաքուից, ի լրումն, նոր սպառնալիքներ են հնչում` արդէն իսկ Արցախի խաղաղ բնակավայրերը հեռահար հրետանային կրակի ենթարկելու հաւանականութեան մասին:
Ընդհանուր առմամբ, անզէն աչքով էլ տեսանելի է, որ ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում եւ այդ պարունակում առկայ իրողութիւնների փորձագիտական գնահատումներում շրջանառւում է համաեւրոպական անհիմն, միանշանակ ու միասեռ մօտեցումը, ինչից չեն խուսափել եւ չէին էլ կարող խուսափել նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագէտներն իրենց զեկոյցում: Չէին կարող, քանզի լծուած են նոյն սայլին` իբրեւ երկրորդ կամ որեւէ այլ շարքի լծկաններ, որոնք պարտաւոր են իրենց քայլքը յարմարեցնել առջեւից ընթացող շարքի կամ շարքերի լծկանների համաչափ քայլքին: Այլ կերպ` հազիւ թէ սայլը տեղ հասնի:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի