Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Տառապանքի Մորմոք Եւ Հերոսացման Կանչ*

$
0
0

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Հայաստանի գրական անդաստանում ե՛ւ մանկավարժական, ե՛ւ ստեղծագործական իր ուրոյն եւ նշանակալի դերն ու տեղն ունի անուանի գիտնական, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր, Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժնի վարիչ, Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ Արծրուն Աւագեանը: Արծրուն Աւագեանի ազգանուէր եւ նշանակալի գործունէութեան վկայութիւններից մէկն է Երեւանում հրատարակուած ուշագրաւ եւ չափազանց կարեւոր, տակաւին նմանը չհրատարակուած ժողովածուն` «Հայոց եղերական պոէզիա»: Այդ ժողովածուն ներառում է արեւմտահայ, արեւելահայ եւ սփիւռքահայ խորհրդանշականօրէն 24 հեղինակների` Հայոց ցեղասպանութեան թեմաներով գրած բանաստեղծութիւնները:  Գիրքը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Իր կազմած ժողովածուի նախաբանում, որը Արծրուն Աւագեանը խորիմաստօրէն եւ յուզականօրէն անուանել է` «Տառապանքի մորմոք եւ հերոսացման կանչ», նա արել է խոր, բարձր մասնագիտական մակարդակի, հետաքրքրական վերլուծութիւններ, եզրայանգումներ, եւ ընթերցողի մտքում ու սրտում նոր կեանքի է կոչել Հայոց

ցեղասպանութեան զոհերի եւ նրանց յաւերժող պոէզիայի յիշատակը:

«Ազդակ»-ի ընթերցողին սիրով ներկայացնում ենք  Արծրուն Աւագեանի վերոնշեալ գրական վերլուծութիւնը:

Գեհենից փրկուած, վերապրող գրողներից քչերին յաջողուեց լիարժէք շարունակել իրենց ստեղծագործական կեանքը, գրել այն, ինչ տեսան եւ լսեցին, աշխարհին պատմել հայոց զուլումը: Վերապրող այդ գրողների համար եղեռնը բաց վէրք եղաւ ու երբեք չսպիացաւ: Եւ բնական էր, որ նրանց սիրտը վշտահար մնաց մինչեւ իրենց կեանքի վերջը, նրանց հոգիները, ինչպէս գրում է Վազգէն Շուշանեանը իր «Երկիր յիշատակաց» պոէմում, «սեւ շուշաններ» դարձան, իսկ կորսուած հող հայրենին նրանց համար յար մնաց որպէս «երկիր մի յիշատակաց»: Վերապրողների համար կեանքը դարձաւ տեւական փնտռում, տեւական սպասում եւ տեւական վիշտ: Նրանք բոլորը ապրեցին` հոգում ու լեզուի տակ ունենալով դառնահամ վիշտը հայոց եւ յիշատակները իրենց կորսուած հայրենի տան ու հարազատների:

Կ. Զարեանի, Յ. Շիրազի, Պ. Սեւակի` այդ թեմայով գրուած պոէմները խստացումն են ոչ միայն եղեռնի մղձաւանջային տարիներին հայութեան ապրած ողբերգական իրողութիւնների, այլեւ դրսեւորումն են հոգեկան մի անել ու բարդ կացութեան, որի մէջ շարունակեց մնալ հայ մարդը ջարդերի ու աքսորների աւարտից յետոյ էլ:

Եւ բնական էր, որ անգամ բնութեան ընթացքն ու նրա գեղեցկութիւնները հայ բանաստեղծի մէջ պիտի ծնէին ծանր ու հոգեմաշ տրամադրութիւններ, որն Աւետիք Իսահակեանի պոէզիայում իւրովի արտայայտութիւն գտաւ.

Ահա նորէն գարուն եկաւ,
Օ՜, կտրեցէք, օ՜ կտրեցէք
Լեզուները թռչունների,
Որ չյանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների`
Մեր մորթուած մանուկների
Ցրիւ եղած նշխարների
Փոշու վրայ, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները`
Լիրբ, անզգայ…

Չպիտի զարմանալ, որ ելնելով ողբերգական իրականութիւնից ու իր հոգում կուտակուած ցաւերից` հայ գրողը իր գրիչը ստիպուած եղաւ երբեմն թաթախել նաեւ կարմիր մելանի մէջ, ստեղծել արեան ու մահուան պատկերներ.

«Հայրենիքիս վրէժին խօսքերը եւ տառապանքիս
տարիները ուղեղիս մէջ`
Քալեցի՜ եւ քալեցի, յոգնած, ըմբոստ,        ճշմարտախնդիր ու մինակ,
Արիւնի քաղաքներէն ուրիշ քաղաքներ եւ գիւղերէ ի գիւղ…»(Սիամանթօ)

Հայ մարդու առջեւ յօշոտեցին իր կանգուն շէներն ու գիւղերը, ու թէեւ, ինչպէս գրեց Սիամանթոն, ամէնուրեք «Արիւն է, որ կը տեսնիմ», բայց չկարողացան հայ գրողի մտքից ու սրտից ջնջել ու հանել «Ոսկի երազներն հայի փրկութեան» (Յովհ. Թումանեան):

Այդ գրականութեան մէջ թէեւ գերակշիռ են կորստի ու խոր ցաւի արտայայտութիւնները, բայց եւ առկայ է ընդվզման ու դատապարտման խօսքը` ուղղուած ոչ միայն «հիւանդ կայսրութեանն» ու եղեռնի ոճրագործներին, այլեւ` աշխարհի անտարբեր մարդկութեանը: Եւ ինչպէ՞ս չպոռթկար «մէկը քարերով ջարդուած այդ հանճարներից»` «Թո՛ղ ես թքնեմ…»: Եւ ինչպԷ՞ս չգրեր Պ. Սեւակը, բայց «ունեցե՞լ էր արդարութիւնը երբեւէ ճակատ»: Համանման բողոքի, խարանման ու դառնութեան տրամադրութիւններ են պարունակում Իսահակեանի «Հայդուկի երգերի» բորբոքուն կրակները, Թէքէեանի խոկումները, Վարուժանի եւ Սիամանթոյի պայքարի եւ դիմադրութեան կոչերը, որոնք, ի վերջոյ, դառնում են ապրելու եւ յարատեւելու կռուաններ, չարին յաղթելու համոզմունք, արդարութեան հասնելու կոչ: Այս առումով այդ գրականութեան ամենաուժեղ լարը եղաւ ու մնաց Սիամանթոն` երեւոյթի խորն ու բազմակողմանի իր պատկերումներով, անձնական յոյզերի ու զգացումների դրսեւորումներով, ազգային ու մարդկային ապրումների արտացոլումներով եւ նոյնիսկ գրուած բանաստեղծութիւնների ծաւալով ու քանակով` կերտելով նաեւ մինչ այդ բանաստեղծական մեր խօսքում գոյութիւն չունեցած այնպիսի բառակապակցութիւններ ու բնութագրումներ, ինչպիսիք են` «կռիւներու վրիժազանգեր», «մոխիրներու եւ մարտիրոսութեան հայրենավայր», «ոսկորէ մահ», «անօրինակ տառապանքի տրտում ժողովուրդ», «Աստեղաբիբ եղբայրներ», «Մարդկութեան ճիրաններ», «Փառքին շրթունքները համբուրել», «Տառապանքին նժարովը հայրենիքին բախտը կը կշռէի»` միշտ հնչեցնելով «ապրելու անսահման սէր» եւ «պայքարի վճիռ».

«Ահա՛ քեզ ալ կը դիմեմ, եկո՛ւր եւ ճամբուս վրայ ոտքի`
երգէ, որ արձակե՛մ,
Ճամբուս վրայ ռազմերգէ՛, որ քինայոյզօրէն
եւ առյաւէտ արձակեմ
Իմ հաւատքի զաւակներուս վայրենալանջ      երիվարները փոթորկապար…
Ըսէ՛, որ թաւալե՛մ ապառաժներուս կոյտերը անիրաւութեան կուրծքերուն,
Եւ ոտքի հանեմ հողիս հրդեհէն եւ ըմբոստ մարտիկներուն հետ,
Քինախնդրութեան եւ սարսափի բանակներուս արշաւանքն ալ ահեղաշար…»:

 

Հայ գրողները միշտ չէ, որ կոտորածի ու նախճիրների պատկերներ կերտեցին: Աւելի՛ն. նրանց ստեղծած պոէզիայի մեծ մասը արդար, գեղեցիկ ու խաղաղ աշխարհի տենչանք ու գովերգում է, ապրելու կոչ, կեանքը շարունակելու յորդոր: Յիշենք միայն Մեծարենցի «Ըլլայի՜, ըլլայի՜» շարքը, գիւղի եւ աշխատանքի պանծացման նրա երգերը, Վարուժանի «Հացին երգը»-ում ներկայացուող ցանկալի կեանքի ու արարման պատկերները, Իսահակեանի ու Տէրեանի սիրոյ յոյզերի ու զեղումների աշխարհը, հայոց բնաշխարհի թումանեանական արտացոլումները, Ե. Չարենցի հայրենանուիրման պոռթկուն դրսեւորումները: Աւերակ ու արնաքամ երկրի բանաստեղծը մահուան այդ օրերին հաւատաց ու գրեց.

Օրը կը գայ: Ու հեռաւոր դաշտերից
Մեր հնձուորները, յոգնաբեկ, կը գան տուն,
Կը բոլորեն սեղանի շուրջը նորից»
Ու կը լինի հազա՜ր ծիծաղ ու խնդում:

(Ե. Չարենց)

Նրանք` հայ գրողները, այսօր` եղեռնից 100 տարի անց էլ սովորեցնում են, որ տառապանքը պէտք չէ կասեցնի կեանքի ու ազգի վերելքը, որ մեր ազգային վիշտը պէտք է ուժի վերածել, որ կռիւը նաեւ սիրել է, նահատակ մեռելը` յաւերժական ապրել, եւ որ թափուած արիւնը պէտք է որպէս յարութեան ջահ պարզել աշխարհին` ասելու համար, որ այն միշտ յիշուելու է ու չի ներուելու: Այս ամէնի համար էլ նրանք բոլորը  մեզ հետ են, յար մեր կողքին, իրենց ապրած օրերի, մտայնութիւնների բանաստեղծական բազմաբնոյթ արտացոլումներով: Եւ հէնց նաեւ նրանց ստեղծագործութիւնների շնորհիւ է, որ ամէն մի հայի կեանքում միշտ էլ ներկայ է այն պահը, որ ապրիլի 24 է խորհրդանշում, բորբոք է պահում մեր «անմոռուկ» կորուստը ու դառնում անանց խարան թուրքի դէմքին` նրա կատարած չարագործութիւնների համար:

Հայոց եղեռնապատումի գրականութեան մի մասը գրուած է պատմական որոշակի իրադարձութիւնների հենքի վրայ եւ դրանով իսկ ձեռք է բերում վաւերական փաստաթղթի արժէք. այլ խօսքով, ունի նոյնպիսի նշանակութիւն, ինչպիսին` պատմագրական վկայութիւնը: Գործերի մի մասն էլ գրուել է դժնդակ բռնութիւնների պայմաններում, ինչը կրկնակի արժէք է հաղորդում դրանց`  հաստատելով հեղինակների (Սիամանթօ, Վարուժան, Սեւակ) հերոսական կեցուածքն ու ժխտողական վերաբերմունքը ամէն տեսակի սպանդի ու նախճիրի:

Իր ընդհանրութեան մէջ այդ պոէզիան գոյապայքարի ելած ժողովրդի ոգու դրսեւորումն է, ապրելու մղող եւ ապրեցնող խօսք` ուղղուած թէ՛ ժամանակակիցներին եւ թէ՛ գալիք սերունդներին: Հայոց եղեռնապատումի պոէզիան նաեւ սիրոյ ու յիշատակի իւրովի տուրք է բոլոր նահատակներին եւ լեցուն է ներքին մեծ խորհուրդով, եթէ ազգ ես եւ անցեալ ունես ու պատմութիւն, իրաւունք չունես ետ չնայելու: Իսկ եթէ քո անցեալը լի է մեծ դէպքերով ու հարուստ` իրադարձութիւններով, դու կրկնակի պիտի յենուես քո անցեալին ու գիտակցես, որ առաջ գնալու համար հարկ է առնուազն երկու բան` յիշողութիւն երկիր կորուսեալի եւ սէր, մե՛ծ սէր քո ազգակցի նկատմամբ, նահատակների նկատմամբ, քո պատմութեան հանդէպ, որոնք այնքան անհրաժեշտ են հայ մարդուն այս աշխարհում արժանապատիւ ապրելու համար:

Հրապարակի վրայ առկայ գրականութիւնը հաստատումն է այն բանի, որ պատմական աննախադէպ ցնցումներն ու ազգային ողբերգութիւնները յաղթահարելու գործում յատկապէս կարեւոր են մշակութային ու ոգեղէն արժէքները, որոնց ստեղծողներից մէկն էլ Եղեռնի թեմաներով գրուած քերթուածներն են:

Հայոց եղեռնը պատկերող պոէզիան իւրովի ներդրում է նաեւ համաշխարհային պատմութեան ու գրականութեան մէջ, դատապարտում բոլոր ջարդարարների ու մարդասպանների, նաեւ սեւ խարան` 20-րդ դարին, այն դարին, որ պիտի լինէր լուսաւորութեան ու գիտութեան զարգացման դար, բայց եղաւ պատերազմների ու սպանդների դար: Իր ամբողջութեան մէջ այն հաստատում է մի ճշմարտութիւն, վիշտը չվերջացող ուժի աղբիւր է ու խթան` դիմադրութեան, եւ որ որքան էլ աւերուել են հայոց տունն ու երկիրը, «տարագիր ծիծեռնակ» դարձած հայ մարդը, Ղազարոս Աղայեանի «Յիշողութիւն» բանաստեղծութեան տողերով ասած, միշտ էլ յիշելու է կորցրածը եւ շարունակելու  վերականգնել իր քանդուած տունը.

Ծիծեռնակը բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում,
Ամէն մի շիւղ կպցնելիս
Առաջուայ բոյնն էր յիշում:

 

Ո՞րն է այդ հաւատի ու յարատեւութեան գաղտնիքը: Շահան Շահնուրը այդ հարցին խորիմաստ է պատասխանում իր «Արդար գնդակահարութիւն…» էսսէում, ուր ներկայացւում է, թէ ինչպէս Քեմալ Աթաթուրքը բոլոր հայերին բնաջնջելու նպատակով հրամայում է վերացնել նաեւ այն ամէնը, ինչ հայկական է, որոնց թուում եւ` հայկական եկեղեցիների զանգերը: Թուրքերը հաւաքում են ու ձուլում բոլոր զանգերը, բայց չեն գտնում մէկը, որը թաղուած է հողերի տակ, ու ոչ ոք չգիտի տեղը: Այդ անտեսանելի զանգն է, որ հողերի ընդերքից «կը հնչէ անվերջ եւ ձայն կու տայ իրեններուն», որը ոչ մի մարդ աշխարհում չի լսում` բացի հայերից, եւ իւրաքանչիւր հայ, որտեղ էլ որ նա գտնուի, լսելով նրա ձայնը, ինքն իրեն ասում է. «Սիրտս խօսեցաւ»: Ահա հէնց այդ անտեսանելի, բայց իմանալի ու լսելի զանգի կանչն է, որ ամէն հայի հայ է պահում ու նրան յարատեւութեան մղում: Այդ խորհրդաւոր զանգի մի մեղեդին էլ հայոց բանաստեղծութիւնն է` մի՛շտ ընկալելի, մի՛շտ լսելի, մի՛շտ խորհրդալից, իսկ Եղեռնի թեմայով ստեղծուած քերթուածներից ամէն մէկը իւրովի հաստատումն է Լեւոն-Զաւէն Սիւրմէլեանի «Ասացուածք ծառ տնկելու առթիւ» բանաստեղծութեան արտայայտած մտքի. «Մեռելներուս իբրեւ խաչ` ես այս ծառը տնկեցի», յաւելենք` մեր նահատակների գործի եւ յիշատակի խաչ:

*  Մեր երէկուան թիւով հրապարակեցինք առաջին մասը, այսօր` երկրորդ եւ վերջ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>