Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17144

Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան Համար, Ժբ. Հատոր, Խմբագիր` Երուանդ Փամպուքեան, Պէյրութ, «Համազգայինի Վահէ Սէթեան Հրատարակչատուն», 2016, 464 Էջ*

$
0
0

ԳԷՈՐԳ Ս. ԽՈՒԴԻՆԵԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր

Բանալի Բառեր- փաստաթղթեր, «Վիշապի առժամեայ մարմին», Յովհաննէս Սերենկիւլեան, Շաւարշ Միսաքեան, դատաւոր, Մուսա լեռ, Սթոքհոլմ, Ռոստոմ:

Փաստաթղթերի ժողովածուին գրախօսական անդրադարձ կատարելու խնդիրը միշտ էլ կապուած է որոշակի բարդութիւնների հետ, քանզի նման հրապարակման աղբիւրագիտական արժէքի բացայայտումը դեռեւս բաւարար չէ այն կազմող հեղինակի կատարած գործի ամբողջական արժեւորման համար:

Մեծ եղեռնի ողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ հրատարակուած որոշ ժողովածուներում յաճախ վաւերագրերի այնպիսի մեծ ծաւալ է աւելացել առանց այդ էլ պարզ ու յստակ կերպով ապացուցուած պատմական իրողութեան հիւսուածքին, որ դրանք սոսկ մանրամասնելով տեղի ունեցած յանցագործութեան առանձին դրուագները, մեծապէս բարդացրել են «թփերի ու մացառների» յետեւում «անտառը» տեսնելու, այսինքն` պատմագիտութեան անհրաժեշտ հայեցակարգային յստակեցումներ կատարելու խնդիրը:

Երուանդ Փամպուքեանի կազմած փաստաթղթերի ժողովածուն, որը ՀՅԴ գործունէութեան վաւերագրերը ներառող «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան» 12-րդ հատորն է, սկզբունքօրէն տարբերւում է նման հրապարակումներից: Ներկայացուող վաւերագրերը լինելով 20-րդ դարասկզբի հայութեան կեանքում առանցքային դերակատարութիւն ունեցած կուսակցութեան գործունէութեան արդիւնքը, միաժամանակ առանձնայատուկ արժէք ու նշանակութիւն ունեն Հայոց ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան համատեքստում: Դրանք կուսակցական խողովակներով հաւաքուած ու արտասահման ուղարկուած այս փաստաթղթային ապացոյցներն են, դրանք սկզբում կոչուած էին կանխարգելիչ դեր խաղալու շարունակուող ցեղասպանութեան հետագայ ծաւալման ճանապարհին, իսկ հետագայում ծառայելու իբրեւ ապացոյցներ` Թուրքիային պատասխանատուութեան կանչելու համար: Այսինքն դրանք այն երկու համաժամանակեայ «տեսաշարերն» էին, որոնցից առաջինում արձանագրուած յանցագործութեան փաստերը, երկրորդում յստակ բողոքների ու յայտարարութիւնների վերածուելուց առաջ իրենց մէջ էին ներառել կուսակցական խողովակներով ստացուող եւ աստիճանաբար բիւրեղացող տեղեկատուական հոսքի ողջ հարստութիւնը: Ուստի բնական է, որ Ցեղասպանութեան կանխման ու դրա համար պատժի սահմանման մէջ շահագրգիռ ուժի հետաքրքրութիւնների դաշտում էր յայտնուել ոչ միայն խնդրի աւելի քան ակնյայտ` քրէական կողմը, այլ նաեւ` յանցագործութեան խորքային շարժառիթները վերհանելու առաջադրանքը: Որովհետեւ տուեալ պատմաշրջանում ՀՅԴ-ն ոչ միայն ծաւալուող դիմակայութեան կողմերից մէկն էր, այլեւ` դրա հետագայ ընթացքը պարզելու մէջ շահագրգիռ ուժը:

Նման ողբերգական տեսաշարը ներկայացնող, վերլուծող եւ ապա դրա հիման վրայ միջազգային ասպարէզում քայլերի դիմող կուսակցութեան հաւաքած նիւթերի կարեւորութիւնն աւելի բարձր է ցանկացած եղելութեան հաւաստիութիւնն ապացուցող վաւերագրերից, քանզի իր մէջ պարունակում է ոչ միայն «ինչպէս է եղել իրականում»-ը հերթական անգամ հաւաստելու հնարաւորութիւն, այլեւ, որ աւելի կարեւոր է ` «ինչո՞ւ է եղել այդպէս»-ն ըմբռնելու եւ բացատրելու հայեցակարգային մեկնակէտեր, որոնք հետագայում ուղենշային նշանակութիւն ունեցան հայ պատմագրութեան համար:

Հայոց ցեղասպանութեան հէնց առաջին օրերից իրադարձութիւնների ընթացքին հետեւող ՀՅԴ ղեկավար դէմքերը գիտակցում էին, իր իրենք գործ ունեն այնպիսի Մեծ աղէտի հետ (1), որը ժամանակի ընթացքում այդպէս էլ պարզ եղելութիւն չի դառնալու, այլ իր մէջ պարունակելու է տեղի ունեցածի քննութեան կամ հետաքննութեան խնդիրը: Իսկ պատմութիւնն ի սկզբանէ` «իւթոփիա» բառի նախնական իմաստով, հէնց դա է ենթադրում: Եւ այս պատճառով միանգամայն բնական է, որ գրախօսուող հատորի մէջ հրապարակուած վաւերագրերն ամբաստանագրերի դեր խաղալով` ոչ թէ վնասել, այլ նպաստել են անցեալի ամբողջական պատկերի վերականգնման ճանաչողական առաջադրանքին: Որովհետեւ դրանց միջոցով հնարաւորութիւն է ստեղծուել թափանցելու տեղի ունեցող յանցագործութեան ո՛չ միշտ տեսանելի խորքերը, որոնք հասու էին միայն իթթիհատական մարդակերների հետ մահացու դիմակայութեան մէջ յայտնուած ՀՅԴ ղեկավար դէմքերին:

Այս առումով ուշարժան է Ցեղասպանութեան սկսուելուց անմիջապէս յետոյ ձեւաւորուած «Վիշապի առժամեայ մարմինի» կողմից 1915թ. մայիսի 13-ին Պալքանների կենտրոնական կոմիտէին ուղղուած հերթական գրութեան մէջ արձանագրուած հետեւեալ դրուագը: Դեռեւս ազատութեան մէջ գտնուող Յովհաննէս Սերենկիւլեանը (Վարդգէս կամ Գիսակ) նախօրէին կարողացել էր հանդիպել անձամբ Թալէաթ փաշային, որը բացէ ի բաց յայտարարել էր. «Քանի որ  դուք մեր նեղ օրերուն մեր վզին չոքելով` բարենորոգում, ինքնավարութիւն, եւ այլն պահանջեցիք, հիմա մենք ալ մեր լայն օրերուն հայ ժողովուրդը ցիրուցան պիտի ընենք, որպէսզի մինչեւ 50 տարի բարենորոգման կամ ինքնավարութեան խօսք չկարենաք ընել…» (2) (ընդգծումը մերն է- Գ.Խ.): «Վիշապի առժամեայ մարմինի» յաջորդ գրութիւններից ակնյայտ էր դառնում նաեւ, որ` «Թալէաթը նոյն իմաստով խօսած է նաեւ ամերիկեան դեսպանին, այսինքն ամէն բան պիտի ընեն, մինչեւ որ 50 տարի հայերուն խելքը գլուխը չգայ (3)»:

Հասկանալի է, որ դեռեւս 1912-1914թթ. բարենորոգումների շրջանում առարկայացած երիտթուրքերի յանցաւոր մտադրութեան` դիտաւորութեան մասին վկայող նման խօսակցութիւնների տարբեր դրուագներն իր յուշերում արձանագրել է նաեւ Թուրքիայում Միացեալ Նահանգների դեսպան Հ. Մորկենթաուն (4):

Ընդյատակում գործող ՀՅԴ «Վիշապի առժամեայ մարմինի»` Պալքանների կենտրոնական կոմիտէին ուղարկած գրութիւններում եւ Միացեալ Նահանգների դեսպանի յուշերում արձանագրուած նոյնիմաստ վկայութիւնների առկայութեան փաստը բաւարար է` պարզելու համար Հայոց ցեղասպանութեան իրականացման երիտթուրքերի յանցաւոր մտադրութիւնն ու նրա առարկայացման ժամկէտները, որոնք աւելի ուշ շրջանում հաստատուեցին վերջիններիս սալոնիկեան հաւաքների մասին տեղեկատուութեամբ: Երկու ժողովուրդների յարաբերութիւնների ամենաճակատագրական պահին ի յայտ եկած նոյն իրադարձութեան հայկական (Վարդգէս), թուրքական (Թալէաթ) եւ ամերիկեան (Հ. Մորկենթաու) ընկալումների տարանջատումը պատմական իրականութիւնից եւ դրանց հակադրումը մէկը` միւսին դասական պատմագիտութեան բոլոր չափորոշիչներով (5) ապահովում է անցեալի եղելութեան փոխակերպումը գիտապատմական փաստի, որում այլեւս գոյութիւն չունի տուեալ իրադարձութեան հաւաստիութիւնը յստակացնելու խնդիրը, այլ սոսկ պատմական ճշմարտութեան արտացոլման դիտանկիւնների տարբերութիւնը:

Պատահականութիւն չէ նաեւ թուրք գլխաւոր ցեղասպանի` հայ ժողովուրդին սեփական իրաւունքների համար պայքարի ասպարէզից 50 տարով դուրս մղելու մտադրութեան ճշգրիտ համընկնումը 1965-ին սկիզբ առած պահանջատիրական շարժման ժամկէտների հետ: Մեծ հաշուով` թուրքական չար հանճարի կանխատեսումն իրականութիւն դարձաւ` բացայայտելով նաեւ այն իրողութիւնը, որ ժամանակն ի զօրու չէ պահպանելու անգամ

50-ամեայ յարաբերական լռութեամբ կարծրացած պատը, ինչի ականատեսն ենք մենք այսօր:

Ուստի պատահական չէ, որ հէնց այդ շրջանից սկսած եւ մանաւանդ` Հայաստանի անկախացումից յետոյ Թուրքիայի պետական շրջանակները եւ նրանց յանձնարարութիւնը կատարող պատմաբանները ջանք ու եռանդ չէին խնայում Պոսթընում պահուող ՀՅԴ կեդրոնական արխիւներ թափանցելու եւ դրանց բովանդակութեանը հասու լինելու համար: Պատճառն այն է, որ նրանք գիտէին ՀՅԴ-ի ջանքերով ժամանակին արտասահման ուղարկուած վաւերագրերի գոյութեան մասին եւ իրենց համար լուրջ վտանգ էին տեսնում հայ իրականութեան մէջ առաջատար ուժի հաւաքած այդ փաստաթղթերի մէջ: Առաւել եւս, որ ի տարբերութիւն Թալէաթ փաշայի 1918 թուականի փախուստի օրերից հետեւողականօրէն ոչնչացուած իթթիհատի վաւերագրերի` դրանց մի մասը ժամանակին քաղուածաբար հրապարակուել էր Սոֆիայում լոյս տեսնող «Հայաստան» թերթի էջերում, իսկ հետագայում էլ մեկնաբանուել ՀՅԴ «Վիշապի առժամեայ մարմինի» առանցքային անդամ Շաւարշ Միսաքեանի հրապարակումներում ու նրա մասին գրուած աշխատութիւններում (6):

Ուրեմն Երուանդ Փամպուքեանի կողմից հրապարակուած ՀՅԴ պատմութեան վաւերագրերի հերթական հատորի բովանդակութիւնը գալիս է լրացնելու այն բացը, որը հայոց պահանջատիրութեան նոր մեկնակէտ 1965-ականից յետոյ Հայաստանում սկիզբ առած Մեծ եղեռնի պատմութեան վաւերագրերի գիտական հրապարակման արդիւնքում առաջ էր եկել հայ պատմագիտութեան մէջ: Այդ տարիներից սկսած` մեր պատմաբանների համար հասու են եղել հիմնականում Կովկասում ու արտասահմանի մի շարք երկրներում (Ռուսաստան, Գերմանիա, Աւստրիա եւ այլն) հանգրուանած փաստաթղթերը: Իսկ դրանց այն շերտը, որը ՀՅԴ ջանքերով ժամանակին ձեռք էր բերուել Մեծ եղեռնի տարբեր թատերաբեմերից եւ ի վերջոյ հանգրուանել էր կուսակցութեան արխիւներում, իր ամբողջութեան մէջ մնացել էր անհասանելի` մասնագէտ հետազօտողների համար:

Շնորհիւ Երուանդ Փամպուքեանի կատարած հսկայածաւալ աղբիւրագիտական աշխատանքի` դրանք այժմ ընթերցողի դատին են ներկայացուել որոշակի բաժիններով եւ իւրաքանչիւրին կցուած համապատասխան բացատրականներով:

Ա. բաժինը, որը զբաղեցնում է գրախօսուող փաստաթղթերի ժողովածուի մօտաւորապէս կէսը, ՀՅԴ Հայաստանի Բիւրոյի Կ. Պոլսոյ հատուածի ու Կ. Պոլսի Կենտրոնական կոմիտէի անդամների ձերբակալութիւնից յետոյ ընդյատակում ձեւաւորուած «Վիշապի առժամեայ մարմինի» ջանքերով հաւաքուած ու դեռեւս պատերազմի մէջ չգտնուող Պուլկարիա ուղարկուած վաւերագրերն են, որոնց մեծ մասը գաղտնի զեկուցագրեր են: Մինչեւ այդ մարմինի առանցքային դէմքի` Շաւարշ Միսաքեանի ձերբակալութիւնը 1916 թուականի մարտի 16-ին, փաստաթղթերի հոսքը դէպի Պուլկարիա, իսկ վերջինիս պատերազմի մէջ մտնելուց յետոյ` դէպի Ռումանիա, շարունակուել է եւ յիշեալ երկրներից առաքուել հիմնականում Ժընեւ ու Կովկաս: Սկսուելով Մեծ եղեռնի սկզբնաւորումից` ապրիլի 11-ից (նոր տոմարով` 24-ից) ընդամէնը 3 օր անց, տեղեկատուութեան այդ հոսքը, որն ապահովւում էր հիմնականում կասկածից դուրս գտնուող տարբեր օրիորդների հասցէներով շաբաթը մի քանի անգամ ուղարկուող ու յետ ստացուող նամակների եւ պատասխան գրութիւնների միջոցով, Պալքանների ԿԿ-ն վերծանել, բազմացրել ու տարածել է` զուգահեռաբար ՀՅԴ գերադաս մարմինների տեղեկութիւններն ու հրահանգներն ուղարկելով «Վիշապի առժամեայ մարմինի»-ն: Կ. Պոլսից արտասահման առաքուած այս ուշագրաւ վաւերագրերի շարքում առկայ են նաեւ Արեւմտեան Հայաստանից ու կայսրութեան տարբեր հայաբնակ վայրերից ուղարկուած մեծաթիւ փակ տեղեկագիր-հաշուետուութիւններ` ցեղասպանութեան սկզբնաւորման, առաջին ինքնապաշտպանական մարտերի եւ այլ իրադարձութիւնների մասին: Վերջիններս նոյնպէս յստակօրէն ապացուցում են Հայոց ցեղասպանութեան ծրագրուած լինելը` դեռեւս մինչեւ Թուրքիայի պատերազմի մէջ մտնելը սկիզբ առած սադրանքների, «հայկական ապստամբութեան» վերաբերեալ կեղծ լուրերի տարածման եւ անգամ առանձին վայրերում կազմակերպուած «փորձնական» կոտորածների մասին փաստերով:

Բ. բաժինը, որը վերնագրուած է «Մուսալեռցիները Եգիպտոսի մէջ», ուշագրաւ փաստեր է պարունակում ինչպէս ՀՅԴ Եգիպտոսի կոմիտէի, այնպէս էլ Մուսա Լեռի գոյամարտից յետոյ այդ երկրում ապաստանած ՀՅԴ «Կարմիր Լեռ» ենթակոմիտէի գործունէութեան վերաբերեալ: Վերջինիս կողմից ՀՅԴ Արեւելեան Բիւրոյին ուղարկուած տեղեկագիրը մանրամասնօրէն ներկայացնում է Մուսա Լերան հերոսամարտի նախապատրաստման, զէնքի ու զինամթերքի ձեռքբերման ու ռազմական գործողութիւնների ծաւալման ընթացքը եւ նոր միայն գիտական շրջանառութեան մէջ դրուող առարկայական փաստերով լուսարձակում է ՀՅ Դաշնակցութեան վճռական դերն այդ գործում:

Գ. բաժինը ներառում է 1917 թուականին Սթոքհոլմում կայացած Ընկերվար միջազգայնականի համագումարի հետ կապուած նիւթերը: Սթոքհոլմում ՀՅԴ-ն ներկայացրած Ռոստոմի կողմից համագումարին մատուցուած ընդարձակ «Տեղեկագիրը» Մեծ եղեռնին նախորդած իրադարձութիւնների, Եղեռնի պատճառների, ընթացքի, ինչպէս նաեւ դրա հետեւանքների յաղթահարման վերաբերեալ առաջարկութիւնների առաջին շատ թէ քիչ ամբողջական փաստաթուղթն է, որը «Նիւթեր»-ի ընթերցողին է մատուցուել իր  ֆրանսերէն բնագիրին զուգահեռ կատարուած հայերէն թարգմանութեամբ: Առաջին անգամ այս փաստաթղթի միջոցով միջազգային հեղինակաւոր կազմակերպութեան բեմից ՀՅԴ-ն առաջ է քաշել ու հիմնաւորել արեւմտահայութեան բնաջնջման համար Թուրքիայի` իբրեւ պետութեան, պատասխանատուութեան հարցը: Դա շատ կարեւոր էր այն պատճառով, որ համաշխարհային պատերազմը մօտենում էր աւարտին, իսկ 1915-ի մայիսի 24-ից սկսած` դաշնակիցների յայտարարութիւններում ձեւակերպուած երիտթուրք պարագլուխների պատասխանատուութեան խնդիրը երկակի մեկնաբանութեան էր արժանանում: Պատահական չէ, որ հետագայում` Մուտրոսի զինադադարից յետոյ ու մանաւանդ երիտթուրք պարագլուխների Կ. Պոլսի դատավարութեան ընթացքում, իշխանութեան ղեկին գտնուող իթիլաֆականների կողմից լայնօրէն կիրառուեց մեղքը իթթիհատի ու նրա պարագլուխների վրայ բարդելով` Թուրքիայի` որպէս պետութեան, պատասխանատուութեան հարցը նրբօրէն շրջանցելու տարբերակը: Մինչդեռ «Տեղեկագրում» ցոյց է տրւում, որ հայերին կոտորելու համար նրանց նախապէս ապստամբութեան մէջ մեղադրելով, անտեսուել է ֆրանսերէն «Resistance» («Դիմադրութիւն») հասկացութեան մէջ ամրագրուած` ինքն իրեն պաշտպանելու մարդկային տարրական իրաւունքը:

Չմոռանանք նաեւ, որ այն իրացնելու խնդիրը Բ. Աշխարհամարտի ընթացքում գերմանական ֆաշիստների կողմից բռնագրաւուած Ֆրանսայում դարձաւ համանուն շարժման անուանումը: Յատկանշական է, որ գիտակցելով շարունակուող պատերազմի պայմաններուն Ընկերվար միջազգայնականի փաստաթղթերում նման բաժին ներառելու հետ կապուած խնդիրները, Ընկերվար միջազգայնականի քարտուղար Ք. Հիւսմանսը այն դուրս է թողել «Տեղեկագրի» հրապարակման ենթակայ բաժիններից: Ներկայումս փաստաթուղթն իր ամբողջութեան մէջ ընթերցող մասնագէտի համար ակնյայտ է դառնում, որ 1915-ին արեւմտահայութեան մղած դիմադրական մարտերը լիովին «տեղաւորւում են» «ցեղասպանութիւն» յանցագործութիւնը կանխելուն ուղղուած միջազգային իրաւական կանոնների շրջանակներում:

Առաւել եւս, որ «Տեղեկագրի» «Պատասխանատուութիւն» բաժնի ամփոփումը խարսխուած է հէնց նման իրաւունքի փաստարկուած հիմնաւորման վրայ. «Եթէ մինչեւ իսկ ըմբոստներ կային հայերու մէջ, ոչ մէկ բան կ՛արդարացնէ ամբողջ ազգի մը դէմ գործուած ոճիրը: Թուրքիան պարտաւոր է պատասխան տալ իր գրգռութեան զոհ դարձած մարդոց ճակատագրին մասին. ճակատագրին մասին մէկ ու կէս միլիոն տարագրեալներու, որոնք առանց ոչ մէկ ակնյայտ դիմադրութեան, ապաւինած էին կառավարութեան գթութեան. ճակատագրին մասին առնուազն մէկ միլիոն կիներու եւ երեխաներու, որոնք ոչ մէկ կերպով ըմբոստներ կրնային համարուիլ» (7) (ընդգծումը մերն է. Գ. Խ.):

Եւ վերջապէս` «Նիւթեր»-ի Դ. բաժինը («Յետեղեռնեան վկայութիւններ») ներառում է յետեղեռնեան շրջանում հաւաքուած եւ 12 ենթագլուխների մէջ համախմբուած փաստաթղթեր` ինչպէս առանձին վիլայէթներում տեղի ունեցած ջարդերի, այնպէս էլ դրանց իրականացման մէջ թուրքական բանակի սպաների, պաշտօնեաների, բժիշկների մասնակցութեան վերաբերեալ: Սրանք հիմնականում ականատեսների վկայութիւններ են, որոնց մի մասը հրապարակուել է պատերազմից յետոյ Կ. Պոլսում լոյս տեսած հայկական թերթերում:

Ամփոփելով «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան» 12-րդ հատորում ներառուած հարուստ վաւերագրերի գիտաճանաչողական արժէքը գնահատող ներկայ համառօտ գրախօսականը` չենք կարող մեր երախտագիտութեան խօսքը չասել «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան» բազմահատորեակի հրատարակութեան մեծ գործը շարունակող Երուանդ Փամպուքեանի հասցէին: Չնայած իր տարիքին` նա այսօր էլ հսկայածաւալ աշխատանք է կատարում «ՀՅ Դաշնակցութեան Կենտրոնական արխիւների պարունակութիւնը հետազօտելու եւ յաջորդական հատորներով լոյս ընծայելու համար: Իսկ ներկայ հատորով Երուանդ Փասպուքեանը լուրջ ներդրում է կատարել նաեւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան վաւերագրերի հրապարակման գործում:

Չենք կարծում սակայն, որ «Նիւթեր»-ի 12-րդ հատորում արդէն հրապարակուել է «ՀՅ Դաշնակցութեան կեդրոնական արխիւներուն մէջ պահուած նիւթերուն ամբողջութիւնը, որ ցուցակագրուած եւ տեղադրուած է այլեւայլ թղթածրարներու մէջ» (8): Ցանկացած արխիւ իր «գաղտնարաններն» է ունենում, որոնք յաճախ ոչ թէ միտումով, այլ ակամայ, իսկ երբեմն էլ թիւրիմացաբար են առաջանում, ուստի ժամանակագրական մի շրջանի նիւթերը յայտնւում են բոլորովին այլ թեմայի վերաբերող փաստաթղթերի շարքում:

Բայց մեր այս փոքրիկ դիտողութիւնը ամենեւին էլ չի նսեմացնում Երուանդ Փամպուքեանի կողմից վերջին տարիներին կատարուած ահռելի աշխատանքի արժէքն ու նշանակութիւնը: «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան» յաջորդական հատորների հրատարակման միջոցով նա արդէն իր արժանի տեղն է գրաւել ՀՅԴ պատմութեան արխիւների պահպանութեան, ամբողջացման ու հրատարակութեան գործի ռահվիրաների` Անտոն Գոշի, Սիմոն Վրացեանի, Աբրահամ Գիւլխանդանեանի, Լեւոն Թադեւոսեանի, Գերասիմ Բալայեանի, Հրաչ Տասնապետեանի եւ այլ երախտաւորների շարքում:

————-

 

 

* Ընդունուել է տպագրութեան 20.12.2016:
1) Սկզբում հէնց այս հասկացութեամբ էին բնորոշւում 1915-ի ապրիլի 11 (24-ին) սկսուած ողբերգական իրադարձութիւնները:
2) Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԲ. հատոր, խմբագիր` Երուանդ Փամպուքեան, Պէյրութ, 2016, էջ 47:
3) Նոյն տեղում, էջ 57:
4) Թալէաթի եւ Մորկենթաուի խօսակցութիւնները տե՛ս Morgenthau H. Ambassador Morgenthau’s story Plandome, New York. «New age publishers», 1975, էջ 326-343:
5) Աւելի մանրամասն տե՛ս Գէորգ Ս. Խուդինեան, Պատմութեան գաղափարը Եոհան Տրոյզենից մինչեւ Ռոպին Քոլինկվուտ: Մաս առաջին: Եոհան Տրոյզենը եւ նրա «Իսթորիքան», «Վէմ», 2014 թ. 2:
6) Դրանից վերջինը, թերեւս, մեր հանդէսում հրատարակուած` Գրիգոր Յ. Պըլըտեանի ուսումնասիրութիւնն է` Շաւարշ Միսաքեանի յուշերի վերաբերեալ: Տե՛ս Պըլըտեան Գրիգոր Յ., Պակսող բառը: Նախքան ցեղասպանութեան յղացքի մշակումը, «Վէմ», 2015, թ. 2 (50), Թեմատիկ համար:
7) Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան համար», ԺԲ. հատոր, էջ 295:
8) Նոյն տեղում, էջ 6:

«ՎԷՄ»

Հոկտեմբեր-դեկտեմբեր 2016


Viewing all articles
Browse latest Browse all 17144

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>