ՄԻՔԱՅԵԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
«Ձուկը գլխից է փտում» ժողովրդական իմաստութիւնը երեւի թէ հին է այնքան, որքան մարդկութեան ողջ պատմութիւնը եւ անխտիր վերաբերում է բոլոր հանրութիւններին` նախնադարեան-համայնականից մինչեւ մեր օրերը, անգամ` քաղաքակիրթ պետականութեան զարգացման ներկայիս անհամեմատ բարձր մակարդակի պայմաններում, որի չափորոշիչ է համարւում արդի արեւմտեան աշխարհը, մասնաւորապէս, եւրոպական մայր ցամաքը:
Ահաւասիկ` այդ վարակիչ հիւանդութեան վերջին ահազանգը, որ դամոկլեան սրի պէս կախուել է Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխին` սպառնալով լայն հանրութեան աչքին իսպառ վարկաբեկել եւրոպական այդ միջազգային հեղինակաւոր կառոյցին:
Նախ յիշեցման կարգով նշեմ հետեւեալը:
Տակաւին 1946թ. սեպտեմբերի 19-ին Ցիւրիխում Ուինսթըն Չըրչիլը յայտարարել էր. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպէս հրաշք, տարիների ընթացքում ողջ Եւրոպան կը դարձնի նոյնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրուայ Զուիցերիան է: Պէտք է կառուցենք Եւրոպայի Միացեալ Նահանգների նման մի բան»: Եւ ահա, 1949թ. մայիս 5-ին, Լոնտոնում ստորագրուած կանոնադրութեամբ, ձեւաւորուեց Չըրչիլի երազած այդ հրաշքը` ԵԽ-ն եւ նրա խորհրդակցական մարմինը, որը, 1974թ. սկսած, վերանուանուած է Խորհրդարանական վեհաժողով: ԵԽ-ն ունի 324 ներկայացուցիչ, որոնցից իւրաքանչիւրն իր հերթին
անդամ-պետութեան խորհրդարանի պատգամաւոր է: Վեհաժողովը քննարկում է եւրոպական երկրներին մտահոգող հրատապ թեմաներ ու խնդիրներ` մարդու իրաւունքներ, ժողովրդավարութիւն, փոքրամասնութիւնների եւ իրաւական պետութեան պաշտպանութիւն: Նիստերը գումարւում են տարին չորս անգամ` Սթրազպուրկում, Եւրոպայի պալատում, մէկշաբաթեայ տեւողութեամբ: Հայաստանը ԵԽԽՎ լիիրաւ անդամ է դարձել 2001թ. յունուարի 25-ին: Զուտ քաղաքական հանգամանքների բերումով, աւելի յստակ` ընթացակարգային համահարթեցման սկզբունքով, նոյն օրն այդ միջազգային կառոյցի անդամ է ընդունուել նաեւ Ազրպէյճանը, որը ժողովրդավարական վերափոխումների առումով զգալիօրէն զիջում էր Հայաստանին: Չնայած Հայաստանն ամիսներ առաջ էր կատարել նախապէս ներկայացուած բոլոր պահանջները, այնուամենայնիւ, նրա ընդունելութիւնը փաստօրէն յետաձգուեց: Պարզ էր` Ազրպէյճանի պատճառով:
Եւ ահա «գլխից փտելու» ձկնային այդ հիւանդութան յարուցիչը վերստին սպառնում է այդ հեղինակաւոր միջազգային հաստատութեան բնականոն գործունէութեանը: Ասացի` վերստին, քանզի անցած գրեթէ եօթ տասնամեակում այն մէկ անգամ չէ, որ ուրուականի պէս պտտուել է Եւրոպայի պալատի գլխավերեւը: Վեհաժողովի հնաբնակ անդամներն այսօր էլ յստակ յիշում են երեւոյթի ցայտուն նախադէպերից մէկը, երբ Վերաքննիչ դատարանի դատավճռով 2010թ. եօթ տարուայ ազատազրկման են դատապարտուել պատգամաւորներ` զուիցերիացի Տիք Մարթինը եւ իտալացի Մարչելօ Տել Ութրին` մաֆիոզական միաւորմանը յանցակցելու համար:
Բայց անցնենք մեր օրերին, որոնք մեզ համար առաւելապէս ուշագրաւ են` առնչուած լինելով Ազրպէյճանի տխրահռչակ «խաւիարային քաղաքականութեան» հետ:
Եւ այսպէս, վերջերս` գարնանային նստաշրջանի հերթական` ապրիլի 25-ի լիագումար նիստում, վեհաժողովը որոշում է կայացրել հետաքննել Ազրպէյճանի հետ կապուած փտածութեան գործերը: Բանն այն է, որ բացայայտուել են Վեհաժողովի որոշ ներկայացուցիչների` Ազրպէյճանի կառավարութիւնից կաշառք վերցնելու իրողութիւններ: Ըստ հնչած մեղադրանքների, դեռեւս 2013թ. յունուարին այդ կառոյցի որոշ նախկին ներկայացուցիչներ Ազրպէյճանի քաղաքական բանտարկեալների վերաբերեալ վերահսկողական զեկոյցը ձախողելու նպատակով կաշառք են ստացել Ազրպէյճանի կառավարութիւնից, ինչի արդիւնքում տապալուել է վեհաժողովում Գերմանիայի պատուիրակութեան ներկայացուցիչ Քրիսթոֆ Շթրասսերի ներկայացրած զեկոյցը:
Փոքր-ինչ մանրամասնեմ միջադէպը: Դեռեւս 2009-ի դեկտեմբերին վեհաժողովը յանձնարարել էր Գերմանիայի պատուիրակութեան անդամ Քրիսթոֆ Շթրասսերին` զեկոյց պատրաստել Ազրպէյճանում քաղբանտարկեալների վիճակի վերաբերեալ: Գրեթէ երեք տարի անց` 2012-ի հոկտեմբերին, Շթրասսերի ներկայացրած զեկոյցում նշւում էր, որ 2001 թուականից ի վեր այդ երկրում քաղբանտարկեալների խնդրում իրավիճակը չի փոփոխուել: Զեկոյցի ընդունումը կասեցնելու մտադրութեամբ, Վեհաժողովի մի քանի պատուիրակներ յայտարարեցին, որ այն լիազօրութիւն չունի գնահատական տալու մարդու իրաւունքների խախտումների մասով, քանզի այդ իրաւասութիւնը տրուած է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին: Ազրպէյճանը երեք անգամ մերժել էր մուտքի վիզա տրամադրել Շթրասսերին: Այնուամենայնիւ, պատգամաւորն իր զեկոյցը 2013-ի յունուարի 23-ին ներկայացրեց վեհաժողովի քննարկմանը, որն ի վերջոյ մերժուեց:
Վեհաժողովի 60-ից աւելի պատգամաւորներ այս տարուայ յունուարին պահանջել են նշուած միջադէպի կապակցութեամբ անցկացնել անկախ հետաքննութիւն:
Մինչ այդ, մօտ օրերս Իտալիայում տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի նախկին փոխնախագահ Լուկայ Վոլոնտէի գործով դատավարութիւնը, ում դէմ 2016թ. փետրուարին քրէական գործ են յարուցել Միլանոյի ոստիկանութիւնն ու դատախազութիւնը: Վոլոնթեն, ով Իտալիայի Քրիստոնէա-դեմոկրատական կուսակցութեան նախկին պատգամաւոր է եւ վեհաժողովում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան նախկին նախագահը, մեղադրւում է 2012-2013թթ. Ազրպէյճանից շուրջ երեք միլիոն եւրոյ կաշառք վերցնելու մէջ: Կաշառքի դիմաց պաշտօնական Պաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում: Գումարը նրան է փոխանցել Վեհաժողովում Ազրպէյճանի պատուիրակութեան ղեկավար Էլխան Սուլէյմանովը, իսկ համակարգման աշխատանքներն իրականացրել է Պրիւքսելում տեղակայուած ազրպէյճանական լոպիստական կազմակերպութիւնը:
Այս առումով ուշագրաւ է նաեւ Ազրպէյճանի նախկին դեսպան, այժմ արդէն այլախոհ Արիֆ Մամետովի այն պնդումը, թէ Եւրոպայի խորհրդում նաւթով հարուստ այդ երկրի պատուիրակութիւնն ունի 30 մլն եւրոյ, որը ծախսւում է միջազգային կազմակերպութիւններում, այդ թւում նաեւ` ԵԽԽՎ-ում լոպինկի համար:
Խորհրդարանական վեհաժողովում վերջերս հնչած աղմկայարոյց յայտարարութիւններն առաւելապէս առնչւում են այդ կառոյցի ղեկավար Փետրօ Արկամունթի անուանը:
Դարձեալ յիշեցման կարգով նշեմ, որ սպանացի Փետրօ Ակրամունթը եւրոպական քաղաքական գործիչ է Վալենսիայից: Սպանիայի ժողովրդական կուսակցութեան անդամ է: Եղել է այդ երկրի ծերակոյտի անդամ: ԵԽԽՎ նախագահ է ընտրուել անցեալ տարուայ յունուարին` առաջադրուելով իր իսկ գլխաւորած Եւրոպական ժողովրդական կուսակցութեան մասնաբաժնով: Եւրոհամարկման կողմնակից է, սատարում է Ուքրանիային եւ Ազրպէյճանին: Յաճախակի հանդէս է գալիս հակառուսական եւ հակահայկական յայտարարութիւններով, առաջինին` Ղրիմի, երկրորդին` Արցախի առնչութեամբ: Մասնաւորապէս, նրա տեսակէտով, որ արտայայտել է այդ պաշտօնն զբաղեցնելու օրն իսկ` 2016թ. յունուարի 25-ին, ղարաբաղեան հակամարտութիւնը, ինչպէս որ Մերձտնեսթրի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի չկարգաւորուած խնդիրները, սպառնալիք է ներկայացնում Եւրոպայի անվտանգութեան համար:
Հիմնական մեղադրանքը, որ վեհաժողովի այս տարուայ գարնանային նստաշրջանի օրերին հնչել է նրա հասցէին, կապուած է նրա` որպէս ԵԽԽՎ նախագահ Սիրիայ կատարած այցի հետ, որը նա իրականացրել է առանց վեհաժողովին եւ կամ նրա պիւրոյին նախապէս տեղեակ պահելու:
Ակրամունթի անունը քանիցս հնչել է Ազրպէյճանի կողմից վեհաժողովի անդամներին կաշառելու վերաբերեալ լրագրողական հետաքննութիւններում, առաջին հերթին հիմք ընդունելով, որ նա եղել է ԵԽԽՎ հաշուետուն Ազրպէյճանի քաղբանտարկեալների հարցով: Մարդու իրաւունքների պաշտպանները քննադատում էին Ակրամունթի կապուածութիւնն Ազրպէյճանի կառավարութեան հետ, շեշտելով, որ նա բազմիցս աչք է փակել այնտեղ մարդու իրաւունքների ոտնահարման դէպքերի վրայ:
Եւ ահա հատուցումը երկար սպասեցնել չտուեց: Ապրիլի 24-ին վեհաժողովի ընթացիկ գարնանային նստաշրջանի բացման օրը, պատգամաւորներն Ակրամունթին հեռացրին դահլիճից` թոյլ չտալով նախագահել նիստը: Ըստ լուրերի, Ակրամունթին թոյլ են տուել ընդամէնը մէկ ժամով նախագահել միայն ապրիլի 27-ի նիստը, երբ վեհաժողովում ելոյթով հանդէս կը գայ Սպանիայի թագաւոր Ֆիլիփ 6-րդը: Սակայն այդ վերապահումը նոյնպէս չեղեալ յայտարարուեց, եւ Սպանիայի թագաւորը, ով Սթրազպուրկ էր ժամանել իր իսկ` Ակրամունթի հրաւէրով, ելոյթ ունեցաւ նրա բացակայութեամբ:
Գարնանային նստաշրջանի առաջին իսկ օրից պարզ էր, որ ԵԽԽՎ նախագահի պաշտօնում Փետրօ Ակրամունթի մնալ-չմնալն օրերի հարց է: Իր հրաժարականի մասին նա խոստացել էր յայտնել նստաշրջանի աւարտից երկու օր անց` ԵԽԽՎ պիւրոյի Փրակայի նիստում, քաղաքական խմբերի հետ նախնական խորհրդակցութիւններ անցկացնելուց յետոյ: Սակայն, ինչպէս տեղեկացնում է լրահոսը, Ակրամունթը խուսափեց մեկնել Փրակայ ներկայացնելու իր հրաժարականը:
Վեհաժողովի պիւրոն իր նիստում ստիպուած էր անվստահութեան քուէ յայտնել նրան: Բացի այդ, պիւրոն ընունել է որոշում, համաձայն որի, Փետրօ Ակրամունթը լիազօրուած չէ կատարել որեւէ պաշտօնական այց, ներկայ գտնուել ցանկացած խորհրդակցութեան կամ վեհաժողովի անունից` որպէս նրա նախագահ, հանդէս գալ հրապարակային յայտարարութեամբ: «Խորհրդարանական վեհաժողովի չափանիշներն ու սկզբունքներն աւելի կարեւոր են, քան` նրա առանձին անդամ, իսկ մեր Վեհաժողովի ամբողջականութիւնը պէտք է պահպանուի»,- յայտարարել է ԵԽԽՎ աւագ փոխնախագահ Ռոճեր Կալէն: Յաւելենք միայն, որ յունիսին Եխխվ-ն կարող է ընտրի իր նոր նախագահին:
Ինչպէս յայտնի է, փտած ձուկը, մանաւանդ` գլխից փտածը, մահացու վտանգաւոր է ցանկացած օրկանիզմի համար, մարդու, թէ հանրային` միեւնոյնն է: ԵԽԽՎ պատգամաւորների մեծամասնութիւնը, եթէ ոչ ամբողջ կազմը, թէկուզ զգալի ուշացումով, բայց, այնուամենայնիւ, բարեբախտաբար յստակ գիտակցեց հնուց ի վեր փորձուած այդ ճշմարտութիւնը եւ, ինչպէս պահանջւում է նման արտակարգ իրավիճակում, բնականաբար, այն աղբանոց նետեց: Ինչ վերաբերում է Ազրպէյճանի «խաւիարային ախտի» յարուցիչով տառապեալ Փետրօ Ակրամունթին, ապա, լքելով այդ միջազգային հեղինակաւոր կառոյցի նախագահի բարձր պաշտօնը, կարծում եմ, այս օրերին իր կաշուի վրայ նա հաստատապէս զգում է «Ուրիշի համար փոս փորողն ինքը կ՛ընկնի մէջը» հայկական առածի դառը հետեւանքը:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար