Հարցազրոյցը` ԼԻԼԻԱ ԲԱՂՐԵԱՆԻ
Վերջերս լիբանանահայ համայնքն իրականացրել է ոգեկոչման արարողութիւններ` նուիրուած անցեալ տարուայ ապրիլեան պատերազմում յանուն հայրենեաց ի զէն ելած մերօրեայ հերոսների նահատակութեան տարելիցին: Այդ միջոցառումներին, որպէս հրաւիրեալ, մասնակցել է նահատակուած կամաւորականի հայր, Արցախի վաստակաւոր լրագրող Միքայէլ Հաջեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Հաջեան, խօսենք այցի նպատակի մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ` երախտագիտութեան զգացումով միայն կարող եմ նշել, որ Պէյրութ եմ մեկնել ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով: Հրաւիրուել եմ որպէս կորուսեալ որդու ծնող` ապրիլեան պատերազմում նահատակուած մեր քաջորդիների յիշատակի ոգեկոչմանը նուիրուած արարողութիւններին մասնակցելու նպատակով, միջոցառումներ, որ նախաձեռնել եւ կազմակերպել էր ՀՅԴ Լիբանանի ԿԿ Քարոզչական մարմինը: Նշեմ, որ Լիբանանի մեր հայրենակիցները, ինչպէս որ համայն հայութիւնը, խոր ցաւ ու կսկիծ է ապրում այդ մարտերի ընթացքում մեր կրած մարդկային կորուստների համար` մեզ հետ հաւասարապէս սգալով Արցախի այն դիրքապահ զինուորների եւ նրանց օգնութեան հասած կամաւորականների նահատակութիւնը, ովքեր իրենց ամենաթանկագինը` կեանքը նուիրաբերեցին հող հայրենիի պաշտպանութեանը: Եւ քանի որ ոգեկոչման արարողութիւններին ինչպէս Արցախից, նոյնպէս եւ Հայաստանից հրաւիրուած էի միայն ես, ուստի այդ եւ այլ միջոցառումների ընթացքում ես ինձ զգում էի որպէս ոչ միայն հարազատ որդուս` Նորայրի, այլեւ մեր բոլոր նահատակների ծնող, հանդէս գալիս կորուսեալ զաւակների տէր դարձած բոլոր ծնողների անունից: Առհասարակ, իրականում ես մեր նահատակուած բոլոր տղաներին համարում եմ իմ զաւակները, ինչպէս որ, չեմ կասկածում ու շնորհակալական զգացումով եմ ընկալում, իրենց հերթին միւս որդեկորոյս ծնողներն են իմ որդուն համարում իրենց զաւակը:
Հ.- Ի՞նչ միջոցառումներ էին կազմակերպուել:
Պ.- Պէյրութին մերձակայ Պուրճ Համուտ քաղաքի կեդրոնում վեր է խոյանում մի հոյակերտ յուշարձան, որ կոչւում է Նահատակաց յուշակոթող: Այն նուիրուած է 1975-1990թթ. Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական կռիւների ընթացքում` հայկական համայնքի ինքնապաշտպանութեան ժամանակ նահատակուած աւելի քան 150 զինեալ կամաւորականների յիշատակին: Լիբանանահայ համայնքի համար սրբավայր դարձած այդ յուշակոթողի մօտ էլ հէնց մարտի 29-ին տեղի ունեցաւ ապրիլեան պատերազմում նահատակուած մեր տղաների յիշատակին նուիրուած գլխաւոր հոգեհանգստեան արարողութիւնը: Մեծ բազմութիւն էր հաւաքուել: Համայնքի անդամները նախապէս իրազեկուել էին տեսաձայնային լրատուամիջոցներով եւ համացանցի ընկերային կայքէջերով, ամէնուրեք շէնքերի պատերին փակցուած կամ ինքնաշարժների դիմապակիներին դրուած յայտագրերի միջոցով:
Ներկայ էին համայնքի հոգեւոր առաջնորդները, քաղաքական, հասարակական, կրթական, բարեգործական, միւս կառոյցների ղեկավարները, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարութեան հայազգի անդամներ, հայ պարբերական մամուլի խմբագրապետներ, լրագրողներ: Հանդիսութեանը մասնակցում էին Լիբանանի Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանը եւ Մերձաւոր Արեւելքում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Կարօ Քեպապճեանը: Այդտեղ էր հայկական փողային նուագախումբը, որը հնչեցրեց Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի պետական օրհներգերը: Տեղի ունեցած հոգեհանգստեան արարողութեանը Տէրունական աղօթքով հանդէս եկան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Լիբանանի թեմակալ առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցու գերապայծառ Գէորգ եպիսկոպոս Ասատուրեանը, Հայ աւետարանական եկեղեցու վերապատուելի Փոլ Հայտոսթեանը, այլ հոգեւոր հայրեր: Նահատակաց յուշակոթողի պատուանդանին, ի յիշատակ Ապրիլեան պատերազմի մեր նահատակների, ծաղկեպսակ դրուեց Լիբանանի խորհրդարանի երեսփոխան, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Յակոբ Բագրատունու, ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանի եւ իմ համատեղ մասնակցութեամբ: Ապա ոգեկոչման արարողութիւնը` որպէս ժողովրդային հանդիսութիւն, շարունակուեց «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահում, որտեղ լեփ-լեցուն դահլիճի առջեւ ելոյթ ունեցան երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Բագրատունին, Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեանը, «Ազդակ» թերթի տնօրէն Շահան Գանտահարեանը, հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրուեցին տեսերիզներ հայոց բանակի եւ Նորայր որդուս մասին, որից յետոյ ես հանդէս եկայ հիմնական բանախօսութեամբ:
Հ.- Ինչպիսի՞ հանդիպումներ ունեցաք հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Պ.- Համաձայն այցի ծրագրի` ուզում եմ առանձնապէս նշել, որ ինձ բախտ է վիճակուել արժանանալ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի ընդունելութեանը եւ գրեթէ մէկ ժամ զրուցել վեհափառի հետ: Այցելել եմ «Լիբանանահայ օգնութեան խաչ», «Արցախ ֆոնտ» կազմակերպութիւններ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Լիբանանի Ազգ. առաջնորդարան, Հայ կաթողիկէ եկեղեցու պատրիարքարան, սփիւռքի միակ հայկական` Հայկազեան համալսարան, հանդիպել ու զրոյց ունեցել նրա նախագահի հետ: Հանդիպումներ ու զրոյցներ եմ ունեցել ՀՀ դեսպան Սամուէլ Մկրտչեանի, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի, Մերձաւոր Արեւելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարօ Քեպապճեանի, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանի, Համազգայինի «Լեւոն Շանթ» մշակութային կեդրոնի ատենապետ` Պետիկ Ծառուկեանի հետ: Այցելել եմ մի շարք հայկական վարժարաններ ու ճեմարաններ, խմբագրութիւններ, «Թռչնոց բոյն» որբանոց: Ընդհանուր առմամբ` մի քանի օրուայ ընթացքում 30-ից աւելի միջոցառումների ու հանդիպումների եմ մասնակցել, հանդէս եկել մի շարք բանախօսութիւններով: Այդ ամէնը, անշուշտ, իմ սրտին ու հոգուն մեծ լիցք է տուել:
Հ.- Ինչքա՞ն է կազմում հայ համայքը եւ ինչպիսի՞ն է ներհամայնքային կեանքը:
Պ.- Մինչեւ 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմը Լիբանանի հայկական գաղութն ունէր շուրջ 300 հազար բնակչութիւն, բայց այդ տարիներին մեծ արտագաղթ տեղի ունեցաւ, ինչի պատճառով գաղութը ներկայումս ունի շուրջ 100 հազար անդամ: Ունեն 30 դպրոց` ճեմարաններ, վարժարաններ` 12-ամեայ կրթութեամբ, Հայկազեան համալսարանը, որը լայն համբաւ է վայելում ոչ միայն հայութեան շրջանում, այլեւ` ամբողջ տարածաշրջանում: Ուսումն ամէնուրեք վճարովի է, քանզի իրականացւում է բացառապէս համայնքային միջոցների հաշուին: Մասնաւորապէս միջնակարգ դպրոցներում ուսման տարեկան վարձը կազմում է 2000, իսկ Հայկազեանում` 8000 ԱՄՆ տոլար: Մանկապարտէզները, որպէս նախակրթարաններ, միջնակարգ դպրոցների դաստիարակչական աշխատանքի հիմքն են կազմում, որտեղ սաները բանաւոր հիմունքերով հայերէնից բացի, իւրացնում են նաեւ արաբերէն եւ անգլերէն կամ ֆրանսերէն լեզուները, ապա, յաճախելով դպրոց, այդ լեզուների հետ մէկտեղ արդէն սովորում են նաեւ անգլերէն լեզուն, ընդ որում` այնքան հիմնաւոր, որ մայրենի լեզուի պէս տիրապետում են նաեւ այդ օտար լեզուներին: Ճեմարաններից մէկի նախակրթարանում հաճելիօրէն ականատես եղայ, թէ ինչպէս 3-4 տարեկան երեխաները ֆրանսերէն երգում են Շարլ Ազնաւուրի հանրայայտ «Քեզ համար, Հայաստան» երգը: Անչափ յուզիչ էր:
Այցի ծրագրի շրջանակներում եղել եմ Հայոց ցեղասպանութեան նահատակների յուշահամալիրում, խոնարհուել օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում զանգուածային կոտորածների զոհ դարձած մեր հայրենակիցների յուշարձանի առջեւ, այցելել եմ Անթիլիասի համալիր` եկեղեցի, թանգարան, հայկական պաշտամունքային օճախներ` եկեղեցիներ ու վանքեր` առաքելական, կաթողիկէ, աւետարանական: Վերջին այցելութիւններիցս մէկը «Թռչնոց Բոյն» որբանոցն էր, որը բացուել է Ցեղասպանութիւնից յետոյ եւ գործում է առայսօր:
Հ.- Որպէս լրագրող` ի՞նչ կ՛ասէք լրատուական դաշտի մասին:
Պ.- Բազմազան եւ աշխուժ է լրատուական դաշտը: Լոյս են տեսնում «Ազդակ», «Զարթօնք», «Արարատ», «Խօսնակ» եւ մի շարք այլ տպագիր պարբերականներ` ընթերցող հանրութեանը ներկայանալով նաեւ ելեկտրոնային կայքէջերի տեսքով: Գործում է «Վանայ Ձայն» ռատիոկայանը, ՕTV արաբական հեռուստաընկերութեան հայկական խմբագրութիւնը` լուրերի ամէնօրեայ թողարկմամբ, 20 րոպէ տեւողութեամբ: Այդ լրատուամիջոցները, ինչպէս պարզուեց հանդիպումների ընթացքում, մեծապէս շահագրգռուած են ու պատրաստ համագործակցելու արցախցի իրենց գործընկերների հետ: Նշեմ, որ այցի ծրագրի համաձայն, «Ազդակ»-ի մամլոյ լսարանում հանդէս եմ եկել բանախօսութեամբ «Արցախի լրատուական դաշտի համայնապատկերը» թեմայով: Բացի այդ, հանդիպումներ եւ Արցախի լրատուամիջոցների հետ փոխգործակցութեան հարցերի շուրջ զրոյցներ եմ ունեցել վերը նշուած պարբերականների խմբագրատներում, հարցազրոյցներ տուել «Վանայ ձայն» ռատիոկայանին, OTV հեռուստաալիքի հայկական խմբագրութեանը, վերջինս հաղորդուել է արդէն ապրիլի 9-ին` շուրջ կէս ժամ տեւողութեամբ: Նոյնը վերաբերում է նաեւ մարզամշակութային ոլորտների կառոյցներին: Կարծում եմ` այս ուղղութեամբ բաւական աշխատանք կայ կատարելու, այդ թւում` առանձնապէս նաեւ մեր կողմից, ինչի շնորհիւ կը շահենք ե՛ւ մենք, ե՛ւ սփիւռքը, ի մասնաւորի` լիբանանահայ համայնքը:
Հ.- Որպէս վերջաբան` ներկայացրէք ձեր տպաւորութիւններն այս այցելութիւնից:
Պ.- Բաւական աշխոյժ կեանքով ապրող համայնք է, որն իր բոլոր հանրային ձեռնարկներն իրականացնում է բացառապէս սեփական միջոցների հաշուին:
Նշեմ նաեւ, որ սիրտդ հպարտութեամբ է լցւում, երբ Պէյրութում, Պուրճ Համուտում, Լիբանանի այլ հայահոծ բնակավայրերում հանդիպում ես հայատառ ցուցանակներով տարաբնոյթ հաստատութիւնների, խանութների, սպասարկման սրահների եւ այլ կառոյցների անուններ` արաբերէնի եւ անգլերէնի հետ զուգահեռ: