Ընթացիկ գարնան այս երկրորդ` ծաղկուն ամիսը, ինչպէս նախորդ տարում էր, աւաղ, վերստին կորստեան անամոք ցաւի ու վշտի թանձր շղարշով է պատուած համայն հայաշխարհում` Մայր հայրենիք Հայաստանում, Արցախում, սփիւռքում: Ամէնուրեք մեր ժողովուրդը` համահաւաք, թէ ընտանիք առ ընտանիք, սգոյ ու ոգեկոչման արարողութիւններ է կատարում` սրտի դառը կսկիծով նշելով 2016-ի ապրիլեան պատերազմում հերոսաբար զոհուած հայորդիների նահատակութեան տարելիցները, խոնարհումով յարգանքի տուրք մատուցելով յանուն Արցախի պաշտպանութեան լեռնացած իր քաջազուն զաւակների անմար յիշատակին:
Ի շարս սգոյ այդ հանդիսութիւնների` օրերս տարելիցի արարողութիւն էր Ստեփանակերտի գերեզմանատանը` ապրիլեան մարտերում հայրենիքին իր ամենաթանկագինը` կեանքը նուիրաբերած կամաւորական-աշխարհազօրային Նորայր Հաջիյեանի յուշաքարի մօտ:
Տակաւին 12 տարեկան էր նա, երբ 1988-ին ընտանեօք հանդերձ, նոյն դառը ճակատագրի կամօք հայատեաց, հայահալած Ազրպէյճանից բռնագաղթած տասնեակ, հարիւր հազարաւոր իր հայրենակիցների հետ մէկտեղ տեղափոխուեց Հայաստան, ապաստանեց Երեւանում: Այդտեղ` հայոց ոստան քաղաքում, որ 88-ի սկզբներից ի վեր վերածուել էր արցախահայութեան` իր նախնեաց բնօրրանում ապահով ապրելու, արարելու, մայր հայրենիքի հետ վերամիաւորուելու օրինական իրաւունքի պաշտպանութեան կիզակեդրոնի, դեռահաս տղեկը հօր ուղեկցութեամբ եւ կամ շատ յաճախ` հասակակից ընկերների հետ մէկտեղ մասնակցում էր Թատերականից Ազատութեան վերափոխուած հրապարակում տեղի ունեցող հանրահաւաքներին, քաղաքի այդ եւ այլ հրապարակներն ու փողոցները ցնցող ցոյցերին ու երթերին: Բռունցքուած բողոքի եւ պահանջատիրութեան այդ համաժողովրդական ձեռնարկներում էլ հէնց կոփուեց եւ ամրապնդուեց յանուն հայրենեաց ի զէն կանգնելու նրա օրաւուր հասունացող վճիռը: Եւ ամենեւին պատահական չէ, որ 1992-ի դեկտեմբերին, դեռեւս 16-ամեայ տարիքում, Նորայրը, տարեկից տղաների կնքմամբ` Նորոն, զինուորագրուեց Հայաստանի սահմանների պաշտպանութեանը եւ Արցախի Հայրենական պատերազմին` տարբեր ֆիտայական ջոկատների, ապա եւ «Արծիւ-24» դարձեալ կամաւորական գումարտակի կազմում, որի հրամանատարն էր Ատմիրալ զօրական մականուամբ կնքուած Սամուել Յովսէփեանը, իր անմիջական հրամանատարի` Նորայր Մկրտչեանի եւ միւս տղաների հետ ուս-ուսի խիզախօրէն մարտնչելով անարգ ոսոխի դէմ: Մարտական հերթափոխից հերթափոխ` նա ամէն անգամ մարտադաշտ էր մեկնում` «Զաւա՛կս, բարի՛ ճանապարհ, զգոյշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց» հայրական մաղթանքն ու պատգամը գիտակցութեան մէջ, Հող հայրենիի անսահման սէրը մատաղ սրտում: Նորայրը տարիքով ամենակրտսերն էր ֆիտայական ջոկատներում, ուստի զինակից աւագ ընկերների կողմից կնքուել էր «Ճուտօ» մականուամբ եւ, որպէս Ճուտօ` անցել կռիւների ամբողջ թոհուբոհով` Հայաստանի Գորիսի շրջանի Կոռնիձոր գիւղից մինչեւ Պուշկին եալ եւ Օմարի բարձունքներ` մասնակցելով Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի, Մարտակերտի, Քելբաջարի եւ միւս շրջանների ազատագրութեան թէժ մարտերին: Անգամ հրադադարի հաստատումից գրեթէ մէկ տարի անց` յարաբերական անդորրի պայմաններում, 1995-ի ապրիլից մինչեւ սեպտեմբեր, «Արծիւ-24»-ի կազմում նա դարձեալ արցախա-ազրպէյճանական զօրքերի շփման առաջնագծում էր` պաշտպանելով Մատաղիսի, Թալիշի մերձակայ դիրքերը, միաժամանակ դիրքապահութեան իր փորձն ու հմտութիւնն էր հաղորդում Արցախի Պաշտպանութեան բանակի նորակոչիկ զինուորներին:
Նորայրն այնուհետեւ` 1997-1999թթ., պարտադիր ժամկետային զինծառայութիւն է անցել Արցախի Պաշտպանութեան բանակում, որից յետոյ մշտական բնակութիւն է հաստատել Ստեփանակերտում: Երկար տարիներ աշխատում էր «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերութիւնում` համակարգչային սարքաւորումների մասնագէտ, իսկ վերջին տարում` Արցախի Հանրապետութեան գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամում` պարարտանիւթերի պահեստապետ: Արցախի մայրաքաղաքում նա շարունակել է կիսատ մնացած ուսումը` աւարտելու համար 10 միջնակարգ դպրոցը, ապա եւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի տնտեսագիտութեան բաժանմունքը: Ստեփանակերտում 2003-ին Նորայրը կազմել է իր ընտանիքը` կեանքի ընկերուհի ընտրելով Գայանէ սիրած աղջկան, որ դեռեւս 1992-ի ամրանը կորցրել էր Մահմուր մօրը` Աղդամից հրետակոծութեան ժամանակ առանձնատան վրայ ընկած թշնամական արկի պայթիւնի պատճառով եւ հասակ առել Ռոզայ տատի հոգածութեան ներքոյ: Երիտասարդ ընտանիքն այնուհետեւ ունեցաւ իր զաւակները` 2006-ի մարտին ծնուած Գրիգորը, որ կրում է հայրական պապի անունը, եւ 2009-ի յուլիսին ծնուած Արտակը, որ կրում է Նորայր հօր զոհուած ընկերոջ անունը:
Չնայած 1994-ի մայիսին հաստատուած հրադադարին` Ազրպէյճանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը, դամոկլեան սրի պէս, մշտապէս կախուած էր արցախահայութեան գլխին: Ահա թէ ինչո՛ւ կենաց ու մահու կռիւների բովով անցած Նորայրը, քաջ գիտակցելով այդ, հայրենեաց պաշտպանի իր զինուորական համազգեստը մշտապէս պատրաստ էր պահում զգեստապահարանում, որպէսզի անհրաժեշտութեան պահին կարողանայ անմիջապէս փոխուել եւ մեկնել առաջաւոր գիծ` ի զէն: Այդպէս էր նա 2015թ. օգոստոսին` Ազզրպէյճանի հերթական յարձակման օրերին:
Նա Արցախի պաշտպանութեան դիրքերում էր եւ 2016-ի ապրիլի 2-ին` ստեփանակերտցի իր ընկերների հետ միասին առաջին կամաւորական խմբում մեկնելով մարտադաշտ: Նախնական պայմանաւորուածութեամբ Մարտակերտում միանալով փոքր-ինչ ուշ տեղ հասած «Արծիւ-24-ի» իր մի խումբ հին զինակիցների հետ, նա կամաւորական աշխարահզօրայիններից կազմուած ստորաբաժանման կազմում ապրիլի 3-ի առաւօտեան արդէն Թալիշի մերձակայ բարձունքներում էր` ժամկետային զինծառայող դիրքապահների մօտ: Տղաները պատմում են, որ Նորոն դիրքի ոգին էր` քաջալերիչ ժպիտը դէմքին, կատակը շրթերին: Դիրքապահներն իրենք իսկ նրան` որպէս փորձառու մարտիկի, կարգել էին դիրքի աւագ` անցնելով նրա հրամանատարութեան տակ: Եւ առաջին խնդիրը, որ նա լուծեց անմիջապէս, խրամատներում դիրքապահների դասաւորութեան ճիշդ, կողմնորոշիչ կարգաւորումն էր: Ասում են նաեւ, որ նա զինուորներին` 18-20 տարեկան տղաներին, համեմատաբար անվտանգ, ապահով խորքային դիրքեր է ուղարկել` համոզելով, որ նրանք արդէն հերոսաբար կատարել են իրենց խնդիրը` ազրպէյճանական հրոսակներից ինքնուրոյն մաքրելով յանկարծակի յարձակման պատճառով թշնամու կողմից կարճատեւ այդ ռազմավարական նշանակութեան տեղանքը: Խնայում էր, չէր ուզում, որ վտանգուի պատանիների կեանքը: Ասում են նաեւ, որ թշնամին ուղիղ նշանառութեամբ անընդհատ գնդակոծութեան տակ էր պահում դիրքի մերձակայ խճուղին եւ հնարաւոր չէր զինամթերք ու սնունդ հասցնել կռուող տղաներին: Նորոն էր տղաներին բաժանում արագ սպառուող ջրի փոքր պաշարը: Ասում են` վերջում ինքը պէտք էր խմէր, բայց այնպէս ստացուեց, որ իրեն կաթիլ անգամ ջուր չէր մնացել: Պատմում են, որ ապրիլի 3-ին եւ 4-ին` գիշեր ու տիւ, յամառ մարտեր էին մղւում, դիրքերի դիմաց փռուած էին թշնամու տասնեակ դիակներ: Հակառակորդի անհամեմատ գերակշիռ, սպառազէն ուժերն ամէն գրոհից յետոյ խուճապահար փախուստի էին դիմում` մարտադաշտում լքելով իւրայինների դիակները: Տղաներն ամէն անգամ խափանում էին դրանք դուրս հանելու թշնամու բոլոր փորձերը` նոր կորուստներ պատճառելով նրան: Ուստի յատկապէս այդ դիրքը մշտական գնդակոծութեան տակ էր գտնւում` ծանր հրետանուց, հրասայլերից, ականանետներից: Ազատ շունչ քաշելու շատ քիչ ժամանակ կար: Հէնց նման մի պահի էլ` ապրիլի 4-ի ուշ երեկոյեան, ժամը 10-11-ի արանքում, երբ Նորայրն իր հին զինակից ընկերոջ` Երեւանից եկած աշխարհազօրային Սարգիս Խալաֆեանի` Սաքոյի եւ ստեփանակերտցի սպայ` նախօրեակին վիրաւորուած, բայց դիրքերն այդպէս էլ չլքած կապիտան Վալերի Մեհրաբեանի հետ միասին, նախապէս կարգադրելով միւս դիրքապահներին ցրուել խրամատի տարբեր հատուածներում եւ իրար գլխի չկուտակուել, խրամատի պատին կողք-կողքի յենուած ծխում էին, սկսուեց հակառակորդի հերթական կրակը: Հրասայլից արձակուած արկերից մէկը, որ կարծես թիրախաւորուած էր ուղիղ նշանառութեամբ, պայթեց խրամատի հէնց այն մասում, որտեղ նրանք էին երեքով: Մահացու խոցուած լինելով արկի բեկորներից` Նորայրն ու Սաքոն նահատակուեցին անմիջապէս, Վալերիի մարմինը լցուել էր բեկորներով, բայց, բարեբախտաբար ողջ մնաց: Դիրքապահները, ուշքի գալով, նրան` գրեթէ կիսամեռ վիճակում, ինչպէս նաեւ զոհուած զինակիցների դիակները հանեցին առաջացած հողակոյտի միջից ու լուսադէմին միայն մի կերպ կարողացան փոխադրել շրջկենտրոն: Մարտակերտի, Ստեփանակերտի եւ Երեւանի զինուորական հիւանդանոցներում Վալերին, ընդհանուր առմամբ, 13 ծանր վիրահատութիւն տարաւ ու, փա՛ռք Աստծոյ, ողջ մնաց: Չնայած պահեստազօր անցնելու առաջարկներին ու յորդորներին, նա վճռական ոչ ասաց ու մնաց Արցախի Պաշտպանութեան բանակի շարքերում եւ ներկայումս ծառայում է զօրամասերից մէկում, թէկուզ սպասում է եւս մէկ վիրահատութեան` կապուած աջ ականջի վնասուած թաղանթի հետ: «Ես իմ կռիւը դեռ չեմ աւարտել, ես վրէժ ունեմ լուծելու, ես երկիր պիտի պաշտպանեմ», ասում է 28-ամեայ սպան` արցախեան ազատամարտի առասպելներից մէկի` գնդապետ Վանիկ Մեհրաբեանի նոյնպէս առասպելական որդին:
Սարգիս Խալաֆեանի աճիւնը տեղափոխուեց Երեւան եւ մայր հողին յանձնուեց Եռաբլուրում: Նորայրին իր գիրկն առաւ Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատունը, որտեղ կողք-կողքի, կարծես` ուս-ուսի, իրենց յաւերժական քունն են ապրում ապրիլեան պատերազմի եւս երկու հերոս նահատակներ` Մասիս Թովմասեանը եւ Դաւիթ Գասպարեանը: Մասիսի նահատակութեան տարելիցը նշուեց ապրիլի 3-ին` զոհուելու օրը, Սարգսինը եւ Դաւթինը` ապրիլի 4-ին, Նորայրինը` ապրիլի 9-ին:
Այդ օրը մարդկային ու ծաղկանց ծով էր Նորայրի յուշաքարի մօտ: Նրա անուան ու յիշատակի առջեւ խոնարհուելու էին եկել հարազատները, հին ու նոր զինակիցները, բազմաթիւ ընկերները` Երեւանից եւ Ստեփանակերտից, Հայաստանի մարզերից, Արցախի շրջաններից, Ռուսաստանից: Օրհնելով յուշաքարը` ներկաներին ուղղուած սփոփանքի ու մխիթարանքի խօսք ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր հովիւ տէր Առաքելը: Ապա Երեւանում գործող «Ասպետաց ակադեմիա» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչներ, գնդապետներ Սիրեկան Քոչինեանը եւ Յովհաննէս Քերոբեանը Նորայրի աւագ որդուն` Գրիգորին յանձնեցին ակադեմիայի նախագահ, զօրավար-տեղակալ Արսէն Ֆիդանեանի կողմից նրա հերոս հօրը յետմահու շնորհուած «Տիգրան Մեծ» մետալն ու պատուոգիրը, Հայաստանի պաշտպանութեան նախարարի շնորհակալագիրը, Հայաստանի Երկրապահ կամաւորականների միութեան նախագահ, Արցախի հերոս, զօրավար-տեղակալ Մանուէլ Գրիգորեանի շնորհած յուշամետալը` հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար: Յետմահու յանձնուած այդ պարգեւները եկան լրացնելու այն մետալների շարքը, որ նրան շնորհուել էին կենդանութեան օրօք եւ նահատակութիւնից յետոյ` Հայաստանի «Արիութիւն», ԱՀ «Մարտական ծառայութիւն», Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան «Դրաստամատ Կանայեան», «Վազգէն Սարգսեան», ԱՀ «Մայրութիւն» ՀԿ «Մայրական երախտագիտութիւն» մետալները, ՀՀ «Արամազդ» յուշամետալը: Ամրացուած լինելով Արցախի իշխանութիւնների կողմից նրա ընտանիքին անհատոյց տրամադրուած բնակարանի յատուկ յուշանկիւնում` բարձիկին, նրա մեծադիր նկարի մօտ, այդ պարգեւները միւս մասունքների հետ մէկտեղ, նրա այրիացած կնոջ եւ որբացած զաւակների, բոլոր հարազատների յիշողութեան մէջ մշտապէս վառ կը պահեն հայրենիքի հերոս պաշտպանի անցած փառաւոր մարտական ուղին` ի դաս ներկայ եւ գալիք սերունդների:
Իսկ մինչ այդ հայոց աշխարհում տակաւին շարունակւում են սգոյ ու ոգեկոչման արարողութիւնները` ի յիշատակ եւ ի փառս ապրիլեան պատերազմում յանուն հայրենեաց նահատակուած հայ քաջորդիների: Գարնան այս երկրորդ` ծաղկուն ամիսը, ինչպէս նախորդ տարում էր, դարձեալ կորստեան անամոք ցաւի ու վշտի թանձր շղարշով է պատուած:
Մեր սեփ. թղթ.
Ստեփանակերտ
Յատուկ «Ազդակ»-ի համար