Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Հայկական Առածն Ասում Է. «Ոչխարի Հօտը Գայլին Պահ Մի՛ Տուր»

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ

Կարծում եմ` հասկանալի է, թէ ինչո՛ւ: Քանզի նոյն այդ պահապան կարգուած գայլն առաջինն ինքն է յօշոտելու իր խնամքին յանձնուած  ոչխարներին: Թւում է, թէ զաւեշտ է, բայց առկայ իրողութիւնը ժողովրդական իմաստնութիւնից  բխող հէնց այս վիճակն է յիշեցնում: Բանն այն է, որ միանգամայն հաւանական է` Ռուսաստանում Ազրպէյճանի արտակարգ եւ լիազօր դեսպան, երգահան  Փոլատ Պիւլպիւլօղլին դառնայ Միաւորուած ազգերի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան` ԵՈՒՆԵՍՔՕ-ի հերթական գլխաւոր տնօրէնը, թուով` 12-րդը: Ներկայումս այդ բարձր ու պատասխանատու պաշտօնը, սկսած` 2009 թուականից,  զբաղեցնում է Պուլկարիայի ներկայացուցիչ Իրինա Պոքովան, ում լիազօրութիւններն աւարտւում են այս տարի: Առհասարակ, ըստ տարածաշրջանային հերթականութեան` այդ պաշտօնը պէտք է ստանձնի արաբական երկրներից մէկը, բայց այդ հարցում նրանց միջեւ որոշակի անհամաձայնութիւն կայ: Եւ ահա Ազրպէյճանը, օգտուելով պատեհ առիթից,  օրերս պաշտօնապէս առաջարկել է Պիւլպիւլօղլու թեկնածութիւնը` այն ներկայացնելով ԵՈՒՆԵՍՔՕ-ի գործադիր խորհրդի քննարկմանը:

Է՛հ, մենք շատ յաճախ մոլորութիւն ունենք կարծելու, թէ աշխարհը, իրօք,  փոխուել է: Այսինքն դարձել է աւելի քաղաքակիրթ, աւելի բարի, մարդամօտ, մարդասէր, աւելի արդարամիտ, ընկալունակ, անկողմնակալ: Եւ նոր չէ մեր այս միամիտ պատկերացումը: Աւագ սերունդները երեւի թէ յիշում են` դեռ անցեալ դարում էլ   ասում էին այդ մասին: Ու նաեւ մենք էինք ասում, մանաւանդ` խորհրդային հայերս: Երեւի թէ լաւի ու բարու մեր պատրանքը շատ էր ուժեղ: Լաւատես էինք: Անհիմն, թէ հիմնաւոր: Չնայած նրան, որ 20-րդ դարասկզբին առաջին համամարդկային աղէտն ենք ապրել, Հայոց ցեղասպանութիւն` օսմանեան Թուրքիայում, թէ այստեղ` Անդրկովկասում:  Յետոյ` քսան տարի անց` 30-ական թուականներից մինչեւ Բ. Աշխարհամարտի աւարտը, յաջորդել է հրեաների ցեղասպանութիւնը ֆաշիստական Գերմանիայում եւ համայն Եւրոպա աշխարհամասում` հրէից Ողջակիզումը: Միլիոնաւոր անմեղ մարդիկ են, բառիս բուն իմաստով, գազանաբար յօշոտուել ու ոչնչացուել` Տէր Զօրի անապատներում լինի, Հայաստանում, Արեւելեան Մերձկասպիայի տարածաշրջանում, թէ  հիթլերեան մահուան ճամբարներում, էական չէ. երկու եղեռններն էլ նոյն ողբերգական շղթայի տրամաբանօրէն իրար ագուցուած արիւնածոր օղակներն են կազմում: Եւ ահա մարդկութեան դէմ ուղղուած զանգուածային ոճրագործութեան այդ շղթան հայերիս համար անցած դարավերջին համալրուեց եւս մէկ աղէտալի օղակով` արհեստածին Ազրպէյճանում պետականակիր հայ բնակչութեան ցեղասպանութեամբ` «Սումկայիթ», «Պաքու». «Կիրովապատ», շատ ու շատ այլ անուանումների ներքոյ:

Ու դարձեալ, երբ ահա 21-րդ դարի երկրորդ տասնամեակն ենք մանրել,  մարդկութիւնը կարծես թէ էլի նոյն տհասն է մնացել` նոյն անփոփոխ միամտութեամբ ապաւինելով պատահական անհատների, իցէ թէ նրանք, ի տարբերութիւն քարանձաւային մտածողութեան ու պահուածքի տէր իրենց նախնեաց,  արտաքուստ վայելուչ տեսք ունեն` քոսթիւմ ունեն հագած, փողկապ են կապում, դանակ-պատառաքաղ բռնել գիտեն, քիչ թէ շատ հաղորդակից են հոգեւոր-մշակութային արժէքների, հետեւապէս  բացարձակ քաղաքակիրթ են: Եւ ի՞նչ: Է՜հ, ոչի՛նչ: Ոչի՛նչ, քանզի մարդու արտաքին հագուկապը, կեցուածքը, վարուեցողութեան տարրական կանոնների իմացութիւնը չէ, որ որոշում են նրա բուն էութիւնն ու մտածողութեան կերպը, մի խօսքով` քաղաքակրթուածութեան նրա մակարդակը:  Առաւել եւս` համամարդկային, նոյնն է թէ` համաշխարհային չափումներում:

Իսկ որ ԵՈՒՆԵՍՔՕ-ն`  Միաւորուած ազգերի այդ դուստր կազմակերպութիւնը,  կոչուած է քաղաքակրթութեան հէնց այդ չափումների տիրոյթում լինել, կարծում եմ` կասկած լինել չի կարող: Մանաւանդ երբ խօսքը վերաբերում է երկրագնդի անխտիր բոլոր ժողովուրդների պատմամշակութային ու գիտակրթական արժէքների բացայայտման, անխաթար պահպանման եւ գալիք սերունդներին փոխանցման հրամայականին` ազգային, թէ համամարդկային կտրուածքով: Այն, ինչ պարտադիր պահանջում է նոյն այդ միջազգային կառոյցի կանոնադրութիւնը եւ որպէս գլխաւոր նպատակ ու խնդիր պարտաւոր է իրականացնել ԵՈՒՆԵՍՔՕ-ն:

Բայց, արդեօք, Ազրպէյճանն ա՞յն երկիրն է, որը թէկուզ չնչին բարոյական իրաւունք ունի յաւակնելու նման առաքելութեան` իր ներկայացուցչի միջոցով: Եւ, արդեօք, Փոլատ Պիւլպիւլօղլին համընդունելի ա՞յն դէմքն է, ով օժտուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի ղեկավարին ներկայացուող բարձր յատկանիշներին: Ընդ որում` երկու հարցն էլ փոխկապակցուած են, քանզի վերաբերում են անցած վերջին քառորդ դարում Ազրպէյճանի վարած մշակութային քաղաքականութեանն ու այդ քաղաքականութեան մէջ Պիւլպիւլօղլուի դերակատարութեանը, այն պետական գործչի, ով երկար տարիներ ղեկավարել, համակարգել է նոյն այդ ոլորտի գործունէութիւնը:

Հնչած հարցերին պատասխանելու համար փորձենք թէկուզ հպանցիկ յետադարձ հայեացք նետել անցած ժամանակաշրջանին եւ դիտարկել արձանագրուած համեմատաբար էական իրողութիւնները: Ընդ որում` մի կողմ թողնենք  տարածաշրջանի ժողովուրդների պատմութեան շարունակական  խեղաթիւրումներն Ազրպէյճանում եւ հարեւան երկրների` Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի մշակութային ժառանգութիւնը իւրացնելու բազմաթիւ փորձերը, դրանց արդիւնքում հրապարակ հանուած կեղծ պատմագիտական աշխատութիւնները եւ ուսումնական ձեռնարկները, որոնք յօրինուել են երկրի նախկին եւ ներկայիս իշխանութիւնների տիրական հրահանգով: Ուշադրութիւն սեւեռենք այն աղաղակող իրողութեանը, որ փաստուել է հայկական Նախիջեւանում, երբ, սկսած 1998 թուականից, ազրպէյճանական իշխանութիւնների, անձամբ նախագահ Հայտար Ալիեւի անմիջական հրահանգով, ոչնչացուել են Հին Ջուղայի միջնադարեան գերեզմանոցի խաչքարերը:  Եթէ դեռեւս 1987 թուականին պատմական Հայաստանի այդ երկրամասում առկայ էին 2700 հայկական վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր, ապա ներկայումս այդ տարածքում բառիս բուն իմաստով ոչինչ չի մնացել:  Ինչպէս յայտնի է, 1998-ին նոյն ԵՈՒՆԵՍՔՕ-ի անմիջական միջամտութեամբ Հին Ջուղայի գերեզմանոցի տարածքում անցկացուել է միջազգային դիտարկում, ինչը նպաստել է, որպէսզի դադարեցուի այդ բարբարոսութիւնը: Սակայն տարիներ անց` 2005թ., այս անգամ արդէն Հայտար հօրից իշխանութիւնը ժառանգած Իլհամ Ալիեւի օրօք, սկսուեց Ջուղայի գերեզմանատան նոր ու վերջնական ջարդը:  Առկայ են տեսաժապաւէններ, որոնցում արտացոլւում է, թէ ինչպէս են ազրպէյճանական զինուորները կռաններով, այսինքն`  խոշոր մուրճերով եւ պուլտոզերներով ջարդուփշուր անում, ապա Արաքս գետի մէջ թափում հրաշակերտ խաչքարերի բեկորները: Չնայած միջազգային մի շարք կազմակերպութիւնների, այդ թւում` առանձնապէս, Միաւորուած ազգերի կազմակերպութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի, Եւրոխորհրդարանի պահանջներին, այդ վայրագութիւնը մի օր անգամ չի դադարեցուել, իսկ Նախիջեւան ժամանելու եւ տեղում իրավիճակն ուսումնասիրելու այդ կառոյցների բոլոր ջանքերը կասեցուել են Պաքուի կողմից:

Յատկանշական է, որ այդ ողջ ժամանակահատուածում Ազրպէյճանի մշակոյթի նախարարն էր նոյն ինքը` Փոլատ Պիւլպիւլօղլին: Հետեւապէս, նրա` այդ հանրապետութեան մշակութային քաղաքականութեան առաջնորդի, համաձայնութեամբ ու կամքով է իրագործուել մշակութային այդ եղեռնը:  Բնականաբար, Պիւլպիւլօղլին ծպտուն իսկ չի հանել այն դադարեցնելու համար: Ի դէպ, արդէն որպէս Ռուսաստանում Ազրպէյճանի արտակարգ եւ լիազօր դեսպան, նա դարձեալ խոր լռութիւն էր պահպանում, երբ Ազրպէյճանում իրագործուած հայկական ջարդերի եւ Նախիջեւանի հայկական պատմամշակութային յուշարձանների ոչնչացման դէմ բարձրաձայնելու համար Պաքւում պետականօրէն ծաւալուեցին հալածանքները յայտնի ազրպէյճանական գրող, «Քարէ երազներ» վէպի հեղինակ Աքրամ Այլիսլու դէմ եւ քաղաքի հրապարակներում, ինչպէս նաեւ գրողի ծննդավայրում` Նախիջեւանի Ագուլիս գիւղում ամբոխը խարոյկների բոցերին էր մատնում  նրա գրքերը:

Արդեօք, Պիւլպիւլօղլին տեղեա՞կ չէր, թէ ինչպէ՛ս է գազազած ազրպէյճանական ամբոխը 1990-ի յունուարին կոտորում Պաքուի հայութեանը, կողոպտում ու հրկիզում 1903 թուականից այդտեղ կանգուն Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, ապա եւ` թէ ինչպէս երկու տասնամեակ անց,  հանրապետութեան իշխանութիւնների հրահանգմամբ ոչնչացուեցին քաղաքի Մոնտին թաղամասում գտնուող հայկական մեծ գերեզմանոցն իր բազմահազար յուշարձանային կոթողներով եւ կամ ինչպէս են աղուանացնում, այսինքն` ազրպէյճանականացնում հայկական վանքային համալիրներն ու եկեղեցիներն Ազրպէյճանի շրջաններում` Խաչմասում, Ղուպայում, Վարդաշէնում,  Իսմայիլլիում, Շամախիում, Ղազախում եւ այլ վայրերում:  Անշուշտ, քաջատեղեակ էր: Թէ որպէս մշակոյթի նախարար եւ թէ դեսպան պաշտօնավարելու ողջ ընթացքում: Ու լռում էր: Քանզի նաեւ անձամբ իր ղեկավարութեամբ ու հրահանգներով էին կատարւում հայկական պատմամշակութային յուշարձանների ոչնչացմանը կամ  իւրացմանն ուղղած  այդ ոճրագործ քայլերը: Արդեօք, առանց նրա գիտութեան ու մասնակցութեա՞ն են տասնամեակներ ի վեր ազրպէյճանակացւում այդ հանրապետութեան միւս բնիկ ժողովուրդների` լեզգիների, աւարների, թալիշների, ուդինների պատմական եւ մշակութային արժէքները: Ամենեւի՛ն:

Աւելի՛ն. անմիջականօրէն մասնակից լինելով  Ազրպէյճանի ղեկավարութեան հայատեաց քաղաքականութեանը` նա ինքն ամենայն կերպ խրախուսում ու քաջալերում էր եւ  է ազրպէյճանական բանակի ռազմական գործողութիւններն Արցախի եւ Հայաստանի դէմ, որպէս պատերազմի հրձիգ հանդէս գալիս ռազմատենչ յայտարարութիւններով: Տակաւին 2007թ., ապա եւ 2009-ին նա յայտարարել էր, թէ պատրաստ է զէնքը ձեռքին ներխուժել Ղարաբաղ: Իսկ 2016-ի  ապրիլին, երբ Ազրպէյճանը հերթական լայնածաւալ պատերազմն էր սանձազերծել Արցախի դէմ, եւ ներթափանցած ազրպէյճանական զինուորները հրէշաւոր ոճիրներ էին գործում` սպաննում երեխաներին, կանանց ու ծերերին, այլանդակում նրանց մարմինները, գլխատում հայ զինուորներին, դեսպան Պիւլպիւլօղլին ոչ միայն խօսք անգամ չասաց արիւնահեղութիւնը դադարեցնելու մասին, այլեւ, ընդհակառակը, հանդէս եկաւ հակամարտութիւնը միայն ռազմական ճանապարհով լուծելու մասին յայտարարութեամբ:

Եւ ահա նոյն այդ վայ-գործիչը յաւակնում է գրաւել ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնը: Բայց արդեօք դա ընդամէնը հաւանականութի՞ւն  է, այսինքն` երեւակայութեան արդի՞ւնք, թէ՞ իրական հնարաւորութիւն: Փորձենք պարզել: ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնի բազկաթոռի համար մրցակցութիւնը, ինչպէս վկայում են հայկական եւ այլ երկրների մի շարք լրատուամիջոցներ, ներկայ դրութեամբ գործում է ազրպէյճանական յաւակնութեան օգտին:  Յայտնի է, որ Պաքուն եւ Անգարան  վաղուց է, ինչ եռանդուն ջանքեր են գործադրում այդ ուղղութեամբ եւ, որոշ տեղեկութիւններով, արդէն ահագին աշխատանք են կատարել հարկ եղած թուով քուէների ապահովման համար:   Ընդ որում` այդ խնդրում նրանց աջակից է կազմակերպութեան ներկայիս ղեկավար Իրինա Պոքովան, ով վաղուց` այդ պաշտօնում իր ընտրուելուց ի վեր, համարւում  է Ազրպէյճանի առաջին տիկին, իսկ վերջերս նաեւ առաջին փոխնախագահ Մեհրիպան Ալիեւայի մտերիմ ընկերուհին: Մասնաւորապէս, պուլկարացի մեր գրչակիցների շնորհիւ, ովքեր լրագրողական հետաքննութիւն են անցկացրել այդ կապակցութեամբ, պարզուել է, որ այդ մտերմութիւնից, բառիս բուն իմաստով,  մազութի հոտ է փչում, ինչի արդիւնքում տիկին Պոքովան յանկարծակի հարստացել է: Պուլկարական bivol.bg ելեկտրոնային կայքը դեռեւս անցեալ տարուայ յունուարի 9-ին յօդուած էր հրապարակել «ԵՈՒՆԵՍՔՕ-ի պուլկարացի ղեկավարը Մանհաթեն թաղամասում տիրապետում է  աւելի քան երեք միլիոն տոլարի անշարժ գոյքի» վերնագրով: Անշարժ գոյքն այդ երեք բնակարան է, որոնք ձեւակերպուած են անձամբ Պոքովայի, իր ամուսնու եւ որդու անուններով: Նրա յաճախակի այցերը Պաքու եւ շռայլ դրուատանքները Ալիեւների ընտանիքի եւ, առանձնապէս, Մեհրիպան Ալիեւայի հասցէին, աւելի՛ն, ակնյայտ թուրքամէտ մօտեցումը տարածաշրջանի պատմամշակութային յուշարձաններին, անկասկած լաւագոյնս վկայում են, թէ ի՛նչ միջոցների հաշուին է ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնը  ձեռք բերել Նիւ Եորքի Մանհաթեն թաղամասի այդ անշարժ գոյքը: Ասում են նաեւ, որ մինչ վերջերս այդ պաշտօնում իրեն փոխարինողի դերում նա տեսնում էր հէնց Մեհրիպան Ալիեւային, ում իր իսկ նախաձեռնութեամբ է ժամանակին շնորհուել միջազգային այդ կառոյցի Բարի կամքի դեսպանի կոչումը: Սակայն վերջերս Պաքւում քաղաքական ծրագրերը,  ըստ երեւոյթին, անսպասելի փոխուել են. Ազրպէյճանի Առաջին տիկինն իր իսկ ամուսնու հրամանագրով նշանակուել է հանրապետութեան առաջին փոխնախագահ: Երեւի թէ պայմանաւորուած էր Իլհամ Ալիեւի փոքր-ինչ երերած դիրքերի ամրապնդման անհրաժեշտութեամբ, իսկ գուցէ եւ, չի բացառւում, Ազրպէյճանի քաղաքական դաշտում Մեհրիպան խանումի հայրական`  Փաշայեւների  գերդաստանի լիակատար իշխանութեան գալու հեռանկարով: Ուստի, անշուշտ, ոչ առանց համարժէք թէյավճարի,  փոխուել է նաեւ տիկին Իրինա Պոքովայի ծրագիրը, եւ Պաքուն ԵՈՒՆԵՍՔՕ-ի ղեկավարի բազկաթոռի յաւակնորդ է առաջադրել դեսպան Փոլատ Պիւլպիւլօղլու թեկնածութիւնը:

ԵՈՒՆԵՍՔՕ-ի նոր ղեկավարի անունը, գաղտնի քուէարկութեան արդիւնքում,  յայտնի կը դառնայ այս տարուայ նոյեմբերին: Թէ ներկայացուած 9 թեկնածուից ով կը յաղթի քուէարկութեան արդիւնքում, չշտապենք կանխագուշակել: Պարզապէս միջազգային հանրութեանը, առանձնապէս ՄԱԿ-ի այդ դուստր կառոյցի` Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան անդամ պետութիւններին մէկ անգամ էլ յիշեցնենք հայկական առածը` «Ոչխարի հօտը գայլին պահ մի՛ տուր»: Թէկուզ, իրօ՞ք  իմաստ ունի յիշեցնել այդ մասին: Երեւի թէ` ոչ: Քանզի, ինչպէս մէկ այլ հայկական առած է ասում` «Ասողին լսող է պէտք»:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար

 


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>