ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ
Հ.- Ճաֆեր Սարըքայայի «Լոխումը մնաց յիշատակ. իսլամաց(ու)ած հայերը սեւծովեան շրջանում եւ մի քաղցրաւենիքի յարատեւութեան պատմութիւնը» յօդուածի հիման վրայ (յօդուածի հայերէն թարգմանութիւնը տես` http://akunq.net/am/?p=53049) նրա հետ զրուցեցինք Ունիէի, հայերի, որբ օրիորդների եւ այն ամէնի մասին, որը յիշատակ է մնացել նրանցից:
Պ.- Մարդու համար ցաւալի է, երբ ոեւէ «հայրենակից» չի ունենում: Ճիշդ այնպիսի զգացողութիւն է, ինչպէս ասենք` եղբայր չունենալը: Աւելի՛ն. անհնար է այս դատարկութեան զգացումը բացատրել նրան, ով եղբայր կամ հայրենակից ունի: Մարդ կարօտում է անգամ այն ամէնին, ինչը չի էլ փորձել, երբեմն զգում է դրանց կարիքը:
Երբ առաջին անգամ կարդացի Ճաֆեր Սարըքայայի «լոխումը մնաց յիշատակ. իսլամաց(ու)ած հայերը սեւծովեան շրջանում եւ մի քաղցրաւենիքի յարատեւութեան պատմութիւնը» զեկոյցը, յիշեցի «անհայրենակից» լինելու զգացողութեան մասին, որովհետեւ Սարըքայան իր հետազօտութեան մէջ անդրադառնում էր Ունիէին` Ցեղասպանութիւնից յետոյ մեծ գերդաստանից փրկուած եւ որբացած միակ անձի` մօրս տատիկի հայրենիքին: Տատիկս, ում ընտանիքին կոտորել էին նրա աչքի առաջ, եւ մենք երբեք Ունիէ չենք գնացել. մեր հայրենիքի հետ ծանօթացել ենք լոկ տատիկիս մանկութեան «յուշերի» եւ «Ունիէի կաղինի» միջոցով, որ անգամ այսօր չգիտենք, թէ ով էր ուղարկում:
Երբ Ճաֆեր Սարըքայան Երեւան գալուց առաջ ինձ «ունիէցի Ճաֆեր» խորագրով ելեկտրոնային նամակ ուղարկեց, հասկացայ, որ «տեսականօրէն համերկրացի» ենք: Այսպիսով, Ճաֆերի հետ, ում կարողացայ ճանաչել` որպէս իմ առաջին համերկրացի, առիթ ունեցանք խօսել Ունիէի, հայերի, որբացած օրիորդների եւ նրանցից մնացած յիշատակի մասին:
Հ.- Ե՞րբ եւ ինչպէ՞ս սկսեցիք հետաքրքրուել Ունիէի հայերի թեմայով:
Պ.- Ունիէի մեր տունը գտնւում էր նախկին յունական թաղամասում: Երբ դեռ երեխայ էի, մեր տան մօտակայքում գտնուող յունական եկեղեցու մոտով անցնելիս ամէն անգամ մտքումս հարց էր առաջանում, թէ այս եկեղեցին ինչո՞ւ է այստեղ եւ ինչո՞ւ չի ծառայում իր նպատակին: Երբ այդ մասին հարցնում էի տատիկիս, պատասխանում էր, թէ նախկինում Ունիէում յոյներ եւ հայեր էին ապրում, սակայն այժմ չկան: Նախկինում այստեղ ապրող յոյներն ու հայերն ինչո՞ւ չկան: Ահա այս հետաքրքրութիւնն էլ նման ուսումնասիրութեան պատճառ հանդիսացաւ: Ուսանողութեանս ընթացքում, երբ իմացայ, որ հօրս մայրը 19-րդ դարում Կովկասից գաղթած չերքեզներից է, ովքեր հաստատուել են Չարշամպայում, մօրս մայրը Ունիէ եկած վրացիներից է, իսկ թուրք պապիկիս երկրորդ կինը Մարի անունով հայ էր, ով 1915 թ. ամուսնանալուց յետոյ Զելիհայ էր դառնալու, սկսեցի լուրջ հետաքրքրուել այս թեմայով:
Հ.- Թէեւ Մարիի հետ արիւնակցական կապ չունես, սակայն երբ իմացար, ի՞նչ արեցիր:
Պ.- Շատ զարմացայ: Ասացի` ինչո՞ւ աւելի շուտ չէք ասել: Մեր մեծերը կարծելով, թէ տխրել եմ, պատասխանեցին. «Ա՜յ մարդ, նման հարսներ էստեղ շատ կան, համ էլ մայրական կողմը կարեւոր չէ»: Սկսեցի ուսումնասիրել եւ հասկացայ, որ նախքան 1924 թ. բնակչութեան փոխանակութիւնը, ինչպէս եւ ողջ Սեւ ծովի ափը, այնպէս էլ Ունիէն եղել է յոյներով եւ հայերով հոծ բնակեցուած բնակավայրերից մէկը: Մեծմասամբ աւանի գիւղական բնակավայրերում ապրող հայերը զբաղւում էին ջուլհակութեամբ, կաշեգործութեամբ, կօշկակարութեամբ եւ առեւտրով:
Հ.- Այժմ Ունիէում հայերից մնացած ի՞նչ կայ: Պահպանւո՞ւմ է:
Պ.- (Գրպանից լուսանկար է հանում): 1954 թ. Ունիէի յունական եւ հայկական թաղամասերը: Յոյների եւ հայերի տները, որոնք 1954 թ. դեռեւս օգտագործւում էին բնակութեան նպատակով, ամբողջութեամբ քանդեցին Սեւ ծովի մայրուղու շինարարութեան ժամանակ: Այս տունը պապիկս, նախքան բնակչութեան փոխանակումը, գնել է մի յոյն ձկնորսից, ով ընտանիքի հետ միասին հեռացել է քաղաքից: 1950-ական թթ. մի ամառ այս յոյն ձկնորսի երեխաները եկել են Ունիէ եւ ցանկացել տեսնել տունը, սակայն քանի որ կաղին հաւաքելու ժամանակն է եղել, տանը ոչ ոք չի եղել, հարեւաններից հարցրել են, թէ որտե՛ղ են տան տէրերն ու հեռացել:
Ահա այս լուսանկարն էլ 1955 թ. է արուել: Լուսանկարի վերեւի ձախ անկիւնում կարելի է տեսնել միջնակարգ դպրոցը, որը կառուցել են աւերուած յունական եկեղեցու եւ մերձակայքի յունական գերեզմանոցի վրայ: Նոյն ձեւով 1936 թ. Օրտուի նահանգապետ Պեքիր Սամի Պարանը եկեղեցին քանդելու որոշում է կայացրել, թէեւ Օրտուում հայ համայնք եւ քահանայ է եղել: Սակայն քանի որ եկեղեցին ամուր է կառուցուած եղել, ամբողջութեամբ չի քանդուել: 1990-1993 թթ. միջնակարգ կրթութիւնս այս դպրոցում եմ աւարտել: Չգիտէի, որ դպրոցը կառուցուել է յունական եկեղեցու եւ գերեզմանոցի վրայ, երբ աւելի ուշ իմացայ, շատ զարմացայ: Նախկինում նոյն դպրոցում սովորողները պատմում էին, որ դպրոցի պատերին ոսկորների կտորներ են տեսել:
Այսօր Ունիէում հայերից եւ յոյներից մնացել է մի քանի տուն եւ եկեղեցի: Տեղահանութիւնից յետոյ երեք հայ ընտանիք է եկել, սակայն որոշ ժամանակ անց նրանք էլ են լքել Ունիէն: Այս ընտանիքներից դերձակ վարպետ Մաքսուտի չորս որդիներից միայն Մինաս Ահպափն է ողջ, Պոլսում է ապրում: Ունիէում դերձակութեամբ զբաղուող միւս հայ ընտանիքի` Լեւոն Պայկընի երկու որդին ու աղջիկն էլ Քանատայում են բնակւում: Հանրապետական շրջանում Ունիէում բնակուող միւս հայ ընտանիքի անդամներից թիթեղագործ Մկրտիչ Կիւլեզեանի որդիներից ոչ մէկը կենդանի չէ, իսկ թոռները բնակւում են Ամերիկայի եւ Եւրոպայի տարբեր քաղաքներում: Վարպետ Մկրտիչի թոռներից Պերճ եւ Արետ Կիւլեզեան եղբայրները դեռեւս ապրում են Ունիէում: Ահպափ եւ Կիւլեզեան ընտանիքների կենդանի ամենատարեց անդամների հետ հարցազրոյց անցկացնելուց որոշ ժամանակ յետոյ երկուսն էլ մահացել են: Իսկ Պայկըն ընտանիքից ոեւէ մէկի հետ այդպէս էլ չկարողացայ զրուցել: Ունիէում բնակուող այս երեք հայ ընտանիքը տարբեր հասարակական եւ քաղաքական պատճառներով հեռացել է քաղաքից:
Հ.- Հայաստան առաջին անգամ ե՞րբ ես եկել: Այստեղ ուսումնասիրութեանդ պիտանի որեւէ բան կարողացա՞ր գտնել:
Պ.- Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2015 թ. մայիսին, «Հրանդ Տինք հիմնադրամ»-ի Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում: Ուսումնասիրութիւններ եմ կատարել Հայաստանի Ազգային գրադարանում եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանում: Թէեւ քիչ, սակայն գտել եմ պիտանի նիւթեր: Այնուհետեւ շատ եմ Հայաստան եկել` ուսումնասիրութիւնների կամ էլ միջազգային գիտաժողովների մասնակցելու համար:
Հ.- Ամենարժէքաւոր աղբիւրը բանաւոր պատմութիւննե՞րն են:
Պ.- Այո՛, բանաւոր պատմութիւններն իմ ուսումնասիրութեան համար շատ կարեւոր են, յատկապէս` որբերի թեմայի համար: 1915 թ. փոքր երեխաներին, որոնք տեղահանութեան պայմաններին չէին կարող դիմանալ, ծնողները գաղտնի կերպով յանձնել են որոշ ընտանիքների կամ իրենց հարեւաններին, որպէսզի յետոյ գան եւ տանեն…
Հ.- Ո՞րն է զեկոյցի բնագրում «ցեղասպանութիւն» եզրը չօգտագործելու պատճառը. այն, որ կարծում ես` ցեղասպանութիւն չէ՞, թէ՞ այլ զգացողութիւններով կամ զգուշաւորութեամբ է պայմանաւորուած:
Պ.- Իմ նպատակն է ներկայացնել, թէ դէպքերը մարդկային տեսանկիւնից որքա՛ն մեծ աղէտ են: Ուզում եմ պատմել եղածն ու որոշումն ընթերցողին թողել: Ասում եմ` ահա կատարուածը` շատ վատ, անտանելի: Քիչ առաջ նշածս երեխաները, որոնց հետ գալու եւ վերցնելու պայմանով թողել էին մուսուլման ընտանիքներում, այդպէս էլ չվերադարձան իրենց ընտանիք, մեծացան որպէս թուրք: Ունիէում թէ՛ իմ ընտանիքում, թէ՛ ինձ ծանօթ այլ ընտանիքներում այսպէս մեծացած շատ երեխաներ կան:
Նրանց պատմութիւններից մէկի համաձայն, տեղահանութիւնից տարիներ անց Ունիէ վերադարձած մի հայ կին գտնում է 5 տարեկանում այդտեղ թողած իր աղջկան` Արփիին, նրա հետ հայերէն խօսում եւ ցանկանում Ֆրանսա տանել, սակայն Արփին, ով ամուսնացել էր մուսուլմանի հետ ու երեխաներ ունէր, չի ցանկանում հեռանալ Ունիէից: Արցունքներն աչքերին` մայրն աղջկան ու թոռներին համբուրում եւ հրաժեշտ է տալիս Ունիէին ու նախկին հարեւաններին: Երեք ամիս անց Փարիզից եկած նամակից իմանում են, որ տարեց կինը մահացել է` աղջկայ ու Ունիէի անունը շուրթերին…
Երբ դեռ ուսանող էի, աւագ քոյրս ասաց, թէ դու պատմութիւն ես ուսումնասիրում, ու այս հարցի ուղն ու ծուծը գիտես (նկատի ունէր 1915 թ.), պատմի՛ր, տեսնենք` ի՛նչ է եղել: Նրան պատմեցի որոշ պատմութիւններ, որոնց մասին գիտէի, չդիմացաւ, ասաց` «բաւակա՛ն է, այլեւս մի՛ պատմի՛ր»…
Հ.- Որպէսզի կատարուածն իրենց անուններով չկոչես, պէտք է աւելի շատ անձանց հետ խօսես: Այս ճանապարհն ընտրել ես, որովհետեւ թեման քեզ վրայ շա՞տ է ազդել: Առաջին իսկ պահից զգացե՞լ ես այս ցաւը:
Պ.- Բնականաբար զգացել եմ, այնտեղ, որտեղ ապրում էի, հայեր են եղել, իսկ հիմա չկան: Ձեր շուրջը բազմաթիւ մարդիկ կան, որոնց տատիկները հայ են, սակայն թաքցնում են. անհնար է, որ չզգաք: Սակայն ուսումնասիրելիս հասկանում ես, որ այն, ինչ մասին կարծում էիր, թէ գիտես, գաղափար անգամ չունես դրա վերաբերեալ: Երբ սկսեցի այս թեմայով զբաղուել, կարծում էի, թէ 5 տարեկան հասակում թողնուած երեխաները ոչինչ չէին կարող յիշել: Այսինքն այդ նախադասութիւնները գրելիս շատ աւելի հանգիստ էի: Երբ քոյրս երեխայ ունեցաւ, նրա եւ երեխայի կապը աչքիս առաջ զարգացաւ: Երբ երեխան դեռ 6-7 ամսական էր, չէր կարողանում դիմանալ մօր բացակայութեանը: Որտեղ քոյրս էր, այնտեղ էլ երեխան էր, անգամ տան մէջ: Անգամ երբ պէտքարան էր գնում, դուռը բաց էր թողնում, որ երեխան տեսնի իրեն: Մի օր, երբ ականատես եղայ դրան, միտքս «այդ 5 տարեկան երեխաները» եկան: Այն երեխաները, որոնք ստիպուած էին բաժանուել իրենց մայրերից, եւ որոնց մասին մտածելիս կարծում էի, թէ չէին կարող յիշել… Ահա հէնց այդ պահին շատ ուժգին զգացի այդ ցաւը: Հարցի նկատմամբ մօտեցումս ամբողջովին փոխուեց:
Հ.- Ի՞նչ պատահեց Ունիէի որբացած օրիորդների հետ:
Պ.- Մուսուլման ընտանիքների տիրութիւն արած կամ էլ թաքցրած հայ կանայք ու երեխաների մեծ մասը շարունակեց այդպէս ապրել եւ այդպէս էլ մահացաւ:
Հ.- Որպէս մուսուլմա՞ն:
Պ.- Այդ հարցը յստակ չէ: Երբ խօսում էք ողջ մնացածների հետ, նոյն մարդու մասին ասում են` «մեզանից աւելի մուսուլման էր, ճշմարիտ մուսուլման էր», լինում են նաեւ անձինք, ովքեր ասում են` «գնում էր իր սենեակ ու գաղտնի իր աղօթքն անում»: Աւելի ցաւալի է այն, որ հետագայում այս կանանց առաջին ամուսինները կամ էլ ընտանիքները գտել են նրանց եւ ցանկացել տանել: Գնացողներ եղել են, սակայն եղել են նաեւ դէպքեր, երբ մուսուլմանների հետ ամուսնացած հայ կանայք, որոնց թէեւ նախկին ամուսիններն ընդունել են, սակայն իրենք չեն վերադարձել: Չեմ կարող ասել` ամօթի՞ց, թէ՞ այլ պատճառներից ելնելով: Այսօր Թուրքիայում իսլամացուած հայ երեխաների զաւակներն ու թոռները մեծմասամբ չեն ցանկանում խօսել իրենց մօր կամ տատի մասին. միայն շատ քչերն են որոշ յուշեր պատմում:
Հ.- Ի՞նչ ես կարծում, այս դէպքերը, որոնց դու որպէս հետազօտող ես մօտենում, սակայն արտայայտում են հայերի անձնական պատմութիւնները, ինչպիսի՞ ազդեցութիւն են թողում նրանց վրայ:
Պ.- Ընկերներիցս մէկի հետ Լիբանանում 2011 թ. դեկտեմբերին Պիպլոսից (Ժիպէյլ, Ա.) Պէյրութ վերադառնալու համար մայրուղուց օթոպիւս նստեցինք: Ընկերոջս հետ ցանկացանք լուսանկարուել: Լուսանկարուելուց հետ զրոյցի բռնուեցինք կանանց հետ, ովքեր յետեւից թուրքերէն հարցրեցին` «լուսանկարում մե՞նք էլ ենք երեւում»: Հայ կանայք օթոպիւսից իջնելիս հրաւիրեցին իրենց տուն` սուրճ խմելու: Նրանք 1915 թ. մեծամասամբ Ատանայից, Մարաշից, Այնթապից եւ Եդեսիայից հարկադրաբար հեռացածների թոռներն էին: Նրանց պապերն ու տատերը շարունակում էին Պէյրութում թուրքերէն խօսել, թուրքերէն սերիալներ դիտել: Սակայն երբ հարցնում էի, թէ «երբեւէ Թուրքիա եկե՞լ էք», «ուզո՞ւմ էք գալ», պատասխանում էին «ո՛չ»:
Անկասկած, որոշ բաներ այդքան հեշտ չեն մոռացւում, հնարաւոր չէ մոռանալ: Պոլսում հարցազրոյց վերցրածս անձանցից Պերճուհին, ով ծագումով Սվասից (Սեբաստիա, Ա.) է, երբ քոյրը` Մարգարիտը, ամուսնացել է Վահանի հետ, տեղափոխուել են Ունիէ, վարժարանն այնտեղ է աւարտել: Պերճուհի Թեմիրը պատմում էր, որ կրթութիւն ստանալու նպատակով ստիպուած տեղափոխուել էր Ունիէ, այդ քաղաքում խիստ դժուարին ժամանակներ է անցկացրել, շատ դժբախտ է եղել այդ քաղաքում, քանի որ իրեն յաճախ «կեաւուր» էին անուանում:
Հանրապետական շրջանում Ունիէում ապրած 3 հայ ընտանիքներից մէկի անդամի` Արթին Նուպար Կիւզելեանի հետ, ով 2010 թ. 82 տարեկան հասակում մահացաւ, հանդիպելու հնարաւորութիւն եմ ունեցել 2008 թ. Պոլսի Քուրթուլուշ թաղամասում գտնուող իր տանը: Կիւզելեանն այն ժամանակ ինձ պատմեց, որ սովորել է Ունիէի Անաֆարթա նախակրթարանում, բարձր առաջադիմութիւն է ցուցաբերել, սակայն հայ լինելու պատճառով արհամարհուել է իր համադասարանցիների կողմից: Այլեւս չկարողանալով դիմանալ այն դէպքերին, երբ ընկերներն իր յետեւից քար նետելով` հայհոյում էին իրեն` հայ լինելու պատճառով, ընտանիքի որոշմամբ կրթութիւնն աւարտելու համար հեռացել է ծնողներից, գնացել Պոլիս ու այլեւս Ունիէ չի վերադարձել: Երբ նրան ասացի, որ երեխաներն իրենց ընկերներին ծաղրելու համար միշտ որեւէ պատճառ են փնտռում, եւ որ ես նոյնպէս այդ նոյն դպրոցում եմ ուսանել, ու իմ ընկերներն ինձ էլ են յաճախ ծաղրել` կակազելուս պատճառով, Արթին Նուպար Կիւզելեանը պատասխանեց, թէ կակազելը հայ լինելու չափ վատ բան չէ: Այս պատասխանը ինձ շատ էր յուզել:
Հ.- Շարունակելո՞ւ էք ուսումնասիրել այս թեման:
Պ.- Ներկայում դեռեւս Սեւ ծովի հայերի` աւելի յստակ Թուրքիայի եւ արտերկրի օսմանեան/թուրքիացի հայերի վերաբերեալ ուսումնասիրութիւններ եմ կատարում: Յատկապէս հայրենիքիս` Ունիէի վերաբերեալ: Այժմ գնում եմ նախքան 1915 թ. ու դրանից յետոյ սփիւռքով մէկ ցրուած Ունիէի սեւծովեան հայերի հետքերով: Ցայսօր արտերկրում ուսումնասիրութիւններ եմ կատարել` Լիբանանում, Իսրայէլում, Պաղեստինում, Իրաքի Քրտստանում, Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսայում եւ Անգլիայում: Բնականաբար գործս դժուարացնում է այն, որ ցանկանում եմ մասնաւորապէս Ունիէի վերաբերեալ ուսումնասիրութիւն անել: Մի գուցէ սփիւռքում Պաֆրայի, Սամսոնի, Չարշամպայի, Թերմէի, Ունիէի, Ֆաթսայի, Փերշեմպէի եւ Օրտուի հայերը իրար գտած եւ բարեկամական յարաբերութիւններ հաստատած լինեն: «Ակօս»-ի միջոցով յայտնում եմ, որ շատ ուրախ կը լինեմ, եթէ ոեւէ մէկը ցանկանայ Ունիէում ապրած հայերի վերաբերեալ որեւէ տեղեկութիւն հաղորդել: Ցանկացողները կարող են կապուել ինձ հետ` cafer.sarikaya@gmail.com ելեկտրոնային հասցէով:
Հ.- Ո՞վ է Ճաֆեր Սարըքաեան:
Պ.- Ճաֆեր Սարըքայան պսակաւոր արուեստից աստիճանը ստացել է 2005 թ. Ետիթեփէ համալսարանի քաղաքագիտութեան, միջազգային յարաբերութիւնների եւ պատմութեան բաժանմունքում: Մագիստրոսի աստիճանը ստացել է 2010 թ. Պողազիչիի համալսարանի պատմութեան բաժանմունքում: Մագիստրոսական աշխատանքի թեման եղել է «1893 թ. Շիքակոյի միջազգային փառատօնում օսմանեան թատրոնը»: Նոյն բաժանմունքում շարունակում է դոկտորական ուսումնասիրութիւն գրել: «Քրտական պատմութիւն» ամսագրի հրատարակչական խորհրդի անդամ է:
Հ.- Ունիէի լոխումը:
Պ.- Ալիւրով, շաքարով, ձուով, ըստ ցանկութեան` մածունով, թթուասերով կամ էլ կաթով պատրաստուող այս թխուածքաբլիթը, որը Ունիէում ապրող հայերը Զատկի տօնին էին պատրաստում, այսօր յայտնի է որպէս Ունիէի լոխում կամ էլ «պայրամի լոխում» անունով: Հիւրասիրում են յատկապէս Ռամատանի կամ էլ Ղուրպան պայրամի տօնին: Այս թխուածքը մեր օրեր է հասել այն հայ կանանց շնորհիւ, ովքեր 1915 թ. ողջ մնալու եւ տնից-տեղից չհեռանալու համար իսլամացան կամ էլ իսլամացուեցին: Մի ժամանակ Զատկի տօնի համար հայերի պատրաստած լոխումները դեռեւս շարունակում են մնալ որպէս Ունիէի խոհանոցի եւ մշակոյթի մի մասնիկ: Թէեւ իսլամաց(ու)ած կանայք իրենց երեխաներից եւ թոռներից թաքցրել են իրենց ինքնութիւնը, սակայն իրենց աւանդոյթն իրար մէջ, լուռ շարունակել են պահպանել, փորձել են չմոռանալ իրենց սրբազան տօները: Նախկինում միայն տօներին թաղամասի փռերում թխուող այս լոխումներն այսօր թխում են Ունիէի հրուշակեղէնի խանութներում ու փռերում: Այն վայելում է Ունիէի այցելուների հետաքրքրութիւնը ու կարեւորութիւն է ներկայացնում զբօսաշրջութեան եւ առեւտրի տեսանկիւնից:
Լոխումի խոհագիրը պատրաստեց Կիւզին Սարըքայան:
http://www.agos.com.tr/tr/yazi/16863/ermeni-kizlarin-unyeye-mirasi-unye-lokumu
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»