Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17125

«Հայաստանը Պէտք Չէ Յոյսը Դնի ՌԴ-ի Վրայ, Պէտք Է Հզօր Կրակ Բացի, Քանի Որ Թուրքիան Օգտւում Է Իրավիճակից». «168.ԱՄ-ի Զրոյցը Արցախեան Պատերազմի Հերոս, Զօրավար Նորատ Տէր Գրիգորեանցի Հետ

$
0
0

Norad_122215

«168.ԱՄ.».-ը զրուցել է 1992-1995թթ. Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր սպայակոյտի պետ, 1993թ. պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար, արցախեան պատերազմի հերոս, զօրավար Նորատ Տէր Գրիգորեանցի հետ:

«168.ԱՄ.».- Պարո՛ն զօրավար, ազրպէյճանական կողմը ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գծում հրասայլեր է օգտագործել` իրավիճակի լարուածութիւնը հակամարտ գօտում բարձրացնելով եւս մէկ մակարդակի: Ինչի՞ ցուցիչ է սա, եւ ինչպիսի՞ պատասխան պէտք է տան նման արկածախնդրութեանը հայկական զինուած ուժերը:

ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ես նոր եմ ժամանել Ռուսաստան եւ վերջին շրջանում մանրամասնութեամբ չեմ հասցրել հետեւել իրադարձութիւնների զարգացմանը: Աւելի ուշ այս հարցերի շուրջ մանրամասն կը խօսեմ: Մինչ դա իմ դիրքորոշումը չի փոխուել` այն մարդիկ, ովքեր մասնակցում են հայրենիքի պաշտպանութեանը, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգութեան համար, պէտք է անյապաղ կերպով պատասխան կրակ բացեն եւ լռեցնեն այդ սադրանքը եւ իրենց հրամանատարին այդ մասին զեկուցեն: Այսքա՛ն բան: Պէտք չէ թոյլ տալ, որպէսզի հակառակորդը մտածի թուլութեան մասին հայկական կողմից, եւ, որպէսզի դրա զգացումն ազրպէյճանական կողմը չունենայ, անյապաղ պէտք է հզօր կրակ բացել 10, 100 անգամ աւելի, քան նրանք: Պէտք չէ սպասել Սարգսեանի կամ Փութինի որոշմանը, պէտք է կրակ բացել տեղում` ի պատասխան: Ազրպէյճանական կողմը պէտք է մտածի, որ հայերի կողմ կրակելը վտանգաւոր է: Չէ՞ որ Սերժ Սարգսեանը հանդէս եկաւ ՄԱԿ-ի վեհաժողովում, ասաց, որ, եթէ ազրպէյճանական կողմը շարունակի իր արկածախնդրութիւնը, քաղաքական եւ ռազմական միջոցներ կը ձեռնարկի: Ուրեմն պէտք է ձեռնարկել, պէտք է կատարել սեփական խոստումները: Պէտք է պահել խոստումները, ճիշդ չե՞մ:

Մենք` զինուորականներս, ունենք պատասխանատուութիւն, հրաման` ապահովել անվտանգութիւն, իւրաքանչիւրի առջեւ իր փաթեթն է դրուած, եւ իւրաքանչիւրն իր գլխով է պատասխան տալիս: Ֆաշիստական Գերմանիան յարձակուեց Խորհրդային Միութեան վրայ, եւ սպասում էին, թէ երբ է լինելու հրաման զօրակառքի գործողութիւն սկսելու եւ պատասխան տալու համար, ինչո՞ւ, ո՞ւմ էին սպասում, պէտք էր պատասխանէին կրակով: Իսկ մերոնք այնքան սպասեցին, որ նրանք հասան մինչեւ Մոսկուա: Գորբաչովը չէր ղեկավարում երկիրը, բոլորը սպասում էին Խորհրդային միութեան համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէի հրամանին, սպասում էին, սպասում, իսկ Գորբաչովը ոչինչ չէր ասում: Կրկին ուշացան, փլուզուեց Խորհրդային միութիւնը: Չի կարելի սպասել: Պէտք է ի պատասխան հզօր կրակ բացել` հեռացնելով սպառազինութիւնն այլ դիրքերից, որպէսզի դրանք ի պատասխան ազրպէյճանական կրակի թիրախում չյայտնուեն: Նրանք դա գիտեն ամենայն հաւանականութեամբ, եւ անում են: Բայց պէտք է աւելի համարձակ գործել` կանխելով սադրանքները: Զինուորականները գիտեն` ինչպէս դա անել, ուրեմն թող անեն:

«168.ԱՄ».- Ինչո՞ւ է, ըստ ձեզ, հրասայլ են օգտագործել:

Ն. Տ. Գ.- Այս սպառազինութիւնն օգտագործւում է թոյլ կէտերը բացայայտելու նպատակով, որ տեսնեն, թէ որ հատուածում կայ անցք, եւ աշխատեն այդ ուղղութեամբ: Սահմանին եւ շփման գծում կան ռատիօ տեղակայման կայաններ, հետախուզութիւն, որոնք պէտք է պատասխանատու լինեն` որտեղ են շարժւում հրասայլերը, որտեղ կանգ առան, որտեղից է կրակը, եւ անմիջապէս խոցեն: Եթէ մի հատուածում թոյլ պատասխան լինի կամ չլինի, միանգամից կը սկսուի յարձակում: Իսկ հիմա թուրքերը հեշտութեամբ դա կ՛անե՛ն, քանի որ հիմա նրանք մտել են Իրաք, մի քանի օր առաջ Գլխաւոր սպայակոյտի պետը ժամանեց Ազրպէյճան, Տաւութօղլուն ելոյթ ունեցաւ եւ ասաց, որ պէտք է ազատագրեն Ղարաբաղը, քանի որ նրանք մտածում են, թէ Ղարաբաղն իրենցն է: Իսկ գիտէ՞ք, թէ ինչո՛ւ, քանի որ մեր նախագահը, Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը, խորհրդարանը չեն ճանաչում Ղարաբաղի անկախութիւնը, իսկ ստացւում է, որ Հայաստանը բռնագրաւել է Ղարաբաղը, եթէ չի ճանաչում անկախութիւնը: Մենք Ղարաբաղն ազատագրեցինք որպէս հայկական հին հող, բայց աշխարհը մտածում է, որ մենք գրաւել ենք, բայց չէ՞ որ դա հայկական հող է:

1921թ. յուլիսի 5-ին անդրկովկասեան պոլշեւիկեան պիւրոն վերցրեց Խորհրդային Հայաստանից Ղարաբաղը եւ փոխանցեց Ազրպէյճանին, որը գտնւում էր Խորհրդային Միութեան կազմում 70 տարի: Դրանից յետոյ, գորբաչովեան օրէնքի երրորդ կէտի համաձայն,  եթէ պետութիւնը դուրս է գալիս Խորհրդային Միութեան կազմից, ինքնավար միաւորները պէտք է կա՛մ մնան պետութեան կազմում, կա՛մ ԽՍՀՄ կազմում, կա՛մ հանրաքուէ անցկացնեն եւ հեռանան: Ղարաբաղն անցկացրեց հանրաքուէ եւ հեռացաւ: Իսկ Ազրպէյճանն ասում է, որ դուրս է եկել Խորհրդային միութեան կազմից, իրաւունք չունեն, ու սկսեց պատերազմ: Ո՞վ է այստեղ նախայարձակը: Տեսէք Խրիմի օրինակը: Փութինը խելացի վարուեց, կազմակերպուեց հանրաքուէ, Խրիմը դուրս եկաւ Ուքրանիայի կազմից, եւ Փութինը ճանաչեց:

Ղարաբաղն անցկացրեց հանրաքուէն, իսկ Տէր Պետրոսեանը, Սարգսեանը չճանաչեցին, եւ սկսուեց պատերազմը: Իսկ ինչու՞ չեն ճանաչում: Ցանկանում են, որ ինչ-որ երկրներ ճանաչեն, բայց իրենք չեն ճանաչում պետութեանը: Պէտք է քննարկեն նաեւ Լենինի եւ Աթաթուրքի միջեւ Կարսի համաձայնագիրը եւ այն միակողմանիօրէն չեղեալ համարեն:

Ինչո՞ւ չեն անում, չեմ հասկանում: Ինչո՞ւ է Ալիեւի հետ բանակցութիւնների մասնակցում մեր նախագահը, ինչո՞ւ, ինչո՞ւ է արդարանում, որովհետեւ ազատագրե՞լ ենք մեր երկիրը: Ինչո՞ւ բանակցել այդ նախայարձակի եւ ցեղասպանողի հետ: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Նա գնել է ողջ ԵԱՀԿ-ն, եւ բոլորը մտածում են, թէ մենք շրջաններ ենք բռնագրաւել, այնինչ մենք մեր հողերն ենք ազատագրել: Սա շատ ուժեղ եւ բարդ քաղաքական երեւոյթ է: Ղարաբաղեան հակամարտութիւնը փոխկապակցուածութիւն եւ փոխպայմանաւորուածութիւն է: Սա միայն այն չէ, որ ազրպէյճանական կողմը կրակեց, եւ մենք մտածենք` ինչպէս պատասխանել, ամենեւի՛ն ոչ: Սա հզօր քաղաքականութիւն է:

Ես պետականութեան տեսանկիւնից եմ դիտարկում այս հարցը: Իսկ հիմա նրանք կրակ են բացում, մենք` կրակ, իսկ վաղը կ՛անցնե՛ն յարձակման` ազատելու իրենց տարածքը, իրենց, քանի որ նրանք սկսում են ապացուցել, որ Ղարաբաղն իրենցն է, քանի որ պարոն նախագահն ու խորհրդարանը չեն ճանաչում ազատագրուած եւ անկախ պետութիւնն Արցախ անունով: Ազրպէյճանը նոյնպիսի իսլամական պետութիւն է, ինչպիսին Թուրքիան է, որն աջակցում է Իսլամական պետութեանը Սիրիայի դէմ, իսկ Ազրպէյճանը նոյնն անում է Հայաստանի եւ Ղարաբաղի դէմ:

«168.ԱՄ.».- Այսինքն վստահ էք, որ Թուրքիան այսօր աջակցում է Ազրպէյճանին, իրենց պնդմամբ` բռնագրաւած տարածքները վերադարձնելու հարցում:

Ն. Տ. Գ.- Ի հարկէ: Բոլոր ազրպէյճանական հրամանատարները, խորհրդատուները թուրքական կողմից են, թուրքական խորհրդատուներ ունեն, նրանք Թուրքիայի հրամաններն են կատարում: Ինչո՞ւ Թուրքիայի Գլխաւոր սպայակոյտի պետը մեկնեց Ազրպէյճան: Յստակեցնում էր ռազմական գործողութիւնների ծրագրերը, որովհետեւ Ռուսաստանը զբաղուած է Սիրիայում, Ռուսաստանը զբաղուած է Ուքրանիայում, մտածում են` Ռուսաստանը չի օգնի հայերին, ուստի կարող են այստեղ սադրանք կազմակերպել, որպէսզի Ռուսաստանը նուազեցնի իր գործողութիւնները Սիրիայում եւ Ուքրանիայում: Դրա համար հայերը պէտք չէ յոյսը դնեն Ռուսաստանի կամ այլ երկրի վրայ, ունեն հրասայլեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, բանակ, ուժ, կամք, պաշտպանութիւն, եւ ուրեմն պէտք է պատասխանեն: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն գործում: Հայկական կողմը պէտք է վճռական որոշումներ կայացնի: Ներկայումս կան բոլոր նախապայմանները դա անելու համար:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17125

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>