ՖԷՈՏՈՐ ԼՈՒՔԵԱՆՈՎ
«Ս. Վ. Օ. Փ» (Արտաքին եւ պաշտպանութեան
քաղաքականութիւններու խորհուրդ)
Անցած ամրանը չինական դրամագլուխի շուկայում տեղի ունեցած ճգնաժամը բանավէճեր յարուցեց այն մասին, թէ արդեօք սպառել են Չինաստան ժողովրդային Հանրապետութեան աճի միջոցները, որոնք ժամանակին ապահովուել էին Տենկ Զիաօ Փինկի Բարեգործումներով:
Իսկ սրացող կառուցուածքային անհաւասարակշռութիւնը վերջին ժամանակների մրցակցային առաւելութիւնները վերածում է աճի խոչընդոտների եւ կայունութեան սպառնալիքի:
Վերջին տարիներին գալիք աշխարհակարգի մասին դատողութիւնների մեծամասնութիւնը բխում էր այն բանից, թէ Չինաստանը կը դառնայ (եւ ուզում է դառնալ) գերտէրութիւն: Աճող Չինաստանի ուրուականը, լիարժէք «վիշապի» վերածուելու ակնկալիքը պայմանաւորում էին համաշխարհային մթնոլորտը: Մեկնակէտ ծառայեց 2008թ. ելեւմտական ճգնաժամը, որի մակակեդրոնը Միացեալ Նահանգներն էին: Չինաստանը կարողացաւ յաղթահարել այն ամենափոքր տնտեսական եւ հռչակի կորուստներով: Որոշ տնտեսագէտներ սկսեցին խօսել բռնատիրական կառավարման առաւելութիւնների մասին, որը թոյլ է տալիս, ի տարբերութիւն զարգացած ժողովրդավարութիւնների, արագ որոշումներ ընդունել եւ միջոցները կենտրոնացնել կարեւորագոյն ուղղութիւններում:
Ի ցոյց դնելը, թէ այս տիպարն էլ է խոցելի, կարող է նշանակել ոչ միայն փախուստ արագ շահարկման դրամագլուխներից դէպի սովորական զարգացած շուկաներ, այլ նաեւ Չինաստանից ակնկալիքների նուազում համաշխարհային ասպարէզում: Իսկ դա նոյնպէս միանգամայն նիւթական առաւելութիւն է: Ընդ որում` ճիշդ է, արեւմտեան քաղաքական «շուկաները», յատկապէս` եւրոպականը, ելաւատեսութիւն չեն ներշնչում, եւ հազիւ թէ Չինաստանում հիասթափութիւն առաջացնի արեւմտակենտրոն համաշխարհային համակարգի վերադարձի հանդէպ հաւատի փայլատակումը: Բայց կը չափաւորի այլընտրանքների ակնկալիքները:
Ինչպէ՞ս կ՛արձագանգի Փեքինը տնտեսական դժուարութիւններին: Կը վերադառնայ աւելի զուսպ եւ զգուշաւոր գծի՞ն, որը մի ժամանակ կտակել էր տենկը, թէ՞, ընդհակառակը, կը փորձի փոխհատուցել ներքին տարաձայնութիւնները արտաքին յամառամտութեան աճով: Ելնելով չինական ղեկավարութեան ընդհանուր մօտեցումից, որը չի սիրում աւելորդ ռիսքեր, աւելի հաւանական է առաջինը: Սակայն եթէ 20 տարի առաջ դա անպայման շահող տարբերակ էր, ապա այսօր իրավիճակը փոխուել է:
Հիմա Փեքինի համար շատ աւելի դժուար է շահ կորզել համաշխարհային տնտեսութիւնից` կարգապահօրէն խաղալով նրա կանոններով, ինչպէս առաջ էր: Միասնական առեւտրատնտեսական տարածքի հատուածայնացումը մեծ պլոքների, փաստօրէն, արդէն ընթանում է, եւ Միացեալ Նահանգների կողմից Ատլանտեանում ու Խաղաղ ովկիանոսում դաշնակիցների հետ առեւտրա-ներդրումային գործընկերութիւնների ստեղծման հետեւանքները Չինաստանի եւ դրանց մէջ չմտնող այլ երկրների համար մեծածաւալ կը լինեն:
Միեւնոյն ժամանակ, Չինաստանը որպէս Միացեալ Նահանգների հաւանական մրցակից ընկալելն արդէն գործնական հարթութիւն է մտել, Փեքինին զսպելու միջոցներ կը ձեռնարկուեն նաեւ այսուհետ, նախեւառաջ` Արեւելեան եւ Հարաւարեւելեան Ասիայում: Բայց չինական հասարակութիւնը մշտական աճի երկարատեւ շրջանից յետոյ իր ղեկավարութիւնից սպասում է մեծ տէրութեանն արժանի պահուածք (այստեղից էլ` Չինաստանում Վլատիմիր Փութինի ժողովրդականութեան երեւոյթը): Ուստի, տարածաշրջանային քաղաքականութեան հարցերում Փեքինի ղեկավարութիւնն ազգային շահերի պաշտպանութեան գործում պէտք է ցուցադրի անզիջումութիւն այնքանով, որքանով որ կը ծագեն կասկածներ տնտեսութեան հեռանկարների վերաբերեալ: Այլ խօսքով` փոփոխութիւններ չեն նախատեսւում, թաքուն լարուածութիւնն Ասիայում չի թուլանայ:
Ինքնըստինքեան եզրայանգում է առաջանում, որ Ռուսաստանն այնքան էլ լաւ պահի չի որոշել «շրջուել» դէպի Ասիա, առաջին հերթին` դէպի Չինաստան: Փեքինն, իբր, մեր ժամանակը չունի, նա կ՛ուզենար իր խնդիրներից գլուխ հանել, եւ փող էլ այնտեղից սպասելն իմաստ չունի: Բայց կայ նաեւ այլ տրամաբանութիւն: Աճող ներքին եւ արտաքին անորոշութեան պայմաններում Չինաստանին յատկապէս պէտք է ամուր յենարան, եւ, բացի Ռուսաստանից, թեկնածուներ չկան: Ինչ վերաբերում է դրամագլուխային ներդրումներին, ապա անգամ ճգնաժամի ֆոնին միջոցների ծաւալը, որոնք տնօրինում է Փեքինը, տպաւորիչ է: Իսկ շարժումը դէպի արեւմուտք (Մետաքսէ ճանապարհի նախագիծ) հէնց նախատեսում է շահոյթի աղբիւրների ստեղծում երկրի սահմաններից դուրս, բայց այնտեղ, որտեղ չկան քաղաքական ռիսքեր եւ կախուածութիւն աւելի ցածր համաշխարհային ֆինանսական շուկաներից: Ամերիկեան մեծ պլոքների ի յայտ գալը նոյնպէս խթանում է Փեքինի հետաքրքրութիւնը Եւրասիայի հանդէպ, որը դրանց մէջ չի մտնում:
Չարժէ Չինաստանի հետ ամբողջական դաշինքի, առաւել եւս` ամերիկեան որմնածերպերը գրոհելու նրա պատրաստուածութեան վրայ յոյս դնել:
Բայց դիրքերի գործնական ամրապնդումը վատթարացող իրադրութեան պայմաններում կը լինի Փեքինի հիմնական նպատակը տնտեսական անկման դէպքում: Մանաւանդ որ 2015թ. ամրան ցնցումները Չինաստանին յիշեցնում են համաշխարհային տնտեսութեան մէջ խոր ներգրաւման հակառակ կողմի մասին:
Յանուն արդարութեան պէտք է յիշեցնել, որ Չինաստանի շուտափոյթ կործանման տեսութիւններն ալիք առ ալիք ծագում են Արեւմուտքում 1990-ականների կէսերից` փոխարինելով այլ ալիքների` Չինաստանի հզօրացումն անշրջելի է եւ դրա համար սպառնալիքներ է կրում: Ժամանակին տարածուած երրորդ կրկներգը` տնտեսական յաջողութիւններն անպայման կը յանգեցնեն ժողովրդավարացման եւ քաղաքական փոփոխութիւնների անհրաժեշտութեանը, հիմա հազուադէպ է հնչում, ընդհանուր իրավիճակն աշխարհում եւ շատ վարչակարգերի երկիւղները դրսից ներքին փոփոխութիւնների խթանման հետ կապուած` նման բանի չեն տրամադրում: Ինչեւէ, աւելի քան 30 տարի Փեքինին յաջողուել է հերքել ցանկացած բացասական կանխատեսում:
Թարգմ.` Նորավանք