Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Արցախը Ճանաչող Առնուազն Մէկ Երկիր Կայ, Բայց Կը Ճանաչի՞…

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Այս տարուայ ընթացքում Արցախի անկախութիւնն առնուազն մէկ պետութեան կողմից ճանաչուելու հնարաւորութեան մասին արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի ակնարկը լայն հասարակական արձագանգ է ստացել: Սակայն իրականում Նալբանդեանը չի ասել մի այնպիսի արտառոց բան, որ Արցախի միջազգային ճանաչման առումով ինչ-որ գործընթացի մասին յուշելու տողատակ պարունակի:

Նախ` դա ոչ թէ Նալբանդեանի կողմից արուած յայտարարութիւն է, ինչպէս ներկայացւում է մամուլում, այլ` ընդամէնը լրագրողի կողմից այդ մասին հնչած հարցի միանգամայն տրամաբանական պատասխան: Լրագրողը հարցնում է` հնարաւո՞ր է այս տարուայ ընթացքում որեւէ պետութիւն ճանաչի Արցախը, իսկ Նալբանդեանը պատասխանում է` հնարաւոր է, բայց դա դեռ միջազգային ճանաչում չի ենթադրում: Ուրիշ ի՞նչ կերպ պէտք է այդ հարցին պատասխանէր արտաքին գործերի նախարարը: Ասէր` ոչ, նման բան բացառւո՞ւմ է: Միակ տարբերակը, որ կարելի է բացառել այս պարագայում, նման հարցին այսպիսի պատասխան տալն է: Որովհետեւ դա կը նշանակէր, որ այդ հարցը Հայաստանի օրակարգում չէ, կամ կ՛ընկալուէր որպէս խոստովանութիւն, որ հայկական դիւանագիտութիւնը ոչ մի արդիւնք չի ունեցել եւ բաւարարուել է` ընդամէնը միջազգային իրաւունքի սուբյեկտ չհանդիսացող` Միացեալ Նահանգների մի քանի եւ Աւստրալիայի մէկ նահանգի կողմից ճանաչուելուն հասնելով: Ոչ ոք ուղղակի չէր կարող իրեն թոյլ տալ նման բան ասել:

Երկրորդ, այնուամենայնիւ, կայ աշխարհում առնուազն մէկ պետութիւն, որն աներկբայ կարող է այս տարուայ ընթացքում ինչ-որ պահի ճանաչել Արցախի անկախութիւնը: Այդ երկիրը Հայաստանի Հանրապետութիւնն է եւ անկասկած այդ քայլին կը գնայ, եթէ Ազրպէյճանը, լայնածաւալ պատերազմի դիմելով, փորձի հարցը լուծել ուժային եղանակով: Այդ մասին յայտարարուել է բազմիցս, իսկ բաց, ուղղակի ձեւով դրա մասին անցած տարուայ ապրիլեան պատերազմի օրերին Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց նախագահ Սերժ Սարգսեանը: «Եթէ, իրօք, ռազմական գործողութիւնները շարունակուեն եւ ստանան լայնածաւալ տարողութիւն, Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը», դեսպաններին ուղղուած իր խօսքում ապրիլի 4-ի հաւաքում ասել էր Հայաստանի նախագահը:

Իսկ այն իրավիճակը, որը ներկայումս առկայ է արցախա-ազրպէյճանական շփման գծի ողջ երկայնքով, յարուցում է մտահոգութիւն, որ Ազրպէյճանը, որի ղեկավարութիւնը կորցրել է տրամաբանութիւնը եւ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանն ուղղուած բանակցութիւններում յայտնուել խոր փակուղում, կարող է ինչ-որ պահից անցնել լայնածաւալ ռազմական գործողութիւնների: Իրավիճակի շիկացածութիւնն այնպիսին է, որ նման գործողութիւնները կարող են նոյնիսկ սկսուել` անկախ Ազրպէյճանի ցանկութիւնից` իրավիճակի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելու հանգամանքով պայմանաւորուած:

Այս տեսանկիւնից` չի կարելի բացառել, որ ոչ այնքան Նալբանդեանի պատասխանը, որքան ինքնին նման հարցի հնչեցումը, դրան տրուած չափուած-ձեւուած պատասխանով հանդերձ, հետապնդում էր առաջին հերթին Ազրպէյճանին նման անպատասխանատու քայլից ետ պահելու, զսպելու նպատակ: Պատահական չէ, որ նոյն օրը ռուսական Կազեթա.ռու կայքին տուած հարցազրոյցում ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի` աւելի վաղ օրինակով, յիշեցնում է հայկական զինեալ ուժերի զինանոցում «Իսքանտեր» մարտավարական հրթիռային կայանքի առկայութեան եւ հնարաւոր գործածութեան մասին` որպէս Ազրպէյճանին սթափեցնելու միջոց: Այսինքն  ԱՀ-ն մէկ պետութեան, ենթադրաբար` Հայաստանի կողմից ճանաչուելու հնարաւորութեան մասին Ստեփանակերտից` Նալբանդեանի մասնակցութեամբ արուած ակնարկը կարող է այս փուլում Պաքուին զսպաշապիկ հագցնելու ընդհանուր քարոզչական «արշաւի» մաս լինել:

Որպէսզի հնարաւոր լինի խօսել Արցախի միջազգայնօրէն ճանաչման մասին, անկախ նրանից` խօսքը, Հայաստանից բացի, մէկ, թէ մի քանի այլ պետութեան կողմից ճանաչման մասին է, կարեւոր է երկու առանցքային պայման: Առաջին` որ դրա հնարաւորութեան մասին ակնարկները հնչեն ոչ թէ Երեւանից կամ Ստեփանակերտից, այլ` ՄԱԿ-ի անդամ երկրների մայրաքաղաքներից: Իսկ դա այնքան էլ իրատեսական չի թւում, քանի որ, նախ, դեռ Հայաստանը նման օրակարգի ձեւաւորման յստակ նախաձեռնութեամբ հանդէս չի եկել եւ ինքը չի ճանաչել, երկրորդ` քանի դեռ կայ ԼՂ հարցի կարգաւորման հարցով զբաղուելու միակ օրինական լիազօրութիւն ունեցող ԵԱՀԿ Մինսքի խումբը, որը գործընթացն առայժմ տանում է, այսպէս կոչուած, Մատրիտեան սկզբունքների տրամաբանութեամբ: Եւ այդ երկրները, ճանաչմանն առնչուող հարցադրմանն ի պատասխան` միշտ կարող են մատնացոյց անեն ՄԽ եռանախագահութեան ձեւաչափը: Իսկ այն Մատրիտեան սկզբունքների հիման վրայ ոչ թէ Արցախի անկախութեան ճանաչման, այլ նրա միջազգայնօրէն ընդունելի միջանկեալ կարգավիճակ շնորհելու գործընթաց է զարգացնում:

Երկրորդ` առաջին հերթին կարեւոր է, որպէսզի դրա հնարաւորութեան մասին սկսեն խօսել ՄԽ եռանախագահող երկրները` այն առումով, որ, գոնէ Արցախի անկախութեան ճանաչման իրատեսական հեռանկարի հետ Ազրպէյճանին առերեսելով, կարողանան նրան ստիպել հրաժարուել պատերազմի մտքից ու վերադառնալ կառուցողական բանակցութիւնների հարթակ: Եւ հէնց այս ուղղութեամբ է, որ պէտք է աշխատի Երեւանը: ՄԽ եռանախագահողները, սակայն, նախընտրում են մնալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահութեան լիազօրութեամբ ելակէտային համարուող` կողմերի միջեւ հաւասարութիւն դնելու սկզբունքին «հաւատարիմ»: Սկզբունք, որը վերածուել է գլխացաւանքի, եւ որը համանախագահներին հնարաւորութիւն է տալիս խուսափելու 1994թ-95թթ. հրադադարի պայմանագրերը խախտելու եւ նախայարձակ գործողութիւնների դիմելու փաստը հասցէական արձանագրելուց:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>