1949 թ. դեկտեմբերի 6-ին Իրանի Համատան քաղաքում վախճանուեց ՀՅ Դաշնակցութեան ֆիտայական սերնդի փայլուն ներկայացուցիչներից մէկը` Մօրուք Կարօն` Կարապետ Աւոյեանը(1):
![](http://i1.wp.com/www.aztagdaily.com/wp-content/uploads/2017/02/Morouk-Garo1_22717.jpg?resize=600%2C362)
1921 թուականի փետրուար 18-ի ապստամբութեանը մասնակցողների մի խումբ: Կենտրոնում նստածը` Կարօ Սասունի: Նստածներից ձախից երկրորդը` Մօրուք Կարօ
Ինչպէս Կարօ Սասունին է վկայում, Մօրուք Կարոն որպէս ֆիտայի գործակցել է Սերոբ Աղբիւրի, Անդրանիկի, Գէորգ Չաւուշի եւ Ռուբէնի հետ: Հայ ազատագրական պայքարի այս անվեհեր հերոսը հետագայում մասնակցել է նաեւ Հայաստանում Փետրուարեան ապստամբութեանը, իսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ ստիպուած է եղել հեռանալ հայրենիքից: Այնուհետեւ վստահելով Հայաստանի իշխանութիւնների ներման կոչին, իր ընկերոջ` Չոլոյի հետ վերադարձել է Հայաստան: Նա ապրել է Ահագչի, ներկայիս Զովասար գիւղում, բայց 30-ականների սկզբին հալածանքներից եւ անխուսափելի մահապատժից խոյս տալով` թողել իր ընտանիքը եւ ընդմիշտ հեռացել է: Նա վերջնական հանգրուան է գտել Համատան քաղաքում:
Մենք այժմ նպատակ չունենք գրել այս համեստ ֆիտայու` առասպելական կեանք ունեցող Մօրուք Կարոյի մասին(2), որը զէնքի տակ մնաց մինչեւ իր կեանքի վերջին օրերը, այլ խօսքը վերաբերում է նրա մօրը, որի մասին հետեւեալ ուշագրաւ ակնարկն ունի Կարօ Սասունին:
«Մօրուք Կարոյի մայրը` Ըռփօ Տայոն սպաննուեցաւ 1904-ի կռիւներուն: Այս մայրիկի մասին ջերմ գնահատական գրութիւն մը լոյս տեսաւ «Դրօշակ»-ին մէջ, եւ անոր անունը արձանագրուեցաւ յեղափոխական նուիրեալներու շարքին մէջ» (Տես «Հայրենիք» ամսագիր, Պոսթըն, սեպտ. 1950, էջ 22):
Գնալով Կարօ Սասունու այս ակնարկի հետքերով` հնարաւոր եղաւ «Դրօշակ»-ի 1907 թուականի փետրուարի համարում գտնել այդ ուշագրաւ յօդուածը:
Հաւանաբար շատերին ծանօթ չէ այս գրութիւնը, իսկ գուցէ եւ շատերը չգիտեն, որ Ըռբ(փ)օ Տայոն, նոյն ինքը` Հռիփսիմէ Մայրիկը, Մօրուք Կարոյի մայրն է:
Գրութիւնը, որը ներկայացնում ենք նոյնութեամբ, կրում է «Համառօտ կենսագրական Սասունի 1904 յունուար – յուլիսի կռիւներում ընկածների» վերնագիրը: Այն լոյս է տեսել «Դրօշակ»-ի 1907 թ. փետրուարի համարում, էջ 29:
Աղասի
Ըռբօ Տայօ
Հայրենիքի ազատագրութեան գործի համար մեր այս նահատակ ընկերների շարքի մէջ, մեզ պարտականութիւն ենք համարում` մի քանի տողով յիշատակել եւ մի սասունցուհու` Ըռբոյի այն գորովն ու անձնուիրութիւնը դէպի ֆետայիները, որով արժանի եղաւ սրանց Մայրիկը (Տայօ) կոչուելուն:
Ըռբոն մի այրի կին էր, գրեթէ 70 տարեկան, զրկուած միանգամայն երկու աչքերից. ունէր հինգ տղայ եւ երեք աղջիկ զաւակ, որոնցից մի տղան եւ մի աղջիկը խուլ ու համր էին: Իրենց տունը գտնւում էր Գելիէ-Գուզանի Մխիթար թաղում: Բնութեամբ լինելով բարեպաշտ եւ հիւրասէր` նա խիստ գորովալիր էր մասնաւորապէս մայրերնին կորցրած Մեծ Մօր փնտռելու ելնողներին: Իր ամուսին Աւոյից եւս, նրա մահուան ժամանակ, ստացել էր մանաւանդ հետեւեալ կտակը. չխնայել ամէն կերպ պաշտպանութիւն եւ օգնութիւն ֆետայիներին: Սասուն հաւաքուած մեր զինուորներից ո՞րն է, որ անծանօթ է Տայոյին կամ կարող է մոռանալ նրա յիշատակը: Շատ քիչ անգամ էր լինում, որ նա առանց ֆետայիների սեղան նստէր: Իսկ երբ սրանք ներկայ էին լինում, մարդ կարող էր շփոթել թէ ո՛րն է տանտէրը եւ որը հիւր. բոլորը կարծես նոյն տան անդամները լինէին, միեւնոյն մօր զաւակները: Երբ զինուորները մեկնելիս էին լինում, նա միշտ լաց էր լինում եւ շա՜տ խնդրում, որ գոնէ շուտով վերադառնան: Այնքան էր ընտելացել բոլորին, որ իւրաքանչիւրին ձայնից ճանաչում էր:
Պատահում էր, որ զինուորները հեռուից իջնում էին դէպի մօտակայք, այն ատեն նա իր տղաներին էր դիմում այս խօսքերով. «Օ՛, մալավէ՜ք, կ՛ըսին տղէք ըկել են. ջամբրուկ մի քեատ ու մատ, սիր ընէ, թացան տարէ՛ք, գացէ՛ք մըտ տղէք, ի՞նչ նստըր իք մալավա՛, ծպացէ՛ք…»: Իր զաւակներից մի տղային մշտական զինուոր էր դարձրել, որ շրջում էր խմբերի հետ, իսկ ուրիշ երկուքը տեղական զինուորների կարգումն էին:
Յիշենք այստեղ իր կեանքի վերջին օրերից մի անեքթոտ, որ բացատրում է, թէ ի՛նչ էր զգում նա այդ ատենները: Երբ կռիւները կամաց-կամաց փոխադրուեցան աւելի հեռուներից դէպի Գելիէ-Գուզանի շրջակայքը, նա քաշուել էր մի պուրակի մէջ եւ այնտեղ էր անցկացնում իր ժամերը: Պէտք է երեւակայել, թէ սրտի ի՛նչպիսի տրոփիւնով էր ականջ կախում պարբերաբար իրեն մօտեցող հարսերի կամ զինուորների քայլերի ձայնին, ի՛նչպէս ականջով լափում էր ամէն մի պատմուածք կռիւների ընթացքի մասին, ի՛նչպէս ուրախանում, ի՛նչպէս էր յուզւում ու աղօթում…
Մի օր, երբ իր առանձնութեան մէջ նստած` հետեւելիս է լինում հեռւում որոտացող հրացանների ձայնին, իր քովի թփերի միջից լսում է մի երեխայի ձայն, որը հետզհետէ աւելի է մօտենում, մինչեւ որ մի չորս տարեկան երեխայ իր դիմացն է կանգնում: Նա իր մօրն էր փնտռում, որ իրեն պուրակի մէջ թողնելով` գնացել էր զինուորների համար պաշար տանելու, եւ որ ուշացել էր, եւ որ շա՛տ ուշացաւ… Է՛հ, մայրը պատրաստ էր արդէն: Ըռբոն դրաւ նրան իր ծնկների վրայ ու սկսեց փայփայել երեխային, որ նոյնպէս կարիք էր զգում ընկերոջ, մի կենդանի շունչի…
Երեկոյեան կողմ նրա մօտ են գալիս երկու զինուորներ` իրեն տեղափոխելու համար: Վեր է կենում Ըռբոն եւ միեւնոյն ատեն ետեւից քաշ տալիս անտէր երեխային:
– «Ի՞նչ ես ետեւիցդ քաշ տալիս այդ երեխային,- նկատում են նրան,- թո՛ղ դրան այստեղ, մայրը ուր որ է, կը գայ, կը վերցնի», առհասարակ նման դէպքեր պատահում են,- «Է՛հ լա՜օ, ընչի իմալ կ՛ըսիք, հիմի Աստուած կրակ կ’արկէ մըր վրայ, իս զէդի կը պըհէմ, որ Աստուած տեսնի ու զձեզ անփուրձ անի»:
Գելիէ-Գուզանի կռուից վերջ փոխադրւում է Կըռշիկ, ուր վրայ են տալիս քիւրտերը: Սրանց եւ Ըռբոյի հետ եղողների մէջ տեղի է ունենում խիստ կռիւ: Այստեղ սպաննւո՛ւմ է Ըռբօն, եւ Տայոյի արիւնն էլ խառնւում է սիրած զինուորների արեան…
![](http://i0.wp.com/www.aztagdaily.com/wp-content/uploads/2017/02/Morouk-Garo2_22717.jpg?resize=601%2C402)
Մօրուք Կարոյի աղջիկը` Ելենան եւ վերջինիս զաւակները` Սառան, Ծովինարը եւ Կորիւնը Թալինի շրջանի Զովասար գիւղում: 2016 թ. մայիսին:
————————