Առողջապահութեան նախարարութեան համաձայն, համագումարին նշանաբանն է «Առողջութիւնը խթանելու, համարկելու եւ նորամուծութեան մարտահրաւէրներ»:
Համագումարի նախագահ, Արժանթինի մէջ նշանաւոր բժիշկ, «վարակաբան», վարակիչ հիւանդութիւններու դէմ պայքարի «Ֆայտեք Արմենիա» հիմնարկի հիմնադիր Դանիէլ Ստամբուլեան աշխարհի հայ բժիշկներուն եւ հիւանդապահներուն կոչ ուղղած է` օգտուելու ընձեռուած կարելիութենէն եւ այցելելու Պուէնոս Այրես` հարստացնելու իրենց գիտելիքները, փոխանակելու փորձառութիւններ եւ միասնաբար քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրաւէրները եւ անոնց յաղթահարման ուղիները:
Սփիւռքահայ բժիշկներու նախաձեռնութեամբ, 1976-ին Պէյրութի մէջ կայացած առաջին համագումարէն սկսեալ, այս կառոյցը ստանձնած է կարեւոր առաքելութիւն միաւորելով համայն աշխարհի հայ բժշկական ներուժը:
Համաժողովները մէկ հովանիի տակ համախմբելու նպատակով 1990-ին Մոնրէալի մէջ հիմնուած Հայ բժիշկներու միջազգային կոմիտէն (AMIC), Փարիզի մէջ 1992-ին կայացած համաժողովէն սկսեալ, լուրջ ներդրում ունեցաւ համագումարներու կազմակերպման գործին մէջ:
Ներկայիս Հայ բժիշկներու միջազգային կոմիտէի նախագահը Ճերրի Մանուկեանն է (Քալիֆորնիա):
Հայաստանի մէջ Արժանթինի դեսպանատունը Հայ բժիշկներու միջազգային 12-րդ համագումարի կազմակերպիչներուն եւ Արժանթինի հայ համայնքին հետ աշխատանքներ տարած է` Հայաստանի բժիշկներուն ու հիւանդապահներուն մասնակցութիւնը կարելի եղածին չափ մատչելի եւ հետաքրքրական դարձնելու ուղղութեամբ:
«ՖԱՅՏԵՔ Արմենիա» Հիմնադրամ
«ՖԱՅՏԵՔ Արմենիա» հիմնադրամը ստեղծուել է 2008թ.-ին, արժանթինահայ յայտնի վարակաբան, բժիշկ Դանիէլ Ստամպուլեանի կողմից` յաջողութեամբ իրականացնելով հանրային առողջութեան պահպանման ծրագրեր Հայաստանի գիւղական համայնքներում: Հիմնադրման օրուանից սկսած` կազմակերպութեան բազմաթիւ բարերարների աջակցութեամբ Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում իրականացուել են առողջապահական համակարգի բարելաւմանն ուղղուած աշխատանքներ, այդ թւում` առաջնային օղակի բուժկենտրոնների վերանորոգում եւ բժշկական սարքաւորումներով ապահովում: Հիմնադրամը իր շարունակական աջակցութիւնն է ցուցաբերել ՀՀ առողջապահութեան նախարարութեան ազգային իմունիզացիայի ծրագրին` նպաստելով երկրում վարակիչ հիւանդութիւններից հիւանդացութեան մակարդակի իջեցմանը:
«ՖԱՅՏԵՔ Արմենիա»-ի ընթացիկ ծրագրերն են Արմաւիրում իրականացուող մասնագիտական առողջապահական ծրագիրը եւ Տաւուշում` կանանց վերարտադրողական առողջութեան պահպանման ծրագիրը:
«ՖԱՅՏԵՔ Արմենիա»-ն այժմ իրականացնում է Հայաստանեան բժիշկների իրազեկման ծրագիր` ապահովելու բարձր մասնակցութիւն 2017թ.-ին Արժանթինի Պուէնոս Այրէսում կայանալիք Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարին, որը կը նախագահի բժիշկ Դանիէլ Ստամպուլեանը:
«ՖԱՅՏԵՔ Արմենիա» հիմնադրամի աշխատակազմը.
Դանիէլ Ստամպուլեան` հիմնադիր նախագահ, Արժանթին
Նարինէ Հայրապետեան` գործադիր տնօրէն, Հայաստան
Սարգիս Անակ` բժշկական գծով տնօրէն, ԱՄՆ
Փապլօ Էլմասեան` բժշկական գծով փոխտնօրէն, Արժանթին
Մարիաննա Յակոբեան` առողջապահական ծրագրի համակարգող, Հայաստան
Զարուհի Բեգլարեան` առողջապահական ծրագրի համակարգող, Հայաստան
Սրբուհի Յարութիւնեան` առողջապահական ծրագրի օգնական, Հայաստան
Արթուր Յակոբեան` գլխաւոր հաշուապահ, Հայաստան
Մասնագիտական առողջապահական ծրագիր
գիւղատնտեսական ոլորտի աշխատողների համար
2008թ.-ին «ՖԱՅՏԵՔ Արմենիա» հիմնադրամը մեկնարկել է Մասնագիտական առողջապահական ծրագիրը` ծառայութիւններ մատուցելու Արմաւիրի մարզում գործող «Տիեռաս դէ Արմենիա» ՓԲԸ (TDA) ընկերութեան գիւղատնտեսական ոլորտի աշխատողների համար: Ծրագիրը նպատակաուղղուած է` բարելաւելու ընկերութեան մշտական եւ ժամանակաւոր 600 աշխատակիցների առողջական վիճակը եւ կեանքի որակը:
Ծրագիրը ներառում է նախնական եւ պարբերական բժշկական ստուգումների իրականացում, սուր դէպքերի կառավարում եւ քրոնիկ հիւանդութիւնների վերահսկում, այդ թւում` վիրահատական եւ յետվիրաբուժական դարմանական բուժում հիւանդանոցներում, տեղում առաջին բուժօգնութեան տրամադրում, նշանակուած դեղորայքի տրամադրում, փայտացման եւ տիֆթերիայի դէմ պատուաստման կազմակերպում, օձի հակաթոյնով ապահովում, առողջապահական ուսուցում եւ առողջ ապրելակերպի խրախուսում, սննդի եւ ջրի անվտանգութեան վերահսկողութիւն: Նախնական եւ պարբերական բժշկական զննումների նպատակն է հիւանդութիւնների վաղ յայտնաբերումը եւ կանխարգելումը:
Ծրագրի շրջանակներում գրանցւում եւ կառավարւում է տարեկան մօտ 1200 առողջական խնդիր, մշտական հսկողութեան տակ են գտնւում 40-ից աւելի քրոնիկ հիւանդներ, միջինում արձանագրւում է տարեկան մօտ 20 հիւանդանոցային պարագայ, որոնցից մի մասը ենթարկւում է վիրահատական միջամտութեան:
Ծրագիրը իրականացւում է անվճար հիմունքներով ընկերութեան բոլոր աշխատակիցների համար: Ծրագրի արդիւնաւէտ իրականացումը ապահովում է ընկերութեան աշխատակիցների արտադրողականութեան աճը եւ աշխատանքից բացակայութիւնների նուազումը` պայմանաւորուած նախնական բժշկական զննումներով եւ քրոնիկ հիւանդութիւնների կառավարմամբ, ինչպէս նաեւ արդիւնաւէտ աշխատանքի կազմակերպմամբ` հիմնուած աշխատողներին գործի բնոյթին եւ յատուկ առաջադրանքներին համապատասխանելիութեան առաջարկութիւնների վրայ:
Ծրագրի արդիւնքում բարձրացել է շահառուների տարբեր առողջական խնդիրների վերաբերեալ իրազեկուածութիւնը` պայմանաւորուած ուսուցողական ծրագրերով եւ խթանողական գործողութիւններով: Ծրագիրը իրականացնում է սննդի եւ ջրի անվտանգութեան կանոնաւոր վերահսկողութիւն` միտուած սննդային եւ ջրային վարակիչ հիւանդութիւնների բռնկման կանխարգելմանը:
«ՖԱՅՏԵՔ Արմենիա» հիմնադրամի կողմից իրականացուող մասնագիտական առողջապահական ծրագիրը համագործակցական հասարակական պատասխանատուութեան եզակի մոտել է երկրում, որը նպաստում է գիւղական համայնքներում առողջապահական ծառայութիւնների բարելաւուած հասանելիութիւնը եւ առողջ ապրելակերպի մշակոյթի տարածումը:
Տաւուշի կանանց առողջապահական ծրագիր
Հայաստանում կանանց վերարտադրողական առողջութիւնը տուժել է` պայմանաւորուած վերջին տասնամեակների ծանր ընկերային-տնտեսական իրավիճակով: Կանխարգելիչ ծառայութիւնները եւ բուժումը յատկապէս գիւղական շրջանների կանանց համար մատչելի չեն: Կանանց վերարտադրողական առողջութիւնը վտանգուել է ժամանակակից բժշկական սարքաւորումներով հետազօտութիւնների անցկացման անհասանելիութեան, ինչպէս նաեւ կանանց կողմից առողջական խնդիրներին ցածր առաջնահերթութիւն տալու պատճառով:
2010թ.-ից «ՖԱՅՏԵՔ Արմենիա» հիմնադրամը իրականացնում է Տաւուշի կանանց առողջապահական ծրագիրը, որն ուղղուած է կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանը` միաժամանակ տրամադրելով անվճար կանացի հետազօտութիւն, սեռավարակների կանխարգելում եւ յայտնաբերուած դէպքերի բուժում: Ծրագրի շահառուներն են Իջեւանի շրջանի գիւղական եւ քաղաքամերձ համայնքների ցածր եկամուտ ունեցող 35-65 տարեկան կանայք, որոնք նման ծառայութիւններից օգտուելու հնարաւորութիւն չունեն:
Ծրագրի շրջանակներում տարեկան 500-ից աւելի կին անցնում են կանացի յատուկ հետազօտում, Պապ թեսթ, հեշտոցային քսուքի յանձնում, կոնքի խոռոչի անդրձայնային հետազօտութիւն (եթէ ցուցուած է), կոլպոսկոպիայ (եթէ ցուցուած է): Մամոկրաֆիք հետազօտութիւն առաջարկւում է 40 տարեկանից բարձր բոլոր կանանց:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս 3000-ից աւելի կին անցել է բժշկական հետազօտութիւն: Յայտնաբերուել եւ բուժուել են բազմաթիւ հիւանդութիւններ, այդ թւում` պաքթերիալ վակինիթ, միոմաներ, արգանդի վզիկի էկտոպիա, արգանդի վզիկի տիսփլազիա, սեռավարակային հիւանդութիւններ, մասթոփաթիա, փոլիփոզ, կրծքագեղձի քաղցկեղի եւ արգանդի քաղցկեղի դէպքեր: Բուժման կարիք ունեցող բոլոր կանանց տրամադրուել է դեղորայք, ապահովուել վիրահատական միջամտութիւն:
Տաւուշի կանանց առողջապահական ծրագրի արդիւնքները նախադէպ են հանդիսացել Հայաստանում կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի հետազօտական ծրագրերի իրականացման եւ առողջապահական քաղաքականութեան օրակարգում այդ թեմաների առաջնահերթութեան կարեւորութիւնը ընդգծելու համար: