ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
Այն պահից սկսեալ, երբ ամերիկեան սեւամորթների իքոնային դէմք, մարդկային իրաւունքների պաշտպան, ժամանակին Մարթին Լութեր Քինկի ամենամօտիկ զինակից, ծերակուտական Ճոն Լուիսը Տոնալտ Թրամփի ընտրութիւնը որակեց «ոչ օրինական» եւ յայտարարեց այսօր կայանալիք երդմնակալութեան արարողութիւնը պոյքոթելու մասին, փաստօրէն տրուեց ազդանշանը ընտրեալ նախագահի դէմ ձեւաւորուած ընդդիմութեան հաստատութենականացման: Երդմնակալութեանը չեն մասնակցելու, հետեւելով Ճոն Լուիսի օրինակին, աւելի քան 30 ծերակուտականներ, իսկ այսօր եւ շաբաթ օրը ամերիկեան բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու կանանց բողոքի երթեր, որոնց կարող են հետեւել, շարքային ամերիկացիների սարսափ, սեւամորթների ընդվզումներ, որոնք վերյիշեցնելու են 60-թուականները:
Ներկայ պահին Թրամփը վայելում է ամերիկացիների ընդամէնը 40 տոկոսի համակրանքը, որը Այզենհաուըրի ընտրութիւնից յետոյ ամենացածրն է եւ աւելի քան երկու անգամ ցածր, քան` Պարաք Օպամայի ցուցանիշը՝ առաջին երդմնակալութեան ժամանակ: Մինչդեռ Թրամփը ընտրուել է ընտրիչների ձայների 67 տոկոսով:
Պատճառը կամ պատճառները առաջին հերթին ամերիկեան մամուլի առաջատար շատ օրկանների, գլխաւորութեամբ «Սի.Էն.Էն.»-ի, անդուլ եւ անողոք քննադատութիւնն է Թրամփի դէմ, յատկապէս օգտագործելով նրա օգտին եւ նրա մրցակից Հիլըրի Քլինթընի դէմ ռուսական կիպերյարձակումների փաստը, որը անընդհատ ժխտում է Քրեմլինը, մինչ ռուս հասարակ մարդուն ազգային սնապարծութեան առիթ է տալիս այդ նոյն փաստը, որը ի վերջոյ ընդունեց նաեւ Թրամփը` միայն յաւելելով, որ Չինաստանն ու «այլ երկրներ» էլ մասնակցել են ցանցահէնութիւններին…
Իրօք, չի կարելի ժխտել կիպերյանցագործութեան փաստը: Սակայն կարծում եմ, որ այս պարագայում գերագնահատւում եւ գերաշեշտադրւում է ռուսական կիպերմիջամտութեան իրողութիւնը հակաթրամփեան ատելութիւն ստեղծելու եւ, միւս կողմից, Սառը պատերազմի օրերը յիշեցնող հակառուսական մտասեւեռումներ վերարթնացնելու միտումով: Մինչդեռ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ յատկապէս մեծ պետութիւնները միմեանց լրտեսում են անընդհատ եւ գաղտնազերծած տուեալներն օգտագործում են բոլոր միջոցներով: Երեւի նման պարագաների համար է ասուած «Դուռ-լուսամուտներդ լա՛ւ փակիր, եւ հարեւանիդ գող մի՛ հանիր»: Ամերիկացիները պէտք է լաւ յիշեն, եթէ երբեւիցէ հետաքրքրուել են, որ իրենց համապատասխան ծառայութիւնները դեռեւս անցեալ գարնան տեւականօրէն գաղտնալսման տակ էին վերցրել իրենց դաշնակից Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելի բջջային հեռախօսը…
Յամենայն դէպս Տոնալտ Թրամփի հակառակորդ ընդդիմադիրները միայն Մ. Նահանգներում չեն: Եւրոպական մի շարք երկրներ, գլխաւորութեամբ Ֆրանսայի եւ մասնաւորաբար Գերմանիայի, խիստ դժգոհ են նրա կտրուկ, պայթուցիկ յայտարարութիւններից` ինչ վերաբերում է ՕԹԱՆ-ի ճակատագրին, Եւրոմիութեան գոյութեան նպատակայարմարութեանը` գովերգելով Պրեքզիթը, ինչպէս նաեւ` փախստականների ընդունման քաղաքականութեանը: Թրամփը օրերս չխորշեց անգամ թարիֆները բարձրացնելու սպառնալիք ուղղել գերմանական ինքնաշարժի գործարաններին` Մ. Նահանգներում գերմանական մակնիշներով մեքենաների… առատութեան համար: Դրան ըմբերանիչ եւ խիստ շուկայագիտական պատասխան տուեց Գերմանիայի Ընկերվար-դեմոկրատ կուսակցութեան առաջնորդ եւ առաջիկայ ընտրութիւններում Մերքելի մրցակից Զիկմար Կապրիելը. «Իսկ դուք աւելի լաւ մեքենաներ արտադրէք»: Թրամփին պատասխանեցին նաեւ վարչապետն ու արտաքին գործերի նախարար Շթայնմայերը, սակայն` շատ աւելի զուսպ:
Իսկ ինչպիսի՞ն կը լինի նորընտիր նախագահի քաղաքականութիւնը մեր տարածաշրջանի նկատմամբ. առայժմ յստակ ոչինչ հնարաւոր չէ ասել, բացի այն բանից, որ եթէ իրօք Թրամփի Ամերիկան գործնական ու գործընկերային յարաբերութիւններ ունենայ Փութինի Ռուսաստանի հետ, ապա խաղաղ կարգաւորումների առումով կարող է շահել նաեւ մեր երկիրը:
Բոլոր պարագաներում ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի օրօք միջազգային քաղաքականութիւնը կտրուկ կը փոխուի եւ կը դառնայ աւելի հետաքրքրական` գոնէ լրագրողներիս համար: Բացառուած չեն լինի նաեւ զուարճալի պահերը, որի նախաճաշակը արդէն ստացել ենք: Ուրեմն…
«Ազգ»