Խօսքը հայրենի ջուրի եւ քարի մասին է: Ստորեւ տրուած Կոստան Զարեանի գրական այս գոհարը 1929-ին հրատարակուած է «Անահիտ» պարբերականի նոր շրջանի առաջին համարին մէջ: Հոս արծարուած հարցերը թէեւ զգացական են եւ ենթակայական բնոյթ ունին, սակայն անոնք խիստ այժմէական կը հնչեն եւ ուսանելի շատ բան կը պարունակեն իրենց մէջ: Մնաց որ անոր ընթերցումը գեղարուեստական վայելք է միաժամանակ:
«ԱԶԴԱԿ»
Ջուրը եւ քարը:
Հայոց երկիրը լեցուն է քարացած ուղտերի կարաւաններով: Տեղ տեղ բուքը շարժում է նրանց դունչը: Ձիւնը նրանց ոլոր կռնակների վրայ հսկայ բեռեր է դիզում, մրրիկը փորում է նրանց ամայի աչքերը եւ արհաւիրքի օրերին, երբ փոթորիկը բարկացած ման է գալիս` նրանք դանդաղօրէն տատանում են իրենց գլուխը, շարժում հսկայ յօնքերը եւ ծռուած բերաններով որոճում դարերի կատարից պոկած չոր եւ կարծր կեանքի խոտը:
Ես յիշում եմ ձմեռը Հայաստանում:
Արարատեան դաշտի աչքը պայթեցնող բիւրեղը: Հրեշտակների ոսկեզօծ եւ աննշմարելի քայլերի համար պատրաստուած ճամբաները: Ձիերի ուռած ռնգերը եւ շոգին: Մարդկանց առոյգ քայլերը, ու խիստ գծերով գծուած այդ քարտէսը, որի վրայ բարձրութիւնները ճեղքում` են բեւեռը:
Երբ ձին խփում է իր սմբակը գետնին` մետաղէ ձայն է գալիս: Անդունդը լեցուն է եւ խորխորատը պատուած: Եթէ քար նետես` քարի ձայն կու գայ, եթէ փորես` ժայռ կը ցցուի:
Ահա ինչու մեր եկեղեցիները նստած են հաստատուն հիմքերի վրայ եւ նրանց աղօթքը տեւական է:
***
Այդ երկու հակադիր աշխարհները, հիմա որ երկինքը տժգոյն ժպիտով պատուհանից ներս է նայում-գլխիս մէջ հազար մտքեր են արթնացնում:
Ասում եմ, մեր աչքերի առջեւ կեանքի պարզած այս տեսարանները մեր հոգիների մէջ ծալքեր են բաց անում, ուր թագնուած է ճակատագրի գերագոյն գաղտնիքը: Ռիթմը որով ընթանում են եղանակները` մեր էութեան սարսռող զնտանի վրայ, ոսկէ մրճով անդադար զարնում է` նոր արձագանգներ որոնելու համար: Ու մարդը լիովին մարդ է միայն այն ժամանակ երբ պատրաստ է իր ձայնի կամուրջը նետելու ուրիշ ձայներին:
Իսկական անհատականութիւնը գերազանցապէս ճարտարապետ է:
Կառուցանել մեր մարմնի, մեր զգացողութեան, մեր հոգիի մէջ ամբարուած անհամար ուժերով տեւական արժէքներ, ոգեղինացնել նիւթը, դրոշմել մեզ տրորող թափի բոցավառ թռիչքը, քանդակել եւ իրականացնել երազը, ու մեր էութեան միջից դուրս հանած գանձերով զարդարել տաճարը, որտեղ մենք հաղորդակցութեան մէջ պիտի մտնենք յաւիտենութեան հետ, ահա՛ կամուրջը:
Անհատը կամ ազգը որը կորցրած է, կամ երբեք չէ գտած կառուցողական ռիթմի այդ զգացումը, այդ գիտակցութիւնը, կէս դիակ է:
Ամբողջ տիեզերքը լեցուն է կռոյթով: Աստղերը, աշխատող մարդը, անտառի մէջ քայլող վայրենի գազանը, ժայռի գլխից շառաչող ջրվէժը, փողոցի շարժումը, պետութեան գործունէութիւնը, մարդկային սիրտը եւ թոքերը, մտքի զարգացումը, զգացումի աստիճանական փթթումը, գիտութիւնները, փիլիսոփայութիւնները, ամէն ինչ:
Ու մեծ արհաւիրքները, մեծ դժբախտութիւնները մեզ այցելում են այն ժամանակ, երբ գերագոյն կշռոյթը լքում է իր ղեկը, երբ մեր նաւի տարողութիւնը եւ հաւասարակշռութիւնը այլեւս չի համապատասխանում ծովի ներքին կեանքի օրէնքներուն:
Եւ այդ իմաստով, եթէ լաւ մտածենք, ամէն ինչ արուեստ է եւ ճարտարապետութիւն:
Հանճարը այն է, որը ազատագրող ծնունդի մէջ գտնում է իր եսի կայուն հաւասարակշռութիւնը: Եւ արուեստը ուրիշ բան չէ, եթէ ոչ տիեզերական ոգու գերագոյն ճարտարապետութիւնը:
Արդ, երբ մտածում եմ, որ Հայաստանը քար է, ենթադրում եմ` նաեւ որ այդ կարծր եւ տեւական նիւթը պատրաստ է գտնելու գերագոյն իր ձեւը:
Հայ ազգը կամ` պիտի կառուցանի կամ` պիտի անհետանայ վերջնական մահով: Պիտի գտնի իր եսի կայուն հաւասարակշռութիւնը, այսինքն ինքնայատուկ իր ձեւը, իր կշռոյթի ուրոյն կեանքը, իր հոգու տեւական պատկերը, աշխարհի հետ իր ունեցած յարաբերութեան ինքնուրոյն միջոցը եւ տիեզերքի հետ անմիջական հաղորդակցութեան մէջ մտնելու համար իրեն ձեռքով շինուած կամուրջը:
Ինչ բախտաւոր եւ ի՛նչ դժուարին հեռանկար:
Հայը կամ պիտի լինի հերոսաբար մեծ, յանդուգն, տիտանիք-Սիքստինայի պատերի մէջ փակուած Միքէլ Անճելոյի նման – կամ չպիտի լինի:
Եթէ գիւմրիցի, կռացած քիթով վաճառականի նման, ռուսական շապկան գլխին դրած, նա պիտի նետուի մինչեւ Մոսկուա, մինչեւ պերլին` երկրի կրծքից պոկած քարի կտորները ծախելու համար, նա կը նպաստի ուրիշների փողոցների սալայատակումին, ուրիշների տների պատերի բարձրացման, եւ մուրացկանի ժպիտը երեսին, պարապ հոգով ու պարապ մտքով տուն կը վերադառնայ իր անփառունակ խորշի մէջ մտնելու համար:
Յունաստանի մարմարների հանքերը հռչակ ունէին Ֆիտիասի պատճառով: Կարարան հարուստ է Նիկոլա Պիզանոյի, Դոնատէլլոյի, Միքէլ Անճելոյի հանճարներով:
Այո՛, քարը շարժուելու վիճակուած է: Բայց քանդակուած, արձանի, ձեւի, ոճի վերածուած, գրեթէ աննիւթացած, հոգեղինացած:
Քարը հոգի է:
Դարեր առաջ, ծովափի տատանուող ճահիճների վրայ հայրենիք կառուցանելու համար, աշխարհի ամէն կողմից եկած վենետիկցիները տառապեցին քարի ծարաւով: Նրանք ընկան ծովից ծով, ճարճատող առագաստանաւերի վրայ սեղմուած, նրանք ճեղքեցին փոթորիկների կուրծքը, հեռաւոր աճերի շուրջը արկածախնդրօրէն կռիւ մղեցին մի սիւնի համար, պորֆիրէ մի քանդակի կամ կէս փշրուած մի արձանի համար եւ որովհետեւ քարը ջուրի վրայ չէր կարող կանգնել, նրանք հազարաւոր գերաններ մխրճեցին ճահիճների մէջ` մեծ երազին եւ մեծ իրենց աղօթքներին տուն տալու համար:
Եւ Բազիլիկոսի վրայից ոսկիները թռիչք առին: Արեւը բոյն դրեց գոյների վրայ: Սուրբ Մարկոսի զանգակատան գլխին կանգ առաւ` իր ոսկէ թեւերը անհունին քսելով` քաղաքի պաշտպան հրեշտակը եւ Լագունայի լուսաւէտ կոհակները մեղմօրէն ծփացին մարմարէ սանդուխների մօտ:
Այսօր հայ մարդը կանգնած է իր ամեհի լեռների, իր հսկայ ժայռերի եւ քարքարուտ իր դաշտերի առջեւ` աղքատ եւ վիրաւոր, մսերը բաժան-բաժան եղած, սիրտը անիրաւուած, եւ երազը խորտակուած:
Եւ մինչ ժողովրդները վատօրէն լռել են, մինչ դարը, ուրացումի քօղը երեսին նետած, իր մաշած ոսկիների ետեւից է վազում, Հայոց լեռներին կարաւանները շարժւում են ու բուք ու բորանի միջից, հայ երկրի սիրտը տրոփում է եւ քարը սկսում է խօսիլ:
Քարը հոգի է:
Ու քարը` ստորին, մեռած նիւթ է, եթէ նա կերպընկալ մակերեսի վրայ չդրոշմուի մեզ տանջող միտքը, եթէ երկաթէ հուժկու հարուածներով չփոխանցուի նրան մեր կենդանի մսերի թրթռումը, եթէ նրա ճչող ծալքերի մէջ չթագցնեն մեր էութեան կենտրոնի միջից պոկած տիեզերական գաղտնիքը, եթէ չկուտակուի` հաւասարակշռութեան օրէնքների պարտադրութեամբ` իբր գերագոյն նշան նոր մի աշխարհագիտութեան եւ աշխարհազգացումի:
Ի զուր չէ, որ դարերի խաւարը պրպտող մարդիկ անդադար պեղում են հեռաւոր երկրների հողերը, անապատների աւազը, լճերի եւ ծովերի խոր գիշերը` որոնելու համար քարի այն կտորները, որոնց վրայ արձանագրուել է մարդկութեան ոգին: Բոլոր մեռած ճանապարհներում մի մի հոյակապ Ատլանտիտներ կան, որոնց հետ անհրաժեշտ է որ մենք հաղորդակցութեան մէջ մտնենք նոր Ատլանտիտներ կառուցանելու համար:
Տարածութեան եւ ժամանակի շռականութեան հաստատուն հիմքերի վրայ մենք կառուցանում ենք աստղերի պտուտող ներդաշնակութիւնը:
Մարդկային մարմնի գերագոյն ձգտումները տեւականութեան հետ խօսող նշանաբանների են վերածւում: Նիւթը դառնում է սիմվոլ:
Ֆալուսը մահի կրծքին ցցուած գերեզմանաքար, աշտարակ ու ապա մեծահնչուն զանգակատուն:
Մարմինը` վճռական ձեւի մէջ ապրող արձան:
Ոգին` տիեզերքի եւ յաւերժի հիմնական օրէնքները համադրող տաճար:
Հիմա – լսո՞ւմ էք – Հայաստանի ժայռերը շարժւում են, խորխորատների եւ ձորերի մէջ թագնուած դարաւոր ձայները հսկայ փեթակների նման վխտում են, կարծր հողերի տակից քարացած շերտերի դղրդիւնն է լսւում:
Քարը խօսումէ`:
Լսո՞ւմ էք:
***
Այստեղ, մրրիկը դեռ թմբկում է պատուհանիս վրայ:
Ձիւն է. իսկ ձիւնի տակ պարապ: Կէս փթած գերանները, այլեւս ուժասպառ, չեն կարողանում կրել հսկայ այն երազը որով բեռնաւորուած են:
Յոգնած, շէնքերը մէկ ոտքը դնում են տիղմի մէջ, մխրճւում, եւ ծռուած իրենց մարմնի հաւասարակշռութիւնը փնտռում: Տաճարները զատւում են եւ հարբած մարդկանց նման թեւերը բոլորում անկայուն զանգակատուների շուրջը:
Ջուրը որսում է խորտակուող զանգակները: Համբերատար ակռաներով, կամաց-կամաց, մաշում ու կրծում է պալատների հիմքերը, քարերի միջից վեր բարձրանում եւ մգլոտած իր դէմքը դուրս ցցում` որմնանկարների արցնքոտ գոյների միջից:
Մտածում եմ, երբ ահագին աղմուկով, մի օր, ոսկէ այս քաղաքը, յանկարծ խորասուզուի ծովի մէջ, ո՞ւր պիտի գնան պորֆիրէ հայ այն զինուորները, որոնք իրար փաթուած կանգնել են Դօժերի Պալատի առջեւ:
Ո՞ւր պիտի գնան.-
Եթէ հեռաւոր իրենց հայրենիքին մէջ, նոր մի զանգակատան ղօղանջը մետաղէ իր թեւը չզարնէ անհունին եւ բարձր իր կատարից նշան չանի:
Մութ է: Մրրիկը անընդհատ հեծում է:
ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ