Նորից յունուար է: Ու յիշողութիւնը նորից տեղափոխում է մեզ 1990թ. յունուարի Պաքու, որտեղ 27 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան իրենց դաժանութեամբ ու վայրագութեամբ աներեւակայելի իրադարձութիւններ:
Յունուարի 13-19 ազրպէյճանական մայրաքաղաքում շարունակւում էր արիւնալի գինարբուքը, որի ընթացքում անողոքաբար սպաննուեցին հարիւրաւոր անմեղ մարդիկ ու վտարուեցին Ազրպէյճանի կէսմիլիոնանոց բնիկ եւ, չափազանց կարեւոր է նշել, պետականութիւն կերտած հայկական բնակչութեան վերջին ներկայացուցիչները: Ու թէեւ այդ սեւ շաբաթից արդէն աւելի քան քառորդ դար է անցել, ողբերգութիւնն այդ դեռ շարունակում է ցաւով արձագանգել հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ, նրանց սրտերում, ովքեր անձամբ են վերապրել այն, մեր բոլոր հայրենակիցների, ովքեր ընկալեցին այն որպէս սեփական ողբերգութիւն:
Մեր ժողովրդի գիտակցութիւնը չի կարող հաշտուել այդ հրէշաւոր յանցագործութիւնների հետ: Գոնէ նրա համար, որ Ազրպէյճանի իշխանութիւնները մինչ օրս չեն ապաշխարել հայկական բնակչութեան զանգուածային սպանութեան ու տեղահանման համար, որոնք միջազգային իրաւունքի կողմից միանշանակ որակւում են որպէս ցեղասպանութիւն: Իսկ այն, որ հայկական ազգաբնակչութեան` որպէս ցեղի նկատմամբ Ազրպէյճանում իրականացուած բռնարարքները ցեղասպանութիւն էին, կասկած չի յարուցում: Դա մատնանշում է, առաջին հերթին, յանցագործութիւնների կազմակերպուած ու ծրագրաւորուած բնոյթը` իրագործուած բացառապէս ազգային պատկանելութեան հողի վրայ:
Այսօր պաշտօնական Պաքուն 1990-ի յունուարի իրադարձութիւնները փարիսեցիաբար ներկայացնում է զուտ որպէս… անկախութեան համար ազրպէյճանական ժողովրդի ժողովրդավարական շարժում, որը ճնշուեց խորհրդային վարչակարգի կողմից: Աւելի՛ն. յունուարի 20-ին, որն Ազրպէյճանում «սեւ» է անուանւում, այստեղ, աւանդոյթի համաձայն, կը մեծարեն արիւնալի ողբերգութեան «հերոսներին», ովքեր անխղճօրէն սպաննել ու վտարել են Պաքուի հայերին, որոնց ձեռքերով կառուցուել է այդ քաղաքը: Ընդ որում, ողբերգութեան 27-ամեայ վաղեմութեան իրական զոհերի մասին խօսք անգամ չի լինի, ինչն ամենեւին զարմանալի չէ, քանի որ այսօր Ազրպէյճանում ազգայնամոլութեան ու այլատեացութեան գաղափարախօսութեամբ դաստիարակւում է ազրպէյճանցիների արդէն նոր սերունդ:
Կան անհերքելի փաստեր` լիիրաւ պնդելու, որ Ազրպէյճանը ցեղասպան պետութիւն է: Յունուարեան ջարդերն ու Պաքուի հայերի կոտորածը դարձան Ազրպէյճանի ղեկավարութեան կողմից անցկացուող հակահայկական բազմամեայ քաղաքականութեան բարձրակէտը: Անկախ նրանից, թէ պատմական այս կամ այն շրջանում ով է գլխաւորում իշխանութիւնը` մուսաւաթականները, համայնավարները, այսպէս կոչուած, Ժողովրդական ճակատի դեմոկրատները, ովքեր հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից ու իրագործողներից էին, կամ ներկայիս բացայայտ ցեղապաշտ վարչակարգի ներկայացուցիչները, ովքեր պատերազմ են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դէմ ու չեն հրաժարւում ղարաբաղեան հիմնախնդրի ուժային լուծումից: Այս քաղաքականութեան հիմքում արմատական ուղղուածութիւն ունեցող ազգայնամոլութիւնն է, որը հարիւրամեակի ընթացքում այդպէս էլ փոփոխութիւն չի կրել, իսկ մեր օրերում վերաճել է բացայայտ ֆաշականութեան:
«Ողբերգական ու դառը իրականութիւնը նրանում է, որ դեռեւս խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի հանդէպ խտրականութեան քաղաքականութիւն էր վարւում, իսկ ԽՍՀՄ գոյութեան վերջին տարիներին` ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի համապատկերին, Ազրպէյճանի իշխանութիւններն արդէն դիմեցին ցեղասպանական քաղաքականութեան», նշել էր Համպուրկի համալսարանի փրոֆեսէօր, դոկտոր Օթթօ Լիվխթենհարտը: Նրա խօսքով, Ազրպէյճանի պետական քաղաքականութիւնը ենթադրում էր բնակչութեան շրջանում հայերի նկատմամբ ատելութեան ձեւաւորում ու խորը արմատաւորում, ինչի դրսեւորումը դարձան Սումկայիթի, Պաքուի եւ այլ վայրերի սահմռկեցուցիչ իրադարձութիւնները:
Վերյիշենք պատմութեան ողբերգական իրադարձութիւնները, որոնք դարձան Ազրպէյճանի ցեղասպանական գործողութիւնների երկար շղթայի օղակները, շղթայ, որ սկիզբ է առնում 20-րդ դարի արշալոյսին: 1905-ին, 1918-ին` Պաքւում, 1920-ին` Շուշիում, 1988-ին` Սումկայիթում, Կիրովապատում ու Պաքւում, 1990-ին` դարձեալ Պաքւում: Պաշտօնական Պաքուի յանցաւոր քաղաքականութիւնը շարունակուեց եւ 21-րդ դարում, ինչն իր արտացոլումը գտաւ հրադադարի մշտական խախտումների ու խափանարարական գործողութիւնների մէջ, ինչի արդիւնքում զոհւում են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք: Ազրպէյճանական իշխանութիւնների ցեղապաշտական էութեան շնական դրսեւորումը դարձաւ Լեռնային Ղարաբաղի դէմ անցած տարուայ ապրիլեան յարձակումը, որի ընթացքում զինծառայողներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկուեցին հրէշաւոր կտտանքների ու անարգանքի: Ձեռագիր, որ յատուկ է «Իսլամական պետութիւն» ահաբեկչական յայտնի կազմակերպութեանը: Ու եթէ աշխարհը ցնցուեց ԻԼԻՊ-ի բարբարոսական գործողութիւններից եւ որոշեց վերջ տալ այդ չարիքին, ապա Ազրպէյճանի դէպքում նոյն այդ աշխարհը մինչ օրս քար լռութիւն է պահպանում:
Հէնց դրանում է կայանում 1990-ի յունուարի ողբերգութիւնը: Անգամ աւելի քան քառորդ դար անց այն ժամանակուայ չարագործութիւններն այդպէս էլ չստացան միջազգային հանրութեան իրաւական, քաղաքական ու բարոյական արժանի գնահատականը: Նման անտարբերութիւնը, ի հարկէ, Պաքուի իշխանութիւններին խրախուսում է նոր յանցանքների, ինչը հաստատեցին վերը յիշատակուած հետագայ իրադարձութիւնները: Ժամանակն ապացուցեց, որ Ազրպէյճանը բոլորովին մտադիր չէ գիտակցել իր մեղքն ու պատասխանատուութիւնը, աւելի՛ն, նա չի հրաժարւում Լեռնային Ղարաբաղն ուժի ճանապարհով զաւթելու գաղափարից` նրա բնակչութեան հանդէպ նոր ցեղասպանութիւն իրականացնելու համար:
Կարծում ենք` տուեալ հանգամանքը պէտք է հասկանան եւ ուշադրութեան առնեն ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած քաղաքական գործիչներն ու պետութիւնների ղեկավարները եւ, ամէնից առաջ` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան: Նրանք վաղուց արդէն պէտք է գիտակցեն, որ ներկայ պայմաններում երկու ժողովուրդների պատմական հաշտեցմանն ուղուած կոչերը բոլորովին անիմաստ են: Իսկ մենք պարտաւոր ենք սրբութեամբ պահելու մեր հարիւրաւոր հայրենակիցների յիշատակը, ովքեր դարձան Ազրպէյճանի իշխանութիւնների յանցաւոր քաղաքականութեան զոհերը: Միաժամանակ` անհրաժեշտ դասեր քաղել մեր պատմութիւնից, որպէսզի այնպիսի ողբերգութիւններ, ինչպիսին Պաքուինն է, չկրկնուեն: