Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Մենք Մեր Խաղաղութիւնն Ենք Կերտում

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ 

Թէ ե՛րբ աւարտին մօտեցաւ 2016 թուականը` արեւելեան օրացոյցի Կապիկի տարին, դժուարանում եմ ասել: Ժամանակի հոլովոյթը կարծես թէ չափից դուրս սրընթաց էր տարուան հետ կապուած մեր սպասումների համեմատ: Դարձեալ առկախ մնաց աշխարհի մայրաքաղաքներում տասնամեակներ ի վեր չարչրկուող ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը: Եւ, ինչպէս նախորդ տարեդարձին էր, այս անգամ եւս, երբ արդէն նոր տարուան այգաբացն իր ծուղրուղույով ազդարարում է նոյն այդ օրացոյցի մէկ այլ կենդանակերպ խորհրդանիշ` Հրեղէն աքաղաղը, Արցախում վերստին ահագնացած է անընդհատ թարմացուող աւերիչ պատերազմի  վերսկսման  հնարաւոր վտանգը: Մանաւանդ դեռ չենք էլ հասցրել թէկուզ փոքր-ինչ մեղմել Կապիկի տարուան ապրիլեան պատերազմում նոր սերունդների հայրենեաց քաջարի պաշտպանների նահատակութեան համար մեր ապրած անանց ցաւն ու կսկիծը:

Բայց ասում են` Հրեղէն աքաղաղի  տարին, իւրայատուկ լինելով բոլորի համար, խոստանում է շատ աւելի վառ եւ յիշուող լինել: Տայ Աստուած: Բայց թէ մեզ համար վառ ու անմոռաց ի՞նչ է նա խոստանում` առայժմ հարց է: Է՜հ, ասենք` Աստուած իր հետ:  Արցախցիներիս յոյսն ու ապաւէնը ո՛չ արեւելեան օրացոյցի խորհրդանիշերն են, ո՛չ էլ աշխարհի այսօրն ու վաղը սեփական կամեցողութեամբ չափուձեւող մեծ մայրաքաղաքների կամքը: Մենք ինքներս, առանց աջ ու ահեակ նայելու, մեր խաղաղութիւնն ենք կերտում եւ ամրապնդում, ինքներս սպեղանի դնում մեր վէրքերին ու շարունակում շէնացնել հայրենի եզերքը` քառորդ դար առաջ մեր իսկ կամքով հռչակուած հայոց զուգապետութիւնը: Բայց ո՞ւմ ապաւինելով` կարող է օտարները տարակուսած հարցնեն ու հարցնում էլ են: Ինքներս մեզ, ի հարկէ: Մենք ենք մեր ամենայուսալի ապաւէնը, մեր համազգային միասնութիւնն ու համախմբուածութիւնը հայոց սուրբ առաքելութեան` պատմական հայրենիքի ազատագրութեան առաջամարտիկների` ազատ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շուրջ:

Մենք ուժ ենք, անկոտրում ուժ: Քանզի առաւել, քան գուցէ երբեւէ, միասնական ենք, իրար թեւ-թիկունք: Դիմէք ցանկացած արցախցու, եւ նա նոյնը կասի: Անյապաղ, անվարան: Առանց երկար ու բարակ ծանր ու թեթեւ անելու: Արցախեան առածն ասում է` «Պառաւը գիտկան չէ` գլխին եկած է»: Արցախցին իր ապրած առնուազն վերջին երեք տասնամեայ փորձից յստակ գիտէ, թէ ի՛նչ ասել է ազգովի բռունցքուել, ու թէ պէտք է` նոյն այդ բռունցքով  չարակամի յօնքամիջին զսպիչ կամ մահացու հարուած հասցնել: Այո՛, հէնց այդպէս: Ինչպէս տասնամեակներ առաջ էր` 1991-94-ին եւ ինչպէս  ընդամէնն ամիսներ առաջ` ապրիլին: Արցախցին, ինչպէս որ մեր իւրաքանչիւր արիւնակից Հայաստանում, թէ սփիւռքում, քաջ գիտակցում է, որ Աստծոյ կամօք ազգային գոյատեւման ու յարատեւման պատմական մեծ առիթ է տրուած մեր ժողովրդին. զլացա՞ր օգտագործել այն, գէթ պահ մի վարանեցի՞ր` պահ անց դու դու չես մնայ, ու քեզ չի մնայ, օտարի ոտքի կոխան կը դառնայ քո նախնեաց բնօրրանը, քո ժառանգների` աշխարհում ամենա-ամենաապահով ապագայի երաշխիքը` հող հայրենին:

Այս ամէնը, կ՛ասէք, մենք գիտենք: Հարկա՛ւ, գիտենք: Մեծից փոքր: Բոլո՛րս: Կամ երեւի բոլորս: Բայց ես դա ասում եմ գուցէ թէ առաւելապէս նրանց այն օտարներից, ովքեր չգիտեն եւ կամ գիտեն, բայց անտարբեր են նախնեաց եզերքում բնաւորուած ապրելու, արարելու հայի դարաւոր երազանքի, պատմական հայրենիքում ի վերջոյ հաստատուած ու կայացած ազգային պետութիւն-պետութիւններն աչքի լոյսի պէս պահել-պահպանելու աննահանջ կամքի, մեր հոգեկան կերտուածքի, առհասարակ` հայի ցեղային տեսակի նկատմամբ: Ասում եմ, օրինակ, ղարաբաղեան հիմնախնդրի հարցով միջազգային միջնորդի դեր ստանձնած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան ղեկավարութեանը, նրա Մինսքի խմբի համանախագահութեանը` սկսած համանախագահ երկրների առաջին դէմքերից մինչեւ նրանց կողմից լիազօրուած միջնորդ-դեսպանները, ովքեր, այսպէս ասեմ` բառացիօրէն չեն ուզում ընկալել կամ եթէ ընկալում են, ապա աշխարհաքաղաքական եւ կամ տարածաշրջանային զարգացումներում  սեփական ազգային-պետական շահերի թելադրանքով յամառօրէն անտեսում են խնդրոյ առարկայ հիմնախնդրի, այդ գետնի վրայ անցած դարավերջին առաջացած ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան բուն պատմական, քաղաքական, իրաւական. ընկերային-տնտեսական, կրթամշակութային դրդապատճառները:

Արդիւնքում ի՞նչ ենք տեսնում: Ինչպէս 80-ական թուականների վերջերին էր, այսօր եւս` շուրջ երեք տասնամեակ անց, նոյն անխաթար Գորդեան հանգոյցն է ահաւասիկ, որի ծայրերն իրար են ագուցուած կարծես թէ վերստին անիմանալի ձեւով: Արդեօք միջնորդական առաքելութիւնն ի զօրո՞ւ է կրկնել  Մակեդոնացու դերակատարութիւնը` թրի մէկ հարուածով այն քանդելու համար: Այո` համոզուած են ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահութիւնում: Եւ որպէս այդպիսին`  մշակելու, որպէս հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած  բանակցութիւնների քննարկման խնդիր, ահա տարիներ ի վեր շրջանառութեան են դրել ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման, այսպէս կոչուած, Մատրիտեան սկզբունքները:

Քանիցս լրամշակուած այդ փաստաթղթի դրոյթներին, ինչպէս յայտնի է, վերջին անգամ  անդրադարձ է կատարուել  դեկտեմբերի 8-ին, Համպուրկ քաղաքում, ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ նիստի շրջանակներում Մինսքի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսայի, Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների  արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների ընդունած համատեղ յայտարարութեան մէջ: Այն ամբողջութեամբ հրապարակուել է մամուլում, ուստի  խուսափենք լրիւութեամբ վերաշարադրելու անիմաստ գայթակղութիւնից: Անդրադառնանք փաստաթղթի միայն առանձին առանցքային շեշտադրումների:

Եւ այսպէս, նախ, կողմերին յիշեցւում է, որ կարգաւորումը պէտք է հիմնուի Հելսինքիի եզրափակիչ աքթի սկզբունքների վրայ, մասնաւորապէս` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան, ժողովուրդների հաւասար իրաւունքների եւ ազատ ինքնորոշման վրայ: Ապա փաստաթղթի հեղինակները միաժամանակ, որպէս համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկուած լրացուցիչ տարրեր, շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղին յարակից տարածքները պէտք է վերադարձուեն Ազրպէյճանի վերահսկողութեանը, բոլոր տեղահանուածներին եւ փախստականներին իրաւունք վերապահել վերադառնալու  իրենց բնակութեան նախկին վայրեր: Վերջապէս,  Լեռնային Ղարաբաղն օժտւում է ժամանակաւոր կարգավիճակով, որը «նրան կը տայ անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներ», իսկ Լեռնային Ղարաբաղի ապագայ իրաւական կարգավիճակը կը սահմանուի «պարտադիր իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեամբ»:

Ինչպէս ակնյայտ է յայտարարութեան բնագիրից, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահութիւնը` ի դէմս այդ երկրների արտաքին գործոց նախարարների, փաստօրէն, որպէս պարտադրանքի գործօն ամրագրում են Լեռնային Ղարաբաղին յարակից տարածքները Ազրպէյճանի վերահսկողութեանը վերադարձնելու հրամայականը եւ բոլոր տեղահանուածների ու փախստականների իրենց բնակութեան նախկին վայրեր վերադառնալու իրաւունքը: Ուշագրաւ է, որ թէկուզ ենթաբնագրային իմաստով ոչ մի ակնարկ չի արւում, նախ, Ազրպէյճանի կողմից բռնազաւթուած ԼՂՀ տարածքների` (Շահումեանի շրջան, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի շարք հատուածներ) վերադարձի, ապա եւ`  Ազրպէյճանից տեղահանուած շուրջ կէս միլիոն հայ փախստականների իրաւունքների մասին (դժուար չէ կռահել` յայտարարութեան մէջ խօսքը վերաբերում է բացառապէս ազրպէյճանական ազգութեան քաղաքացիներին): Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակին, ապա այդ կապակցութեամբ յայտարարութեան դրոյթը, անորոշ ու յեղյեղուկ լինելով, չի դիմանում եւ ոչ մի քննադատութեան:

Նշենք նաեւ, որ յայտարարութեան մէջ խստիւ դատապարտւում են ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումը, ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագութիւնները: Միեւնոյն ժամանակ դրանք այն աստիճան անհասցէ են ամրագրուած, որ բանից անտեղեակ միջազգային հանրութեան համար անհնար է տարբերակել յարձակողին եւ այդ յարձակումէն պաշտպանուողին, վայրագութիւնների դիմած եւ նոյն այդ վայրագութիւններից տուժած կողմերին: Այլ կերպ ասած` փաստաթղթի հեղինակներ, կազմելով այն,  իրականում առաջնորդուել են խորհրդային իրականութիւնից բոլորիս քաջ յայտնի համահարթեցման տխրահռչակ սկզբունքով:

Նոյն այդ համահարթեցման եւս մէկ ուշագրաւ դրսեւորում. յայտարարութեան հեղինակները կոչ են անում Պաքուին եւ Երեւանին` յարգելու մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում եւ յունիսի 20-ին Ս. Փեթերսպուրկի գագաթնաժողովում ընդունուած համատեղ յայտարարութիւններում ամրագրուած համաձայնութիւնները: Թէկուզ նրանց իսկ` Մինսքի խմբի համանախագահ երկրների համար վաղուց պարզ ու ակնյայտ է, որ այդ համաձայնութիւններից ոչ միայն խուսափում, այլեւ դրանց իրականացմանը բոլոր հնարաւոր եւ անհնարին միջոցներով խոչընդոտում է բանակցող կողմերից միայն մէկը` Ազրպէյճանը: Արդեօք կը կարողանա՞ն միջազգային միջնորդները նոր տարում համոզել կամ պարտադրել Պաքուին, որպէսզի համաձայնի ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գծի իր մասում դիտարկման ու հետաքննութեան մեքանիզմների իրականացմանը: Կարծում եմ` դժուար թէ: Քանզի Ազրպէյճանի իշխանութիւններին համակած  անպատժելիութեան զգացումն այսօրուան դրութեամբ, ինչո՞ւ չէ, նաեւ մօտ ապագայում աւելի ուժեղ է, քան` կարգաւորման միջնորդ երկրների կողմից Պաքուին պարտադրելու միասնական կամքը: Եթէ կամքն այդ,  ի հարկէ, գոյութիւն ունի առհասարակ:

Կա՞յ այլ ելք: Անշո՛ւշտ: Բայց դա արդէն Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի խնդիրն է:

Խօսքիս աւարտին ուզում եմ նշել մեր համազգային միասնութեան ուժը  խորհրդանշող այսպիսի մի իրողութիւն: Օրերս Լոս Անճելըսի բնակչուհի, հալէպցի արմատներով 85-ամեայ Վիքթորիա Շաքարեանը, ով օրուան ցերեկային ժամերն անցկացնում է քաղաքի «Վիքթորիա» առողջապահական կենտրոնում, իմ հասցէով ուղարկել է ծանրոց` մէջը իր իսկ ձեռքով յունիսի կէսերից ի վեր գործած 50 զոյգ տղամարդու եւ 8 զոյգ կանացի տաք գուլպաներ` Արցախի դիրքապահ զինուորներին յանձնելու համար: Որպէսզի Հրեղէն աքաղաղի տարուան ձմեռը տղաները եւ աղջիկները չմրսեն: Վիքթորիա մայրիկի խօսքով` դա նրա առաջին ուխտն է: Երկրորդ ուխտն է` գալ Հայաստան եւ համեղ կերակուրներ պատրաստել հայրենեաց պաշտպան զինուորների համար: Ծանրոցն անյապաղ յանձնելով Պաշտպանութեան  բանակին, իմացայ, որ գրեթէ նոյնատիպ պարունակութեան ծանրոցներ են վերջերս ստացուել նաեւ Ֆրանսայում ու Հայաստանում ապրող հայ մամիկներից: Վերյիշենք` այդպէս էր նաեւ Բ. Աշխարհամարտի ահեղ տարիներին: Այդպէս էր նաեւ քսաներորդ դարավերջի հայոց ազատամարտի` արցախեան հայրենական պատերազմի ոչ պակաս ահեղ տարիներին: Համոզուած եմ` ոք չի կարող անտարբեր մնալ իրենց կեանքի դարավերջին հասած այդ ճերմակահեր հայուհիների հայրենասիրական քայլին: Ուստի ձեզ հետ միասին որդիաբար խոնարհւում եմ նրանց լուսաւոր կերպարների առջեւ` մաղթելով առողջութիւն ու արեւշատութիւն, հայոց աշխարհին` վերջնական խաղաղութիւն ու բարօրութիւն Հրեղէն աքաղաղի տարում եւ գալիք բոլոր ժամանակներում:

Ստեփանակերտ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>