ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուսական «ՌԻԱ Նովոսթի»-ին տուած հարցազրոյցում ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ ուշագրաւ յայտարարութիւններ է արել: «Տարածաշրջանը (նկատի ունի Արցախը, հեղ.) կարող է դառնալ ինքնավար հանրապետութիւն: Խոհեմ փոխզիջումը հնարաւոր է. ԼՂ-ի բնակչութեան անվտանգութեան, կենսագործունէութեան, ինքնավարութեան ապահովում, Ազրպէյճանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրականացում, երկու ժողովուրդների խաղաղ գործակցութիւն` ԼՂԻՄ–ի կազմից դուրս տարածքների ազատման պայմանով: Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան հարցում փոխզիջում չի կարող լինել», ասել է Ալիեւը` յաւելելով, որ Ազրպէյճանը երբեք չի գնայ ԼՂ-ի անկախութեան ճանաչմանը: Նա նաեւ յայտարարել է, թէ չնայած ներկայումս նման ծրագրեր չկան, սակայն չի կարելի բացառել ապագայում Ազրպէյճանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին: «Համարկման գնալու համար հարկաւոր է տնտեսական, ընկերային կամ ցանկացած այլ մղիչ ուժ: Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղութեամբ», ասել է նա:
Ըստ էութեան, Ալիեւն առաջարկում է զրոյացնել անցած` գրեթէ 30 տարիները եւ վերադառնալ 1988թ. սթաթիւս քուոյին. Արցախը ԼՂԻՄ սահմաններում վերադառնում է Ազրպէյճանի կազմում ինքնավարութեան իր նախկին կարգավիճակին, դրան յարակից բոլոր շրջանները, որոնք ներկայիս Արցախի Հանրապետութեան մաս են կազմում, յանձնւում են Ազրպէյճանին: Դրա դիմաց Պաքուն, ուշադրութիւն դարձնենք, խոստանում է ապահովել այդ տարածքում հայ ազգաբնակչութեան խաղաղ գոյութիւնը: Այսինքն փոխզիջումը Ալիեւը տեսնում է ոչ թէ նոյնիսկ ինքնորոշման իրաւունքի իրացման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների միջեւ, այլ Ազրպէյճանում արցախահայերի ֆիզիքական գոյութեան հետ Պաքուի համակերպման:
Թէեւ գործ ունենք ալիեւեան նոյն առաւելապաշտութեան հետ, սակայն հարկ է ուշադրութիւն դարձնել մի քանի հանգամանքի: Նախ` Ալիեւի այս յայտարարութիւններն ամբողջութեամբ դուրս են ԼՂ հարցով բանակցային գործընթացի տրամաբանութիւնից եւ ուղղակիօրէն հակասում են Մատրիտեան սկզբունքներին, որոնք, որպէս բանակցութիւնների հիմք, Պաքուն համարել էր ընդունելի: Այդ սկզբունքների վերջին խմբագրութիւններում կամ աշխատանքային հրապարակուած տարբերակում փաստացի խօսքը գնում է ԼՂ-ին միջանկեալ կարգավիճակի շնորհման եւ, որ աւելի էական է, արցախցիներին ինքնորոշման` պարտադիր իրաւական ուժ ունեցող կամաարտայայտման իրաւունքի ընձեռնման մասին:
Չնայած ինքնին այն փաստը, որ դրանում ժամկէտների հարցը թողնւում էր անորոշ ապագայի, արդէն անընդունելի է դարձնում Մատրիտեան սկզբունքները, սակայն գոնէ ինքնորոշման իրաւունքի մասին այնտեղ խօսւում էր: Հիմա, փաստօրէն, Ալիեւն ասում է, թէ համաձայն չէ նոյնիսկ այդ աղաւաղուած իրողութեանը, որովհետեւ Պաքուն արդէն արցախցիների փոխարէն որոշում է, որ նրանք պէտք է լինեն Ազրպէյճանի կազմում եւ ունենան միայն սահմանափակ ինքնավարութիւն: Սա ոչ միայն Մատրիտեան սկզբունքները, այլեւ, առհասարակ, բանակցային ներկայիս գործընթացը մերժելու բացայայտ քայլ Ազրպէյճանի նախագահի կողմից: Նա եւ Հայաստանին, եւ միջազգային հանրութեանը վերջնագիր է ներկայացում` կա՛մ Արցախը Ազրպէյճանի կազմում է, կա՛մ խաղաղ բանակցային գործընթաց չի լինելու, հետեւաբար այլընտրանքը պատերազմն է:
Դրանցով Ալիեւը փաստացի, հրապարակայնօրէն հրաժարւում է նաեւ այս տարուայ մայիսին Վիեննայում եւ յունիսին Ս. Փեթերսպուրկում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից, որոնք, յիշեցնենք, վերաբերում էին ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դէպքերն արձանագրող սարքերի միջոցների տեղակայմանը, ԵԱՀԿ գործող նախագահի դիտարկման խմբի թիմի կազմի ընդլայնմանը, որովհետեւ այդ միջոցառումները նախատեսւում էին ռազմական գործողութիւնների բացառման եւ խաղաղութեան երաշխաւորման պայմաններում բանակցային գործընթացի բնականոն շարունակման համար: Եթէ Պաքուն հրաժարւում է բանակցութիւններից եւ նախընտրում խօսել վերջնագրերի լեզուով, այդ բոլոր կանխարգելիչ միջոցառումները դառնում են անիմաստ:
Ուշագրաւ է, որ Ալիեւն այս` գրեթէ բացայայտ ուղերձները միջազգային հանրութեանը յղում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մօտ օրերս հակամարտութեան գօտի այցելութեան նախօրէին: Սա ակնարկ է, որ Պաքուն պատրաստ չէ խօսել վիեննական եւ փեթերսպուրկեան պայմանաւորուածութիւնների կատարման մասին: Դա է վկայում նաեւ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամետովի այն յայտարարութիւնը, թէ Պաքուն միջնորդներից եւ միջազգային հանրութիւնից հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ յստակ քայլեր է պահանջում: Եթէ նկատի ունենանք, որ Ալիեւը կարգաւորման ներքոյ հասկանում է բացառապէս հայկական կողմի կատարեալ անձնատւութիւնը, ապա Մամետովը տարածաշրջան եկող համանախագահներից պահանջում է միակողմանի ճնշում գործադրել Հայաստանի վրայ` նրան այդ անձնատւութեան մղելու համար:
Պատերազմի հռետորաբանութեանն աստիճանաբար վերադառնալու` Պաքուի այս մարտավարութիւնը, որն ուղեկցւում է շփման գծում խոշոր տրամաչափի դիպուկահարների կիրառմամբ, իրադրութիւնը դանդաղօրէն լարելով, խօսում է երկու բանի մասին: Առաջին` եթէ Ալիեւն այսքան նեարդային կերպով բացառում է ԼՂ-ի անկախութեան ճանաչման հնարաւորութիւնը, այն դէպքում, երբ այս փուլում նման` ուղղակի հրամայական չկայ, նշանակում է` գտնւում է կա՛մ արցախցիների ինքնորոշման իրաւունքի իրացման` իրականացման տեսանկիւնից խեղաթիւրուած սկզբունքին համաձայնելու, կա՛մ վիեննական եւ փեթերսպուրկեան պայմանաւորուածութիւններից բխող իր պարտաւորութիւնները կատարելու արտաքին` չերեւացող ճնշման տակ: Հիմա, փաստօրէն, Պաքուն բազմապատկուած ջանքեր է գործադրում` դիմակայելու այդ ճնշմանը եւ դրա համար կրկին ապաւինում է Ռուսաստանի աջակցութեանը: Թերեւս հէնց այս պարունակում պէտք է ընկալել նրա թափանցիկ ակնարկը ԵԱՏՄ-ին Ազրպէյճանի միանալու հնարաւորութեան մասին:
Երկրորդ` որքան նեարդայնանում է Պաքուն, այնքան մեծանում է նոր մեկնարկային վիճակ առաջացնելու եւ սթաթիւս քուոն փոխելու նպատակով առաջացած փակուղին ռազմական նոր արկածախնդրութեամբ ճեղքելու փորձի հեռանկարը: Թէեւ ապրիլեան պատերազմից յետոյ Պաքուն այլեւս չի կարող խաղարկել անակնկալի գործօնը, սակայն որեւէ կասկած չկայ, որ իրականութեան զգացումը կորցրած Ալիեւից սպասելի է ամէն ինչ, եթէ կարողանայ աշխատեցնել Ռուսաստանին որսալու` ԵԱՏՄ-ին իր անդամակցութեան խայծը: Ալիեւն իր այս յայտարարութիւններով էականօրէն մեծացնում է նոր պատերազմի ռիսքը: