Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17117

Լայն Հայեացք…

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

layn_120815

Տարածքներին,
Որոնք Յանձնել Չի Կարելի

Վերջերս ե՜ւ հայկական, ե՜ւ ազրպէյճանական հասարակութեան մէջ աշխուժացել են, իբր, «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջաններն Ազրպէյճանին յանձնելու» մասին զրոյցները: Նման ասեկոսեների քաթալիզաթորը, հաւանաբար, դարձաւ ռուսաստանեան «Քոմերսանթ»-ի յօդուածի հրապարակումը, որտեղ խօսւում էր, թէ Երեւան կատարած իր վերջին այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը բանակցութիւններ է վարել հայկական կողմի հետ Ազրպէյճանին հինգ շրջաններ յանձնելու մասին` վերջինիս Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցելու պատրաստակամութեան փոխարէն: Ու թէեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Էդուարդ Նալբանդեանը հերքել է այդ տեղեկատուութիւնը` հաղորդելով, որ Լաւրովի հետ բանակցութիւնների օրակարգում տարածքների հարցն ընդհանրապէս չի քննարկուել, յընթացս շեշտելով, որ ղարաբաղեան կարգաւորման գործընթացում անցանկալի զարգացումների համար նախադրեալներ չկան, թեման հայկական հասարակութեան մէջ շարունակում է մնալ առաւել շատ քննարկուողների շարքում: Դժուար է միանշանակ պնդել, թէ, մետիա (զանգուածային լրատուամիջոցների) տարածութեան մէջ այդ ապատեղեկատուութիւնը մտցնելով, ինչ նպատակ է հետապնդել «Քոմերսանթ»-ը: Գո՞ւցէ հայ-ազրպէյճանական սահմանի երկու կողմերում հասարակական կարծիքի  հարցախոյզ է անցկացրել, թէ՞ զբաղուել է քաղաքական բացայայտ շահարկմամբ: Եթէ առաջինը, ապա որոշակի չափով իր նպատակին նա հասել է` իմանալով հայկական կողմի կարծիքը. ոչ ոք թէ՜ Հայաստանում, թէ՛ Արցախում մտադիր չէ որեւէ տարածք յանձնել: Այսպէս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը «Նիուզ» կայքէջին տուած իր մեկնաբանութեան մէջ ընդգծել է, որ «վերադարձ 1920-21 – 1988-91թթ. սահմաններին չի լինի»: Ինչ վերաբերում է Ազրպէյճանին, ապա այստեղ, ըստ երեւոյթին, ոգեւորութեամբ են ընդունել «Քոմերսանթ»-ի հրապարակումը, որը իւրօրինակ բալասան դարձաւ ազրպէյճանական իսթեպլիշմենթի (պետական կառոյցների) հոգուն: Այսպէս, Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամետովը, գտնուելով երջանիկ վիճակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Սերգէյ Լաւրովի Հայաստան կատարած վերջին այցի մասին «Քոմերսանթ»-ի յօդուածից, բառացիօրէն յայտարարեց հետեւեալը. «Եկել է ժամանակը` վերադարձնելու ազրպէյճանական հողերը: Բոլոր բանակցութիւնների էութիւնը կայանում է դրանում»: Դէ, առաջինը` բոլոր բանակցութիւնների էութիւնը բնաւ տարածքների հարցը չէ, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակի հարցը, մնացած խնդիրները վերաբերում են զուտ ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան հետեւանքներին, ինչը Նովրուզովը պաշտօնի բերումով պարտաւոր է իմանալ: Ինչ վերաբերում է բուն տարածքներին, որոնք Լեռնային Ղարաբաղի կողմից յանձնելը կրքոտութեամբ երազում է Ազրպէյճանը, կը ցանկանայինք հարցնել` այդ ինչո՞ւ պէտք է դրանք յանձնել: Մի՞թէ հակամարտութեան կարգաւորման գործընթացում, որին, ի դէպ, խոչընդոտում է Պաքուն, ինչ-որ համաձայնութիւններ են ձեռք բերուել, ըստ որոնց, ղարաբաղեան կողմը պէտք է միակողմանի զիջումների գնա: Թէ՞ Ազրպէյճանն, այնուամենայնիւ, պատրաստակամութիւն է յայտնել որոշակի փոխզիջումների գնալ հակամարտութեան վերջնական հանգուցալուծման համար: Ինչպէս յայտնի է, չկայ ո՛չ մէկը, ո՛չ միւսը: Աւելի՛ն. կայ շարունակական պատերազմի վիճակ, ինչն արտայայտւում է Ազրպէյճանի չընդհատուող ռազմական սադրանքների ձեւով: Ընդհանրապէս, փոխզիջումների թեման առանձին խօսակցութեան է արժանի: Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները խօսում են հիմնախնդրի փոխզիջումային լուծման անհրաժեշտութեան մասին: Այդուհանդերձ, գործնականում, չգիտես ինչու, խօսքը միայն զիջումների մասին է, որոնց պէտք է գնա ղարաբաղեան կողմը, ինչը միանշանակ կը յանգեցնի ներկայիս ռազմաքաղաքական հաւասարակշռութեան խախտմանը` միանգամայն կանխատեսելի հետեւանքներով: Միջնորդների նման դիրքորոշումը, ուղղակիօրէն ասենք, միայն սնուցում է Ազրպէյճանի յարձակողապաշտ ու թշնամական ռազմատենչութիւնը` Պաքուի իշխանութիւններին դարձնելով անբանակցունակ: Պաքուն պահանջում է տարածքային զիջումներ, ազրպէյճանցի փախստականների միակողմանի վերադարձ Լեռնային Ղարաբաղ, վերջինիս կարգավիճակի սահմանում զուտ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Իսկ փոխարէնն ի՞նչ: Պարզւում է` նոր պատերազմ չսանձազերծելու վաղանցիկ խոստում: Բայց չէ՞ որ դա` հակամարտութեան լուծման համար ուժի չկիրառումը, կարգաւորման հիմնարար սկզբունքներից մէկն է: Նոյն յաջողութեամբ ղարաբաղեան կողմն էլ կարող է որպէս իր կողմից փոխզիջում առաջարկել հեռանկարում չընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերահսկողութեան տակ գտնուող տարածքները: Միջնորդների համար ընդունելի՞ է իրադարձութիւնների նման զարգացումը: Պատասխանն առաւել քան ակնյայտ է: Այդ դէպքում ինչո՞ւ են նրանք, կարելի է ասել, սատարում Ազրպէյճանին: Մի՞թէ ինչ-որ մէկն իրօք կարծում է, թէ, ստանալով, այսպէս կոչուած, «Լեռնային Ղարաբաղի շուրջ» տարածքները, Ազրպէյճանի յանցաւոր վարչակարգը կը հրաժարուի ԼՂՀ-ի դէմ նոր լայնածաւալ ռազմական յարձակում սանձազերծելու իր մտադրութիւններից, բայց այժմ արդէն նոր` առաւել շահաւէտ դիրքերից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա բնակչութեան անվտանգութեան հարցը Հայաստանի եւ Արցախի ղեկավարութեան համար եղել եւ մնում է առաջնահերթութիւն, իսկ Ազրպէյճանի պայմաններով հակամարտութեան հանգուցալուծումը հայկական երկու կողմերի համար հաւասարազօր է քաղաքական ինքնասպանութեան: Կարծում ենք, միջազգային միջնորդները տարածքների հարցը պէտք է դիտարկեն ոչ թէ Ազրպէյճանի պրիսմակով, այլ` աւելի լայն: Պաքուն Լեռնային Ղարաբաղի դէմ ռազմական յարձակում է սանձազերծել նրա ինքնորոշմանը բռնի խոչընդոտելու նպատակով, ինչը միջազգային իրաւունքի ամենակոպիտ խախտում է: Պարտութիւն կրելով պատերազմում, միջազգային փորձի համաձայն, նա պէտք է լուրջ պատիժ կրի, ինչի թուին կարելի է դասել նաեւ ռազմատուգանք` տարածքների ձեւով, որոնք, բացի այդ, վերջապէս խօսենք եւ այդ մասին, բնիկ հայկական հողեր են եւ 20-րդ դարասկզբին պոլշեւիկների կողմից փոխանցուել են Ազրպէյճանին: Այլ խօսքով, կարգաւորման գործընթացում պատմական նոր սխալներից եւ արիւնալի ողբերգութիւններից խուսափելու համար անպայման պէտք է հաշուի առնուեն պատերազմի արդիւնքները: Նախեւառաջ` միջնորդների, իսկ նրանցից յետոյ, այնուամենայնիւ, յուսանք, եւ Ազրպէյճանի կողմից:

«Ազատ Արցախ»

 


Viewing all articles
Browse latest Browse all 17117

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>