Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Զմիւռնիայի Հայերի Պարծանքը` Սուրբ Ստեփանոս Եկեղեցին

$
0
0

Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

1_101916

ԺԹ. դարում «կեաւուր» Զմիւռնիան քոզմոփոլիթ քաղաք էր` իր հոյակերտ եկեղեցիներով, մզկիթներով ու սինակոկներով: Զմիւռնիայի փողոցներում, շուկաներում եւ խաներում հնչում էր ինչպէս յունարէնով, թուրքերէնով ու հայերէնով, այնպէս էլ եւրոպական լեզուներով խօսքը: Շուկաներում, խաներում ու կրպակներում կարելի էր հանդիպել տարբեր լեզուներով գովազդներ: Քոզմոփոլիթ լինելու հետ մէկտեղ Զմիւռնիան պահպանել էր օսմանեան քաղաքներին բնորոշ` ազգային-կրօնական հենքի վրայ բաժանումը: Այդ թաղամասերի շարքում իր ուրոյն տեղն էր գրաւում հայոց թաղը` Հայնոցը: Հայնոցը մինչեւ 1845 թ. մեծ հրդեհը միւս թաղերի պէս փակուղիներ, խայտաբղէտ տներ ունէր, սակայն հրդեհից յետոյ այն վերակառուցուել էր հայազգի արքունի ճարտարապետ Մանուէլի յատակագծի համաձայն: Փակուղիներին ու նեղլիկ փողոցներին փոխարինելու են եկել միմեանց զուգահեռ, համեմատաբար լայն փողոցները:

2_101916Հայնոցում վեր էր խոյանում Զմիւռնիայի հայերի պարծանքը` Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որին, ինչպէս այդ մասին վկայում է հայր Յ. Քոսեանը, «յօրինուածքով ու ճարտարապետական շքեղութեամբ չէր հասնում քաղաքի եւ ոչ մի եկեղեցի»:

Սրբավայրի երեք կողմով տարածուած մարմարաշէն ու սիւնազարդ (թուով 24 սիւն) գաւիթը, որի վրայ վեր էր բարձրանում վերնատունը, գեղեցիկ տեսք էր հաղորդում հոյակերտ տաճարին: Վերնատան ամրաշէն որմերի վրայ դէպի դուրս բացուած էր 7 դուռ եւ երկաթապատ լայն պատուհան կար: Այդպիսով, եկեղեցին եօթ կողմից բաց է եղել հաւատացեալների առաջ: Վերնատուն մտնելու համար հարկ էր օգտուել եկեղեցու աջ կողմում կառուցուած քարաշէն սանդուղքներից: Տաճարի դռներից ամենաշքեղը եղել է Աւագ դուռը, որը երկու կողմից զարդարուած էր արձաններով: Արձաններից մէկի վրայ պատկերուած է եղել Պետրոս առաքեալը` ձեռքին բանալիներ ու Աւետարան, միւսի վրայ` Պօղոս առաքեալը` մէկ ձեռքով բռնած Աւետարանը, միւսով` սուրը:

3_101916Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցման թուականի վերաբերեալ յստակ տեղեկութիւններ չկան, սակայն պէտք է որ կառուցուած լինի ԺԶ. դարի վերջին կամ ԺԷ. դարի սկզբին, երբ հայերն Ապանօ թաղամասից ստիպուած եղան տեղափոխուել քաղաքի հարաւային մաս` հիմնելով Հայնոցը: Համաձայն Սուրբ Ստեփանոս եկեղեցու Աւագ դռան ճակատի վրայի արձանագրութեան` հնագոյն տաճարը փլուել է 1688 թ. երկրաշարժից, որի տեղում 1689 թ.` Եղիազար կաթողիկոսի եւ առաջնորդ Յովսէփ վարդապետի օրօք կառուցուել է նորը: Երրորդ անգամ վերանորոգուել է 1743 թ. Ղազար կաթողիկոսի եւ առաջնորդ Ալեքսանդր արքեպիսկոպոսի օրօք: Չորրորդ եւ ամենավերջին վերանորոգութիւնը կատարուել է 1845 թ.` Զմիւռնիայի մեծ հրդեհից յետոյ, 1853 թ. Ներսէս կաթողիկոսի եւ առաջնորդ Պօղոս արքեպիսկոպոսի օրօք:

Տաճարի ներսի 10 սիւներն իրենց խոյակներով, խաչաձեւ մատուռները եւ դրանց վրայ վեր խոյացող զանգակատունը հոյակերտ ներդաշնակութիւն էին կազմում: Եկեղեցին ունեցել է շքեղ գմբէթ` զարդարուած գոյնզգոյն զարդերով, ոսկեփայլ գեղեցիկ խորաններ, մարմարաշէն բարձր բեմ, կամարակապ ձեղուն եւ բարձրակառոյց վերնատուն:

4_101916Տաճարի ներքին սիւները գտնուել են միմեանցից 4 մ հեռաւորութեան վրայ, հինգը` մի կողմում, հինգն էլ` միւս: Իւրաքանչիւր սեան բարձրութիւնը եղել է 5,50 մ, իսկ լայնութիւնը` 1,90 մ: Սիւների խոյակները զարդարուած են եղել յոնիական եւ կորնթական ճարտարապետութեանը բնորոշ զարդանախշերով: Եկեղեցու ձեղունը եռակամար է եղել, յատակը ծածկուած է եղել հարթ եւ քառանկիւն սպիտակ մարմարէ քարերով:

Եկեղեցու դասի աջ ու ձախ կողմերից փայտաշէն դռները, որոնք բացուելիս են եղել դէպի պարտէզ, եկեղեցուն են կապել երկու փոքրիկ տաճարները: Աջակողմեան տաճարը նուիրուած է եղել Սուրբ Բարդուղեմէոսին, ձախակողմեանը` Սուրբ Յովհաննէս Կարապետին:

5_101916

Սուրբ Ստեփանոսի գլխաւոր դրան աջ ու ձախ կողմերում` սիւնազարդ գաւիթի տակ հանգչում էին Զմիւռնիայի հայ համայնքի երկու նշանաւոր հովիւներ` Պօղոս Թագթագեանն ու Մելքիսեդեկ Մուրադեանը:

Եկեղեցուն յատկապէս մեծ շուք է հաղորդել զանգակատան աշտարակը, որը քառանկիւն ձեւ է ունեցել եւ իր բարձրութեամբ իշխել է եկեղեցու գմբէթի վրայ: Զանգակատան տակ խորունկ եւ լայն ջրհոր է եղել, որը հասնում էր մինչեւ աւագ խորանի տակ: Ջուրը համարուել է նուիրական ջուր` այազմա, որը գործածել են ոչ միայն հայերն, այլեւ` յոյներն ու թուրքերը: Ջրհոր իջնելու աստիճանների վրայ եղել է խաչքար:

Առանձնակի գեղեցկութեամբ է աչքի ընկել Սուրբ Ստեփանոս եկեղեցու պարտէզը, որտեղ տնկուած են եղել ուռենիներ, նարնջենիներ, ձիթենիներ ու սօսիներ, որոնց շուաքի տակ` հին տափարակ տապանաքարերի, ինչպէս նաեւ բարձրաքանդակ, խորափոր շիրիմների տակ հանգչում էին Զմիւռնիայի հայերի մարմինները: Ամենահին գերեզմանաքարը թուագրուած է եղել 1555-1567 թթ.: Սկսած 1882 թ. միւս ազգերի պէս հայերին եւս արգելել են հանգուցեալներին ամփոփել եկեղեցու բակում` յատկացնելով ընդհանուր գերեզման, որը բաժանուած է եղել ազգային-կրօնական հենքի վրայ: Գերեզմանը գտնուել է Այտըն տանող երկաթգծի մօտ: Հայկական գերեզմանատունը եղել է կաթոլիկների գերեզմանատան կողքին:

6_101916Սուրբ Ստեփանոս եկեղեցու պարտէզն ունեցել է երկու դուռ` մեծ դուռը բացուել է դէպի Ռեշիտիէ փողոց, փոքր դուռը` Սոնզան փողոց: Սուրբ Ստեփանոսի պարտէզում են գտնուել ազգային երեք կարեւոր հաստատութիւնները` արեւմտեան կողմում կրկնայարկ առաջնորդարանը, հարաւային կողմում` Մեսրոպեան վարժարանը, իսկ այդ երկուսի մէջտեղում գտնուել է արուեստանոցը:

Այսօր երբեմնի հոյակերտ Հայնոցից հետք անգամ չի մնացել:

Գրականութիւն

  1. Ամատեան Ս. «Իզմիրի հայ գաղութը» // Թէոդիկ. «Ամէնուն տարեցոյցը», Կ. Պոլիս, Յովակիմեան տպարան, 1913, էջ 166-181:
  1. Քոսեան Յ. «Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս», Հատ. Ա., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1899:

 

* Նկարները սիրով տրամադրել է յարգարժան Զ. Միլտանօղլուն` իր անձնական արխիւից:

 

Akunq.net

Տարածել.


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>