Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Ֆրանսայի «Արարատ» Գիտութիւնների Միջազգային Ակադեմիայի 7-րդ Գիտաժողովը Ժընեւի ՄԱԿ-ի Հաստատութիւնում

$
0
0

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Ֆրանսահայ նկարիչ Ռ. Ժերանեանի եւ իրմէ անբաժան իր երկու դուստրերու հետ

Ֆրանսահայ նկարիչ Ռ. Ժերանեանի եւ իրմէ անբաժան իր երկու դուստրերու հետ

Ժընեւի ՄԱԿ-ի գլխաւոր մուտքի դիմահայեաց հրապարակում կեռասագոյն բարձր մի աթոռ է կանգնեցուած երեք ոտքերի վրայ, չորրորդը` կոտրուած ու կիսայրած: Անկարելի է աչքաթող անել եւ անտարբեր շրջանցել եռաոտք աթոռի ներկայութիւնը հրապարակում` առանց որոշակի կամ, աւելի ճիշդ, իւրովի մեկնաբանութեան:

Հեղինակը զուիցերիացի արուեստագէտ Դանիէլ Պերսեթն է, որը ստեղծել է 1997թուականին ի յիշատակ աշխարհի բոլոր հաշմանդամների` խորհրդանշելով ականների եւ տարանջատուող ռումբերի մահաբեր ազդեցութիւնը: Սա հեղինակի իրական բացատրութիւնն ու ընդունուած պարզաբանումն է, սակայն իւրաքանչիւր խորհրդանիշ, ինչպէս գիտէք, իր անմիջական մեկնաբանութիւնն է ստանում դիտողի կողմից:

Ըստ իմ մեկնաբանութեան, այդ բարձր աթոռը խորհրդանշում է տուեալ հաստատութեան` ՄԱԿ-ի, բարձրագոյն դիրքը որպէս մարդկային, այսինքն ժողովուրդների իրաւունքի պահպանման եւ օրէնքի կիրառման հաստատութիւն, սակայն որը այնքան էլ ամբողջական չէ, կիսայրած ու կոտրուած մէկ ոտքի բացակայութիւնը աթոռի հաւասարակշռութեան խախտման անառարկելի փաստն է: Եւ բնական է, երբ բարձրադիր ատեանը ամուր հիմքի վրայ չէ, չի կարող արդար որոշում կայացնել:

Այս մեկնաբանութեան խորհրդածումով ես առաջին անգամ մտնում եմ ՄԱԿ-ի շինութեան հաստ պատերից ներս, ուր մարդկային, ժողովուրդների, երկրների ճակատագրեր են որոշուել ու որոշւում, ուր պատուիրակութիւններ են ուղարկւում օգնութեան, միջամտութեան կարօտ երկրների աղերսագրերով, ուր անպատասխան յոյսեր են իրար վրայ դիզուած խորտակւում, եւ ուր ամէն որոշում ուժին ու հզօրութեանն է ծառայում: Վկան, այդ նոյն օրերին աշխարհի բոլոր լրատուական միջոցները ներկայացրին Հալէպի ռմբակոծումից փրկուած սարսափից քարացած դէմքով շտապ օգնութեան աթոռին նստած երեխային: Աշխարհը լուռ դիտեց ու անցաւ, այնպէս` ինչպէս վարուեց մարդկային իրաւունքները պաշտպանող այս կազմակերպութիւնը: Ո՛չ մէկը, ո՛չ միւսը չշտապեցին վերջ դնելու այդ հաշուարկուած պատերազմին:

Այս հաստատութեան ներսում մի պահ ես մտքով ետ եմ գնում դէպի խորհրդային կարգեր, երբ կարծեմ 70-ականներին, Հայաստանում իշխանութեան անարդարութիւններից շնչահեղձ անձինք, իրենց վտանգելով, սկսել էին նամակներ ու հայցեր յղել այս հաստատութեանը` ՄԱԿ-ին, յուսալով արդար լուծում ու միջամտութիւն ստանալ: Վստահ եմ` եթէ այդ տարիներին նրանք իմանային այն, ինչ այսօր գիտենք այս հաստատութեան ծառայութեան մասին, չէին դիմի: Սակայն յոյսը անհնար է սանձել կամ սպաննել, ահա թէ ինչո՛ւ դեռ աշխարհի արդարութեան յոյսը դրւում է այս եռաոտք աթոռ-ատեանը խորհրդանշող հաստատութեան որոշումներին, ուր ցուցադրական որոշումներ են ձեւակերպւում հայցուող օգնութիւններին, եւ սակայն ուր որոշումներ են կայացւում ի շահ հզօր տէրութիւնների:

Ինչեւէ, ինչպէս ասացի, սա իմ եզրայանգումն է, ուստի շարժուենք առաջ:

Իրապէս, բառի բուն իմաստով այս շինութեան պատերը նկատելիօրէն հաստ են, հաւանաբար ներսի անարդար որոշումները դուրս չսպրդեցնելու  նկատառումով:

Ներսում աշխուժ եռուզեռ է` տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր դիմագծերով ու տարազներով:

Հաստատութեան երկու մեծ սրահներում` Միջազգային իրական գիտութիւնների եւ միջազգային բարձրագոյն ակադեմիայի հիմնական ուսումնասիրութիւնների համալսարանների համատեղ գործակցութեամբ իր 7-րդ գիտաժողովն էր գումարում Ֆրանսայի «Արարատ» գիտութիւնների միջազգային ակադեմիան` միաժամանակ նշելով ակադեմիայի ստեղծման 30-րդ տարեդարձը:

Աշխարհի տարբեր երկրների գիտութեան, ուսումնական հաստատութիւններից 200 գիտութեան աշխատակիցներ` դոկտորներ, փրոֆեսէօրներ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ, հիւպատոսներ, ընդհանուր քարտուղարներ, տարբեր ակադեմիաների նախագահներ, Սպանիայից, Մոնաքոյից, Հունգարիայից, Լիւքսամպուրկից, Ֆրանսայից, Պրիւքսելից, Ս.  Փեթերսպուրկից, Մոսկուայից, Հնդկաստանից, Սրի Լանքայից, Շուէտից, Ճափոնից, Զուիցերիայից, Իրանից, Քանատայից, Ամերիկայից եւ այլ երկրներից ոչ միայն մասնակիցներ, այլ նաեւ պատուիրակութիւններ էին ժամանել յատկապէս ողջունելու արդէն միջազգային ճանաչման արժանացած «Արարատ» ակադեմիայի 30-ամեակը: Այս ամէնի մէջ զարմանալիօրէն բացակայում էր Հայաստանի ակադեմիան, կամ հայրենի բարձրագոյն որեւէ հաստատութիւն, նոյնիսկ` մի  ուղերձ չկար: Եւ այդ «անուշադրութիւնը» այն դէպքում, երբ այս ակադեմիան հայկական սահմաններից արդէն դուրս է եկել եւ միջազգային ճանաչման է արժանացել, վկան ոչ միայն միջազգային գիտութեան հաստատութիւնների գործակցութիւնն է, այլ նաեւ` տարբեր ազգերի անուանի մասնագէտների ներկայութիւնը:

Թեւ «Ասպարէզ»-ի օգոստոս 13 թիւով գրել էի «Արարատ» ակադեմիայի ստեղծման մտայղացող, նրա հիմնական դերակատար ու նախագահ դոկտ . փրոֆ. Յակոբ Գրգեաշարեանի մասին (տես «Այս անհանգիստ, անվերջ նոր ծրագրերով ապրող մարդը» դոկտ. փրոֆ. Յակոբ Գրգեաշարեան, «Ասպարէզ» 13 օգոստոս, 2016), պարզապէս յիշեցման կարգով աւելացնեմ, որ այս պատուարժան 88-ամեայ դոկտ. փրոֆեսէօրը ջանք չէր խնայել այս գիտաժողովում յատկապէս միջազգայնացնելու հայկական հրատապ հարցերը:

 

img_1311

Նախ` գիտաժողովը նուիրուած էր մեր երկրի անկախացման 25-ամեակին, որին իր բացման խօսքում մանրամասնօրէն փայլուն կերպով անդրադարձաւ եւ ինքը` փրոֆեսէօր Գրգեաշարեանը, ֆրանսերէնով, եւ Զուիցերիայից փրոֆ. Թոմաս Էկլին, փրոֆ. Սանտի Ճայասեկարան` Ս. Փեթերսպուրկի ակադեմիայից, փրոֆ. Մարսել Վալենթինը` Ֆրանսայից, փրոֆ. Մարք Վան Հիւլեն` Պրիւքսելից, դոկտ. Արի Թոփուզխանեանը` Ֆրանսայից եւ  պատուարժան այլ հիւրեր ու գիտութեան ներկայացուցիչներ: Առանձին բաժին էր յատկացուած Արցախի կարգավիճակին եւ հայոց պահանջատիրութեան:

Գիտաժողովում քննարկւում էին հիմնականում միջավայրի, բնագիտութեան, բժշկագիտութեան, կիրառական գիտութիւնների, խաղաղութեան, հոգեբանութեան, լեզուաբանութեան, պահանջատիրութեան, մշակոյթի հարցերն ու ներդրումները:

Գիտաժողովի պատուաւոր հիւրն էր ֆրանսահայ 95-ամեայ նկարիչ Ռիշար Ժերանեանը` իր երկու դուստրերի հետ: Ծնունդով սեբաստացի` բարեհամբոյր այս հանրայայտ տաղանդը, իր այդ տարիքին, հայի զարմանալի տոկունութեամբ, առանց դոյզն իսկ յոգնութեան, մասնակցեց եռօրեայ երկարատեւ բոլոր դասախօսութիւն-քննարկումներին:

Գիտաժողովի տիրող լեզուներն էին` ֆրանսերէնը, անգլերէնը եւ ռուսերէնը, հայերէնը` նոյնպէս, սակայն` շատ սեղմ շրջանակում, նկատի առնելով հայկական պատուիրակութեան բացակայութիւնը եւ ներկաների հայերէնի իմացութեան սահմանափակութիւնը: Միայն երկու անձինք` Ֆրանսայից դոկտ. Արի Թոփուզխանեանը, որը փայլուն արեւմտահայերէնով ներկայացրեց հայերէն «Աստուածաշունչի տպագրութեան պատմութիւնը» եւ նոյնպէս Ֆրանսայից` դոկտ. Էդուարդ Բարսեղեանը, արեւելահայերէնով` «Հայ հնադարեան աստուածների երաժշտական պանթէոնը»:

Անշուշտ անկարելի է անդրադառնալ իւրաքանչիւր բաժնում քննարկուած նիւթերին, թող ինձ ներեն մասնակիցները, միայն ուզում եմ թուարկել յառաջադէմ այն նիւթերի քննարկումները, ուր մեծ ուսումնասիրութիւնների ներդրումներ կան, եւ որոնք աւելի կը հետաքրքրեն ձեզ:

Բժշկագիտութեան արհեստագիտութեան եւ կիրառական գիտութիւնների բնագաւառում Եւրոպայի հետազօտական կեդրոնները մեծ յաջողութիւններ են արձանագրում մարդկային ուղեղի տարբեր պատճառներով վնասուած հատուածները վերաշարժման ենթարկելու տարբեր ելեկտրոնային մեքանիզմների միջոցով: Պրիւքսելի Լիւվենի նեարդագիտութեան բաժնի նախագահ, գիտութիւնների յանձնաժողովի նախագահ Մարք Վան Հիւլեն, որին ես երկրորդ անգամ էի հանդիպում: Առաջինը` անցեալ տարուայ ապրիլին, Լիւվենի համալսարանի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած գիտաժողովին, ուր գիտաժողովի բացման իր խօսքը փրոֆ. Հիւլեն սկսեց Հայոց ցեղասպանութեան անառարկելիութեամբ եւ դատապարտումով: Ժընեւի այս գիտաժողովում, որի իրականացման ղեկավար տարրերից էր նաեւ փրոֆ. Հիւլեն, ներկայացրեց այն ելեկտրոնային սարքերը, որոնք օգնում են ուղեղի ամենածանր անդամալուծուած հատուածները վերաշխուժացնելու, որի օգնութեամբ հիւանդները կարողանում են հաղորդակցել: Յարգարժան փրոֆեսէօրը մեծ հիացումով ներկայացրեց իր երկու  հայ ուսանողուհիներին, որոնք աշխատում են իր այդ ծրագրերի վրայ, նաեւ` նրանց նոր հետազօտութիւնները: Ինչպէս նաեւ յայտնի ջութակահար փրոֆ. Տիգրան Մայթեսեանին, որը երեժշտութեամբ օգնում է ուղեղի ծանր վնասուածքներով հիւանդների ապաքինմանը:

Քաղցկեղի վաղ յայտնաբերման եւ հետագայ բուժման հարցը գնալով աւելի ու աւելի հրատապ է դառնում աշխարհում, ուստի բժշկագէտ հետազօտողները փորձում են գտնել առաւելագոյն ճշգրտութիւնը այդ հիւանդութեան յայտնաբերման եւ բուժման համար: Այդ հարցով մեծ հետաքրքրութիւն ստեղծեց Քանատայի Քեպեք համալսարանի գլխաւոր հետազօտող հայազգի Վահէ Ներկիզեանի նոր մեթոտը քաղցկեղի բջիջը յայտնաբերելու դեռ այն չկազմաւորուելուց շատ առաջ:

Իրենց հետազօտութիւններն ու նոր առաջարկները ներկայացրին Ճափոնից տոքթ. Թաթաշի Քոինոն, Սպանիայից փրոֆ. Պարթոլոմէ Ռիպասը, Պրինկթըն համալսարանի փրոֆ. Սան-Եան Քունկը , Մոսկուայից, Հնդկաստանից, Ս. Փեթերսպուրկից այլ յարգարժան փրոֆեսէօրներ եւ դոկտորներ:

Լազերային ճառագայթների բուժման տարբեր նորութիւններով հանդէս եկան Սպանիոյ, Լեհաստանի, Ճափոնի, Ռուսաստանի, Ֆրանսայի, Զուիցերիոյ յայտնի գիտութեան ներկայացուցիչներ:

Բնութեան պահպանման ողջ բաժինը նուիրուած էր ի յարգանք հայազգի ակադեմիկոս դոկտ. փրոֆ. Ռաֆայէլ Մելիք Օհանջանեանի յիշատակին:

img_1328

Անշուշտ անկարելի է այսպիսի տարողութեամբ գիտաժողովում չքննարկել Ցեղասպանութեան հարցը, եւ ողջունելին այն էր, որ առաջին անգամ, իմ մասնակցած այլ գիտաժողովների, այս անգամ քննարկւում էր Ցեղասպանութիւնից յառաջացող պահանջատիրութեան հարցը: Այսինքն Ցեղասպանութեան եղելութիւնը ոչ թէ քննարկւում, այլ նոր աստիճանի էր բարձրացւում: Ես իմ նախկին յօդուածներում մի քանի անգամ անդրադարձել եմ, որ այլեւս անընդունելի է լսել մեր դէմ կատարուած Ցեղասպանութեան ընդունման հաստատումները: Դա այն անառարկելի փաստն է, որը վաղուց հաստատուած է եւ հետազօտողները պէտք չունեն յաւելեալ անգամ մեզ հաստատելու այդ փաստը, եթէ անշուշտ նոր յաւելումներ չունեն:  Առաջին անգամն էր, որ այդ հարցը ներկայացնողները բոլորովի այլ տեսանկիւնից էին մօտեցել մեր Ցեղասպանութեանը:

Եթէ մեր ժողովուրդը իմանայ, թէ ի՛նչ ջանք են թափում օտար հետազօտողները մեր Ցեղասպանութեան հարցը պահանջատիրութեան օրինական հիմք դարձնելու, այսքան անտարբեր չէին մօտենայ այս յոյժ կարեւոր հարցին:  Մեր ժողովրդի անմիջական մասնակցութեան, նրան այդ հարցի օրինական պահանջի դաստիարակման անհրաժեշտութիւնը գնալով աւելի հրատապ է դառնում, առանց որի անհնար է այս հարցի լուծումը:

Մեր պահանջատիրութեան հարցը որքան էլ օրինական հիմքերի վրայ ներկայացնեն օտար անհատ գիտական անձինք,ինչպէս հիմա է արւում, իր նպատակին չի ծառայելու, եթէ մեր երկրի ժողովուրդն ու կառավարութիւնը այն օրինական հիմքի վրայ չդնեն:

Իրենց զեկոյցներում Պոսթընի «Ուորքեսթըր սթէյթ»  համալսարանի փրոֆ. Հենրի Թէրիոթը ո՛չ միայն կանգ առաւ Հայոց մեծ ցեղասպանութեան պահանջատիրութեան անհրաժեշտութեան, այլ նաեւ Պաքւում, Սումկայիթում եւ Արցախում մեր մարդկային եւ ունեցուածքների կորուստների հատուցման անհրաժեշտութեան վրայ:

Սթոքհոլմի համալսարանի եւ Շուէտի պաշտպանութեան համալսարանի միջազգային փաստաբան Օվի Պրինկը կանգ առաւ այս հարցի օրինականացման անհրաժեշտութեան վրայ: Իսկ Ֆրանսայից փաստաբան Ժան-Վազգէն Ալեանակեանը աւելի սուր առաջարկով մօտեցաւ այս հարցին, յիշեցնելով, որ բոլոր միջազգային օրէնսդիր ատեանները, քանի որ ծառայում են հզօր պետութիւնների շահերին, եւ որոնց ձեռնտու չէ Թուրքիային պատասխանատուութեան ենթարկել Միջազգային օրէնքի ուժով, ուրեմն ժամանակն է, որ մենք ինքներս օտագործելով բոլոր փաստերը եւ մարդկային ու ժողովուրդների իրաւունքները պահպանող Միջազգային օրէնսդիրին կողմից  ընդունուած եւ արդէն օգտագործուած նախկին եւ ներկայ օրէնքները, ստեղծենք մեր պահանջատիրութեան օրէնքը: Մեթըր Ալեանակեանը մօտաւորապէս առաջարկում էր այն, ինչ ես արդէն տարիներ մրճահարում եմ, որ մենք այսքան ճանաչուած օրէնսդիր մասնագէտներ ունենալով, պէտք է արդէն ծնած լինէինք մեր հայազգի Լեմկինին, ինչպէս վարուեցին հրեաները եւ դրանով Միջազգային դատարանում նոր էջ բացենք մեզ համար: Ես ուրախ էի, որ իմ մտածման մէջ մենակ չեմ այլեւս եւ մեր պահանջատիրութեան հարցը, երբ հասել է այն փուլին, որ նոյնիսկ արդէն օտար բարձրադիր օրէնքի ներկայացուցիչներն են այդ մասին յուշում, ուրեմն պէտք չէ ուշացնենք, պէտք է գործի անցնենք:

Եւրոպայի Հայ դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տեմիրճեանը ներկայացրեց այն աշխատանքը, որը նոր թափ ստացած շարունակում է գրասենեակը, Արցախի կարգավիճակի ամրացման համար Եւրոպայի աջակցութիւնը ստանալու, Եւրոպայի քաղաքական պաշտօնեաների այցելութիւնը Արցախում ապահովելու եւ նրանց հաղորդակից դարձնելու Արցախում կատարուող ներկայ իրադարձութիւններին:

Այնպէս որ իւրաքանչիւր կազմակերպութիւն արտերկրում, դա լինի Եւրոպայում թէ արեւմուտքում, անդադար աշխատում են ե՛ւ Արցախի ամբողջութիւնը պահպանելու, ե՛ւ նրան պատերազմից զերծ պահելու համար: Մնում է մեր կառավարութիւնը չշեղի իր ուղին եւ ազդեցութիւններին կուլ չգնայ ու աշխատի ամէն գնով պահպանել մեր հողերի ամբողջութիւնը:

Պատերազմների, շարունակուող ցեղասպանութիւնների յաճախակիութիւնը, ժողովուրդների ստիպողական տեղահանութիւններն ու դրա պատճառած հոգեկան ծանր հետեւանքները, այսօր աւելի քան երբեւէ, մտահոգում են հոգեբոյժներին եւ բնականաբար որպէս դեռ շարունակուող իրադարձութիւն, յատուկ բաժին էր նուիրուած նաեւ դրա բուժման նոր միջոցներին, որոնք օգնում են մասնաւորապէս երեխաներին, ազատագրուելու իրենց մղձաւանջից: Տոքթ. Լիզա Գրգեաշարեան-Փարէնթը, Ֆրանսայից, որը տոքթ. Գրգեաշարեանի դուստրն է, շատ հակիրճ ներկայացրեց այն նոր մեթոտները, որոնք արագ ներգործում են հոգեկան ծանր ապրումներով տառապողներին: Նոյն հարցին  անդրադարձան նաեւ Ռուսաստանից, Լիւքսամպուրկից, Սենեկալից, Ֆրանսայից տարբեր մասնագէտներ:

Այս բաժինն ունկնդրելիս ես մտովին կրկին ետ եմ գնում դէպի մեր ժողովուրդը, ոչ թէ 100 տարի, այլ 25 տարի ետ, երբ Արցախում, Սումկայիթում, Պաքւում, երկրորդ աննկարագրելի ցեղասպանութիւն ապրելուց յետոյ, նոյնիսկ մեր անկախութեան առաջին, ամէնաորոշիչ տարում, մեր երկրի ժողովուրդը մութ ու սառը տարիներին հոգեկան ինչպիսի ծանր մղձաւանջներից անցաւ եւ ոչ մէկը չմտածեց, չառաջարկեց նրանց հոգեբանութեան ազդեցութեան բուժման մասին:

Սակայն, երբ անարդարութիւնները իրար են յաջորդում, երբ ահռելի տարողութեան հոգեկան ցնցումներ է ապրում մի ժողովուրդ, այն արձանգրուած մնում է նրա ուղեղի ներքին ծալքերում ու անհնար է այն մաքրել նրա հաւաքական յիշողութիւնից:

img_1303

Այս գիտաժողովին ես մասնակցում էի որպէս անկախ հետազօտող (Independent researcher) եւ իմ ելոյթը Խաղաղութեան բաժնում էր, որը հէնց առաջին օրն էր քննարկւում, որպէս հրատապ հարց:  Ելոյթներով հանդէս եկան նաեւ Լիւքսամպուրկից  Քոլէթ Հարթուիչ-Սորոն, որը խօսեց Հայոց ցեղասպանութեան հատուցման կարեւորութեան մասին: Նշան Սամուէլեանը Ֆրանսայից խօսեց աշխարհում խաղաղութիւնը պահելու անհրաժեշտութեան մասին:

Իմ նիւթը անգլերէնով, «Ազգային ինքնութեան անհրաժեշտութիւնը» խորագիրն էր կրում:

Աշխարհի այսօրուայ քաղաքական վիճակը` մեծ տէրութիւնների տնտեսական եւ  քաղաքական հզօրացումները փոքր երկրների տնտեսութեան քայքայման հաշուին եւ աշխարհի քաղաքական քարտէսի փոփոխութիւնը ի օգուտ արեւմուտքի հզօրների, արդէն այնքան բացայայտ է, որ անկարելի է այլեւս լռել կամ զանց առնել աշխարհի քարտէսային դեռ շարունակուող փոփոխութիւնները: Անցեալ երկու պատերազմներում աշխարհի ձեւաչափի փոփոխութիւնները բաւարար չնկատելով եւ նաեւ ոգեւորուելով ազատօրէն տիրելու քաղաքականութեան առաւելութեանը, արեւմտա-եւրոպական ճշգրտօրէն հաշուարկուած  համագործակցութիւնը, միջոցներ ու ջանք չի խնայում նոր անուանումների քօղարկման տակ բարձրագոյն կողոպուտի հասնելու:  Աշխարհաքաղաքականացման անուան տակ երկրներ են մասնատւում, ժողովուրդներ են տեղահանւում ու մատնւում ճակատագրի քմահաճոյքին, ժողովրդների դարերով կերտած պատմութիւններ, մասունքներ, իրենց մշակոյթն ու զարգացման ընթացքը հաւաքագրած-դրոշմած հաստատութիւններ են հիմնայատակ ոչնչանում, անհաշուելի թուով երեխաներ են որբանում, լեզուներ ու ազգային ինքնութիւններ են տարալուծւում հզօրների ամենակալ կրունկների տակ: Դրա փայլուն վկայութիւնն է այսօրուայ Իրաքի, Սուրիոյ, Պաղեստինի, Ափրիկեան տարբեր փոքրամասնութիւնների ոչնչացումները:

Իմ բացման խօսքը այս ամէնի մասին էր, որից յետոյ յատկապէս կենտրոնանում եմ  մեր ժողովրդի վերջին 100 տարուայ կորուստներին եւ դիմագրաւած դժուարութիւններին, այն  համեմատութեան մէջ դնելով աշխարհում կատարուող այսօրուայ իրադարձութիւններին:  Շեշտելով ազգային ինքնութեան անհրաժեշտութիւնը ո՛չ միայն տուեալ ազգի, այլ նաեւ աշխարհի խաղաղութեան եւ մեր մոլորակի ապահովութեան համար: Մարդկութեան համար այլեւս անընդունելի են ազգային ինքնութեան տարբեր միջոցներով ոչնչացումները, դա լինի հողային, մշակութային, լեզուական եւ պատմական առումով:

Իւրաքանչիւր ազգ, որը իր հողերում դարերի պատմութիւն ու մշակոյթ է ստեղծել ու պահպանել, իրաւունք չունի իր երկրից տեղահանուելու ու աշխարհի ճանապարներին ոչնչանալու կամ կորուստների ենթարկուելու, ինչպէս մեր ժողովուրդն է այսօր պայքարում իր ինքնութիւնը այս ամբողջ խառնաշփոթի մէջ չկորցնելու, իր դիմագիծն ու լեզուն պահպանելու:  Ես կոչ եմ անում, որ գիտաժողովները դառնան արծարծուող հրատապ հարցերի խօսնակ եւ իրենց լսելի դարձնեն հզօրների տարբեր քաղաքական ատեաններում եւ հասարակական այլ հաստատութիւններում:

Եռօրեայ գիտաժողովի իր փակման խօսքում «Արարատ» ակադեմիայի նախագահ տոքթ. փրոֆ. Յակոբ Գրգեաշարեանը, որը ոչ միայն յղկուած անձ է, այլ նաեւ փայլուն հռետոր, ֆրանսերէնով բոլոր մասնակիցներին գիտաժողովի յանձնախումբի կողմից պատուոյ գրեր է յանձնում ի գնահատանք նրանց ներդրած ուսումնասիրութիւններին եւ եռօրեայ երկարատեւ նիստերին իրենց բազմազբաղ ժամանակից ինքնակամօրէն ներդնելու համար:

Բարձրագոյն մակարդակով կազմակերպուած «Արարատ» Գիտութիւնների միջազգային ակադեմիայի 7-րդ գիտաժողովը համագործակցութեամբ Միջազգային իրական գիտութիւնների եւ միջազգային բարձրագոյն ակադեմիայի հիմնական ուսումնասիրութիւնների համալսարանների, սեպտեմբեր 7-ին աւարտում է իր աշխատանքները, եւ մեզնից իւրաքանչիւրը հեռանում է Միացեալ ազգերի կազմակերպութեան հաստատութիւնից նրա հաստ պատերի ներսում թողնելով ազգերի ճակատագրերին վերաբերող տասնեակ լուծման կարօտ հրատապ հարցերի արձագանգը:

26 սեպտեմբեր, 2016
Սան Ֆրանսիսքօ    

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>