ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միութիւնը, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը, Հայաստանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ, հոկտեմբերի 20-24 պիտի կազմակերպեն «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը:
Նախապատրաստական աշխատանքներուն եւ համաժողովին մասին խօսելու նպատակով «Հայերն այսօր» կայքը հարցազրոյցը կատարած է սփիւռքի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանին հետ: Ստորեւ` հարցազրոյցը:
ՀԱՐՑՈՒՄ.- Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումն, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:
ՎԱՂԻՆԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից հաստատուած Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգային դրոյթներից է համահայկական միասնական տեղեկատուական դաշտի եւ սփիւռքի մասնագիտական ցանցերի ստեղծումը: Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ ձեւաւորուած եւ արդիւնաւէտ գործող մասնագիտական ցանցերից մէկն էլ` Լրագրողների համահայկական համաժողովների միջոցով ձեւաւորուած եւ տարէցտարի ընդլայնուող լրատուամիջոցների համահայկական ցանցն է:
Լրագրողների համահայկական համաժողովները հրաւիրւում են երկու տարին մէկ անգամ պարբերականութեամբ: Այն մինչեւ 2008 թուականն իրականացնում էր Լրագրողների համահայկական ընկերակցութիւնը: Երբ ստեղծուեց Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, արդէն չորս համաժողով գումարուել էր: Նախարարութեան ստեղծումից յետոյ էլ այս կարեւոր նախաձեռնութիւնն իր տրամաբանական շարունակութիւնն ունեցաւ:
Կարեւորելով լրատուամիջոցների համահայկական ցանց ստեղծելու խնդիրը, Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նախաձեռնութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ, Լրագրողների համահայկական համաժողովներն աւելի ծաւալային եւ ընդգրկուն դարձան:
2010 թուականի աշնանը Հայաստանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ հրաւիրուել է Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը, որի աշխատանքներն ընթացել են նախ` Հայաստանի Հանրապետութիւնում, ապա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում:
Հինգերորդ համաժողովից սկսած` բոլոր համաժողովներն իրականացւում են Հայաստանի սփիւռքի նախարարութեան անմիջական մասնակցութեամբ եւ օժանդակութեամբ:
Հ.- Առաջիկայ համաժողովը թեմաթիք ի՞նչ ուղղութիւններով է ընթանալու, ծրագիրն արդէն պատրա՞ստ է:
Վ. Վ.- Նախ ասեմ, որ համաժողովը նուիրուած է մեր երկու հայկական պետութիւնների` Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակներին: Բնականաբար համաժողովի թեմաթիք ուղղուածութիւնը պէտք է համահունչ լինէր հայոց պետականութեան ամրապնդմանն ու հզօրացմանն ուղղուած գաղափարին:
Այդ հանգամանքը հաշուի առնելով` համակարգող մարմինը մի քանի տարբերակներ քննարկելուց յետոյ, որոշեց համաժողովն անցկացնել «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագրի ներքոյ:
Համաժողովի աշխատանքները տեւելու են հոկտեմբերի 20-24: Բացումը տեղի կ՛ունենայ Երեւանում, աշխատանքները կը շարունակուեն հոկտեմբերի 20-22 Հայաստանի սփիւռքի նախարարութեան նիստերի դահլիճում (հասցէ` Վազգէն Սարգսեան 3, 9-րդ յարկ), իսկ հոկտեմբերի 23-24` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մշակոյթի պալատում:
Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում տեղի կ՛ունենայ ամփոփիչ նիստը, որից յետոյ համաժողովը կ՛աւարտի իր աշխատանքները:
Օգտուելով ընձեռուած հնարաւորութիւնից` շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ ԼՂՀ պատկան մարմիններին եւ Արցախի Ժուռնալիստների միութեանը` համագործակցութեան պատրաստակամութեան համար:
Ցանկացողները համաժողովի աշխատանքներին Հայաստանում եւ Արցախում կարող են հետեւել համացանցի միջոցով` ուղիղ հեռարձակմամբ:
Իսկ բոլոր այն մասնակիցները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանայ ֆիզիքապէս մասնակցել համաժողովին, հեռակապի միջոցով հնարաւորութիւն ունեն միանալու եւ ներկայացնելու իրենց ելոյթը:
Նախատեսուած է նաեւ Երեւանում համաժողովի մասնակիցների այցելութիւնը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, «Եռաբլուր» զինուորական պանթէոն:
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը համաժողովի օրերին հոգալու է մասնակիցների գիշերակացի եւ սննդի, ինչպէս նաեւ` Երեւան-Ստեփանակերտ-Երեւան փոխադրութեան ծախսերը:
Վերադառնալով հարցին` ասեմ, որ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստում, որը տեղի ունեցաւ սեպտեմբերի 23-ին, որոշուեցին համաժողովի թեմաթիք հետեւեալ ուղղութիւնները.
– Տեղեկատուական միացեալ համակարգի նախադրեալները եւ համապատասխան մեքանիզմները, տեղեկատուութիւնը ճգնաժամային պայմաններում,
– Հայաստանի դիւանագիտութիւնը, սփիւռքեան կառոյցները եւ համագործակցութեան ուղիները,
– Սփիւռքի ներուժի օգտագործումը Հայաստանի պետականաշինութեան գործում,
– Հայկական սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան զօրակից` Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման աշխատանքներում,
– Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների պաշտպանութեան համակարգի հետ կապուած խնդիրները,
– Հայաստան-Արցախ-սփիւռք` 25-ամեայ համագործակցութեան հանրագումարները եւ հետագայ անելիքները:
Այժմ կազմւում է համաժողովի ծրագիրը, որն առաջիկայ օրերին կ՛առաքենք բոլոր մասնակիցներին:
Հ.- Ե՞րբ է ստեղծուել Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինը:
Վ. Վ.- Համակարգող մարմինը ստեղծուել է Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ` հետագայ համաժողովների հրաւիրման օրակարգերը ճշդելու, ինչպէս նաեւ համաժողովների ժամանակ բարձրացրած հարցերը, առաջարկութիւնները, ընդունուած յայտարարութիւնները մինչեւ կայանալիք միւս համաժողովը կեանքի կոչելու նպատակով:
Համակարգող մարմինի նիստերն անցկացւում են երեք ամիսը մէկ անգամ: Նիստերի հրաւիրման եւ անցկացման բոլոր կազմակերպչական եւ թեքնիք աշխատանքներն իրականացնում է Հայաստանի սփիւռքի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութիւնը:
Նշեմ նաեւ, որ համակարգող մարմնի նիստերին սփիւռքեան լրատուամիջոցների ներկայացուցիչները մասնակցում են ուղիղ միացմամբ` տեսակապի միջոցով:
Հ.- Ովքե՞ր կարող են մասնակցել համաժողովին: Յատուկ չափորոշիչներ կա՞ն սահմանուած:
Վ. Վ.- Մասնակիցների ընտրութեան հարցում միակ չափորոշիչն այն է, որ հրաւէրներն ուղարկւում են հիմնականում լրատուամիջոցների խմբագիրների անունով: Եթէ նրանք չենք կարողանում մասնակցել համաժողովին, ապա ուղարկում են իրենց կողմից լիազօրուած ներկայացուցչին: Այստեղ որեւէ ընտրութեան կամ խտրականութեան հարց լինել չի կարող: Հայկական բոլոր ԶԼՄ-ների խմբագիրները, ովքեր նախապէս` մինչեւ ս/թ հոկտեմբերի 1-ը մասնակցութեան յայտ են ներկայացրել, կարող են մասնակցել համաժողովի աշխատանքներին: Համաժողովի յայտարարութիւնը այս տարուայ ապրիլ ամսից հրապարակուել է Հայաստանի սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայքում, նախարարութեան «Հայերն այսօր» ելեկտրոնային պարբերականում, ինչպէս նաեւ առաքուել է սփիւռքեան մամուլին:
Հ.- Արդէն ամփոփե՞լ էք վերջնական արդիւնքները: Պատկերն ինչպիսի՞ն է, քանի՞ հոգի է մասնակցելու համաժողովին եւ աշխարհի ո՞ր երկրներից:
Վ. Վ.- Յայտադիմումների ընդունման վերջնաժամկէտը մինչեւ հոկտեմբերի 1-ն էր:
Ուրախալի է, որ տարէցտարի մասնակիցների թիւն ու աշխարհագրական ընդգրկումը գնալով աւելանում է:
Եթէ նախկինում սփիւռքի լրատուամիջոցների մասնակիցների առաւելագոյն թիւը չի գերազանցել 60-ը, ապա Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու յայտ են ներկայացրել աշխարհի տարբեր տարածաշրջանների 30 երկրից 100 խմբագիրներ եւ լրագրողներ: Համաժողովին մասնակցելու են նաեւ Սիրիայի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչները:
Հ.- Պարո՛ն Վարդանեան, համաժողովին նախատեսւո՞ւմ է ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութիւնը:
Վ. Վ.- Անշո՛ւշտ, օտար ԶԼՄ-ներում աշխատող 45 հայ լրագրողների նոյնպէս մասնակցելու հրաւէրներ ենք ուղարկել: Այսօրուայ դրութեամբ, 20 հոգի արդէն արձագանգել է: Անչափ կարեւոր է ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութիւնը համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առաւել մեծ հնարաւորութիւն ունեն ձեւաւորելու տուեալ երկրի հանրութեան կարծիքը հայկական իրականութեան վերաբերեալ:
Ի դէպ, լրագրողների համահայկական համաժողովներին ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութեան գաղափարն առաջ քաշուեց սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի կողմից` 2014 թուականի սեպտեմբերին կայացած Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ժամանակ:
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նաեւ սփիւռքի մեր յարգարժան խմբագիրներին, որոնք իրենց հեղինակութեամբ դերակատարութիւն ունեցան օտար ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներին ներգրաւելու հարցում:
Հ.- Սփիւռքեան քանի՞ լրատուամիջոցների հետ է համագործակցում Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը:
Վ. Վ.- Այժմ համագործակցում ենք շուրջ սփիւռքեան 320 լրատուամիջոցների հետ: Բոլոր լրատուամիջոցներին ուղարկել ենք համաժողովի մասնակցութեան հրաւէրը: Ճիշդ է, յայտադիմումների ընդունման վերջնաժամկէտը հոկտեմբերի 1-ն էր, սակայն այս օրերին էլ սփիւռքի լրատուամիջոցները դեռ ուղարկում են յայտադիմումներ, որոնք մենք չենք մերժում:
Լիայոյս եմ, որ հայ լրագրողների այս հերթական համաժողովը եւս կ՛ընթանայ բուռն քննարկումների, մասնակիցների միջեւ փոխըմբռնման մթնոլորտում, կը լինեն բազմաթիւ կարեւոր առաջարկներ, որոնք կը գտնեն նաեւ իրենց լուծման տրամաբանական շարունակութիւնը: Լրագրողների համահայկական 8-րդ յանձնաժողովը նոր կարեւոր հանգրուան կը հանդիսանայ հայ խմբագիրների եւ լրագրողների փոխճանաչողութեան, փոխադարձ սերտ կապերի ամրապնդման, ինչպէս նաեւ համահայկական տեղեկատուական միասնական հարթակի ձեւաւորման եւ զարգացման ճանապարհին:
Նախատեսել ենք նաեւ համաժողովի նիւթերը հաւաքել եւ հրատարակել առանձին ձեռնարկով: