Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

«Յարձակում» Հայկական «Իսքանտեր»-ի Վրայ

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

0927iskandar1

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նուիրուած զօրահանդէսի ընթացքում օփերատիւ-մարտավարական «Իսքանտեր» հրթիռային համակարգի ցուցադրութիւնից յետոյ որոշ շրջանակներ ու յատկապէս ընդգծուած ռուսատեացներ հետեւողականօրէն հասարակութեանը փորձում են համոզել, որ այդ համակարգը բացարձակապէս չի բարձրացնում հայկական բանակի մարտունակութիւնը, մեծացնում է Հայաստանի անվտանգութեան սպառնալիքը, քանի որ երկիրը վերածում է թիրախի, եւ որ այդ համակարգը երբեք չի կրակելու, քանի որ նախ նրան թոյլ չեն տայ, երկրորդ` դրա հետեւանքները կը լինեն կործանարար մեզ համար: Հանրային կարծիքի նկատմամբ այս քարոզչական յարձակումը  այնպիսի ջերմեռանդութեամբ է իրականացւում, կարծես յարձակման թիրախում ոչ թէ սեփական հասարակութիւնն է, այլ` հակառակորդի, որին պէտք է հոգեբանօրէն ոչնչացնել ցանկացած գնով ու ցանկացած մեթոտով: Մինչդեռ իրավիճակն աւելի քան պարզ է ու բացատրելի:

Նախ` ինչ վերաբերում է «Իսքանտեր» համակարգն օգտագործել թոյլատրելուն. հարկ է նշել, որ այն ձեռք է բերել Հայաստանի բանակը: Եւ, ըստ էութեան, հէնց Հայաստանի զինուած ուժերն է որոշելու` ե՞րբ, որտե՞ղ ու ինչպէ՞ս այն օգտագործել: Եթէ Հայաստանի կամ Արցախի համար օրհասական իրավիճակ ստեղծուի, Հայաստանը չի սպասելու, թէ Մոսկուայից կամ Ուաշինկթոնից կը տա՞ն այն կիրառելու թոյլտուութիւն, թէ՞ ոչ: Էլ չենք խօսում այն մասին, որ, ձեռք բերելով «Իսքանտեր»-ը, Հայաստանի զինուած ուժերն զգալիօրէն մեծացնում է Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգութեան համակարգում:

Միւս կողմից` առնուազն քաղաքական անգրագիտութիւն է պնդումը, թէ այդ համակարգի ձեռքբերումը Հայաստանը վերածում է թիրախի, յատկապէս` ՆԱԹՕ-ի եւ Թուրքիայի կողմից: Մի քանի միջուկային գերտէրութիւններ ներառող Հիւսիսատլանտեան դաշինքին «Իսքանտեր»-ով սպառնալ կարող է միայն խելապակասը: Եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, ապա ՆԱԹՕ-ն պէտք է սպառնալիք համարի իրեն սահմանակից բոլոր այն երկրներին, որոնք անգամ միջին հեռահարութեան հրետանային, հրթիռային կամ հրաձգային միջոցներ ունեն իրենց զինանոցում: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանը ՆԱԹՕ-ի համար կարող էր թիրախ համարուել «Իսքանտեր»-ը ձեռք բերելուց դեռ շատ առաջ, երբ այստեղ տեղակայուեց ռուսական ռազմակայանը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հայաստանը նրա համար հիմա նոյնքան թիրախ է, որքան էր դրանից առաջ: Հնարաւո՞ր է աշխարհում գտնել քիչ թէ շատ դատելու ունակութիւն ունեցող ոեւէ մէկին, ով կարծում է, որ մինչ այդ համակարգի ձեռք բերումը Հայաստանը Թուրքիայից որեւէ սպառնալիք չունէր:  Ընդհակառակը, մերօրեայ քարոզչական «քոլապորասիոնիստները» Հայաստանի համար «Իսքանտեր»-ի ձեռքբերման նպատակայարմարութիւնը քննելիս համեստօրէն շրջանցում են այն փաստը, որ այդ համակարգն առաջին հերթին ոչ թէ նոյնիսկ Ազրպէյճանի, այլ հէնց Թուրքիայի դէմ է զսպող, կանխարգելիչ գործօն դառնում, որովհետեւ մարդկային, ռազմական եւ տնտեսական միջոցների այն անհամեմատելի տարբերութիւնը, որը կայ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, հնարաւոր է գոնէ մասնակիօրէն փոքրացնել հէնց նման ռազմավարական նշանակութեան համակարգերի, զինասարքերի ձեռքբերման միջոցով: Թուրքիայի հնարաւոր յարձակումը միշտ յանգեցնելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյապայքարի: Իսկ այդ դէպքում արդարացուած է ցանկացած, անգամ` միջուկային զէնքի կիրառումը: Այս իմաստով, եթէ իսկապէս Հայաստանը ընդամէնը մէկ տիվիզիոն համակարգ է գնել, ինչպէս պնդում են ռուսական աղբիւրները, ապա այն  քիչ է: Որքան էլ անիրական թուայ, որոնք կը ստիպեն  Թուրքիային անգամ մտքի ծայրով չանցկացնել թիրախաւորել Հայաստանը: Իրականում անկախութեան 25 տարիներին Հայաստանի հիմնական աններելի բացթողում եղել է հէնց այն, որ չի առաջնորդուել Թուրքիայի համար սպառնալիք դառնալու ռազմավարութեամբ, նաեւ` տեղական ռազմարդիւնաբերութեան համարժէք համալիրն ստեղծելու միջոցով:

Ոեւէ մէկը չի կարող պնդել, որ եթէ արդէն «Իսքանտեր» համակարգ ունենք, ուրեմն Ազրպէյճանից Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ապահովագրման հարցը  վերջնականապէս լուծուել է, եւ այլեւս անելիք չկայ: Անելիք կայ եւ շատ` կապուած ինչպէս ներկայիս բնագծերն ու յենակէտերն ուժեղացնելու եւ ժամանակակից զինասարքերի միջոցներով յագեցնելու, այնպէս էլ հակառակորդի խափանարարական յարձակումների ժամանակ, մարտավարական նշանակութեան ռազմական գործողութիւններում թշնամու կենդանի ուժի, ուղեկցող զինասարքերի ոչնչացման, յառաջխաղացումը կանգնեցնելու եւ արդիւնաւէտ յարձակում կազմակերպելու հետ: Այստեղ «Իսքանտեր»-ը օգնել չի կարող: Բայց եթէ ամբողջ աշխարհն առաջնորդուէր բացառապէս այս տրամաբանութեամբ, ապա միջուկային զէնք ընդհանրապէս չէր ստեղծուի, եղածներն էլ վաղուց արդէն ոչնչացուած կը լինէին: Միջուկային զէնքը չի ստեղծւում առաջին իսկ խափանարարութեան ձեռնարկման կամ դիպուկահար մէկ-երկու կրակոցի դէպքում կիրառելու համար: Այն ստեղծւում է պատերազմի սպառնալիք ստեղծելու կամ այդ սպառնալիքը չէզոքացնելու, սահմանափակելու համար:

Հայաստանն ու Ազրպէյճանը միջուկային զէնք ունենալու իրաւունք չունեն: Նրանց եւ նրանց պէս երկրների համար «Իսքանտեր»-ի նման համակարգերը ձեռք են բերում իրենց հակամարտութեան եւ առաւելագոյնը տարածաշրջանի մակարդակով միջուկային զէնքի նշանակութիւն: Փաստ չէ, որ վաղը նաեւ Ազրպէյճանը դրանից ձեռք չի բերելու: Եթէ նման համակարգերը նուազեցնում են ծաւալուն եւ անկանխատեսելի հետեւանքներով յղի պատերազմների հաւանականութիւնը, ապա ինչո՞ւ չունենալ: Ուրեմն աւելի լաւ է մշտապէս ապրել այդ պատերազմի սպառնալիքի պայմաններո՞ւմ: Իսկ եթէ համարում են, որ, միեւնոյն է, անգամ այդ համակարգերի ձեռքբերումը նման պատերազմները չի նուազեցնելու, ապա ի՞նչ անել, սպասել, թէ ե՞րբ հակառակորդն այն ձեռք կը բերի: Ազրպէյճանին պատերազմի ընդամէնը չորս օր անհրաժեշտ եղաւ` «Սմեչ» հրթիռային համազարկային կայանքները գործողութեան մէջ դնելու համար: Հնարաւո՞ր է բացառել առաւել մեծ հեռահարութեան եւ կործանարար ուժով օժտուած հրթիռային համակարգերի կիրառումը ֆաշիստական մի երկրի կողմից, որտեղ քնում ու զարթնում են ցանկացած գնով Հայաստանն ու Արցախը երկրի երեսից ջնջելու մարմաջով: Եթէ, Աստուած մի՛ արասցէ, Ազրպէյճանն ունենար նման համակարգ եւ ընդամէնը ցուցադրեր իր զօրահանդէսում, ի՞նչ էին ասելու նոյն այդ շրջանակները, շնորհակալութի՞ւն էին յայտնելու ռուսներին եւ Հայաստանի իշխանութիւններին, որ խուսափել են, նրանց ներկայացրածի համաձայն, բացարձակապէս անպէտք այդ համակարգը ձեռք բերելուց… Ո՛չ, չկասկածէք` նրանք ամբողջ կոկորդով բղաւելու էին, որ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը հերթական հարուածն է հասցնում Հայաստանի թիկունքին, իսկ այստեղ շարունակում են 80-ականների զէնքով զինել զինուորներին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>