«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Դերենիկ Մելիքեան
«ԱԼԻՔ»-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը՝ Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար՝ անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85–ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին Իրանի եւ իրանահայութեան հիւրընկալ միջավայրում համախմբելն էր: Անհամեստութիւն չթւա°յ, բայց կարծում ենք ՙԱԼԻՔ՚-ի նոյն ընտանիքը յաջողեց ճշտորոշած նպատակադրումը իրականացնել եւ կենդանի ու գործնական բնոյթ հաղորդել ինչպէս ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ-ԱՐՑԱԽ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ գաղափարին՝ գէթ քարոզչական մակարդակում, այնպէս էլ՝ հայկական լրագրութեան՝ Իրանի պետական ու մամլոյ շրջանակների հնարաւորութիւններին առնչւելու տեսակէտից:
Հայաշխարհի ծանրակշիռ ու ազդեցիկ լրատւամիջոցների ներկայացուցիչների Իրանի Իսլ. Հանրապետութիւն այցն բնաւ զբօսաշրջային բնոյթ չէր կրում ու նրանց՝ իրանահայութեան հինաւուրց գաղթօջախներ՝ Ատրպատական եւ Սպահան, ինչպէսեւ՝ Թեհրան ճամբորդութեան արգասիքը ոչ միայն մեր կողմից, այլ եւ մանաւանդ իրենց միջոցով արդէն իսկ լուսարձակի տակ է առնւել ու դեռ այդ մասին ստանալու է պատշաճ բնութագրականը:
Մէկ խօսքով՝ աննախադէպ այց ու համախմբում էր մեր թանկագին գործընկերների ի մի գալը՝ Իրանում ու իրանահայ հինաւուրց համայնքում:
Մնում է, որ մենք, մեր հերթին դա ընդունենք որպէս արժէքաւոր փորձառութիւն՝ մեր հետագայ ու դեռ գալիք ամեակները իմաստաւորելու համար:
Ի Խնդիր Հզօր Հայաստանի, Յաղթական Արցախի Ու Յաւերժական Հայութեան
Անկախութեան տարեդարձները երջանկագոյն այն պահերն են, որոնցում անխտիր ազգի իւրաքանչիւր զաւակ ապրում է խանդավառութեան, հպարտութեան ու ապագայի հանդէպ վառ ու լաւատեսական զգացմունքներով:
Հայ ազգը դա ճաշակել է որպէս իրականանալի երազանք՝ ամբողջ մի եօթ տասնամեակ՝ 1921 թ.-ին Հայաստանի խորհրդայնացումից ի վեր, ու ապրել այդ պահը՝ երազանքը իրականացւած տեսքով արդէն քառորդ դար՝ սկսեալ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական, համապետական ու համազգային կամքի կենսագործմամբ:
Անշուշտ, պետական անկախութեան կարեւորագոյն ձեռքբերումներից է նոյն պետականութեան օրըստօրէ կայացումն ու հզօրացումը:
Համապատասխանաբար՝ օրըստօրէ էլ հարկաւոր է պատրաստ լինել ազգովի՝ ծանրակշիռ ու տարատեսակ գին վճարելու՝ կայացման-հզօրացման ճամբին:
Անցնող 25 տարիներում այդ գինը վճարել է հայութիւնն ու Հայաստանը՝ Արցախով ու Սփիւռքով՝ համազգայնօրէն ու պետականօրէն, որպէս օրինաչափ մի հանգամանք եւ որ նոյն ճամբով, սակայն տարբեր ուղղութիւններով, ընթացել են անկախութեան ձգտող ու նոյնիսկ դարեր երազող ազգերը:
Անկախութեան սիրոյն ու յատկապէս դրա պետականօրէն կայացման – հզօրացման համար, հազարամեակների պատմական անառարկելի ու անհաշւելի դասերն ու փորձառութիւնները յուշում ու փաստում են ազգերի ու ժողովուրդների վճարւած գների մասին, որոնք սերտելու – գիտակցելու հոլովոյթ են ապրում հայն ու Հայաստան աշխարհը արդէն 25 տարի …
գին՝ պատերազմական,
գին՝ ներքին թէ° արտաքին քաղաքական,
գին՝ սոցիալ – տնտեսական,
գին՝ մշակութային – կրթադաստիարակչական,
գին՝ հոգե-մտաւոր, մարդկային- հասարակական ու ազգային վեհագոյն գաղափարների կենսագործման ու նւիրականացման համար:
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 25-ամեայ փառապանծ դասը, ահաւասիկ, թող կոփի ու ամրապնդի համազգային մեր կամքը՝ պատրաստակամ լինելու նորանոր ու անհրաժեշտ գիները վճարելու համար, ի խնդիր հզօր Հայաստանի, յաղթական Արցախի ու յաւերժական հայութեան …