Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Ռուսաստան-Թուրքիա` Մերձեցման Խնդիրներ

$
0
0

khmbagrakan-troshag

Օգոստոսի սկզբին, նախագահներ Փութինի եւ Էրտողանի հանդիպումով, արմատականօրէն փոխուեցին տարածաշրջանի գլխաւոր ուժերից` Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխյարաբերութիւնները: Տաս ամիս անընդմէջ թշնամական դիրքերից միմեանց հասցէին քննադատական եւ սպառնական յայտարարութիւններից յետոյ, այսօր իրավիճակը էականօրէն տարբեր է, եւ այդ փոփոխութիւնը կատարուեց շատ արագ:

Մի կողմից Ռուսաստանի Դաշնութեան յարաբերութիւնների վատթարացումը Արեւմուտքի հետ, ուքրանական ճգնաժամի եւ յատկապէս Խրիմի հարցի պատճառով, ինչպէս նաեւ անցած մէկ տարուայ ընթացքում Ռուսաստանի աշխուժ եւ ուղղակի մասնակցութիւնը սիրիական պատերազմին, առաջացրել են յետխորհրդային տարիներում նախընթացը չունեցող բարդ իրավիճակ` ռազմական մրցակցութեան եւ տնտեսական պատժամիջոցների կերպարանքով:

Իսկ միւս կողմից` 1952-ից ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիան սիրիական քաղաքականութեան մէջ չի համագործակցել ու դեռ հակադրուել է իր դաշնակից Արեւմուտքին` բացայայտ կամ գաղտնի հովանաւորելով իսլամ ծայրայեղականներին` ընդդէմ Սիրիայի իշխանութիւններին ու միաժամանակ ճնշել է քիւրտերին Թուրքիայում կամ հարեւան երկրներում: Աւելի՛ն. Թուրքիան Եւրոպական Միութեան հետ ունի բազմաթիւ տարաձայնութիւններ` գաղթականների, թուրք քաղաքացիների վիզայի դրութեան վերացման, Թուրքիայում մարդկային իրաւանց խախտումների, հիւսիսային Կիպրոսի ԵՄ-ի կողմից չճանաչելու եւ,  վերջապէս, Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցերով: Սակայն Թուրքիայի յարաբերութիւնները Արեւմուտքի հետ վատթարացման հիմնական խթանը հանդիսացաւ յուլիսին տեղի ունեցած զինուորական յեղաշրջման փորձը: Էրտողանը եւ Թուրքիայի հանրային կարծիքի մի զգալի մասը դրա մէջ մեղադրում են ոչ միայն Էրտողանի մրցակից Կիւլենին, այլեւ` Ամերիկայի Միացեալ Նահանգներին: Այն փաստը, որ թրքական ժամանակակից պատմութեան մէջ բոլոր զինուորական յեղաշրջումները եղել են Միացեալ Նահանգների գաղտնի սպասարկութիւնների հրահրումով կամ առնուազն լռելեայն համաձայնութեամբ, եւ որ Կիւլենը ապրելով Միացեալ Նահանգներում` գտնուել է տեղի անվտանգութեան կառոյցների հսկողութեան տակ, Էրտողանին բերել է նման եզրակացութեան: Եթէ ճիշդ լինի այն տեղեկութիւնը, որ Ռուսաստանը զինուորական յեղաշրջումից ընդամէնը ժամեր առաջ դրա մասին տեղեկացրել է Էրտողանին` փրկելով նրա իշխանութիւնը եւ գուցէ` կեանքը, ապա «եղբայրութեան» պատկերը ամբողջական է դառնում:

Արդիւնքում ստացւում է, որ «բնական» դաշնակիցներ լինելու բոլոր ռազմաքաղաքական նախադրեալները պատրաստ էին ռուս-թրքական մերձեցման եւ Արեւմուտքի ճնշումները չէզոքացնելու համար: Նաեւ, տնտեսական բնագաւառում առկայ էր գործակցութեան մեծ պահանջ ու անհրաժեշտութիւն:

Սա` անկախ այն իրողութիւնից, որ Ռուսաստանն ու Թուրքիան օրինաչափօրէն առաւել «բնական» հակառակորդներ են թէ՛ Սիրիայում, թէ՛ Կովկասում, թէ՛ Միջին Ասիայում եւ թէ՛ Արեւելեան Եւրոպայում: Յատկապէս նկատի առնելով Թուրքիայի բազմամեայ աշխուժ անդամակցութիւնը` ՕԹԱՆ-ին:

Միեւնոյն տրամաբանութեամբ կարելի է պատկերացնել, թէ ի՛նչ պայմաններում կարող է յարատեւել ու նոյնիսկ խորանալ ռուս-թրքական բարեկամութիւնը կամ ընդհակառակը` վերանալ:

Առայժմ թրքական ներխուժումը հիւսիսային Սիրիա չի հանդիպել Ռուսաստանի հակադարձութեանը, թէեւ խիստ քննադատուել է սիրիական իշխանութիւնների կողմից: Դրանով հանդերձ, Ռուսաստանի միջնորդութեամբ, յառաջիկայ շաբաթներին հաւանական է, որ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահները հանդիպեն Մոսկուայում:

Հետեւաբար, եթէ տարածաշրջանում, ինչպէս նաեւ Արեւելեան Եւրոպայում Ռուսաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները կամ Թուրքիա-Արեւմուտք կապերը դրական տեղաշարժ ունենան, ապա ռուս-թրքական բարեկամութիւնը իր ներկայ «պարտադրեալ» վիճակից դուրս գալով, կը վերադառնայ օրինաչափ` սահմանափակ վիճակին: Նախանշանները յուշում են, որ թէ՛ Միացեալ Նահանգներն եւ թէ՛ ԵՄ-ն փորձում են մի կողմից լեզու գտնելով Թուրքիայի հետ, իսկ միւս կողմից` սիրիական հարցով բանակցելով Ռուսաստանի հետ` տկարացնել իրենց համար վտանգաւոր Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը:

Այնուամենայնիւ, ամենայն հաւանականութեամբ ռուս-թրքական «սիրաբանութիւնը», գոնէ ներկայ ուժգնութեամբ, երկարատեւ չի լինելու եւ աշխարհաքաղաքական իրողութիւնները գերիշխող են լինելու:

Սակայն, թէկուզ կարճատեւ, բայց այս մերձեցումը կարող է խիստ բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Կասկած չկայ, որ Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը եւ վերջինիս միջնորդութեամբ ու լծակով` Ազրպէյճանի հետ միասին ճնշման տակ են դնելու Հայաստանի Հանրապետութեանը` նրանից պահանջելով տեղաւորուել նոր պայմանների գծած շրջանակի մէջ:

Ինչ խօսք, սա խիստ սահմանափակելու է Հայաստանի խուսանաւելու կարելիութիւնները` նրան պարտադրելով հաշուի նստել նոր իրադրութեան անցանկալի հետեւանքների հետ եւ փորձել չէզոքացնել դրանք: Իսկ յաջողելու համար նախապայման է երկրում ապահովել միասնականութիւն` հիմնուած արդարութեան, ժողովրդավարութեան ու քաղաքացիների նկատմամբ յարգանքի վրայ, ինչպէս նաեւ` հայրենիքի ու համայն հայութեան ներուժի խելամիտ եւ կազմակերպուած ձեւով օգտագործման վրայ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>