Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Ինչպէ՞ս «Տրոլեյբուսը» Ընկաւ Երեւանեան Լիճը

$
0
0

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Տաղանդաւոր մարզիկը փառքի գագաթնակէտին թողեց մարմնակրթութիւնը, իսկ տարիներ անց կօշկակարի մի փոքրիկ արհեստանոց բացեց Մոսկուայում: Նա բառի բուն իմաստով խորտակեց իր մասնագիտութիւնը, խորտակեց Երեւանեան լճի սառն ու կեղտոտ ջրերում: Փոխարէնը փրկեց տասնեակ կեանքեր, երբ 40 տարի առաջ այս օրը` 1976թ.-ի սեպտեմբերի 16-ին Երեւանեան լիճն էր ընկել «տրոլեյբուսը» եւ 92 ուղեւորներ յայտնուել էին 10 մեթր խորութեան ջրի տակ: Երեւանեան լճի հերոսը սուզալող մարզաձեւում 11 անգամ աշխարհի մրցանիշ հաստատած, 17 անգամ աշխարհի ու 13 անգամ Եւրոպայի ախոյեան եղած Շաւարշ Կարապետեանն էր: Այդ ժամանակ նա ընդամէնը 23 տարեկան էր:

shavarsh8_91616

Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս էր տեղի ունեցել ողջ Խորհրդային Միութիւնը ցնցած այդ դէպքը, եւ ինչո՞ւ միայն տարիներ անց յայտնի դարձաւ կեանքեր փրկած հերոսի սխրագործութեան մասին: Այս ամէնը եւ աւելին` ըստ կարգի:

1974 թ. յունուարի 8-ին Շաւարշ Կարապետեանը Ծաղկաձորի մարզական կեդրոնից (ուր մարզւում էր ողիմպիական մրցումներին մասնակցելու համար) փոխադրակառքով վերադառնում էր Երեւան: փոխադրակառքում այդ պահին գտնւում էին երեսունից աւելի ուղեւորներ` ներառեալ մարզիկներ: Վերելքի վրայ վարորդը, նկատելով շարժիչի անսարքութիւն, ստիպուած կանգնեցնում է մեքենան եւ դուրս գալիս: Նոյն պահին անկառավարելի փոխադրակառքը շարժւում է տեղից: Վարորդի բացակայութիւնը առաջինը նկատում է Կարապետեանը, ով ամէնից մօտն էր նստած վարորդին: Փորձելով կանգնեցնել փոխադրակառքը եւ կանխել անկումը ձորի մէջ` Շաւարշը ջարդում է վառորդի խցիկի ապակին եւ կտրուկ փոխում է ուղղութիւնը: Աւելի ուշ այս իրավիճակի վերլուծութեան ընթացքում պարզւում է, որ տուեալ որոշումը միակ ճիշդ ելքն էր վթարից խուսափելու համար: Հէնց այս դէպքից յետոյ Շաւարշ Կարապետեանը, պատասխանելով այն հարցին, թէ ինչպէ՛ս նրան յաջողուեց կանխել ողբերգութիւնը, ասել իր յայտնի խօսքերը. «Ուղղակի ես ամէնից մօտն էի…»:

Պատահածը կարծես նախազգուշացում էր եղել հետագայում սպասուող ողբերգութեան մասին, որը տեղի ունեցաւ 2 տարի անց` 1976-ին, երբ 92 ուղեւորներ յայտնուեցին Երեւանեան սառը լճի խորքերում: Դէպքի պահին Շաւարշը աւարտում էր ամէնօրեայ 20 քմ վազքը եւ, տեսնելով կատարուածը, անմիջապէս նետւում է ջուրը` օգնութիւն ցոյց տալու խեղդուող մարդկանց: Նրան օգնել է եղբայրը` 19 ամեայ Կամօ Կարապետեանը:

Նրանք բոլորը դատապարտուած կը լինէին անխուսափելի մահուան, եթէ չլինէր Շաւարշ Կարապետեանը: Մասնագէտները դեռ այն ժամանակ յայտարարեցին, որ ոչ ոք ամբողջ աշխարհում ֆիզիքապէս չէր կ՛արողանայ անել այն, ինչ որ արեց Շաւարշը: Նա սուզուեց կեղտոտ ջրի մէջ եւ ոտքերով կոտրեց տրոյելբուսի ետեւի ապակին, ապա սկսեց դուրս հանել ուշագնաց ուղեւորներին: Նա աւելի քան 20 րոպէ անցկացրել էր սառը ջրի մէջ: Շաւարշը 37 մարդու կարողացաւ դուրս հանել տրոյելբուսինց, բայց ոչ բոլորին յաջողուեց փրկել: Ըստ պաշտօնական վարկածի` փրկուեց 20 մարդ: «Երբ նա հերթական անգամ ջուրն էր սուզւում, Շաւարշի մարմինը պատուած էր ջարդուած ապակու կտորներով` ամբողջովին արիւնոտուած». պատմել են դժբախտ դէպքի ականատեսները:

Հետագայում, այն հարցին, թէ ի՞նչն էր ամենասարսափելին, Շաւարշը պատասխանել էր. «Ես գիտէի, որ չնայած իմ պատրաստուածութեան վիճակին, ես կը կարողանայի միայն որոշ  թուով սուզումներ կատարել: Ջրի տակ տեսանելիութիւնը զրոյական էր, այդ պատճառով ես շօշափելով էի գտնում մարդկանց եւ միանգամից դուրս հանում: Մէկ անգամ ես վեր լողացի եւ տեսայ, որ ձեռքիս մէջ նստատեղի կաշուէ բարձիկն է: Ես նայում էի նրան եւ հասկանում, որ իմ սխալը մէկ մարդու կեանք արժէր: Այդ բարձիկը ես շատ անգամներ եմ տեսել իմ երազներում»:

shavarsh5_91616

Շուտով Շաւարշ Կարապետեանին հիւանդանոց տեղափոխեցին: Նա հիւանդացաւ թոքերի բորբոքումով, որը բարդացաւ «սեփսիսով», նաեւ արեան վարակում էր ստացել: Ջերմութիւնը երկար ժամանակ չէր իջնում 40 աստիճանից: Միայն 46-րդ օրը լողորդն ուշքի եկաւ, թէեւ բժիշկները նախապատրաստում էին հարազատներին ամենավատին: Թոքերի բորբոքման բարդացման հետեւանքով մարզիկը շատ դժուարութեամբ էր կարողանում շնչել: Ծանր հիւանդութիւնը բերեց հաշմանդամութեան եւ մասնագիտական գործունէութեան աւարտի:

1976 թ.-ին տեղի ունեցած վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Մարդիկ կարող էին միայն կռահել, թէ ինչը հանդիսացաւ տրոլեյբուսի` ջրի մէջ յայտնուելու պատճառը, սակայն բոլոր հարցերն այդպէս էլ մնացին օդում: Շաւարշ Կարապետեանի մասին լսեցինք միայն տարիներ անց: Չէ՞ որ խորհրդային գաղտնի սպասարկութիւնը չէր կարող հանդուրժել, որ իր փրկարար ծառայութեան «անօգնականութիւնը» մէջտեղ գայ:

Պաշտօնական արձանագրութեան մէջ գրուեց, որ վթարի պատճառ հանդիսացաւ վառորդի սրտի կաթուածը: Սակայն, փրկուածներից ոմանք հետագայում այլ պատմութիւն ներկայացրին:

Ըստ այդ պատմութեան, վթարի օրը 92 ուղեւորների թուում կար մէկ նախկին կալանաւոր (չէին բացառում, որ նա վառորդի ծանօթներից էր): Երբ մօտեցան լճին, նա հրամայական ձայնով վառորդից պահանջեց կանգնեցնել տրոլեյբուսը: Վառորդն էլ բաւականին կոպիտ պատասխանեց, որ սա թաքսի չէ եւ ինքը չի պատրաստւում հետեւել ինչ-որ մէկի քմահաճոյքին: Զայրացած ուղեւորը երկաթի ձողով հարուածեց վառորդի գլխին, որն էլ կորցրեց գիտակցութիւնը…

Իսկ այն ժամանակուայ դատախազութեան գնդապետ եւ միաժամանակ Խորհրդային Հայաստանի ստորջրեայ մարզաձեւերի ֆետերացիայի նախագահ Պուշկին Սերոբեանը մի առիթեւ պատմել էր հետեւեալը.

«Մտերիմ էի Կարապետեանների ընտանիքի հետ, ու երբ դէպքը տեղի ունեցաւ, անկարող էի չգնալ ու չտեսնել, թէ ի՞նչ է կատարւում այնտեղ: Բացի այդ, որպէս ֆեդերացիայի նախագահ` պարտաւոր էի ներկայ գտնուել:

«Այս ողջ պատմութեան հիմնական առանցքն այն էր, թէ խորհրդային պետութեան պէս հզօր երկրում տրոլեյբուսն ինչպէ՞ս կարող էր լիճն ընկնել: Դա անհնար բան էր եւ այդ մասին ակնարկ անգամ չէր կարող լինել: Ուստի, դէպքի բոլոր ականատեսներին փորձեցին լռեցնել:

«Յօդուածներ գրեցի «Սովետական սպորտ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթերի համար, որտեղ փորձեցի թէկուզ մակերեսօրէն, բայց գոնէ խօսել այդ դէպքի մասին, ներկայացնել մեր մարզիկի` Շաւարշի հերոսութիւնը: Սակայն ինձ ուղղակիօրէն զգուշացրին, որ չխառնուեմ այդ հարցերին»:

Դէպքից որոշ ժամանակ անց «Երեկոյեան Երեւան» թերթը յօդուած տպագրեց այն մասին, որ խորհրդային ինչ-որ պաշտօնեաների որդիներ  խրախուսման էին արժանացել մարդկանց փրկելու համար: Իբր թէ այդ երիտասարդները մասնակցել են դէպքի օրը լճից մարդկանց ափ տեղափոխելու աշխատանքներին: «Շաւարշը սուզւում էր, մարդկանց դուրս բերում, իսկ այդ երկուսը նրանց տեղափոխում էին ափ: Ի հարկէ, յօդուածում այլ մանրամասներ չէին նշւում, թէ ճշգրիտ ո՞ր դէպքի համար են խրախուսուել երիտասարդները, սակայն չափազանց անարդար էր տեսնել, որ խորհրդային պաշտօնեաների որդիներն արժանանում են գնահատականի եւ ուշադրութեան, մինչդեռ Շաւարշը, ով այդ պատմութեան իրական հերոսն էր, մնում է ստուերում»,- յաւելել էր Սերոբեանը:

Այսպիսով էլ, Շաւարշի սխրանքի մասին մարդիկ իմացան միայն տարիներ անց:

«Ես կարողացայ ջրից հանել 20 հոգու, ոմանց յաջողուեց ինքնուրոյն հասնել ափ, ոմանք էլ դուրս բերուեցին փրկարարների օգնութեամբ: Սակայն ուզում եմ շեշտել, որ առանց այն ուժի, որը միաւորեց ափին կանգնած մարդկանց, ոչինչ չէր ստացուի:

«Տրոլեյբուսը ջրի տակից հանուեց ընդամէնը 45 րոպէում, դա եզակի դէպք է: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ջրափրկարար կայանի աշխատողները, լճում մարզուող «բայդարկայի» եւ «կանոէի» թիավարողները, շտապ օգնութեան բժիշկները: Վերամբարձ կռունկի վարողներից մէկը, որը լողալ չգիտեր, թռաւ ջուրը` մարդկային կեանք փրկելու նպատակով: Կային նաեւ 2-3 օտարազգի մարդիկ, որոնք բոլորի հետ հաւասար մասնակցում էին փրկարարական աշխատանքներին` մարդկային կեանք փրկելու ժողովրդի պատրաստակամութիւնը չէր հարցնում ո՛չ ազգ, ո՛չ մասնագիտութիւն»: Հետագայում յուզմունքով ներկայացրել է Շաւարշ Կարապետեանը:

Ինչպէս նշուեց, դէպքը ցնցել էր ողջ Խորհրդային Միութիւնը, իսկ հետագայում այս մասին նաեւ գիրք գրուեց. 1988թ-ին լոյս տեսած Պորիս Լեյպովսքու «Շաւարշի 20 կեանքերը» գիրքը ներկայացնում էր փրկուածներ յուշերը:

Հատուած յուշերից.

Իւան Կուսեւ. «Սկսեցի մօրս յիշել: Քանի անգամ խնդրել էի, որ գայ մեզ հիւր, չէ որ թոռնիկին ոչ մի անգամ չէր տեսել: Եւ այդ պահին մտածում էի, որ չեմ տեսնի ո՛չ մօրս, ո՛չ էլ դստերս: Գիտակցութիւնս կորցնումն էի… վերջինը, ինչ յիշում եմ` ինչ որ մէկը ուժեղ բռնեց գլխիցս»:

Եւտոքիա Գուրթ (Ի. Կուսեւի կինը). «Ամուսնուս հետ շատ ենք ամաչում, որ չենք փնտռել մեր փրկչին: Շատ վախեցած էինք, սակայն դա, անշուշտ, չի կարող  արդարացում հանդիսանալ: Այժմ Շաւարշը եւ իր ամբողջ ընտանիքը ամենաթանկ մարդիկ են մեզ համար»:

Էմմա Յակոբեան. «Ոչ, ես չեմ փնտռել իմ փրկչին, նոյնիսկ չեմ փորձել իմանալ, թէ ով էր նա: Չնայած նրան, որ արդէն 10 տարի է անցել, մինչ օրս չեմ կարող անգամ մօտենալ այդ լճին: Երբ մարմնակրթութեամբ էի զբաղւում, Շաւարշ Կարապետեանը բոլորիս կուռքն էր, նոյնիսկ որոշ չափով ծանօթ էի նրա հետ: Միայն 1982թ.-ին իմացանք, որ մեզ հէնց նա է փրկել: Շնորհակալ եմ Շաւարշին իմ ամբողջ կեանքով»:

Թերեզա Սողոմոնեան. «Դէպքից որոշ ժամանակ անց իմացայ, որ մեզ ինչ-որ երիտասարդ էր փրկում: Եղբայրս` Ալպերթը, դիմել էր «աւանգարդէ եւ «երեկոյեան Երեւան» թերթերին, ինչպէս նաեւ դատախազութիւն, սակայն որեւէ յստակ պատասխան չստացանք: Տարիներ անց «Կոմսոմոլսկայա պրաւդան» յայտնեց այդ երիտասարդի անունը: Այդ ժամանակուանից Շավարշը մեզ համար ամենահարազատ մարդն է»:

shavarsh1_91616

Կարապետեանների ընտանիքը

Իսկ  Շաւարշ Կարապետեանի հայրը` Վլադիմիր Կարապետեանը, մի հարցազրոյցի մէջ այսպէս է ներկայացրել իր տպաւորութիւնները.

«Աշխատում էի Շինարարութեան նախարարութիւնում: Աշխատանքի վայրում էի, երբ ծանօթներից մէկն ինձ յայտնեց դէպքի մասին: Գիտէի, որ երեք որդիներս էլ մարզւում են Երեւանեան լճի տարածքում: Սիրտս ահ ընկաւ: Անմիջապէս նստեցի մեքենան եւ հասայ դէպքի վայր: Լճի մօտ այնքան մարդ էր հաւաքուել, որ տեղ ու դադար չկար:

«Հեռուից նկատեցի միջնեկ որդուս` Կամոյին: Շաւարշն իջնում էր լճի յատակը, մարդ դուրս բերում ջրից, տուժածին փոխանցում Կամոյին, Կամոն էլ վիրաւորներին տեղափոխում էր նաւակների մէջ, իսկ նաւակներն էլ նրանց հասցնում էին ափ, որտեղից նրանց տեղափոխում էին մօտակայ հիւանդանոց:

«Ամէն անգամ, երբ Շաւարշը կրկին ջուրն էր սուզւում, սիրտս կարծես տեղից դուրս էր թռչում: Այն պահին, երբ նա հերթական անգամ սուզուել էր, ջրում վիրաւորներից մէկը բռնել էր նրա ձեռքը եւ չէր թողնում, որ դուրս գայ: Այդ պահին ինձ թուաց, թէ հիմա սրտի կաթուած կը ստանամ:

«Երբ Շաւարշը դուրս եկաւ ափ, տեսայ, որ մարմնի վրայ բացուած վէրքեր կային: Նրան եւ Կամոյին անմիջապէս բերեցի տուն, բժիշկ կանչեցի: Դէպքից յետոյ Շաւարշը երկարատեւ բուժում անցաւ: Դեռ երկար ժամանակ որդիներս ճչում էին քնի մէջ, վեր թռնում: Ծանր հոգեբանական ցնցում էին ապրում: Նրանք շատ երիտասարդ էին»:

Կարապետեան եղբայրները

Կարապետեան եղբայրները

Վլատիմիր Կարապետեանի խօսքով` ընդհանուր առմամբ, Շաւարշը փրկեց 22 մարդու կեանք, չնայած պաշտօնապէս յայտարարուեց քսան փրկուածի մասին: Փրկուածներից երկուսը շտապ հեռացել էին դէպքի վայրից եւ չէին հաշուառուել փրկուածների ցուցակում:

«Դէպքից շատ տարիներ անց մեզ այցելեց մի երիտասարդ: Նա պատմեց, որ 10 տարեկան է եղել, երբ Շաւարշը փրկել է իրեն: Պարզւում է, որ այդ երիտասարդը եղել է փրկուածներից 21-րդը: Փրկուածներից էր նաեւ Ժաննայ անունով մի աղջիկ, ով եւս չէր հաշուառուել 20-ի մէջ»:

Երբ 1987 թ.-ին Լէյկպովսքին ժամանում է Երեւան` հերոս մարզիկի մասին գիրք գրելու, Շաւարշի հայրիկին ծանօթներից մէկն յայտնում է, որ ճանաչում է փրկուածներից մէկին: Լէյպովսքին նրա հետ ծանօթանալու ցանկութիւն է յայտնում:

Ըստ Վլատիմիր Կարապետեանի պատմութեան` գնում են այդ աղջկայ տուն: Իրենց ընդունում են աղջկայ ծնողները, ովքեր էլ պատմում են. տրոլեյբուսի լիճն ընկնելու յաջորդ օրը Ժաննայի կուրսից մի երիտասարդ` հօր ուղեկցութեամբ գալիս է նրա ձեռքը խնդրելու: Երիտասարդը վստահօրէն պնդում է, թէ ինքն է փրկել Ժաննային եւ պէտք է նրա հետ ամուսնանայ: Մինչ աղջկայ ծնողները պայմանաւորւում են երիտասարդի հետ, ներս է մտնում Ժաննան, ով, երիտասարդին տեսնելով, խնդրում է ցոյց տալ ձեռքը: «Այս ձեռքը չի ինձ փրկել», ասում է նա:

Երբ որոշ ժամանակ անց հայրը Շաւարշին հարցնում է, թէ ինչպէ՞ս համարձակուեց գնալ այդ քայլին, որդին այսպէս է պատասխանում. «Զգացի, որ այդ պահին միայն ես կարող էի դա անել»: Իսկ փաստը, որ Շաւարշ Կարապետեանն է փրկել այդ մարդկանց, բացայայտուեց միայն վեց տարի անց` ռուս լրագրողի շնորհիւ:

«Լրագրողի «Մարզիկի ստորջրեայ պայքարը» յօդուածի լոյս տեսնելուն պէս սկսեցինք Շաւարշին հասցէագրուած նամակներ ստանալ: Ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար նամակ եկաւ, որտեղ մարդիկ իրենց հիացմունքն ու երախտապարտութիւնն էին յայտնում: Հնարաւոր չէ նկարագրել, թէ որքան հպարտ եմ` որդուս գործած սխրագործութեան համար»,- տարիներ առաջ նշել էր հերոս մարզիկի հայրը:

shavarsh2_91616

1993 թուականից Շաւարշ Կարապետեանը ընտանիքի հետ ապրում եւ աշխատում է Մոսկուայում: Ռուսաստանում նոր կեանքը սկսեց կօշիկի վերանորոգման փոքր արհեստանոց հիմնելուց, որը կոչւում էր «Երկրորդ շունչ»: Ներկայումս Սուզալողի ռուսական միութեան պատուաւոր նախագահն է: Կարապետեանն ունի երեք երեխայ` երկու դուստր եւ մէկ որդի: Հերոսի անունով կոչուել է փոքրիկ մոլորակ (3027 Շաւարշ): Ռուսաստանում Շաւարշ Կարապետեանի անուան սուզալողի մրցումներ են անցկացւում: Պարգեւատրուել է «Պատուոյ նշան» շքանշանով եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի «Արդար խաղ» (Ֆէյր փլէյ) մրցանակով: 2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրուել է «Արիութեան շքանշան»-ով:

Երեւանեան լիճ

Անուանում են նաեւ Երեւանեան ծով: Այն արհեստական ջրամբար է Երեւանի հարաւ-արեւմուտքում` Հրազդանի կիրճում` 908 մ բարձրութեան վրայ: Մակերեսը 0,65 քմ քառակուսի է, միջին խորութիւնը` 8 (առաւելագոյնը` 18 մ), ջրի ծաւալը` 4,8 միլիոն խորանարդ մեթր, օգտակարը` 0,7 միլիոն խորանարդ մեթր:

Ի սկզբանէ Երեւանեան լիճը ստեղծուել էր որպէս ջրամբար, ոռոգման ջրի պահոց: Երեւանեան ջրամբարը կառուցուել է 1966 թ.-ին` Հրազդան գետի վրայ, Նոր Կողբ գիւղ տարածքում:

Հիմնուել է Հրազդան գետի հոսքը կանոնաւորելու եւ ջրերն օգտագործելու նպատակով: Պատուարը հողային է` երեսպատուած երկաթ պեթոնէ սալիկներով, երկարութիւնը` 480 մ, առաւելագոյն բարձրութիւնը` 29 մ: Կամուրջի դեր է կատարում Երեւանի աջափնեայ եւ ձախափնեայ շրջանների միջեւ:

shavarsh9_91616

Ոռոգման ջուրը բաց է թողնւում աջ ափին կառուցուած ջրթողքի միջոցով: Լճի աջ ափի երկարութեամբ (364 մ) կառուցուել է խրամատային ջրընդունիչ` լողացող մարմինները հեռացնելու նպատակով: Լճի ափերը մասնակիօրէն պեթոնապատուած են: Երեւանեան լիճը մեծ նշանակութիւն ունի ամառային շոգերին քաղաքի ջերմաստիճանը մեղմելու` որոշակի խոնաւութիւն հաղորդելու գործում: Յարմարաւէտ է նաեւ քաղաքային հանգստի գօտու ձեւաւորման համար:

Ձմրանը հազուադէպ սառցակալում է: Լճում կան ձկներ` կողակ, ծածան, կարպ, ինչպէս նաեւ խեցգետնազգիներ:

Պէյրութ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>