Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Արցախի Հանրապետութիւնը Իր Անկախութիւնը Հռչակել Է Միջազգային Իրաւունքի Բոլոր Սկզբունքներին Համահունչ

$
0
0

ՎԱՀԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Իրաւաբան

vahe-(1)_90216

Արցախեան հիմնահարցն ունի միանշանակ կենսական նշանակութիւն հայ ժողովուրդի համար: Այսօր անչափ կարեւոր է, որպէսզի արցախեան հիմնահարցը դիտարկուի ոչ միայն պատմական եւ քաղաքական տեսանկիւնից, այլ նաեւ դիտարկուի հիմնականում իրաւական տեսանկիւնից` միջազգային իրաւունքի ենթագրում, որպէսզի միջազգային հանրութեան հետ հնարաւորութիւն ունենանք խօսել նրանց հասկանալի լեզուով: Նամանաւանդ միջազգային իրաւունքի ենթագրում:

Եւ այս ձեւաչափում փորձենք հասկանալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան  հետ առնչուող միջազգային իրաւունքի երկու  կարեւոր սկզբունքների` տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի բովանդակութիւնը եւ նշանակութիւնը:

Նախ եւ առաջ սկսենք այսպէս ասած տարածքային խնդրից ու նախ եւ առաջ հասկանանք, թէ ի՛նչ նշանակութիւն ունի պետութեան տարածք հասկացութիւնը: Այսպիսով, ի՞նչ է պետութեան տարածքը` որպէս իրաւական հասկացութիւն: Պետութեան տարածքը տուեալ պետութեան տարածքում բնակուող ժողովուրդի բնակման միջավայրը եւ ազգային հարստութիւնն է, որն էլ հանդիսանում է տուեալ տարածքի միակ եւ լիիրաւ սեփականատէրը: Տարածքը դա ժողովրդի եւ նրա պետութեան գոյատեւման միջոց է` այսինքն`  նիւթական հիմք եւ կենսոլորտային միջավայր է: Ոչ մի ազգ պէտք չէ զրկուի իրեն պատկանող գոյատեւման միջոցներից: Պետութեան տարածքային գերակայութիւնը  ընդգրկում է պետութեան բացարձակ եւ ամբողջական իշխանութիւնը պետական սահմանների ներսում: Այլ պետութիւնների կամ կազմակերպութիւնների կողմից պետութեան ներքին  գործերին չմիջամտելը: Պետութեան տարածքի անձեռնմխելիութիւնը, որը բացառում է այլ  պետութեան ցանկացած գործողութիւն` ուղղուած տարածքային ամբողջականութեանը, քաղաքական անկախութեանը կամ ցանկացած պետութեան միասնականութեանը, ուժի գործադրումը կամ դրա  գործադրման սպառնալիքը: Պետական սահմանների ցանկացած փոփոխութիւնները պէտք է կատարուեն բացառապէս ժողովուրդի կամարտայայտութեան  հիման վրայ, միջազգային եւ ներպետական իրաւունքի համաձայնութեամբ, առանց դրսից որեւէ միջամտութեան, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի գործադրման:

Իսկ այժմ փորձենք հասկանալ, արցախեան հիմնահարցի հետ առնչուող, միջազգային իրաւունքի եւս մէկ կարեւորագոյն սկզբունքի նշանակութիւնը: Ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը միջազգային իրաւունքի կարեւորագոյն սկզբունքներից է: Այն ունի աւելի քան 200 տարուայ պատմութիւն: Ազգերի ինքնորոշման սկզբունքը ամրագրում են միջազգային իրաւունքի աղբիւր հանդիսացող մի շարք կարեւորագոյն փաստաթղթեր. 1966 թուականին ընդունուած Մարդու  իրաւունքների միջազգային համաձայնագրերում, ինչպէս  նաեւ  ներառուած  է ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի հռչակագրերում եւ մի շարք այլ կարեւորագոյն փաստաթղթերում:

Մարդու իրաւունքների  հռչակագրում ինքնորոշման իրաւունքի սկզբունքը շարադրուած է հետեւեալ կերպ. «… Ազգերի ինքնորոշման իրաւունքը հանդիսանում է աղբիւր կամ  հիմնարար պայման մարդու միւս  բոլոր իրաւունքների համար, եւ անհատի իրաւունքները չեն կարող իրականացուել առանց  ինքնորոշման իրաւունքի»:

Ինքնորոշման գաղափարն իր արտացոլումն է գտել նաեւ ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում: ՄԱԿ-ի գլխաւոր  վեհաժողովում 1952 թուականին դեկտեմբերի 16-ին ընդունուեց «Ազգերի եւ ժողովուրդների ինքնորոշուելու իրաւունքը» 637-րդ  բանաձեւը, որում ընդգծւում է, որ ժողովուրդի  ինքնորոշման իրաւունքը նախադրեալ է  հանդիսանում օգտագործելու համար   մարդու  իրաւունքներն  ամբողջականութեամբ. ՄԱԿ-ի  անդամ իւրաքանչիւր  պետութիւն պէտք է յարգի այդ իրաւունքը եւ աջակցի այդ իրաւունքին`  ՄԱԿ-ի կանոնադրութեանը համապատասխան:

Հաշուի առնելով վերեւ շարադրուած յանգում ենք հետեւեալ եզրայանգմանը. նախ տարածքային ամբողջականութեան սկզբունքը ոչ մի կերպ չի գերադասւում ազգերի ինքնորոշման իրաւունքին, աւելի՛ն` միջազգային իրաւունքի աղբիւրներում այդ սկզբունքները դիտարկւում են որպէս համահաւասար սկզբունքներ, երկրորդ. տարածքային ամբողջականութեան սկզբունքը ոչ միայն չի հակասում ազգերի ինքնորոշման  իրաւունքին, այլ նաեւ այդ սկզբունքի մասն է  կազմում` հնարաւորութիւն տալով ցանկացած ազգի ինքնորոշուելու եւ ինքնուրոյն տնօրինելու իր ճակատագիրը`  անկախ նրա բնակութեան վայրի: Ի դէպ` միջազգային իրաւունքն ինքնորոշման իրաւունքը որեւէ ձեւով չի սահմանափակւում` այն կարող է լինել ներքին` այսինքն` որեւէ պետութեան ներսում ինքնորոշուելը (ինքնավար հանրապետութիւն, մարզ եւ այն) եւ  արտաքին, այսինքն` անկախ  պետութեան ստեղծում` դրանց միջեւ ընտրութեան  իրաւունքը միջազգային իրաւունքը թողնում է  այդ  տարածքում բնակուող ժողովուրդին: Արցախի ժողովուրդը իրագործելով իր ինքնորոշման իրաւունքը, ընտրել է նաեւ  ինքնորոշուելու իրաւունքի իր նախընտրելի  ձեւը` ստեղծելով ազատ, անկախ պետութիւն: Բացի այդ, նաեւ կարելի է եզրակացնել, որ ազգերի ինքնորոշման  սկզբունքը առաւել լայն նշանակութիւն ունի միջազգային իրաւունքում, քանի որ  ազգերի ինքնորոշման իրաւունքը հանդիսանում է կարեւոր նախապայման մարդու միւս բոլոր իրաւունքների համար եւ առանց ազգերի ինքնորոշման իրաւունքի իրագործման հնարաւոր չէ մարդու միւս բոլոր իրաւունքների իրագործումը, իսկ մարդու իրաւունքները  միջազգային իրաւունքում  ունեն առաջնային դեր եւ այս ամէնով աւելի է արժեւորւում ինքնորոշման իրաւունքի դերը:

vahe-(2)_90216

Հակամարտութիւնների` ինչպէս արցախեան հիմնահարցն է, կարգաւորման համար հիմնարար փաստաթուղթ  կարող է  հանդիսանալ ՄԱԿ-ի «մարդու իրաւունքների  մասին տեղեկագիր»-ը, որի առաջին յօդուածում ամրագրուած է. «Բոլոր ազգերը ինքնորոշման իրաւունք ունեն: Այդ  իրաւունքի ուժով նրանք  ազատ են իրենց քաղաքական կարգավիճակի ընտրութեան մէջ եւ ազատօրէն ապահովում են իրենց տնտեսական, ընկերային, մշակութային զարգացումը»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը ընդգծում է բոլոր ազգերի  հաւասարութիւնը եւ հաստատում է նրանց ինքնորոշման իրաւունքը: Այս  փաստաթղթերը ենթակայ են պարտադիր կատարման ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների  կողմից: Հակամարտութիւնների  կարգաւորման համար կարեւորագոյն փաստաթղթերից է նաեւ ԵԱՀԿ-ի  Եզրափակիչ աքթը, որը  կնքուեց 1975 թուականին Հելսինքի, աքթն անուանում են նաեւ Հելսինքեան Եզրափակիչ աքթ, նրա վրայ են  հիմնւում Եւրոպայում` այդ  թւում նաեւ Հարաւային Կովկասում, հակամարտութիւնների  կարգաւորման ժամանակ: Հելսինքեան Եզրափակիչ աքթում սահմանւում են տարբեր սկզբունքներ` այդ թւում նաեւ  տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքնները: Գործնականում տպաւորութիւն է ստեղծւում, որ այս երկու սկզբունքները  յաճախակի են իրար հակասում: Սակայն այդ  հակասութիւնը միայն առաջին հայեացքից է, եւ խորը ուսումնասիրելով այդ սկզբունքները` կը հասկանանք, որ դրանք ոչ միայն չեն  հակասում միմեանց, այլ նաեւ լրացնում են մէկը միւսին:

Հելսինքեան Եզրափակիչ աքթը հրապարակում է, որ «…մասնակից երկրները  պայմանաւորւում են  յարգել 10 սկզբունքները եւ գործել դրանց համաձայն, այդ սկզբունքները համակարգում են նրանց  միջեւ  յարաբերութիւնները»:

Հակամարտութիւնների  կարգաւորման ժամանակ կարեւոր սկզբունքներն են. ուժի  կամ ուժի սպառնալիքի չգործածումը  (2-րդ սկզբունք), սահմանների  անխախտելիութիւնը (3-րդ սկզբունք), պետութեան տարածքային ամբողջականութիւնը (4-րդ սկզբունք), վէճերի խաղաղ կարգաւորումը (5-րդ սկզբունք), մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների  յարգում` ներառեալ մտքի,խղճի,դաւանանքի եւ համոզմունքի (8-րդ սկզբունք), ժողովուրդների հաւասարութիւնը եւ իրենց  ճակատագրին տնօրինման  իրաւունքը (9-րդ սկզբունք),   միջազգային իրաւունքով     նախատեսուած պարտականութիւնների    բարեխիղճ կատարում (10-րդ սկզբունք):

Այսինքն` այդ փաստաթուղթի 3-րդ եւ 4-րդ սկզբունքները ոչ միայն չեն գերադասւում  8-րդ սկզբունքից, այլեւ նոյն հարթութեան վրայ են դնւում նաեւ 2-րդ, 5-րդ, 10-րդ սկզբունքները, որոնց հետեւելը ոչ պակաս կարեւորութիւն ունի:

Ասել է թէ ոչ  մի հակասութիւն չկայ, նամանաւանդ, եթէ Եզրափակիչ աքթին նայենք ոչ թէ մաս-մաս, այլ միասնական: Այդ  փաստաթուղթը ամրագրում է, որ «… մասնակից պետութիւնները պայմանաւորւում են գործել` լիովին հետեւելով իրենց միջեւ յարաբերութիւնները  կարգաւորող փաստաթղթում նշուած 10 սկզբունքներին»:

Երրորդ սկզբունքին, այսինքն` սահմանների անխախտելիութեան, վերաբերող դրոյթը  շարադրուած է շատ յստակ. «Մասնակից պետութիւնները միմեանց սահմանները   համարում են անխախտելի…Նրանք ձեռնպահ  կը մնան այժմ եւ ապագայում  այդ  սահմանների  վրայ  ցանկացած ոտնձգութիւններից: Ինչպէս նաեւ նրանք  համապատասխանաբար ձեռնպահ կը մնան ցանկացած պահանջներից կամ գործողութիւններից, որոնք ուղղուած կը լինեն ցանկացած  մասնակից երկրի լրիւ տարածքի  կամ նրա մի մասի բռնազաւթմանը… »:

Նոյնը  վերաբերւում է  նաեւ  չորրորդ սկզբունքին. «Մասնակից  երկրները ձեռնպահ կը մնան ՄԱԿ-ի  կանոնադրութեան նպատակներին եւ սկզբունքներին հակասող ցանկացած գործողութիւններից, այսինքն` ցանկացած  մասնակից  երկրների տարածքային ամբողջականութեան, քաղաքական անկախութեան կամ միասնականութեան դէմ, եւ  մասնաւորապէս  ցանկացած այնպիսի  գործողութիւններից, որոնք իրենցից  կը ներկայացնեն  ուժի կիրառում  կամ ուժի կիրառման սպառնալիք: Մասնակից  երկրները հաւասարապէս ձեռնպահ կը մնան միմեանց  տարածքները  ռազմական բռնազաւթման առարկայի  վերածելուց, կամ այլ ուղղակի կամ անուղղակի ուժի կիրառման գործողութիւններից եւ միջազգային իրաւունքի խախտմանն ուղղուած այլ գործողութիւններից: Ոչ մի բռնազաւթում կամ նման  այլ  ձեռքբերումները օրինական չեն ճանաչուի»:

Այս երկու սկզբունքների մանրամասն  բացատրութիւնը մեզ հնարաւորութիւն է տալիս հասկանալ, որ այս սկզբունքները վերաբերում են  պետութիւնների  միջեւ յարաբերութիւններին, այսինքն`  մասնակից երկրները պարտաւորւում  են յարգել ինչպէս միմեանց միջեւ սահմանների անձեռնմխելիութիւնը, այնպէս էլ միմեանց  տարածքային ամբողջականութիւնը: Մինչդեռ  ինքնորոշման իրաւունքն ոչ մի կապ չունի երկրների միջեւ սահմանների անխախտելիութեան եւ տարածքային ամբողջականութեան խնդրի հետ, այն  վերաբերում է յստակօրէն որեւէ  երկրի մէջ  տեղի ունեցող գործընթացներին, որտեղ  իրաւայարաբերութեան  կողմերից  միայն մէկն է  հանդիսանում  պետութիւն: Այս սկզբունքները ոչ մի կերպ չեն կարող վերագրուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ փոխյարաբերութիւններին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովուրդը հռչակելով իր անկախութիւնը իրագործել է միջազգային իրաւունքով իրեն վերապահուած ինքնորոշուելու եւ ինքնուրոյն իր ճակատագիրը տնօրինելու իրաւունքը: Այն ոչ մի կերպ չի առնչւում Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան հետ, նամանաւանդ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ազրպէյճանի` որպէս միջազգային իրաւունքի ենթակայի, տարածք չի հանդիսացել: Իսկ  ինչ վերաբերւում է  սահմանների անխախտելիութեան սկզբունքին, ապա Ազրպէյճանական Խորհրդային Հանրապետութեան սահմանները չեն կարող համարուել  միջպետական սահմաններ, հետեւաբար Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ձեւաւորուած պետութիւնների սահմաններն են համարւում  միջպետական, եւ միջազգային իրաւունքի տեսանկիւնից ոչ մի իրաւազօրութիւն չունեն, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ ձեւաւորուած սահմանները կարող են  միայն լինել միջպետական սահմաններ:

Կարծում եմ հէնց այդ  պատճառով է Ազրպէյճանը  փորձում Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտութիւնը ներկայացնել որպէս  հակամարտութիւն Ազրպէյճանի եւ  Հայաստանի  միջեւ: Սակայն միջազգային կազմակերպութիւնների (ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի) փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը  ներկայացուած է որպէս հակամարտութեան կողմ:

Խօսելով արցախեան հիմնահարցի մասին միջազգային իրաւունքի ենթագրում` անչափ կարեւոր է ուշադրութիւն դարձնել շատ կարեւոր մի իրաւական հասկացութեան, որն նաեւ ընդգրուած է միջազգային իրաւայարաբերութիւններում: Սակայն, ցաւօք սրտի, մեզ մօտ, ի տարբերութիւն ազգերի ինքնորոշման իրաւունքին դրան որեւէ նշանակութիւն չեն տալիս եւ պարզապէս ոչ մի տեղ, ոչ մի քաղաքական կամ հասարակական գործչի, քաղաքագէտի կամ խնդրով հետաքրքրուած որեւէ մէկի ելոյթում չկայ Արցախի խնդրի հետ անմիջական առնչութիւն ունեցող այդ սկզբունքի վերաբերեալ որեւէ անդրադարձ: Կարծում եմ պէտք չէ անդրադառնալ ինքնապաշտպանութեան իրաւունքի հասկացութեանն ընդհանրապէս, այն ինքնին պարզ է, իսկ միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ինքնապաշտպանութեան էութիւնը, եթէ համառօտ ներկայացնենք, կայանում է հետեւեալում. Իւրաքանչիւր պետութիւն իրաւունք ունի պաշտպանուելու իր նկատմամբ իրականացուած նախայարձակումից, իսկ այդ նախայարձակման արդիւնքում ստեղծուած իրավիճակի եւ իրադարձութիւնների համար ինքնապաշտպանուող կողմն որեւէ պատասխանատուութիւն չի կրում: Այսինքն` այսօր մեզ համար արդէն իսկ սովորական դարձած ինքնորոշման իրաւունք արտայայտութեան հետ մէկտեղ անպայման պէտք է նաեւ նշուի ինքնապաշտպանութեան իրաւունքի մասին: Ինքնորոշման իրաւունքի միջազգային օրինակութիւնը կիրառելի է այսպէս ասած Արցախի անկախութեան հռչակման ժամանակաշրջանում առկայ տարածքների վրայ, իսկ ինքնապաշտպանութեան իրաւունքի օգտագործմամբ մենք կարող ենք միջազգային-իրաւական հիմք ստեղծել Արցախի Հանրապետութեան ներկայիս տարածքային ամբողջականութեան միջազգային-իրաւական իրաւունքների յստակեցման հարցում: Սակայն այստեղ նաեւ շատ կարեւոր է համապատասխան միջազգային-իրաւական որակաւորումներ տալ Ազրպէյճանի կողմից արցախեան պատերազմի եւ դրան նախորդած ժամանակաշրջանում կատարած գործողութիւններին, իսկ ես միանգամայն, ականատեսի կարգավիճակով, կարող եմ ասել, որ դա նախայարձակում էր` իր բոլոր դրսեւորումներ` ընդհուպ մինչեւ ցեղասպանութիւն:

Նշենք նաեւ, որ Ազրպէյճանը, պատերազմական գործողութիւններ սկսելով Արցախի դէմ, որն օրինական ճանապարհով հռչակել էր իր անկախութիւնը, խախտել է միջազգային իրաւունքը, եւ Արցախի Հանրապետութիւնը ու նրա ժողովուրդն ինքնապաշտպանութեան իրաւունքի օգտագործման լիակատար իրաւունք ունէին եւ պատերազմի հետեւանքների, այդ  թուում նաեւ այդքան շատ շահարկուող փախստականների խնդրի ու այսպէս ասած «տարածքների հարցի», ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետութեան եւ նրա ժողովուրդի դէմ կատարած յանցագործութիւնների, նաեւ երկու կողմերի կրած վնասների պատասխանատուութիւնը  կրում է նախայարձակ կողմը, այսինքն Ազրպէյճանը:

Վերոյիշեալ  փաստաթղթերը փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը  իր  անկախութիւնը  հռչակել է` ելնելով միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքներից` չհակասելով դրանց, այդ թուում նաեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքին, ուստի Արցախը միջազգային իրաւունքի տեսանկիւնից լիովին իրաւասու  է հանդէս գալ որպէս  միջազգային իրաւունքի ենթակայ:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>