Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Նուիրուած Արցախի Անկախութեան Տօնին. Ոսկէ Արծիւ

$
0
0

ԳԱՅԵԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ
Հազարապետ

0901abajianՍա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախօսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք-կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք», ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Յարութիւնեանը սովորականի պէս իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մօտ, յետոյ Լուսինէն է, յետոյ` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկայ, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրութիւնն այնքան խօսուն է դատարկ աթոռին նայելիս:

Յանկա… անկախ իմ կամքից, ոտքերս ինձ առաջ են տանում: Ես չեմ ուզում, որ քո տեղը դատարկ մնայ: Ընկերներիդ հրմշտելով` ես հասնում-տեղաւորւում եմ քո աթոռին: Բոլորն ինձ են նայում` որը ներողամիտ ժպիտով, որը տարակուսած… Իսկ Լուսինէի ակնոցի անգոյն ապակու տակից արցունքը սահում է ներքեւ:

– Նա էլ երբեք չի նստի այդ աթոռին,- ասում է կիսաձայն:

Ես երեւի ուրիշ տեղ պիտի նստէի: Այդ աթոռը պիտի ազատ մնար, որպէսզի հաւաքուածներից իւրաքանչիւրը իր հոգու մէջ, իր մտապատկերում գտնէր քեզ` գոյն առ գոյն, յոյզ առ յոյզ, դրուագ առ դրուագ… ու բերեր նստեցնէր այդ աթոռին: Ու լսարանը լցուէր քո կապոյտ աչքերի արեւով, քո զրնգուն ծիծաղի ելեւէջներով…

0901abajian1– Ռոբերտն իմ ընկերն էր,- դասախօսիդ ձայնը սարսռալու աստիճանի ցաւոտ է: -Նա կարող էր իմ որդին լինել, բայց մենք ընկերութիւն էինք անում, որովհետեւ Ռոբերտը 18 տարեկանում արդէն հասուն տղամարդ էր` պինդ, յուսալի, պատասխանատու: Ես ամէն օր նրան իմ մեքենայով դասի էի բերում, իսկ դասերից յետոյ տուն էի տանում: Իսկական ընկերոջ նման: Եթէ ինձ ասէին` մէկ նախադասութեամբ նկարագրիր Ռոբերտին, ես կ՛ասէի` նա աշխարհ էր եկել մարդկանց օգնելու համար: Ու այդ մղումը երբեմն հասնում էր ծայրայեղութեան: Մարդկանց հոգսը իր վրայ վերցնելու, ուրիշների ցաւով ապրելու, ուրիշների համար իրեն պատեպատ տալու ցանկութիւնը նրա օրը լցնում էր անթիւ-անհամար պարտականութիւններով: Ռոբերտը գործունեայ էր, հնարամիտ, ճարպիկ: Երբ ես իմացայ, որ Ռոբերտից լուր չկայ, համոզուած էի, որ նա ողջ չէ, քանի որ, եթէ նա ողջ լինէր, մի հնար կը գտնէր տուն զանգելու:

– Նա մեծ սիրտ ունէր,- Աշոտն է, կողքիս է նստել, ու կարող եմ մօտիկից տեսնել ընկերոջը կորցրած երիտասարդ տղայի աչքերը: Սեղանին դրուած ձեռքը դողում է: Երբեք այսքան արցունքոտ ժպիտ չեմ տեսել:

– Նեղութեան պահին պէտք չէր, որ Ռոբերտից օգնութիւն խնդրէիր, ինքը կը գար ու մինչեւ վերջ կը կանգնէր կողքիդ: Այնքան եռանդ, ուրախութիւն, կեանք կար Ռոբերտի մէջ: Այնքան սէր ու բարութիւն: Ուղղակի չես հաւատում, որ նա այլեւս չկայ: Իսկ նրա հարիւրաւոր երազանքները, մենք արդէն իրենց տանը մեր փոքրիկ ատամնաբուժարանն էինք հիմնել…

Գիտէք` նա սիրում էր նկարուել: Գեղեցիկ տղայ էր, ու աղջիկները պաշտում էին նրան: Մագնիսի պէս ձգում էր բոլորին: Աղջիկները նրա շուրջն էին հաւաքւում դէպի լոյսը վազող թիթեռների պէս… Ու միայն նրա գեղեցկութիւնը չէր պատճառը, այլ` ամուր, յուսալի, ազնիւ ու պայծառ խառնուածքը:

Կողքիս նստած աղջիկը շիկնում է: Ես պարզ տեսնում եմ, որ նա շիկնում է ու փախցնում հայեացքը: Թուխ, սիրունիկ աղջիկ է, փայլուն, արտայայտիչ աչքերով:

– Սիրած աղջիկ ունէ՞ր,- հարցնում եմ Աշոտին` աչքս Շուշանից չկտրելով: Աշոտը չի պատասխանում, իսկ Լուսինէն արցունքը սրբելով` գլխով ցոյց է տալիս թխահեր գեղեցկուհուն:

– Շուշանին էր սիրում:

Երբ Լուսինէն խօսում է քո մասին, անպայման ծիծաղում է արցունքների միջից:

– Անհնար է յիշել Ռոբերտի մեծ, լուսաւոր աչքերն ու չժպտալ:

– Ընկերութի՞ւն էք արել,- հարցնում եմ Շուշանին: Աղջիկը չի պատասխանում, լացը զսպելու ճիգից ուսերը ցնցւում են: Նրա փոխարէն` Լուսինէն է պատասխանում:

– Մենք շատ մտերիմ էինք, յաճախ էինք խօսում հեռախօսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թէ Շուշանն ընկեր ունի: Ոնց էր յուզուել: Մէկ շաբաթ ամէն օր զանգեց ու հարցրեց` ճիշդ եմ ասո՞ւմ, թէ՞ խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթեւացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ:

Ռոբերտին բոլորն էին սիրում: Նա այնքան բարի էր: Շատ էր սիրում փոքրիկ երեխաներին: Կենդանիներ էր սիրում, թութակ ունէր, շուն, կատու… Որտեղ Ռոբերտն էր, այնտեղ ծիծաղ ու ուրախութիւն կար: Գիտէք` նա Ռուսաստանի քաղաքացի էր ու կարող էր չծառայել, բայց կամաւոր գնաց բանակ…

– Ինձ առանց «ջան»-ի չէր դիմում: Դուռս բացում էր ու ասում` ընկեր Իգիթեան ջան, ո՞նց էք, ինչո՞վ օգնեմ:

Ընկեր Իգիթեանը բաժնի վարիչն է ու այսպէս է յիշում Ռոբերտին. «Նրա բերանից «օգնել» բառը անպակաս էր, կա՛մ ասում էր` ինչով օգնեմ ձեզ, կամ էլ` ոնց օգնենք մեր ընկերոջը: Գալիս էր, խնդրում ուրիշների համար:

– Մի անգամ ինձ ասաց` ուզում եմ հօրս պէս հերոս լինել: Ռոբերտի հայրը ուրիշներին փրկելիս այրուել էր ու դէմքին սպի ունի,- յիշում է Գարեգին Յարութիւնեանը: -Նա արծիւ էր, որն ուզում էր աւելի ու աւելի բարձր թռչել: Երբ Ռոբերտին «Ոսկէ արծիւ» շքանշանով պարգեւատրեցին, մտածեցի, որ դա նրան բնութագրող ամենադիպուկ պարգեւն է: Ինքն էլ մի ոսկէ արծիւ էր…

– Մեր կեանքից մեծ լոյս պակասեց,- ասում է Լուսինէն,- բոլորիս կեանքից:

…Յետոյ մէկը միւսին լրացնելով` խօսում են դասախօսներդ, պատմում են, յիշում` Նունէ Մեժլումեանը, Կարինէ Օհանեանը, Լաուրա Դազդուրջեանը, Ռուզաննա Ամարեանը… Յիշում են, թէ որքան գեղեցիկ էիր զինուորական համազգեստի մէջ, երբ արձակուրդի էիր եկել, թէ ինչպէս ասացիր` հանգիստ քնէք, ես սահմանին եմ:

Էլ ոչ ոք չի լալիս: Թւում է` դու ներս ես մտել, նստել ես մեր կողքին: Այնպէս, ինչպէս դու ես երազել քո կարճատեւ կեանքում` փառքով ու հերոսավայել: Ես այլեւս գրի չեմ առնում բառերը, որով «օծում» են քեզ` կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսաւոր, պատուախնդիր… Ես մտածում եմ ծնողներիդ հետ մեր հանդիպման մասին ու նրանց մխիթարելու բառեր չեմ որոնում:

– Ես հպարտ եմ, որ Ռոբերտի ընկերն եմ եղել:

– Ես հպարտ եմ, որ դաս եմ տուել Ռոբերտին:

– Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան:

Լսո՞ւմ ես: Դու սա՞ էիր երազում, այս փառքը, այս արծուային թռիչքը: Դէ, վայելի՛ր լիուլի…

***

Ես հաւատում եմ հոգու անմահութեանը: Ես վստահ եմ, որ մենք բոլորս հատուցելու ենք կամ վարձատրուելու մեր ապրած իւրաքանչիւր րոպէի, մեր լաւ ու վատ գործերի համար ե՛ւ երկրային կեանքում, ե՛ւ երկնային յաւերժութեան մէջ: Ես վստահ եմ, որ դու մեզ հետ ես, դուռը բացում, ինձ հետ մտնում ես ներս, տեսնում ես մօրդ աչքերի բաց-կապոյտ տխրութիւնը, լսում ես հօրդ զսպուած հառաչը, ձեռքդ դնում ես պապիդ ուսին հին օրերի նման, կրծքիդ ես սեղմում փոքրիկ եղբօրդ: Յետոյ ինձ հետ թերթում ես սեղանին թափուած հարիւրաւոր լուսանկարները ու վերյիշում:

…Այստեղ ոչ ոք անցեալ ժամանակով չի խօսում քո մասին, ոչ ոք չի պատմում, թէ ինչ եղաւ ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը… Ոչ ոք չի յիշում, թէ ինչպէս ես գումարտակի հրամանատարին ասել` բոլորը զոհուել են, մնացել եմ ես ու մի նռնակ: Դիրքը չյանձնէք թուրքին: Թէ ինչպէս ես մինչեւ վերջին փամփուշտը կրակել, ու երբ հասկացել ես, որ օգնութեան շտապող ծառայակիցներդ չեն հասցնելու փրկել կեանքդ, սպասել ես` ազրպէյճանցի զինուորները մօտենան, շատ մօտենան…. ու պայթեցրել ես նռնակը` վերջին պահին, մեռնելուց առաջ խլելով քեզ շրջապատած ազերիների կեանքը: Ոչ ոք չի խօսում քո շնորհիւ ողջ մնացած զինուորի մասին, որին տեղաւորել ես թաքստոցում եւ վերադառնալով շարունակել կռիւդ` քեզ վստահուած դիրքը պաշտպանելու համար: Քո հարազատները անցեալում են ապրում, որտեղ դու ողջ ես. որտեղ երեք տարեկանից խանութ ես գնում հարեւաններիդ համար, որտեղ քո` երկուսից եօթանասուն տարեկան ընկերներն են` իրենց անվերջանալի յիշողութիւններով, որտեղ քո կատակներն են… քո ապրած կեանքը:

…Կողքից նայողը կը մտածի` գժուել ենք: Մենք ծիծաղում ենք: Քո մասին ենք խօսում ու ծիծաղում ենք: Ծաղիկների միջից քո նկարն էլ է ծիծաղում մեզ հետ:

…Ու մի պահ թւում է, թէ մենք էլ ենք արծիւ ու թռչում ենք…

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>