Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Դեղնորակ ու կապուտաչեայ լինելու պատճառով շատերը նրան ռուսի են նմանեցնում, ոմանք կարծում են, թէ ունի ռուսական արմատներ: Տղան, անշուշտ, հայ է` թէ՛ արմատներով, եւ թէ նոյնիսկ ծիներով: Ափսոս քչերը գիտեն, թէ ինչպիսի արտաքին են ունեցել հազարամեակներ առաջ Հայկական լեռնաշխարհում ապրած բնիկ հայերը. ըստ պատմիչներից մեզ հասած տեղեկութիւնների, ինչպէս նաեւ մի շարք ազգագրագէտների համոզման` իսկական հայերը եղել են բարձրահասակ, դեղնորակ, ճերմակամորթ, կապոյտ աչքերով եւ մեծ քթով: Այո՛, հէնց այնպիսին, ինչպիսին նա է` ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եւրոպայի եռակի ախոյեան, Ողիմպիական խաղերի պրոնզէ շքանշանակիր (2012) եւ 2016 թուականի Ամառային Ողիմպիական խաղերի ոսկէ շքանշանակիր Արթուր Ալեքսանեանը:
Ինչպէս գիտենք, օրեր առաջ Ռիօ տը Ժանէյրոյում աւարտուեցին 31-րդ ամառային ողիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչները նուաճեցին 1 ոսկէ եւ 3 արծաթէ շքանշան: Արծաթէ շքանշանակիր դարձան յունահռոմէական ոճի ըմբիշ Միհրան Յարութիւնեանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսեանը եւ Գոռ Մինասեանը: Իսկ Ողիմպիական ոսկին մեզ բերեց ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանեանը:
Ըստ Հայաստանի մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան հաղորդման` ողիմպիական պատուիրակութիւնը Երեւան կը ժամանի այսօր` կէսգիշերն անց (օգոստոսի 26-ի լոյս 27-ի գիշերը` Տոհա-Երեւան թռիչքով, Երեւանի ժամանակով 00:40-ին): Իսկ մարզասէրներն ու պարզապէս երախտապարտ քաղաքացիները պատրաստւում են Զուարթնոց օդանաւակայանում մեծ շուքով դիմաւորել Հայաստանի պատիւը բարձր պահած մեր հերոս մարզիկներին:
Ըստ մեր աղբիւրների` մեծ տօնակատարութեամբ եւ աննախադէպ պատրաստութիւններով է իր զաւակին դիմաւորելու հարազատ Գիւմրի քաղաքը` ուր ծնուել ու մեծացել է Արթուրը:
Թէ ինչպէս սկսուեց
Ինչպէս իր սերնդակիցների, այնպէս էլ Արթուրի մանկութիւնը յետերկրաշարժեան Գիւմրիում եղել է զուսպ, երբեմն էլ` հոգսերով ուղեկցուող: Նա ծնուել է 1991 թուականին (հոկտեմբերի 21), երբ Հայաստանում արդէն սկիզբ էր առել ընկերային-տնտեսական խոր ճգնաժամը: Այդուհանդերձ էլ, 9 տարեկան էր Արթուրը, երբ մեծ ջերմեռանդութեամբ սկսեց զբաղուել յունահռոմէական ըմբշամարտով: Իսկ տղային մարզելու գործը ստանձնեց հէնց հայրը` Հայաստանի վաստակաւոր մարզիչ Գէորգ Ալեքսանեանը, ով Արթուրի մարզիչն է մինչեւ օրս:
2007-2010 թուականներին պատանեկան առաջնութիւններում հանդէս գալով` 2010-ին Արթուրը դառնում է Եւրոպայի արծաթէ շքանշանակիր եւ աշխարհի ախոյեան պատանիների 84 քկ քաշային կարգում: 2011 թուականին տեղափոխւում է աւելի ծանր քաշային կարգ: Հայաստանի առաջնութիւնում յաղթելուց յետոյ նա համալրում է Հայաստանի ազգային հաւաքականի շարքերը (2011 թուականին նաեւ Հայաստանի մարմնակրթութեան վարպետի կոչմանն է արժանանում): Արթուրի մեկնարկային առաջնութիւնը Տորթմունտում կայացած Եւրոպայի առաջնութիւնն էր, որտեղ նա հասնում է մինչեւ եզրափակիչ, սակայն` պարտւում պիելոռուս մարզիկից:
2012 թուականի Եւրոպայի առաջնութիւնում նա նուաճում է ոսկէ շքանշան` ընթացքում յաղթելով 5 գօտեմարտում ու մրցակիցներին տալով ընդամէնը մէկ միաւոր: Այնուհետեւ Արթուրը յաղթում է Սոֆիայի առաջնութիւնում եւ ստանում Լոնտոնի ողիմպիական խաղերին մասնակցելու իրաւունք: Կիսաեզրափակչում պարտուելով ապագայ ողիմպիական ախոյեան Ռեզայի Գասեմին (Իրան)` հետագայում յաղթում է Թուրքիան եւ Քուպան ներկայացնող մարզիկներին ու նուաճում պրոնզէ շքանշան:
Մարզական լրագրողների հանրապետական ֆետերասիոնի հարցմամբ ճանաչուել է Հայաստանի 2014 եւ 2015 թթ. լաւագոյն մարզիկ: Նոյն թուականին Թաշքենտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում նուաճել է ոսկէ շքանշան: 2015 թուականի ապրիլի 25-ին Պուլկարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած ամէնամեայ միջազգային մրցաշարի 98 քկ քաշային կարգում Ալեքսանեանը նուաճել է ոսկէ շքանշան: Գրեթէ չորս ամիս անց` օգոստոսի 8-ին, Միացեալ Նահանգների Լաս Վեկաս քաղաքում երկրորդ տարին անընդմէջ հռչակուեց յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի ախոյեան: Իսկ 2016 թուականի օգոստոսի 17-ին Պրազիլիայի Ռիօ քաղաքում Արթուրը հռչակուեց յունահռոմէական ոճի ըմբշամարտի Ողիմպիական ախոյեան: Այսպիսով եզրափակչում քուպացի Տանիէլ Լուկօ Քարպերայի նկատմամբ վստահ յաղթանակ տանելով` անկախ Հայաստանի պատմութեան մէջ 20 տարուայ ընդմիջումից յետոյ Հայաստանի համար ոսկէ շքանշան նուաճեց:
«Ճերմակ Արջ». մարզական աշխարհում այս անուամբ է յայտնի կապուտաչեայ Արթուրը: Մարզիկի արջի ուժ ունենալը փաստուել էր բազմիցս, իսկ ոչ պակաս զօրաւոր հոգին` ազգասիրութիւնն ու խոհեմութիւնը առաւել աչքի ընկաւ վերջին ողիմպիական խաղերում:
Իր ոսկիով Արթուրը նախ վրէժխնդիր եղաւ իր թիմակից Միհրան Յարութիւնեանի հանդէպ մրցավարութեան խայտառակ անարդարութեան դիմաց: Իսկ յաղթանակը զարդարեց բոլորս յայտնի գեղեցիկ արարքով. պատուանդանին Արթուր Ալեքսանեանը հագել էր ապրիլեան պատերազմում զոհուած Արցախի հերոս Ռոբերթ Աբաջեանի պատկերով շապիկ: Հարցազրոյցի ժամանակ Ռիօ տը Ժանէյրոյից Արթուրը փոխանցել էր հետեւեալը. «Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդէն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գօտեմարտի ժամանակ չանջատուեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարուայ դադարից յետոյ Հայաստանը կրկին ոսկէ մետալ է նուաճում ողիմպիական խաղերում: Ապրիլեան պատերազմից յետոյ շատ էի ազդուել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ ախոյեան դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս յաղթանակը նուիրում եմ սահմանին կանգնած հայ զինուորին եւ պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար ախոյեան է, նա ամբողջ աշխարհի համար է ախոյեան »:
Ընտանիքը
Արթուր Ալեքսանեանի յաղթանակների համար պայքարում է առաւելով եւ կրկնակի նեղւում պարտութիւններից. մարզիչ Գէորգ Ալեքսանեանը, ինչպէս նշուեց, Արթուրի հայրն է, բնականաբար երբեմն դժուար է լինում դերերի հաւասարակշռումը: Հարցազրոյցներից մէկի ժամանակ Գէորգ Ալեքսանեանը նշել էր, որ տղան ընդհանրապէս չի սիրում պարտուել, ծանր է տանում պարտութիւնները: «Ես միշտ ասում եմ, որ յաղթելուց եւ շնորհաւորանքներ ստանալուց յետոյ, պէտք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստուել հետագայ մրցաշարերին: Նոյնը պէտք է լինի նաեւ պարտութեան դէպքում: Իսկ Արթուրի յաջողութիւններն ինձ համար ե՛ւ մարզչական տեսանկիւնից, ե՛ւ ծնողական տեսանկիւնից հպարտութիւն եւ երջանկութիւն են»:
Արթուրի մայրը` Շողիկ Ալեքսանեանը, աշխատում է Գիւմրու քաղաքապետարանում: «Ես Արթուրի մարտերին չեմ կարողանում հետեւել, յուզւում եմ, միայն որոշ ժամանակ անց եմ համարձակւում նայել», մի առիթով նշել է նա:
Արթուր Ալեքսանեանն ամուսնացած չէ: Խօսելով ապագայ կնոջ մասին` իր հազուադէպ հարցազրոյցներից մէկում ախոյեանն ընդգծել է հետեւեալը. «Ես դեռ ամուսնացած չեմ եւ ընտրեալ չունեմ, բայց երբ ինձ ապագայ հարսնացու գտնեմ, նա չի լինի մարմնակրթութեան ներկայացուցիչ, չի լինի մարզուհի եւ կապ չի ունենայ մարզաշխարհի հետ: Չեմ ցանկանայ, որ կինս լինի աշխարհի, Եւրոպայի ախոյեան եւ այլն: Թող զբաղուեն մարմնակրթութեամբ, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»:
Հայաստանի ձեռք բերած շքանշանների հաւաքածուն ոսկեզօծած մարզիկը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆութպոլ խաղալ եւ գիւմրեցուն յատուկ հումոր ունի: Թալիսման չունի, միակ բանը որ միշտ հետն է` խաչն է: «Այն ինձ հետ է ամէնուր», ողիմպիական խաղերին մեկնելուց առաջ Ազգային ողիմպիական կոմիտէի հետ զրոյցում էր նշել Արթուրը:
Մեր հերոս մարզիկը տակաւին երիտասարդ է, սակայն արդէն իսկ ունի պարգեւների պատկառելի շարան. Մովսէս Խորենացու շքանշան (2012): «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի շքանշան (2014): 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առթիւ, ֆիզիքական դաստիարակութեան եւ մարմնակրթութեան զարգացման գործում ներդրած աւանդի, ինչպէս նաեւ յունահռոմէական ըմբշամարտի 2015 թուականի աշխարհի առաջնութիւնում տարած փայլուն յաղթանակի համար պարգեւատրուել է «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Եւ այս շարանը, անշուշտ, ընդամէնը սկիզբն է:
Պէյրութ