Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Թեւաւոր, Դարաւոր, Զօրաւոր Տաթեւ

$
0
0

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Փոքրիկ Հայաստանի մեծ պատմութեան վկան եւ վաւերագիրն է եղել այս վայրը: Ժամանակի ընթացքում վերելք ու զարգացում ապրելով` այն շարունակ հարստացրել է հայոց հոգեւոր եւ մշակութային գանձարանը: Խօսքը փառահեղ պատմութեամբ եւ հրաշալի կերտուածքով յայտնի Տաթեւի վանական համալիրի մասին է: Նաեւ պատերազմների ականատեսն է եղել Տաթեւի վանքը: Եւ ինչպէս սովորաբար լինում է պատերազմ յաղթահարածի հետ, «Նա» եւս սպիներով է, բայց եւ` հպարտ: Ու նրա յուշարձանները թէեւ կրում են անցեալի տխուր օրերի դաջուածքները, այդուհանդերձ, զանգերի ղօղանջների մէջ կարելի է որսալ հայոց պայծառ օրերի զուարթ արձագանգը, որը պատմութիւնն անմահացրել է յատուկ մեզ ոգեւորելու համար:

4f2fd832c580e

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մէջ Տաթեւի վանքը չունի իր համազօրը: Այն միջնադարեան Հայաստանի ամենահարուստ վանական համալիրն է եղել եւ 8-րդ դարի վերջերից դարձել է Սիւնեաց եպիսկոպոսութեան աթոռանիստը:  Բացի հոգեւոր կեդրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սիւնաց թագաւորութեան քաղաքական կարեւոր յենակէտ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկութիւնը նպաստաւոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառոյցներ ստեղծելու համար:

Տաթեւի վանքը գտնւում է Գորիս քաղաքից 20 քմ հարաւ-արեւմուտք Տաթեւ գիւղի մօտ: 10-րդ դարասկզբին կառուցուել է Պօղոս-Պետրոս մայր տաճարը, այնուհետ` Ս. Աստուածածին դամբարան-եկեղեցին, Ս. Գրիգոր եկեղեցին, 18-րդ դարավերջին` Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Այս հիմնական կառոյցներից բացի, 20-րդ դարում վանքի տարածքում եւ շրջակայքում այլ շինարարական ու վերականգնողական աշխատանքներ են իրականացուել: Ներկայումս վանքը վերականգնուած է եւ Սիւնեաց թեմի կենդրոնն է: 14-րդ դարի վերջից Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանաւոր համալսարանը եւ մանրանկարչութեան ու գրչութեան դպրոցը:  Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատեաններ:

13267917_959665774148264_2486240101075186192_n

2010 թուականին տրուեց Տաթեւի միջնադարեան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու իրականացաւ «Տաթեւի թեւեր» կոչուող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամէնաերկար ճոպանուղին դարձած «Տաթեւի թեւեր» -ը (5.7 քմ) անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկուած բլուրների միջով` ստեղծելով օդային ճանապարհ դէպի Տաթեւի վանական համալիր:

Տաթեւի առասպելները

Որքան որ հրաշագեղ, այդքան էլ առեղծուածային է Տաթեւը: Վերջինիս անուան հետ կապուած կան զանազան առասպելներ եւ աւանդազրոյցներ:

Նախ «Տաթեւ» անուան հետ կապուած կայ երկու տարբերակ: Դրանցից մէկի համաձայն, անունը ծագում է հայերէն «տայ թեւ» արտայայտութիւնից: Ըստ որի, կառուցումն աւարտելուց յետոյ, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնուող բանուորներին` երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները` վարպետը համբուրում է դրանք եւ ասում` «Հոգին սուրբ տայ թեւ»: Խօսքը բերանին, նրա ուսերին թեւեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անյայտ ուղղութեամբ: Բանուորներն առանց վարպետի չեն կարողանում աշխատանքը շարունակել: Ժամանակ անց իմանում են նրա տեղը եւ մարդ են ուղարկում վարպետի մօտ` խնդրելով, որ  ետ գայ: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն յայտնում է, թէ ինչպէս պէտք է շարունակել աշխատանքը: Վարպետի ասած խօսքից էլ` «Հոգին սուրբ տայ թեւ», վանքը կոչւում է Տաթեւ: Իսկ նոյն պատմութեան մէկ այլ տարբերակի համաձայն, երբ վանքը կառուցող վարպետը աւարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թեւեր տալ, որպէսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկութիւնը: Աստուած լսեց նրա խնդրանքը եւ կատարեց այն: «Տաթեւ» նշանակում է «Տուր թեւեր»: Մօտենալով վանքին` հասկանում ես, թէ ինչո՛ւ հէնց այդ անուանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատուած վանքը կարծես ճախրում է կիրճի վրայ:

Երկրորդ տարբերակի համաձայն,` վանքը կոչուել է Թադէոս առաքեալի աշակերտ Եւստաթէոսի անունով: Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրայ կառուցուել է եկեղեցի, որն օծել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը: Բերդի պարիսպների ետեւում պահպանուել են եկեղեցու աւերակները, որոնք հեռու չեն Տաթեւի վանքից:

Հին Խոտ գիւղում պահպանուել է Մրգաձորի Խաչ եկեղեցին, որն ըստ ժողովրդական աւանդութեան, կառուցուել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհի

Հին Խոտ գիւղում պահպանուել է Մրգաձորի Խաչ եկեղեցին, որն ըստ ժողովրդական աւանդութեան, կառուցուել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհի

Մի աւանդազրոյց էլ պատմում է, որ Լենկ Թիմուրը կամեցել է հիմնայատակ կործանել Տաթեւի վանքը եւ արմատախիլ անել նրա մօտ գտնուող շարժական Գաւազան սիւնը: Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին` լծել զոյգ գոմէշ, գութանի շղթայով կապել սիւնը եւ քաշել: Հէնց որ գոմէշները սկսում են քաշել, շղթան կտրւում է, եւ նրանք տապալւում են ձորը: Տեսնելով այդ` Լենկթիմուրը հեռանում է Տաթեւից:

13900790_1056948837691907_1505354111_n

Գոյութիւն ունի եւս մի առասպել, ըստ որի, հին ժամանակներում մի տղայ ու մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, եւ նրանց վրայ յանկարծակի յարձակւում են պարսիկ զինուորներ: Տղային սպաննում են, իսկ նրա հարսնացուն որոշելով, որ աւելի լաւ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքւում է եւ նետւում ձորը: Աղջկայ շրջազգեստը հրաշքով լցւում է օդով եւ, դառնալով օդապարիկ` նրան փափուկ իջեցնում գետնին: Այդ օրուանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են Հարսնաձոր: Ձորի հէնց վերեւում պահպանուել է հին դիտանոց` թշնամու զօրքերի առաջխաղացումը վերահսկելու համար Զանգեզուրում կառուցուած դիտանոցների շարքում երրորդը: Նկատելով թշնամուն` Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գիւղի զանգը, յետոյ` Հարսնաձորի դիտանոցը, եւ վերջում արդէն` Տաթեւի վանքի զանգակատունը, որի ձայնը լսւում էր 50 քմ շառաւղով: Խոտի զանգերը կործանելով` թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան: Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանուել է բոլորաշտարակը` կոչնակի զանգը հնում պահող իր շղթայով հանդերձ:

13933248_1056943791025745_579646365_n

Տաթեւի Պատմութիւնը

Ըստ Ստեփանոս Օրբելեանի, Տաթեւի վանքի առաջին եկեղեցին կառուցուել է Դ. դարում, ունեցել է անշուք տեսք, սակաւաթիւ ճգնաւորներ: Ը. դարի վերջին եղել է Սիւնիքի հոգեւոր կեդրոնը: Այստեղ են բերուել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթէ հսկայ (մարդաչափ) «Բաբգէնեան խաչը», Բիւզանդիայից` «Աստուածամուխ Սուրբ Նշանը», տասնմէկ առաքեալների, Գրիգոր Լուսաւորչի, Հռիփսիմէի մասունքները, Աստուածածնի մազերը:

839-ին Դաւիթ եպիսկոպոսը Սիւնեաց Փիլիպէ իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիւ կոչուած տարածքը: 844-ին նա նոյն իշխանից նուէր է ընդունել Տաթեւ գիւղը, որտեղ եւ հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Սիւնեաց Աշոտ իշխանի պատուէրով Յովհաննէս եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մէկի` Ս. Պօղոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել են Սիւնեաց իշխանները, յատկապէս տիկին Շուշանը իր ամուսնու` իշխան Աշոտի հետ: Տաճարի շինարարութիւնն աւարտուել 906-ին:

Տաթեւի մեծ անապատ: Որոտան գետի աջ ափին պահպանուել են Հարանց ճգնաւորների ապաստանի աւերակները

Տաթեւի մեծ անապատ: Որոտան գետի աջ ափին պահպանուել են Հարանց ճգնաւորների ապաստանի աւերակները

Յովհաննէս եպիսկոպոսը Ս. Պօղոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանաւորել է նրա հարաւային մուտքի դիմաց Ս. Երրորդութեանը նուիրուած յուշասիւն կանգնեցնելով (կոչուել է «Գաւազան»):

Ճօճուող յուշասիւնը, որը յայտնի է նաեւ Գաւազան անուամբ, միջնադարեան ճարտարապետական եզակի կառոյց է:  Այն կառուցուել է 904 թուականին Տաթեւի վանական համալիրի բակում: Ութ մեթր բարձրութեամբ ութանկիւն այս սեան գագաթը պսակուած է խաչքարով եւ նուիրուած է Սուրբ Երրորդութեանը: Այն կառուցուել է լծակի վրայ հիմնուած յատուկ թեքնիքով, որը թոյլ է տալիս, որ սիւնը ճօճուի  երկրաշարժ ցնցումների եւ նոյնիսկ պարզապէս ձեռքով դրան դիպչելու ժամանակ, իսկ յետոյ կրկին վերադառնայ իր սկզբնական դիրքին: Ասում են, որ սիւնը նախագծուել է այնպէս, որ ճօճուելու միջոցով ծառայի որպէս տագնապի նախազգուշացման համակարգ` վանականներին զգուշացնելով ոչ միայն երկրաշարժերի, այլեւ զաւթիչ բանակների մօտեցման վտանգի մասին:

Ճօճուող յուշասիւնը` «Գաւազան»

Ճօճուող յուշասիւնը` «Գաւազան»

1428672790_tdjedcԹ. դարում Տաթեւի վանքը Հայաստանի ամենախոշոր ու նշանաւոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան: Վանքում աշխատել, ստեղծագործել են փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ: 918-ին Յովհաննէս եպիսկոպոսը վախճանուել է (թաղուել է Տաթեւի վանքի բակում), եւ Յովհաննէս Դրասխանակերտցին Սիւնեաց եպիսկոպոս է նշանակել Յակոբ Դուինեցուն, որը շարունակել է Տաթեւի վանքի կալուածների ընդլայնման գործը:

«Սատանի կամուրջը»

«Սատանի կամուրջը»

Յակոբ եպիսկոպոսը 932-ին գնել է Վարարակ գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք եւ վանքի մօտ գտնուող ամայի վայրերը մշակելի դարձրել: Տնտեսապէս հզօրանալով` Տաթեւի եպիսկոպոսութիւնը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ Հայոց հայրապետական աթոռից: Ի պատասխան Յակոբ եպիսկոպոսի անջատողական գործողութիւնների` Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին բանադրել է նրան: Օգտուելով դրանից` մի շարք հոգեւոր առաջնորդները հրաժարուել են ճանաչել Տաթեւի վանքի գերագահութիւնը եւ հիմնել են առանձին եպիսկոպոսութիւններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալուածների մեծ մասին:

1431688806_nhswxt

958-ին եպիսկոպոս ընտրուած Վահան Սիւնեցուն յաջողուել է մասամբ վերականգնել Տաթեւի վանքի իրաւունքներն ու կալուածները: 1006-ին Տաթեւի եպիսկոպոսութեանն են վերադարձուել նրա նախկին բոլոր արտօնութիւնները: 1044-ին հարեւան ամիրայութիւնների հրոսակները յարձակուել են Տաթեւի վանքի վրայ, սպաննել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու աւերել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, բնակելի շէնքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնուել են: 1046-ին Յովհաննէս եպիսկոպոսը Սիւնեաց Սմբատ Բ. թագաւորի օժանդակութեամբ վերակառուցել է Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին` որմնասեան վերեւում տեղադրելով Լուսաւորչի մասունքը:

1138-ի երկրաշարժից ընկել է Տաթեւի վանքի Ս. Պօղոս-Պետրոս տաճարի գմբէթը, աւերուել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: 1170-ին Բաղաբերդը գրաւած սելճուքեան թուրքերը կողոպտել են Տաթեւի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մօտ 10 հզ.), երկիրն աւերակ ու անմարդաբնակ դարձրել: Ամայացել է նաեւ Տաթեւի վանքը: Նրա առաջնորդները տեղափոխուել են Վայոց Ձորի Նորավանքը: 1216-ին այնտեղ եպիսկոպոսութիւն է հիմնուել, եւ Սիւնեաց աթոռը տրոհուել է երկու մասի: 1261-ին Օրբելեանները նորոգել ու բարեկարգել են Տաթեւի վանքը, վերադարձրել նրա նախկին տիրոյթները:

Որոտանի կիրճի խորքում, որի վրայով անցնում է «ՏաԹեւեր» ճոպանուղին, հոսում է Որոտան գետը

Որոտանի կիրճի խորքում, որի վրայով անցնում է «ՏաԹեւեր» ճոպանուղին, հոսում է Որոտան գետը

Տաթեւի վանքը վերստին հզօրացել է, երբ 1286-ին Կիլիկիայում Կոստանդին կաթողիկոսը Ստեփանոս Օրբէլեանին օծել է Սիւնեաց աթոռի եպիսկոպոս: Նա միաւորել է Սիւնեաց տարանջատուած եպիսկոպոսարանները, հաստատել Տաթեւի վանքի գերագահութիւնը Սիւնիքի բոլոր թեմերի նկատմամբ: 1295-ին Ստեփանոս Օրբէլեանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից աւերուած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Տաթեւի վանքը Զանգեզուրի երկրաշարժից յետոյ, 1931

Տաթեւի վանքը Զանգեզուրի երկրաշարժից յետոյ, 1931

ԺԴ. դարում Տաթեւի վանքը գիտամշակութային վերելք է ապրել: Այստեղ են հաւաքուել ժամանակի աչքի ընկնող աստուածաբաններ, փիլիսոփաներ, աստղագէտներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ: Կրօնաւորների թիւը գնալով մեծացել է (հասել մօտ 1000-ի): Վերակառուցուել է վանական կրթարանը, 895-ին հիմնուած վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կեդրոն, հիմք է դրուել նոր, բարձր տիպի դպրոցի` Տաթեւի համալսարանի: Վանքին կից Ժ. դարում գործել է Տաթեւի մատենադարանը, որը համալսարանի գոյութեան տարիներին հարստացել է եւ գոյատեւել մինչեւ 1911-12, իսկ աւերից ու աւարառութիւններից փրկուած 140 ձեռագիր մատեաններ տեղափոխուել են Էջմիածին, ապա` Երեւանի Մատենադարան: Համալսարանին կից գործել է մանրանկարչութեան դպրոց:

1428672677_wkdujm

Մեզ են հասել սակաւաթիւ, բայց բարձրարժէք արուեստի գործեր: ԺԳ.-ԺԴ. դդ. Տաթեւի վանքի եպիսկոպոսութիւնն ունէր 677 հարկատու գիւղեր` իր թեմում գտնուող 14 գաւառներում, բազմաթիւ վանքեր:

1381-87 Լենկթիմուրի` Սիւնիք կատարած արշաւանքի ժամանակ վանքը կողոպտուել է, հրկիզուել, կորցրել կալուածների մեծ մասը: 1434-ի թեմուրեան գահակալ Շահռուխի ասպատակութիւնից յետոյ Շմաւոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխուել է Սանահինի վանք: Տաթեւի վանքը վերստին բարգաւաճել է ԺԷ.-ԺԸ. դդ.:

Յովակիմ արքեպիսկոպոսը 1787-ին տաճարի հարաւային մուտքի առջեւ կառուցել է Գրիգոր Տաթեւացու դամբարանը, հիւսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենեակներ, ձիթհանքի շէնք: 1796-ին ու 1826-ին վանքն ասպատակել են պարսկական զօրքերը եւ կողոպտել:

1427096399_rzfnww

Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) յետոյ Տաթեւի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուսական իշխանութիւնների միջոցով վերադարձրել է վանքից խլուած կալուածները, հիմնովին նորոգել Տաթեւի վանքի համալիրը, Տաթեւ գիւղի ճանապարհը, Կաքաւասարից ջուր անցկացրել, տնտեսական նոր շէնքեր կառուցել: 1837-ին Սիւնիքը կազմել է Երեւանի թեմի մի մասը: 1858-ին Տաթեւի վանքը ունեցել է 70 հարկատու գիւղեր, 1898-ին` 15 գիւղ եւ 5 միաբան:

1931-ին Տաթեւի վանքը երկրաշարժից աւերուել է, քանդուել են Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Աստուածածին եկեղեցիները, տաճարի գմբէթը, զանգակատունը, սիւնասրահը: 1974-98 վերակառուցուել են եկեղեցիները, տաճարի գմբէթը, նորոգուել բնակելի եւ տնտեսական շէնքերը, պարիսպը, զանգակատան առաջին յարկը:

Տաթեւի վանքի Ս. Պօղոս-Պետրոս տաճարում պահպանուել է Ժ դ. որմնանկարչական ամբողջական յարդարանքը, որը պատկերացում է տալիս վաղմիջնադարեան հայ եկեղեցական նկարազարդման համակարգի մասին: Տաթեւի վանքի որմնանկարները, շնորհիւ գեղագիտական բարձր արժանիքների եւ ինքնատպութեան, բացառիկ նշանակութիւն ունեն միջնադարեան արուեստի պատմութեան համար, մանաւանդ որ Ժ. դարում եւրոպական որմնանկարներ գրեթէ չեն պահպանուել:

13493748_10153529871111962_692536919_o

Տաթեւի վերածնունդ

«Տաթեւի թեւեր» ճոպանուղու շահագործման ողջ եկամուտը ուղղւում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամին, որը նախատեսուած է վանքի վերակառուցման եւ տեղական համայնքի զարգացման համար: «Տաթեւի թեւեր» ճոպանուղու գործարկումից յետոյ Տաթեւ այցելող զբօսաշրջիկների թիւը տասնապատկուել է: 2012 թուականին նախագծի կողմերի միջեւ յուշագիր ստորագրուեց (Ազգային մրցունակութեան հիմնադրամ, Հայ առաքելական եկեղեցի, ՀՀ մշակոյթի նախարարութիւն), որը նպաստելու է վանքի վերակառուցման աշխատանքների աշխուժացմանը: Տաթեւի վերածնունդ նախագծի աւարտը նախատեսւում է 2017 թուականի աշնանը:

«Տաթեւեր» ճոպանուղու երկարութիւնը հասնում է 5,7 քիլոմեթրի, որով նա ամէնաերկարն է աշխարհում: Այն ձգւում է Որոտան գետի ափով եւ միաւորում է երկու գիւղ` Հալիձորը եւ Տաթեւը: Առաւել բարձր կէտը` անդունդի համեմատ (Սատանի կամուրջ), հասնում է 320 մեթրի: Ճոպանուղու վակոնը տեղաւորում է 25 մարդ եւ շարժւում 37 քմ/ժ արագութեամբ` ճանապարհը հատելով 11 վայրկեան եւ 25 երկվայրկեան ժամանակում: 2010 թուականին նախատեսւում էր, որ տասը-տասնհինգ տարուայ ընթացքում Տաթեւի ճոպանուղի կ՛այցելի մօտ երեք միլիոն մարդ: Միայն 2012 թուականին ճոպանուղուց վանքի 69.000 այցելուներ օգտուել են ճոպանուղուց, իսկ Գորիս քաղաքում, որ ճոպանուղուց 20 քմ հեռաւորութեան վրայ է, բացուել են 10 նոր հիւրանոցներ:

13493748_10153529871111962_692536919_o---Copy

 

Պէյրութ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>