«ժողովուրդ» օրաթերթ
Յուլիսի 17-ին «Սասնայ ծռեր» խմբաւորման կողմից ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային գնդի տարածքի գրաւման եւ յետագայ զարգացումների շուրջ «ժողովուրդ» ը զրուցել է ԱԺ նախկին պատգամաւոր, հասարակական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստեանի հետ:
-Տիկի՛ն Գալստեան, մէկ շաբաթից աւել է` ՀՀ ոստիկանութեան ՊՊԾ գնդի տարածքը գտնւում է «Սասնայ ծռեր» զինուած խմբի հսկողութեան տակ: Սրան զուգահեռ քաղաքացիների շրջանում շարունակւում են բողոքի ակցիաներ կազմակերպուել: Դուք այս իրավիճակը ինչպէ՞ս էք գնահատում:
-Հանրապետութիւնն աւելի քան մէկ շաբաթ ծանր օրեր է ապրում, ներքաղաքական ճգնաժամ` այն էլ արտաքին մարտահրաւէրներով խիստ այս ժամանակահատուածում: Մի բան յստակ է, անընդունելի եւ անթոյլատրելի` Արցախում հակառակորդին ուղղուած զէնքը չպիտի փոխէր իր ուղղութիւնը: Հիմա պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, բանակցային խաղաղ հանգուցալուծումից յետոյ անյետաձգելիօրէն անհրաժեշտ է խորը վերլուծութիւն կատարել` հասկանալու համար` որոնք էին այն պատճառները, որոնք կարող էին այսպիսի իրավիճակի յանգեցնել, այն էլ շարունակուող պատերազմին եւ յատկապէս Արցախի շուրջ սեղմուող բանակցային պրոցեսներին զուգահեռ: Աշխարհաքաղաքական այս քաոսային միջավայրում միթէ՞ մեր ազգային անվտանգութեան ու պետութեան ինքնիշխանութեան շահերից է բխում այս գործողութիւնը: Ներքին տագնապի եւ անվտանգութւեան այս օջախը, զինուած բախումը բացարձակապէս անընդունելի եմ համարում:
-Ձեր կուսակցութեան անունը փաստում է, որ յեղափոխութեան կողմնակից էք: Ինչու՞ այժմ դէմ էք իշխանափոխութեան գնացող «Սասնայ ծռերի» քայլերին:
-Այսօր թէ՛ իշխանութեան, թէ՛ ընդդիմութեան շրջանում եւ յատկապէս հասարակութեան մէջ հաստատ է տեսակէտը, եւ համոզումը, որ երկրում խորը, արմատական համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութիւն կայ, բայց այդ փոփոխութիւնների լուծման ճանապարհը բացարձակապէս չի անցնում արեան եւ զէնքի ճանապարհով: Միանշանակ է, եւ կարծում եմ` պէտք է լինել կարճատես, ոչ հայ` սա չհասկանալու համար: Երբ լսում եմ զինեալ խմբի յայտարարութիւններն ու պնդումները, թէ իրենց պայքարը ինքնիշխանութեան համար պայքար է, եւ միաժամանակ խօսում են ջարդելուց, փշրելուց, չեմ կարող չբարձրաձայնել, որ սրանք պետականութեան ու ինքնիշխանութեան հետ անհամատեղելի արժէքներ են: Արդեօք այս ներքին անկայունութեամբ խոցելի չենք դարձնում մեր սահմանն ու բանակցային գործընթացը:
Սա չի նշանակում, որ ես կամ այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, չենք գիտակցում Հայաստանում փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը: Բայց ներքին օգտագործման զէնքը եւ արիւնը անհամատեղելի են, կայուն ու ինքնիշխան պետութեան գաղափարի հետ: Այսպիսի վարքագծով նոր Հայաստան, նոր երկիր, նոր հեռանկար չեն կառուցում, այս վարքագիծը քաղաքական չէ, ցաւալիօրէն անլուրջ: Այո՛, Հայաստանում յեղափոխութեան անհրաժեշտութիւն կայ, բայց այդ յեղափոխութիւնը արժէքային համակարգի եւ մտքի յեղափոխութեան է: Դժուար չէ հասկանալ, որ այսպիսի գործողութիւնները կանխում են առանց այն էլ ծանր քայլերով ընթացող մեր պետականութեան ընթացքն ու յուսահատութեան հերթական չափաբաժնով թունաւորում ժողովրդին:
-Ի վերջոյ, ե՞րբ կը հանգուցալուծուի իրավիճակը:
-Բանակցային ռեսուրսներն իմ կարծիքով դեռ սպառուած չեն: Մխիթարական է, որ բանակցութեան երկու կողմում էլ արիւն չյեղելու յայտարարութիւններ են հնչում: Ուզում եմ հաւատալ, որ կը յաղթի ողջախոհութիւնը:
-Սերժ Սարգսեանը կոչ արեց ,«Սասնայ ծռերին» զէնքերը վայր դնել` նշելով նաեւ, որ այս ամէնից պէտք է դասեր քաղել: Դուք ի՞նչ դասեր էք քաղել:
-Այո՛, դասեր պիտի քաղել միանշանակ: Խօսքերը քիչ են, քայլեր են հարկաւոր եւ գործողութիւններ… Մեզ անկեղծութիւն է հարկաւոր: Մինչեւ անկեղծ ախտորոշում չանենք, թէ որոնք են Հայաստանում խորացող սոցիալական անարդարութեան, աղքատութեան արտագաղթի, տնտեսական անհաւասարութեան, ոտնահարուած մարդու իրաւունքների պատճառները, չենք կարող դասեր քաղել: Մենք 25 տարի, որքան էլ փխրուն, այնուամենայնիւ, կառուցել ենք պետականութիւն, երկիր, որտեղ օրէնքները պէտք է աշխատեն, որտեղ մարդու իրաւունքները պաշտպանուած պէտք է լինեն: Որեւէ երկիր պաշտպանուած չի ներքին խժդժութիւններից, բայց մենք պէտք է հասկանանք, որ մեր փխրուն պետութիւնը եւ Արցախի չհանգուցալուծուած խնդիրը մեզանից լրացուցիչ համբերութիւն, քաղաքացիական նուիրուածութիւն, լրացուցիչ զոհաբերութիւն է պահանջում: Իմաստուն փայփայանքով, գուրգուրանքով պիտի պահենք մեր ունեցածը, միասին լուծումներ գտնենք այն խնդիրներին, որ ունենք: Պետականութիւնը բարձր ու թանկ արժէք է, չի կարելի խաղալիքի պէս վարուել: Սա բոլորին է վերաբերւում:
-Տիկի՛ն Գալստեան, ստեղծուած իրավիճակում Ձեզ պատասխանատու զգու՞մ էք:
-Ամէն քաղաքացի իր մէջ պէտք է ունենա այն հարցը` ես ի՞նչ եմ տալիս այս պետութեանը: Մենք աւելի շատ սպառող հասարակութիւն ենք, քան տուող: Այո՛, ես չեմ կարող ինձ պատասխանատու չզգալ, իբրեւ քաղաքացի, իբրեւ կուսակցական մարդ, իբրեւ հրապարակային մարդ նաեւ մասնակից եմ չափանիշների սահմանմանը: Պիտի անկեղծ լինեմ. բաւարարուած չեմ, երբեմն վշտանալու չափ մի տեսակ գաղափարների անանցանելիութիւն է ստեղծուել երկրում: Հայաստանում ամենամեծ խնդիրներից մէկը չափանիշների ալեասէրումն է, չափանիշներ ու արժէքների խեղումը: Հասարակութիւնից ամբոխ մէկ քայլ է: Խորենացի փողոցի դէպքերը մի յստակ ուղերձ ունեն` փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ, բայց ինչպէս կարողանալ այդ փոփոխութեան պահանջի էներգիային դրական, պրոդուկտիւ հունաւորում տալ` յանուն Հայաստանի, իսկապէս յանուն ինքնիշխանութեան, յանուն մեր յաղթանակները պահելուն:
armlur.am