Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Յաւերժի Ճամբորդ Պարոյր Սեւակ

$
0
0

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր»: Այս խօսքերը պատգամած մարդը հետագայում սեփական օրինակով պիտի փաստէր, որ հնարաւոր է լինել նոյնիսկ առաւել յաւերժ քան ժամանակը` որպէս բացառութիւն` hէնց նոյն չգրուած օրէնքով, որով ասենք, ձմրան կէսին ծիրանենին է ծաղկում:

Այսօր լրանում է յաւերժի ճամբորդ հանճարեղ Պարոյր Սեւակի մահուան 45-րդ տարելիցը:  Նա կեանքից հեռացաւ 1971 թուականի յունիսի 17-ին` ինքնաշարժի արկածի պատճառով: Հետագայում հազար ու մէկ վարկած մէջտեղ բերուեց` կատարուածը պատահական դէ՞պք էր, թէ՞ կանխամտածուած սպանութիւն: Ու թէեւ ողբերգութիւնից արդէն շուրջ կէս դար է անցել, տակաւին անչափ տխրեցնող է խօսել սիրելի բանաստեղծի հետ տեղի ունեցածի` առաւել եւս մանրամասների մասին: Հետեւաբար այս բաժինը առայժմ յետաձգենք` մահուան օրուայ յիշատակի գրութիւնը առաւելաբար նուիրելով նրա պայծառ կեանքին:

19588-2-(1)Եթէ հարցում հնչէր` թուարկել Սեւակի հանճարեղ գործերից, անձամբ ես առաջին հերթին  նրա ինքնակենսագրականը կը նշէի, որի մէջ էլ նա գրել է.

«Այն տունը, որտեղ ես ծնուել եմ… տուն չպիտի ասէի, այլ նկուղ` այս բառի ոչ պատկերաւոր իմաստով: Իմ պապերը սաներն են եղել Էջմիածնի հռչակաւոր ճեմարանի, որ տալիս էր արդի համալսարանի բանասիրական բաժանմունքից ոչ պակաս կրթութիւն: Նրանք երկյարկանի տուն են ունեցել` նկուղով եւ պատշգամբներով: Բայց 1918-21 թուականներին մեր գիւղացիք ստիպուած են եղել երեք անգամ լքելու իրենց տուն ու տեղը: Եւ եթէ իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը` հրդեհի սպին կաշուէ դէմքի վրայ եւ որբացած` զրկուած ընթերցողից, ապա նրանց երկյարկանի տնից էլ մնացել էր լոկ այն, ինչ չի վառւում` գետնափոր նկուղը: Այնտեղ եմ ծնուել ես 1924 թուականի յունուարի 26-ին»:

Սեւակը ծնուել է Արարատի մարզի Չանախչի (այժմ` Զանգակատուն) գիւղում: Նորածնին կնքահայր է դարձել համագիւղացի Մադոյենց Խաչատուրը` այգեգործ մի մարդ: Նա նորածնի անունը Պարոյր է դրել ի պատիւ նոյնանուն սպայի, որի զինուորն է եղել ինքը` կնքահայրը: Լինելով ծնողների մինուճար որդին` Պարոյրը մանկութիւնից մշտապէս զգացել է նրանց հոգատարութիւնն ու փայփայանքը:

Պարոյր Սեւակի տունը հայրենի Զանգակատան գիւղում

Պարոյր Սեւակի տունը հայրենի Զանգակատան գիւղում

Հինգ տարեկան էր նա եւ արդէն կարդում ու գրում էր, բայց` առանց դպրոց գնալու: Աւելի ճիշդ` գնում էր, բայց` ոչ «օրինական» ձեւով: Եւ ուսուցիչը յաջորդ տարում` 1930 թուականին, թոյլ է տալիս նրան յաճախել դպրոց` անուն-ազգանունը գրանցելով մատեանում: Գիւղական փոքրիկ դպրոցում լաւ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մէկը չէր կարող մրցակից դառնալ Պարոյրին սովորելու մէջ: Հետագայում իր ինքնակենսագրականում Սեւակը գրում է.

«Պատմութեան կամեցողութեամբ հօրս կրթութիւնը վերջացել է գրաճանաչութեամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրուող տառը «ս»-ն է: Եւ փոքրիկ քոյրս յաճախ էր մօրս հոգին հանում. «Բա «ս» գրել էլ չգիտե՞ս»: Այդ պատճառով չէ՞ր արդեօք, որ ապրածս կեանքի կէսից աւելին անցաւ ուսման վրայ: Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում: Միջնակարգն աւարտեցի գիւղում: Զարթօնքի տարիներ էին, բայց եւ` դժուարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Յաճախ ամբողջ դասարանը սովորում էր մէկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ` միջնակարգ եւ նոյնիսկ թերի միջնակարգ կրթութեան տէր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր մարմնամարզի դասատուն էր որքան յաղթանդամ, նոյնքան համակրելի մի երիտասարդ: Նոյն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպուած էր մեզ գրականութիւն աւանդել: Երէկ` մարմնամարզ, այսօր` գրականութիւն: Եւ դասաւանդեց. գիշերները ես գրում էի յաջորդ օրուայ մեր անցնելիք գրողի «կեանքն ու գրական գործունէութիւնը», եւ առաւօտեան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում` բոլորի հետ մէկտեղ նրա թելադրածը գրում էի նաեւ ես: Եւ այսպէս` կլոր տարին»:

Դպրոցը գիւղական երեխայի առջեւ բացել էր մի ուրիշ աշխարհ` գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար: Գրքի ծարաւը ինչերի ասես որ չի մղի… իսկ թէ օրինակ ինչի, հետագայում Սեւակը կը պատմի իր կեանքի պատմութիւնում.

«Գիրք չկար: Գիւղից գիւղ էինք գնում` գիրք խնդրելու: Կեանքումս մեծ գողութիւն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակայ 3-4 գիւղի դպրոցական գրադարանները` կէս գիշերին, գողութեան բոլոր կանոնների համաձայն: Գողութիւն` կարդալու ծարաւից: Գլխաւորը ես էի: Ու գրքերի մեծագոյն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամէն ինչ. արգելուած Րաֆֆու բզկտուած վէպը (կէսն արտագրեցի), Տարուինի «Տեսակների ծագումը» (համառօտ գրեցի), մենագրութիւն Տաւիտ Ռիքարտոյի եւ Ատամ Սմիթի մասին, եւ նոյնիսկ` «Ռազմական արուեստ»:

Այսպիսով, զարմանալի չէր, որ պատանի Պարոյրը իր առաջին ոտանաւորը, ինչպէս որ ինքն էր նշել, ոչ թէ ասենք դասընկերուհուն է նուիրել, այլ ռուս ստեղծագործողի մի յայտնի  հերոսուհու` Զինաիտային: «Ու մերոնք երկիւղում էին, թէ կը գժուեմ: Գիւղացիք համոզուած էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կա՛մ սեւ ջուր է իջնում, կա՛մ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետեւ մեր գիւղացիք համոզուած են եղել, որ իմ հայրական պապը «շատ կարդալուց գժուել»: Եւ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու եւ ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծուած եզների գոյութիւնը, այլեւ այն, որ սերմացուի 8-փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց», գրել է նա:

Սեւակն ինչ էլ կարդալիս լինէր` մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից: Բնաւ չէր հաւանում այն գրքերը, որտեղ մատիտը պէտք չէր գալիս: Սիրում էր պոէզիան եւ հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտէր: Շատ էր սիրում Յովհաննէս Թումանեանին: Անչափ գեղեցիկ դրուագով է Սեւակը պատմել Թումանեանի մասին ոչ գրաճանաչ մայրիկի «մարգարէութիւնը».

«Մայրս, ինչպէս ասացի, անգրագէտ էր: Նա, բնական է, չգիտէր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց նա ակամայ լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանութիւնը, ուստի եւ գիտէր, օրինակ, Գիքորի տխուր պատմութիւնը: Այն ժամանակ նա տակաւին միտքը չէր պահել նոյնիսկ Յովհաննէս Թումանեանի անունը: Ուստի եւ իմ «ի՞նչ կ՛ուզէիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր. «Էսքան որ կարդում ես, գոնէ դառնայիր էն «Գիքորը» գրողի պէս մարդ»: Ես` գաղտնիքս մեծ,  ինքս փոքրիկ, արդէն վաղո՜ւց համոզուած էի, որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պէս մարդ», այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտէի լոկ ես ու մէկ էլ Աստուած: Եւ կեանքիս առաջին մեծ զարմանքն էր, թէ որտեղի՞ց մայրս իմացաւ այն, ինչ յայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտէի, որ եթէ բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդուած առնչութիւն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապէս»:

Պարոյր Սեւակը աւարտել է Երեւանի համալսարանը, աշխատել զանազան գրական գիտական հիմնարկներում: Հետաքրքրական է նաեւ նրա կեղծանուան ընտրութեան պատմութիւնը: Արուեստաբանութեան դոկտոր, փրոֆեսէօր Ռուբէն Զարեանը յայտնի է խորհրդահայ նշանաւոր մի քանի գրողների գրական կեղծանունների «կնքահայր» լինելով: Նա հարցազրոյցներից մէկում ներկայացրել է Պ. Սեւակի` բանաստեղծական անուան մկրտման պատմութիւնը:

Պարոյր Սեւակի մայրը

Պարոյր Սեւակի մայրը

«Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական Գրականութիւն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Ինձ համար յայտնութիւն էին դեռ պատանի Պարոյր Ղազարեանի բանաստեղծութիւնները: Կարդալուց յետոյ մտածեցի ոչ միայն անմիջապէս տպագրելու, այլ նաեւ գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եւ սկսեցի ասել` Պարոյր Սեւակ, Պարոյր Սեւակ: Չէ՛, շատ լաւ է հնչում: Այդպէս էլ 42 թուականին 7-րդ համարում տպագրեցի նրանից մէկ բանաստեղծութիւն, իսկ յաջորդ համարում` երեք բանաստեղծութիւն: Եւ այսպէս նա դարձաւ Պարոյր Սեւակ»: (Այդուհետ Պարոյր Սեւակը այլեւս չտպագրուեց մինչեւ 1948թ., իսկ Ռուբէն Զարեանը Պարոյր Սեւակի բանաստեղծութիւնների տպագրութեան համար հեռացուեց աշխատանքից): Յետոյ մի առիթով Ռուբէն Զարեանին հարցնում են, թէ ինչո՞ւ Սեւակ, չէ՞ որ Ռուբէն Սեւակը նոյնպէս յայտնի անուն է: Նա էլ պատասխանում է. «Իսահակեանից մի պատմութիւն էի լսել, երբ Սիամանթոյին, Վարուժանին, Սեւակին, մեր միւս մտաւորականներին տանում էին դէպի իրենց կեանքի վախճանը, շէյխի աղջիկը հիւանդանում է: Սեւակը, որ մասնագիտութեամբ բժիշկ էր, բուժում է շէյխի աղջկան: Շէյխը կեանք է շնորհում Սեւակին: Բայց վերջինս մերժում է: «Իմ կեանքը այնտեղ է,- ասում է բանաստեղծը,- ընկերներիս հետ»: Եւ ես ցանկացայ, որ սպաննուած բանաստեղծը իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մէջ: Եւ բանաստեղծ Պարոյր Ղազարեանը ասպետութեամբ կրեց իր ՍԵՒԱԿ ազգանունը»:

Սեւակի բանաստեղծութիւնները տպագրուել են 1942 թ.-ից: Առաջին գրքոյկում («Անմահները հրամայում են», 1948) ի յայտ են եկել բանաստեղծական մտածողութեան բնորոշ գծերը` քաղաքացիական անհանգստութիւն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու ձգտում: Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոէմները («Ուշացած իմ սէր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») եւ «Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոէմը: Վերջինս պատկերում է Կոմիտասի ճակատագիրը` ծննդեան օրից մինչեւ Մեծ եղեռնի տպաւորութիւններից խելագարուելը, ապա եւ մահը` «վերադարձը հայրենիք»: Պոէմն ամբողջութեամբ, կառուցուածքի եւ բանաստեղծական ինքնատիպութեամբ երեւոյթ է բազմադարեան հայ պոէմի պատմութեան մէջ: Առանձնակի նշանակութիւն ունեն Սեւակի նաեւ միւս` «Այր մի Մաշտոց անուն» եւ «Եռաձայն պատարագ» պոէմները, որոնք յատկանշւում են հայրենասիրական ու փիլիսոփայական շնչով. առաջինում վերաիմաստաւորուել է հայ գրերը յայտնագործողի դերը, երկրորդը ձօնուել է Մեծ եղեռնի ապրիլեան զոհերի յիշատակին: Նրա նշանակալից գործերից էին նաեւ «Մարդը ափի մէջ» եւ «Եղիցի լոյս» ժողովածուները:

Ինչպէս վերը նշուեց, մեծանուն բանաստեղծը մահացել է ինքնաշարժի արկածի պատճառով. նրա մեքենան բախուել է գիւղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային: Մեծն գրողի մահուան մասին կան իրարամերժ վարկածներ: Ըստ դրանցից մէկի, Սեւակը մեքենայ վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա անպայման պէտք է գար Երեւան: Նրա վարորդը հրաժարուել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի: Սեւակը ինքն է որոշել վարել: Սակայն ահա իր յուշերում ողբերգական դէպքի մասին ինչ է պատմել որդին` Արմէն Ղազարեանը.

Սեւակը զաւակների հետ

Սեւակը զաւակների հետ

«Պապան չուզեց կանչել վարորդին, որովհետեւ հինգշաբթի օրը նրա հնձի օրն էր: Նա կանգառից «Վոլկան» դուրս հանեց եւ ուրախացաւ, որ հանճարեղ է դուրս հանել, որ անպայման ինքը առանձին մեզ Երեւան պիտի տանէր: Մաման չառարկեց: Գնալու էինք Երեւան, որպէսզի միւս օրը Թիֆլիս գնային իմ մեծ մամայի հոգեհանգստին հասնելու համար: Ես առջեւում նստեցի: Մաման ուզեց, որ ես ետեւ նստեմ ծաղիկները բռնելու համար: Ետեւ գնացի եւ նստեցի Կորիւնի մօտ… Տատիկն ու պապիկը մեզ ճանապարհ դրեցին, եւ մենք հեռացանք Չանախչիի մեր տնից: Պապան լուռ էր եւ հանգիստ էր երեւում: Հեշտութեամբ անցանք ոլորապտոյտ ճանապարհներից: Ամայի էր: Առաջից մի բեռնատար ճամբի մէջտեղից էր գնում: Պապան մօտեցաւ, ազդանշան տուեց, որպէսզի ճանապարհ տայ: Բեռնատարը շարունակեց մէջտեղից գնալ: Պապան ջղայնացաւ, աւելի երկար ազդանշան տուեց: Վերջապէս բեռնատարը թեքուեց աջ: Պապան շատ արագ կողքով անցաւ, թեքուեց աջ եւ ետեւ նայելով բեռնատարի գիւղացի վարորդին ցուցամատը թափ տալով հայհոյեց: Պապան դեռ չէր գտել իր բաց ճանապարհը, երբ բեռնատարը մի քիչ ձախ թեքուեց` մօտենալով մեզ, կարծեմ պապային վախեցնելու համար: Պապան մեքենան անմիջապէս աջից դէպի ձախ թեքեց, եւ աջ կողմից մեքենան բարձրացաւ: Մամայի կողմի դուռը բացուեց: Մաման ձայն հանեց եւ ընկաւ ցած: Պապան ձեռքը երկարեց, որ բռնի: Մեքենան շուռ եկաւ եւ ցնցումով խփուեց գետնին: Ես Կորիւնի վրայ ընկայ: Մեքենան նորից դարձաւ եւ անիւների վրայ կանգեց հողին: Մաման պառկել էր գետնի վրայ ու շատ ձայն էր հանում: Պապան մեքենայի մէջ էր, լուռ էր…»:

Սեւակի մեքենան բախուել է հայրենի գիւղից 8 քմ հեռաւորութեան վրայ, որի պատճառով մահացել են ինքն ու կինը` Նելլի Մենաղարաշվիլին:

Տիկնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի հետ

Տիկնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի հետ

Սակայն մէկ այլ վարկածի համաձայն, գրողի սպանութիւնը եղել է կազմակերպուած եւ կատարուել է խորհրդային իշխանութեան պատուէրով: Ըստ աղբիւրների, խորհրդային գաղտնի սպասարկութիւնը վաղուց է ինչ «որս» էր սկսել եւ ի վերջոյ ընտրեց յարմար պահը: Սեւակը հանրային այն դէմքերից էր, ով կարող էր բացայայտ քննադատել խորհրդային «կնճիռները» թէ՛ իր ստեղծագործութիւնների միջոցով, թէ՛ որպէս պարզ կարծիք: Ինչպէս օրինակ` այս մէկը.

«Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խօսքերն ու կոչերը: Բայց անառողջ էր կեանքն ու իրականութիւնը: 37 թուականը ողջ աշխարհի համար ունի միայն մէկ նշանակութիւն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թուականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնաւոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիպիրում, բեւեռամերձ գօտում, իսկ մնացածներին էլ` իրենց տանը, իրենց սրտի մէջ»:

Մինչ օրս անբացայայտ է Սեւակի մահուան առեղծուածը: Եւ ինչպէս որ Սեւակն էր իր ստեղծագործական ընթացքի  մէջ արդարութեան ու կեանքի առեղծուածի մշտական որոնումներում, այդպէս էլ արդարութեան փափաքողները փորձում են հասկանալ, թէ իրականում նրա հետ ինչ եւ ինչպէս պատահեց: Այդուհանդերձ, ցաւօք, փաստն այն է, որ անարդարութիւնների շարքը համալրուեց եւս մէկով: Դեռ ժամանակին հանճարեղ բանաստեղծը գեղեցիկ առակի միջոցով արդարութիւն կոչուած մասին եզրակացրել էր հետեւեալը.

«Մէկ անգամ ճամբայ են գնում Արդարութիւնն ու Անարդարութիւնը, եւ ինչպէս պէտք էր սպասել, նրանց մէջ կռիւ է ծագում: Անարդարութիւնն սպաննում է Արդարութեանը, եւ որպէսզի յանցագործութեան հետքերը ծածկի, ողջակիզում է նրա դին: Արդարութեան բարեկամները, երկար որոնումներից յետոյ, գտնում են նրա աճիւնը եւ այդ մի բուռ մոխրից սարքում են… թանաք: Այն օրից ի վեր,- եզրայանգում է արաբ մեծ իմաստասէրը,-արդարութիւնը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մէջ…»:

Գրքերի մէջ եւ մարդկանց սրտերի մէջ ապրում են նաեւ Պարոյր Սեւակը` իր անկեղծութեամբ, արդարամտութեամբ ու անգերազանցելի խորութեամբ: Սեւակի մասին տեղին է ասել գրող Սերօ Խանզադեան.

«Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլւում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը` սերնդէ-սերունդ յարատեւելով… Նրա մեծութիւնը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սէրը այն յուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանաստեղծը: Այդ սէրը մաքուր ու յաւերժական է: Գնալով այդ սէրը կը թանձրանայ եւ կը ծաւալուի գարնան զարթօնքի նման` հիացմունք եւ ուրախութիւն բերելով ժամանակի ու տարածութեան հեռուներում իրար յաջորդող սերունդներին…»:

Պէյրութ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>