Պունտեսթակի քուէարկութեամբ Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերը սահմանեցին, Հայոց ցեղասպանութեան հարցում, եւ դրանից բխող դաշնային հանրապետութեան որդեգրելիք հետագայ դիրքորոշումը: Խօսքն այստեղ միայն փաստաթղթային գնահատմանը չի վերաբերում, այլ, ըստ ամենայնի, ունի շատ աւելի գործնական նշանակութիւն:
Խորհրդարանը նախ արձանագրում է Ցեղասպանութեան ամէնաողբերգական եւ ամենակարեւոր հետեւանքը. «Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարութեան յանցագործութիւնները, որոնք յանգեցրեցին հայերի գրեթէ լիակատար բնաջնջմանը Օսմանեան կայսրութիւնում»:
Առանց համեմատելու այլ վայրերում եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնների հետ` փաստւում է այն առանձնայատկութիւնը, որ այս դէպքում Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերը գրեթէ ամբողջովին բնաջնջուել են: Ի դէպ,- սրանից անմիջապէս յետոյ ասւում է, թէ` «Նոյն ճակատագրին արժանացան նաեւ այլ քրիստոնեայ ժողովուրդների խմբեր (ընդգծումը «Դրօշակ»-ի)»:
Յաճախ մենք ինքներս այս շեշտադրմամբ չենք ներկայացնում հարցը, թէեւ թէ՛ ողբերգութեան մեծութեան եւ թէ՛ դրա հետեւանքների վերացման առումով գլխաւորն այն է, որ անկախ թուաքանակից, ոչնչացուել է այդ կայսրութիւնում ապրող գրեթէ ողջ հայ բնակչութիւնը: Միւս կողմից, պատմական անառարկելի փաստերի համաձայն, այդ ժողովուրդը եկուոր չի եղել, այլ թուրքական պետութեան տիրապետած տարածքների մի հատուածի պատմական ժառանգորդն է:
Մէկ այլ ձեւակերպմամբ, Պունտեսթակի որոշումը անուղղակիօրէն հերքում է թուրքական այն հիմնական թեզերից մէկը, թէ 1915 թուականին տեղի ունեցածը ծրագրուած գործողութիւն չի եղել, այլ Ա. համաշխարհային պատերազմի հետեւանքներից մէկն է` Թուրքիայի տարածքում:
Գերմանացի խորհրդարանականները բանաձեւել են հետեւեալ կերպ. «Ժամանակի երիտթուրքական վարչակարգի յանձնարարութեամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանեան կայսրութիւնում սկսուեց մէկ միլիոնից աւելի ազգութեամբ հայ բնակչութեան ծրագրուած տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպէս վառ օրինակ է հանդիսանում զանգուածային բնաջնջումների, ցեղային զտումների, տեղահանումների, այո՛, ցեղասպանութիւնների պատմութեան համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Աւելի՛ն. բանաձեւը ոչ միայն երիտթուրքական վարչակարգի ծրագրումով իրականացուած տեղահանումների ու բնաջնջումների մասին է խօսում, այլեւ մատնանշում է, որ հայերի ճակատագիրը վառ օրինակ է հանդիսացել` «Զանգուածային բնաջնջումների, ցեղային զտումների, տեղահանումների, այո՛, ցեղասպանութիւնների պատմութեան համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Հաստատւում է հայութեան կողմից մշտապէս շեշտադրուող այն հանգամանքը, որ հայոց եղեռնը եղել է մարդկութեան պատմութեան առաջին ցեղասպանութիւնը, եւ վերջինիս արժանի գնահատական չտալը իր ժամանակին եւ մինչ այժմ օրինակ է հանդիսացել հետագայ բնաջնջումների, ցեղային զտումների, տեղահանումների եւ ցեղասպանութիւնների համար, «որոնց զարհուրելի կնիքն է կրում 20-րդ դարը»:
Այս ճշմարտութեան ընդունումը ոչ միայն հիմնաւորում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման անհրաժեշտութիւնը, այլեւ պարտադրում է այն ընդունել որպէս մարդկութեան համար դաս, որն իր կենսունակութիւնը չի կորցրել նաեւ մեր օրերում:
Բանաձեւում շեշտւում է յատկապէս այն հանգամանքը, որ Գերմանիան այն տարիներին եղել է Թուրքիայի գլխաւոր ռազմական դաշնակիցը եւ գերմանացի դիւանագէտների ու միսիոներների կողմից ստացել է միանշանակ տեղեկութիւններ Թուրքիայում տեղի ունեցողի մասին ու, սրանով հանդերձ, չի փորձել կանխել «մարդկութեան դէմ իրագործուող այդ յանցագործութիւնը»:
Յիշենք, որ 1915 թուականի մայիսին սուլթանին ուղղուած իրենց յայտարարութեամբ կատարուողը «Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ յանցագործութիւն» էին անուանել Անտանտը ներկայացնող Ռուսաստանը, Ֆրանսան եւ Անգլիան:
101 տարի անց Գերմանիան կրկնում է երբեմնի հակառակորդների կողմից իր դաշնակցի գործողութիւններին տրուած բնորոշումը, ինչն աւելի ծանրակշիռ ու դժուար հերքելի է դարձնում Թուրքիայի դէմ, մինչ այժմ հնչած, մեղադրանքները: Գերմանիան առաւել հիմնաւորում է ոճրագործութեան որակը եւ դրա ճանաչման անհրաժեշտութիւնը` նաեւ ընդունելով դրանում իր մեղսակցութիւնը:
Այս քայլով նա ոչ միայն ազատում է ձեռքերն ու խիղճը Թուրքիայի յանցանքին գնահատական տալու հարցում, այլեւ խնդիրը տեղափոխում է բարոյական հարթութիւն` առաջին հերթին իր ժողովրդին, յետոյ թուրքերին եւ ապա մնացած բոլորին յայտնելով, որ ոճրագործութիւնների համար ապաշխարելը ճշմարտութիւնը բացայայտելու, մեղքից ձերբազատուելու եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների դէմ պայքարելու անհրաժեշտ պայմանն է:
Ըստ բանաձեւի, դա անհրաժեշտ է, որովհետեւ մեղսակցութեան ընդունումը Գերմանիային կանգնեցնում է պատմական պատասխանատուութեան առաջ` օգնելու հայերին ու թուրքերին` «Անցեալի անդունդները յաղթահարելու ու փոխըմբռնման ուղիներ փնտռելու գործում»:
Այս հարցերում Գերմանիայի գործնական մտադրութիւնների մասին է վկայում յաջորդ նախադասութիւնը. «Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի»:
Իսկ հիմնաւորումների բաժնի վերջին պարբերութեան մէջ աւելի եւս մանրամասնւում է միջնորդական դերի ստանձնման ցանկութիւնը երկու երկրների եւ, աւելի լայն առումով, կովկասեան գործընթացների նկատմամբ. «Թուրքիայի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների լիցքաթափումն ու կարգաւորումը կարեւոր է նաեւ կովկասեան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական յարաբերութիւններում կատարած պատմական դերի առումով»:
Այդ միջամտութիւնը աւելի գործնական ու ընդգրկուն կարող է լինել, եթէ նկատի ունենանք մասնաւորապէս ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալթեր Շթայնմայերի 2016 թուականի մայիսի 17-ի յայտարարութիւնը, ուր ասւում էր. «Գերմանիան որպէս ԵԱՀԿ նախագահող երկիր` լի է վճռակամութեամբ` օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք աշխուժօրէն կ՛աջակցենք հետաքննութեան մեքանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաեւ կ՛աշխատենք իմ անձնական ներկայացուցչի` դեսպան Անճէյ Քասպրչիկի խմբի ընդլայնման ուղղութեամբէ:
Ինչպէս յայտնի է մինչ այժմ, Ղարաբաղեան գործընթացներում, որպէս այսպէս ասած Եւրոմիութիւնը ներկայացնող կողմ է հանդիսացել համանախագահող Ֆրանսան: Այսուհետ թէ որքանով Ղարաբաղի, ինչպէս եւ Կովկասի ու հայ-թուրքական յարաբերութիւնների շրջանակում աշխուժ դերակատարութիւն կը ստանձնի Գերմանիան, ի հարկէ ժամանակը ցոյց կը տայ:
արձանագրենք, որ բանաձեւում մատնանշւում են նաեւ այսօրուայ Թուրքիայի որոշակի պատասխանատուութիւնն ու անհրաժեշտ անելիքները` կապուած պատմութեան հետ առերեսման եւ յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ հիմքեր ստեղծելու հարցի հետ:
Գերմանական Պունտեսթակի բանաձեւում խօսւում է նաեւ այս բանաձեւից բխող անելիքների մասին` բուն Գերմանիայում:
Ըստ խորհրդարանի, Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթութեան առջեւ պարտականութիւն է ծառանում ուսումնական ծրագրերում ներառել. «Հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմութիւնը»: Պունտեսթակը ողջունում է նաեւ Թուրքիայի տարածքում գիտական, հասարակական, արուեստի ու մշակոյթի բնագաւառներում այս հարցով քննարկումներն ու այլեւայլ նախաձեռնութիւնները:
Հետաքրքրական է, որ թէեւ վարչապետ Անկելա Մերքելը չմասնակցեց Պունտեսթակի համապատասխան նիստին, սակայն նախապէս հրապարակայնացուեց փաստը, որ վերջինս նոյնպէս կողմ է բանաձեւի ընդունմանը: Սա անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնելու համար Գերմանիայի վարչապետի վարկը, ինչը խաթարուել էր վերջին շրջանում Թուրքիայի իշխանութիւնների շանթաժներին տեղի տալու պատճառով: Երոպական քաղաքականութեան ծանրքաշայինի այս քայլը հաւանաբար նաեւ նախազգուշացում էր Թուրքիայի իշխանութիւններին, վերջիններիս գործելակերպի համար` սկսած ներքին ժողովրդավարութեան խնդիրներից, քիւրտ բնակչութեան դէմ իրականացուող բացայայտ ջարդերից, մինչեւ վտանգաւոր «արտաքին խաղերը» կապուած Եւրոպա ուղղորդուող արտագաղթի, Իսլամական պետութեան հետ կապերի, տարածաշրջանային եւ շատ այլ խնդիրներում սադրիչ դերակատարութեան հետ: Թուրքիան այդ ամէնը պէտք է հասկանայ, առանց մէկ առ մէկ խնդիրները թուարկելու անհրաժեշտութեան:
Յատկապէս որ զգուշացնողը պարզապէս եւրոպական երկրներից մէկը չէ, այլ` մի տէրութիւն, որ այս աշխարհամասի քաղաքական առանցքն է կազմում եւ քարշող ուժը: Թուրքիայի համար պէտք է հասկանալի դառնայ, որ այս քայլից յետոյ ոչ միայն Ֆրանսայի համար դիւրին է դառնալու Ցեղասպանութեան հարցի քրէականացման մասին օրէնքի ընդունումը, այլեւ Գերմանիայի օրինակին կարող են հետեւել հարեւան շատ երկրներ:
Վերջում յիշենք նաեւ, որ 2008թ. նոյեմբերին Եւրամիութեան խորհուրդը շրջանակային որոշում որդեգրեց` այլատեացութեան եւ ցեղապաշտութեան դէմ պայքարի վերաբերեալ իր անդամ պետութիւններին յանձնարարելով ընդունել օրէնքներ, որոնք քրէական պատժելի արարք կը դարձնեն ցեղասպանութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների ժխտումն ու նսեմացումը` յատկապէս այլատեացութեան ու ցեղապաշտութեան նպատակներով:
Գերմանիան, որպէս կեդրոնական դերակատար, իր քայլով նաեւ մղիչ ուժ հաղորդեց եւրոպական ընտանիքի որդեգրած մի կարեւոր պարտաւորութեան: Մի աշխատանք, որ այնքան կարեւոր է ժամանակակից համաշխարհային իրողութիւնները եւ գալիք օրերի առաւել տագնապալի զարգացումները նկատի ունենալու, այժմուանից իսկ դրանք կանխելու ուղղութեամբ իրական քայլեր ձեռնարկելու պարունակում:
Եւրոպան վերջապէս նաեւ պէտք է տէր կանգնի սեփական ճակատագրի եւ գործերի վերաբերեալ ինքնուրոյն որոշումներ կայացնելու իրաւունքին:
04/06/2016