Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Մեր Ուժը Միասնութեան Մէջ Է

$
0
0

0507shoushi3

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» թերթի գլխաւոր խմբագիր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տարիներին արդէն 24-րդ գարունն է, որ մայիսի 9-ը ազգովին նշում ենք որպէս եռատօն:

Արցախցիները Հայաստանի եւ սփիւռքի հայրենակիցների հետ միասին հանդիսաւորութեամբ տօնում են Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի ստեղծման օրը:

ԼՂՀ պետական տօների օրացոյցում այս տարեթիւն առանձին տեղ է գրաւում: Բայց ոչ միայն այն պատճառով, որ հանգամանքների երջանիկ զուգադիպութեամբ այն ներառել է միանգամից երեք նշանակալի, մեր ժողովրդի համար յիրաւի օրհասական իրադարձութիւններ` Մեծ յաղթանակի տօն, մեր բանակի եւ Արցախի հինաւուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օր: Թերեւս մեծ մասամբ եւ այն պատճառով, որ 1992-ի մայիսին փաստօրէն վճռւում էր հէնց մեր երիտասարդ հանրապետութեան ճակատագիրը, որի կէս տարուց քիչ աւելի պատմութիւն ունեցող անկախ պետականութեանը սպասում էր դիմացկունութեան ամենալուրջ փորձութիւնը: Ու թէեւ յիշարժան տարեթուերի մեր օրացոյցում կան եւ ԼՂՀ պետականութեան կայացման փուլերը նշանաւորող պատմական այլ կարեւոր օրեր, այնուամենայնիւ, մայիսի 9-ը այդ շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում:

1992 թուականի այդ օրը ղարաբաղեան զինուած ստորաբաժանումների կողմից, վերջապէս, ազատագրուեց Շուշին, որն ազրպէյճանցիների կողմից վերածուել էր հզօր ռազմական խարիսխի եւ մահացու կրակ էր թափում Ստեփանակերտի ու մերձակայ հայկական բնակավայրերի վրայ: Այդ գերդժուար խնդիրն իրականացուեց փայլուն կերպով, ու հէնց այդ պատճառով Շուշիի ռազմագործողութեան յաջողութիւնը, որը մշակուել եւ անցկացուել էր բարձր մակարդակով, իրաւամբ համարւում է հայկական զէնքի, մեր մարտիկների ոգու ուժի եւ հզօր կամքի փառապանծ յաղթանակ: Այդ պատճառով է նաեւ, որ մայիսի 9-ը համարւում է ԼՂՀ պաշտպանութեան բանակի ծննդեան օր: Չափազանցութիւն չի լինի այն պնդումը, որ Շուշիի ազատագրումը ողջ հայ ժողովրդի յաղթանակն էր, որը ցուցաբերեց ազգային ոգու վեհութիւն ու կարողացաւ համախմբուել յանուն Արցախի փրկութեան, որ դիմակայում էր խիստ վտանգաւոր թշնամուն: Պաշտպանութեան բանակը դարձաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարեւորագոյն նուաճումներից մէկը եւ արդարացիօրէն արժանացաւ նրա անվտանգութեան ու խաղաղ զարգացման գլխաւոր երաշխիքի պատուաւոր կոչմանը: Միանգամայն օրինաչափ է, որ Շուշիի ազատագրման օրը նշւում է յատուկ հանդիսաւորութեամբ, իսկ նրա ազատագրողները մեր ժողովրդի կողմից առանձին յարգանք են վայելում:

Մայիսի 9-ը աներեւոյթ թելի պէս միացրեց երկու` 1945-ին գերմանական ֆաշիզմի դէմ ԽՍՀՄ մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի` ԽՍՀՄ-ի եւ Շուշիում 1992 թուականին ազրպէյճանական ֆաշիզմի դէմ մեր փոքր եւ ինքնիշխան հայրենիքի յաղթանակները: Իրենց ծաւալներով 1941-1945 եւ 1991-1994 թուականների պատերազմներն, ի հարկէ, անհամատեղելի են, իրենց էութեամբ, սակայն, երկուսն էլ միանման` Հայրենական են: Ինչպէս եւ միանման է այդ պատերազմներում տարած յաղթանակների էութիւնը, քանի որ Շուշիում տարած յաղթանակը ղարաբաղցիների ճակատագրի համար նոյնքան հսկայական նշանակութիւն ունէր, որքան ողջ աշխարհի ճակատագրի համար ֆաշիզմի դէմ յաղթանակը, որովհետեւ ինչպէս առաջին, այնպէս էլ երկրորդ դէպքում լինել թէ չլինելու հարցն էր դրուած: Չլինէր Շուշիի ազատագրումը, Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչութեանն անխուսափելիօրէն կը պատուհասէր թուրք-ազրպէյճանական ցեղասպանութիւնների զոհերը դարձած մեր հայրենակիցների բախտը:

40-ականների գերմանական ֆաշիզմի եւ 90-ականների ազրպէյճանական ֆաշիզմի միջեւ զուգահեռներն ամենեւին էլ պատահական չեն. սա տուրք չէ լրագրողական փոխաբերութեանը: Այս երկու գաղափարախօսութիւնների հիմքում մարդատեացութիւնն ու ցեղապաշտութիւնն են: Ազրպէյճանի դէպքում ամենայն համոզչութեամբ դա են հաստատում «Սումկայիթը», «Պաքուն», «Կիրովապատը», «Մարաղան»® Եւս մէկ անգամ դա ապացուցեց ապրիլեան վերջին քառօրեայ պատերազմը, որի ընթացքում ազրպէյճանցիները գլխատեցին հայ զինծառայողներին, անխղճօրէն հաշուեյարդար տեսան ծերերի հետ եւ ծանակեցին իրենց զոհերի դիակները…

Բայց այն մէկ անգամ եւս ապացուցեց նաեւ հետեւեալը. հէնց ԼՂՀ Պաշտպանութեան բանակն է հանդիսանում հանրապետութեան ու նրա ժողովրդի անվտանգութեան միակ եւ յուսալի երաշխաւորը, որը կարողացաւ հակադարձել զինուած նախայարձակման: Եւ կարեւոր է նշել, որ իր հերթին ժողովուրդն է հէնց Պաշտպանութեան բանակի յուսալիութեան երաշխաւորը: Կարելի է վստահօրէն պնդել, որ երբեմնի խորհրդային գաղափարախօսութեան շղարշով պատուած` «Ժողովուրդն ու բանակը միասնական են», «Ամէն ինչ ճակատի, ամէն ինչ` յաղթանակի համար» կարգախօսներն ապրիլեան այդ օրերին ձեռք բերեցին իրենց իրական, կենսական իմաստը: Ազրպէյճանի նախայարձակման ծանրագոյն պայմաններում ողջ հայ ժողովուրդը զօրաշարժի ենթարկեց իր մտաւոր ու նիւթական միջոցները, ինչպէս նաեւ բարոյական ուժերը եւ ուղղեց դրանք մեր բանակի աջակցութեանը: Ցանկացած բանակ ուժեղ է իր թիկունքով, եւ այդ ճշմարտութեան գիտակցումով էլ մեր ժողովուրդը տոկունօրէն դիմագրաւեց դիմացկունութեան հերթական ծանր փորձութիւնը` մէկ անգամ եւս փաստելով իր նուիրուածութիւնն անկախ պետականութեանը:

Մայիսի 9-ի տօնը հանդիսութիւններ չեն միայն: Սա, նախեւառաջ, յանուն հայրենիքի պատուի ու արժանապատուութեան, յանուն ազատութեան 1940-ական, 1990-ական եւ 2000-ական թուականներին ընկած մեր հայրենակիցների յիշատակի օրն է: Ու այդ նպատակի ընդհանրութեան մէջ դարձեալ ի յայտ են գալիս սերունդների կապն ու հոգեւոր միասնութիւնը, կապն անցեալի ու ներկայի, ներկայի ու ապագայի միջեւ: Մեր յաղթանակի համար բարձր գին է վճարուել, ուստի այն, ինչպէս եւ նրա պտուղները, պէտք է սրբօրէն պահպանել: Ու երախտագիտութեամբ յիշել բոլոր նրանց, ովքեր դրա համար զոհաբերեցին իրենց կեանքը: Յիշել զոհուածներին` յանուն ողջերի: Յանուն անկախ ապագայի:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>