ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ահաբեկչութիւն կոչուող չարիքին Հայաստանը բախուել է 1990-ական թթ. կէսերին, երբ հայ-վրացական սահմանային Սադախլօ-Բագրատաշէն հատուածում կատարուած երկու ահաբեկչութիւնները խլեցին մէկ տասնեակ մարդու կեանք: Նոյն ժամանակահատուածում Հայաստան մտնող երկաթուղին եւ կազատարը տասնեակ անգամներ պայթեցուեցին Վրաստանի տարածքում: Երեւանը ահաբեկչութիւնների մէջ մեղադրեց Ազրպէյճանի յատուկ ծառայութիւններին:
Անկախ նրանից, թէ որքան իրական է Հայաստանի կամ Հայաստանում այլ երկրների թիրախների նկատմամբ ահաբեկչութեան վտանգը, պաշտօնական Երեւանը պէտք է ուժեղացնի անվտանգութիւնը բոլոր օդակայաններում, սահմանային հսկիչ-անցագրային կէտերում, դիւանագիտական առաքելութիւնների տարածքներում:
Ահաբեկչութիւնը նոր երեւոյթ չէ, սակայն վերջին տասնամեակներում այն նոր ծաւալ ու չափում է ստացել: Վերջին երեք ահաբեկչութիւնները` Շարմ Շէյխ-Ս. Փեթերսպուրկ օդանաւի կործանումը Սինայի երկնքում, Պէյրութի շիական թաղամասում կրկնակի պայթիւնները եւ Փարիզի համակարգուած յարձակումների շարքը մէկ օղակի տարբեր հատուածներ էին:
Այսօր Հայաստանը ահաբեկչութեան անուղղակի վտանգներ է զգում երկու պատճառով: Առաջին, ռազմական ներգրաւուածութիւնը եւ Իսլամական պետութեան դէմ յայտարարուած պատերազմը Սիրիայում Ռուսաստանին դարձնում է խոցելի: Հայաստանը ռազմական եւ անվտանգութեան առումներով ռուսական հովանոցի տակ է: Այսպիսով, անուղղակիօրէն Հայաստանը եւս կարող է դառնալ, Իսլամական պետութեան կամ ահաբեկչական այլ խմբաւորումների թիրախ:
Երկրորդ, հարեւան երկու պետութիւնների հարիւրաւոր քաղաքացիներ կռւում են Սիրիայում: Ըստ փորձագիտական տուեալների, Վրաստանից Սիրիայում կռուող կամ կռուած քաղաքացիների թիւը հասնում է չորս հարիւրի: Ազրպէյճանցիների ներգրաւուածութեան ծաւալներն ինչպէս Իսլամական պետութեան ու ահաբեկչական ու ծայրայեղական այլ խմբաւորումների, այնպէս էլ Սիրիայի կառավարական զօրքերի կազմում աւելի լայն է: Ըստ ոչ պաշտօնական տուեալների, Սիրիայում վերջին հինգ տարիներին սպաննուած ազրպէյճանցիների թիւը մի քանի հարիւրի է հասնում: Սա նշանակում է, որ ազրպէյճանցի վարձկանների թիւը հազարից աւելի պէտք է լինի: Նրանք մի օր վերադառնալու են տուն եւ դառնալու են սպառնալիքի աղբիւր ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլեւ Ազրպէյճանի իշխող վարչակարգի համար:
Այսօր Ազրպէյճանում քաղաքական ընդդիմութիւնը բանտում է, ջախջախուած կամ անկիւնուած: Շատ փորձագէտներ կարծում են, որ Իլհամ Ալիեւի ինքնիշխանական վարչակարգի հիմնական վտանգը գլուխ բարձրացնող քաղաքական իսլամն է: Սիրիայից վերադարձող վարձկանները լուրջ սպառնալիք կարող են դառնալ Ալիեւի համար: Ահա նաեւ այդ մտահոգութիւնն է, որ ստիպում է Պաքուի իշխանութիւններին որ սկսել այն խմբաւորումների դէմ, որոնք զբաղւում են վարձկաններ հաւաքագրելու եւ Սիրիա ուղարկելու գործով:
Մեծ քսանեակի գագաթաժողովին որպէս ընդունող երկրի` Թուրքիայի նախագահի հիւր, մասնակցում էր նաեւ Իլհամ Ալիեւը, ով առիթը օգտագործեց եւ մէկ անգամ եւս Հայաստանին մեղադրեց ահաբեկչութեան մէջ: Պաշտօնական Երեւանը համապատասխան արձագանգ տուեց Ալիեւի զրպարտանքին:
Այս ընթացքում Մոսկուա այցելեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը եւ հաւանաբար ոչ պատահականօրէն անդրադարձաւ Ստեփանակերտի նորակառոյց օդակայանին` նշելով, որ անհրաժեշտութեան դէպքում այն կարող է տրամադրուել ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակներով: Տարիներ շարունակ պարապուրդի մատնուած նորակառոյց այս օդակայանը քաղաքացիական նպատակներով չի օգտագործւում, քանի որ Ազրպէյճանը սպառնում է խոցել հայկական օդանաւերը:
Այսպիսով, Ազրպէյճանը Թուրքիայի օգնութեամբ փորձում է Հայաստանին դնել ահաբեկչութիւն իրականացնողների ճամբարում: Միւս կողմից, հայ-ռուսական սերտ կապերն ու Ստեփանակերտի օդակայանը ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակով օգտագործելու առաջարկը Հայաստանին ու Արցախին դարձնում է հնարաւոր թիրախ ահաբեկիչների համար:
Փարիզեան ահաբեկչութիւնների շարքը եւ դրան նախորդած ռուսական օդանաւի կործանումը ստիպեց Արեւմուտքին եւ առաջին հերթին Ֆրանսային` վերանայել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները: Այնուամենայնիւ, պէտք չէ ունենալ ակնկալիքներ, որ կարճ ժամանակահատուածում կը բարելաւուեն Արեւմուտք-Ռուսաստան յարաբերութիւնները եւ Մոսկուայի հանդէպ իրականացուող պատժամիջոցները կը վերացուեն: Սակայն միանշանակ է, որ ընդհանուր թշնամին ստիպելու է նրանց գտնել համագործակցութեան եզրեր:
Սա ինքնին լաւ նորութիւն է Հայաստանի համար, քանի որ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայութիւնը եւ Ռուսաստանի նկատմամբ իրականացուող պատժամիջոցները ուղղակիօրէն հարուածում են Հայաստանի տնտեսութեանը:
Վերջին ահաբեկչութիւնները ստիպեցին, որ Արեւմուտքը Սիրիայի կենտրոնական իշխանութիւններին ու նախագահ Պաշշար Ասատին վերաբերուեն այլ տեսանկիւնից: Ակնյայտ է, որ Իսլամական պետութեան վերացումը առանց Ասատի ու նրա կառավարական ուժերի հետ համագործակցութեան` գրեթէ բացառւում է: Հաշուի առնելով Սիրիայի հայութեան, ինչպէս նաեւ Հայաստանի դիրքորոշումը` սիրիական ճգնաժամի լուծման եւ Ասատի ճակատագրի հարցերում, Սիրիայի իշխանութիւնների հանդէպ արեւմտեան ընկալման փոփոխութիւնը եւս բարենպաստ է Հայաստանի եւ հայութեան համար: Պաշարուած Հալէպում այսօր միակ հիւպատոսութիւնը հայկականն է: Հայաստանի դեսպանութիւնը Դամասկոսում իր գործունէութիւնը բնականօրէն շարունակեց, երբ տասնեակ երկրներ հեռացան:
Հայաստանը պէտք է աջակցութիւն ցուցաբերի ահաբեկչութեան դէմ միջազգային պայքարին, բայց` զգուշաւոր ձեւով, որպէսզի չդառնայ ահաբեկչութեան թիրախ: Սա այն տեղն է, որ Հայաստանը կարող է իրականացնել «եւ-եւ»-ի քաղաքականութիւնը` ահաբեկչութեան դէմ պայքարում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ:
Հայաստանը պարբերաբար պատասխանում է Ազրպէյճանի կողմից հնչեցուող ամբաստանութիւններին: Դրա հետ մէկտեղ պէտք է տանել քուլիսային աշխատանք ու միջազգային հանրութեանը հասցնել իրականութիւնը, այն է` Ազրպէյճանի անուղղակի մասնակցութիւնը ահաբեկիչներ ու վարձկաններ արտահանելու հարցում: