Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Հայաստանեան Անկիւն. Արձանացած Բարութիւն` Կարաբալա

$
0
0

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

gukkk---f

Տունը` Փողոց Աբովեան

«Կարծես ծնուել է ծերացած` ծաղկէ զամբիւղը ձեռքին, կեանքը գինով է ծաղկեցրել բարի ժպիտը դէմքին»:

Պապին Պօղոսեանի երգից մի հատուած է`  նուիրուած յայտնի երեւանցուն, ով սիրում էր գինի, բայց առաւել` ծաղիկներ: Սերունդներ առաջ մարդկային իր առանձնայատուկ տեսակով Երեւանում հանրայայտ էր երգի ու մեր պատմութեան հերոս ծաղկավաճառ Կարաբալան: Եթէ ժամանակին ճանաչուած եւ սիրուած էր նրա անձը, ապա մեր սերունդի համար ոչ պակաս սիրելի է նաեւ վերջինիս պրոնզաձոյլ արձանը` բարի ժպիտով եւ խոշոր ձեռքին քարացած նուրբ ծաղիկով:

«Կրա բալա» թարգմանաբար նշանակում է սեւ տղայ, բայց ծաղկավաճառի իրական անունը Ստեփան Յարութիւնեան էր: Նա ծնուել է 20-րդ դարասկզբին: Ստեփանի ընտանիքը եղել է հարուստ, սակայն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ նա կորցրել է ամէն ինչ, յետոյ` բանտարկուել (ըստ որոշ զրոյցների` Ստեփանը, հայ աղջկան  պաշտպանելով մի թուրքից, դանակահարել է վերջինիս): Բանտարկութեան տարիներին նրան լքել է պաշտելի կինը` Աշխէնը եւ արգելել հանդիպել որդուն: Դժբախտ Կարաբալան էլ զրկուելով սիրելիներից` նախընտրել է հոգում ամփոփուած մեծ սէրը նուիրել պատահական անցորդներին: Թխամորթ, բարձրահասակ ծաղկավաճառը օրը մի քանի անգամ յայտնւում էր Աբովեան փողոցում` ձեռքին վարդերով լի զամբիւղ, երբեմն էլ մի քանի կիտրոն էր մէջը դնում: Ամբողջ օրը ոտքի վրայ էր անցկացնում, իսկ հոգեկան խռովքի պահերին` գինետնից գինետուն անցնում, նա սեղանից սեղան էր շրջում, եւ երբ գեղեցիկ կին էր նկատում, հաճոյախօսութիւններ էր փնթփնթում քթի տակ ու ծաղիկ նուիրում: Եթէ գինի էին  հիւրասիրում, վերցնում էր, միանգամից խմում անխօս, հնամաշ մուճակները քարշ տալով` մօտենում էր միւս սեղանին, զամբիւղից հանում կիտրոնը եւ սեղանին դնելով` ասում. «Անուշ արէք խմիչքի հետ»:

d5afd5a1d680d5a1d5a2d5a1d5acd5a1

Ծաղիկները վաճառքի համար էին, բայց Կարաբալան աւելի յաճախ նուիրում էր դրանք,  նաեւ յատկապէս երբ բարեհամբոյր ու սիրալիր էին վարւում կիսաթափառական ծաղկավաճառի հետ: Անչափ բարի հայեացք ունէր, իսկ վարդերից առաւել իր ժպիտն էր զարդարում Աբովեան փողոցը:

 

Զամբիւղը` Ճիշդ Պահին

karabala_old_ts1333431791

Պատմում են, որ մի օր էլ Եղիշէ Չարենցը նրանից գնում է ողջ ծաղկազամբիւղը եւ խնդրում  երեկոյեան տանել  թատրոն, որտեղ ժամանակի յայտնի դերասանուհի Արուս Ոսկանեանը տօնելու էր իր տարեդարձը: Նշուած ժամին Կարաբալան ծաղիկներով գնում է թատրոն: Աստիճանների մօտ նա յանկարծակի սայթաքում է, եւ ծաղիկները թափւում են դերասանուհու ոտքերի տակ. բոլորը ծափահարում են` մտածելով, որ յատուկ կազմակերպուած քայլ էր ծաղկավաճառի կողմից: Բարեսիրտ ու արտասովոր բնաւորութեան շնորհիւ նա նաեւ Չարենցի սիրելին է եղել. երբեմն միասին են գինետնից գինետուն թափառել:

Անհետացա՞ւ

Զարմանալի կեանք է ապրել Կարաբալան` անյայտ սկիզբ ու անյայտ էլ աւարտ ունենալով: Համաձայն առասպելի, նա վախճանուել է հէնց փողոցում. ձմրան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրայ: Թերեւս այդ պատճառով են որոշել նրա արձանը հէնց մայթին տեղադրել:

Իսկ վերջերս, ցաւօք, ինչպիսի արագութեամբ որ աւելանում է ծաղկավաճառների թիւը, նոյն արագութեամբ էլ կարծես պակասում է մարդկանց «կարաբալա» տեսակը: Խեղճ եւ կեանքի դառնութիւններից կռացած ծերունու մէջ բաբախում էր ամենաբարի սիրտը: Չքաւոր եւ տխուր իր կեանքում նա չէր դադարում հաւատալ բարութեան ու գեղեցկութեան ուժին: Անշահախնդիր արարք գործելը նրա ոչ շատ երջանկութիւններից, ըստ երեւոյթին, ամենամեծն էր: Ո՞ւր են ժամանակակից կարաբալաները: Մի՞թէ բարութիւնն ու ջերմութիւնը Երեւանի փողոցներից թխամորթ ծերունու զամբիւղի հետ անհետացան…

Կերպընկալէ «Ընկերները»

12998520_1140123786051775_7743444101148886413_n

Այսպիսով, ինչպէս որ ժամանակին Կարաբալան էր համ ու հոտ տուել երեւանեան կենցաղին, այդպէս էլ իր արձանն է այսօր զարդարում քաղաքային համայնապատկերը, եւ ինչպէս որ ծաղկավաճառը կեանքում էր եղել սիրուած ու միաժամանակ դժբախտ, նոյնպիսին էլ մեր  օրերին պրոնզաձոյլ կերտուածքի ճակատագիրն է` սիրելի եւ միեւնոյն ատեն անբախտ: Այն մի քանի անգամ քաղաքային իշխանութիւնների քմահաճոյքով վայրից վայր տեղափոխուեց, իսկ վերջում, թէեւ հանգրուանեց իր հարազատ Աբովեան փողոցում, այդուհանդերձ, «խեղճ» արձանին զետեղեցին հագուստի խանութի հէնց վաճառափեղկերի առաջ, ուր մեր սիրելի Կարաբալան աջից ու ձախից շրջապատուած է անիմաստ ու բութ երեսներով կերպընկալէ մանըքեններով: Մնում է յուսալ, որ մի քանի տարի յետոյ էլ յանկարծ խանութի մէջ չյայտնուի:

Այս հարցը ինչպէս որ հարկն է բարձրաձայնելն էլ, թերեւս, այլ պատմութիւն է, որի մասին խօսելիս անբարեխիղճ պաշտօնեաներին տրուող ածականները չեն լինի Կարաբալայի վարդերի նման գեղեցիկ, ոչ էլ` աչքերի նման բարի: Ուստի, պայծառութեան խորհրդանիշ դարձած մեր հին երեւանցու մասին պատմութիւնը չգորշացնելու համար թող աւարտուի այն, ինչպէս որ սկսուեց. յայտնի երգչի գեղեցիկ տողերով.

«Երբ քայլում եմ Երեւանի Աբովեանի փողոցով,
Կարծես մէկը շշնջում է ծերունական իր ձայնով, Շուռ եմ գալիս ու իմ կողքին կարաբալան է կանգնել, դողդողացող նրա ձեռքին ծաղիկներն են քարացել. Կարաբալա,
Կարաբալա, ծաղկավաճառ ծերունի, ծաղիկներիդ անուշ բոյրը, ոչ մի ծաղիկ դեռ չունի»:

d556bfcb0062b33023be7fe167372e0a

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>