ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Ընդհանուր առմամբ շատ քիչ բան է յայտնի եղել Հայաստանի մասին, թէեւ մշակութային առումով Եւրոպան պարտական է նրան շատ բաներում: Պատմութեան սաղմնաւորման ժամանակ Հայաստանը քաղաքակրթութեան ակունքներից մէկն է եղել: Քրիստոնէական շրջանից հազարամեակներ առաջ Հայաստանի տնտեսութիւնը, արուեստները եւ յայտնի աւանդոյթները այն աստիճանի են զարգացել, որ նրա մշակոյթը քաջալերել է Եգիպտոսին, Յունաստանին ու Հռոմին` նիւթապէս ու հոգեպէս»:
Բարեբախտաբար այս տողերի հեղինակ աւստրիացի հայագէտ Էլիզապէթ Պաուէրը առիթ է ունեցել ուսումնասիրել առաւելապէս հնադարեան Հայաստանը: Քանի որ եթէ գիտական գործունէութիւնը նուիրէր իր ժամանակներին` 2օ-րդ դարի երկրորդ կէսից մինչեւ մեր օրերը, դժուար թէ առիթ ունենայինք նման հոգի շոյող տողերի հասցէատէր լինել: Վերջին տասնամեակներին մեր երկիրը ոչ միայն դադարել է քաջալերել, այլեւ ինքն է կարծես «քաջալերւում» օտար մշակոյթներով, վատն էլ այն է, որ` սեփականից «վազն անցնելու» հաշուին:
Վստահաբար շատերս ենք նկատել Երեւանի` տարէցտարի փոփոխուող, օրինակ, ճարտարապետական դիմագիծը: Անշուշտ ժամանակի ճեպընթացը առաջ է սլանում, տեղում չի մնում նաեւ ճաշակը: Սակայն երբ փոփոխութիւնները սպառնում են իրական եւ արժէքաւոր ինքնութեանը, այստեղ արդէն, ինչպէս յայտնի Էքզիւփերին կ՛ասէր, «ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:
Իսկ ինքնութեան հետ առանձնակի փայփայանքով չի վարւում, ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ «հայրաքաղաքը» Գիւմրին:
Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ, պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում ընդգրկուած է Գիւմրու «Սեւ բերդ» ամրոցը (ժողովուրդը յաճախ Սեւ «ղուլ» է անուանում. «ղուլ» թարգմանաբար բերդ է նշանակում), որը հանրապետական նշանակութեան յուշարձան է: Երբեմնի մշակութային գեղագիտական սնունդ ապահոված յուշակոթողը այսուհետ, ցաւօք, բառի ուղիղ իմաստով է կերակրելու հանրութեանը. բերդը ռեստորանա-հիւրանոցային համալիր դարձնելու առաջին քայլերն արդէն ընթացքի մէջ են: Նախատեսւում է յուշարձանը պիզնես կենտրոնի վերածել: Եւ քանի դեռ գալիք սերունդի մօտ չքնաղ Սեւ բերդը չի տպաւորուել որպէս հսկայական «Սեւ ռեստորան», թերեւս կ՛արժէր ծանօթանալ հրաշալի այս ամրոցի հպարտ պատմութեանը:
Բերդի կառուցման անհրաժեշտութիւնը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի աւարտից յետոյ: Թուրքիայի դէմ հնարաւոր պատերազմը հաշուի առնելով` ռուսները սկսեցին յատուկ ուշադրութիւն դարձնել Գիւմրու ամրացմանը: 1828 թուականին Թիֆլիսի զինուորական նահանգապետը Անդրկովկասում գլխաւոր հրամանատար Իվան Տիպիչին նամակ էր յղել, որում ասւում էր. «Թուրքերի դէմ հնարաւոր պատերազմի դէպքում անհրաժեշտ կը լինի Գիւմրիում կառուցել բերդ եւ այն խիստ ամրացնել` որպէս կարեւորագոյն ռազմական յենակէտ»: Ռուսաստանի կայսր Նիքոլայ 1-ինն էլ 1834 թուականին հրաման է արձակել` նոր ամրոցի նախագծի կազման վերաբերեալ: Բերդը կառուցուել է 10 տարուայ ընթացքում` ամրոցաշինութեան նոր կանոնների համաձայն: Այն բացառիկ ամրութեան է. ասում են` կառուցելիս որպէս շինանիւթ նաեւ ձուեր են օգտագործուել:
Ամրոցը հիւսիս-արեւելք տարածուած համարեա ուղղանկիւն յատակագծով շինութիւն է եւ տեղանքի անհարթութեան պատճառով միայն մի կողմն է ստացել ձեւաւորութիւն` պարսպապատ բերդապատերով: Նորակառոյց բերդահամալիրի մէջ մտնում էին զօրանոցներ (մինչեւ 15 հազար զինուորի համար), զինամթերքի, զինհանդերձանքի եւ պարէնամթերքի պահեստներ, եռայարկ քարէ ամուր պարիսպներով հիւանդանոց, ընդհանուր-տնտեսական նշանակութեան տարբեր շինութիւններ` գտնուելով ամրաշէն կառուցուածքների մի հզօր համակարգում: Բերդն ունէր վառօդի 36 սենեակ, 200 թնդանօթ, ցորենով ու գարով լցուած ամբարներ: Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցուած բերդն իր փառահեղ դիրքով Գիւմրի քաղաքին իւրայատուկ շուք ու հանդիսաւորութիւն էր տալիս: Լինելով ամրոցաշինութեան նոր խօսքի դրսեւորում` Սեւ «ղուլը» ուղղակիօրէն հնարաւոր չէր համեմատել տարածաշրջանի մէկ այլ նմանօրինակ կառոյցի հետ, այն իրապէս համարւում էր դարի զինուորական ճարտարապետութեան գլուխգործոցներից մէկը:
Ամրոցի մասին թերեւս ամենահետաքրքիր տեղեկութիւններից մէկն էլ այն է, որ Անիի ստորգետնեայ կառոյցների նման` Սեւ բերդի համար եւս գետնի տակ գաղտի ուղիներ են կառուցել: գիւմրեցիների մօտ սերունդէ սերունդ փոխանցուած մի պատմութիւն կայ, թէ իբր ժամանակին երկու երեխայ բերդի գետնուղիների ճանապարհով սխալմամբ Կարսում են յայտնուել` թուրքերի կողմից գերի վերցուել: Ի դէպ, ամրոցն ուղղակի սահմանակից է մեր պատմական Կարսին:
Իսկ պեղումների արդիւնքում պարզուել է, որ այն քաղաքի ամենահնագոյն բնակելի հատուածն է: Առաջին ուսումնասիրութիւններն այստեղ կատարուել են 19-րդ դարի երկրորդ կէսին` մօտ 1875 թուականին: Հետագայում` 1900-1908 թուականներին Սեւ «ղուլի» տակ պեղումների ժամանակ գտնուել են մի փոքր բնակավայր` սրբատեղիով, անթիք ժամանակաշջանի դամբարանադաշտ եւ մի շարք իրեր: Ամրոցի ողջ հարթավայրը հոյակապ հնագիտական յուշարձան է, հիմնականում` դամբարանադաշտ: Բակի ներսում պեղուել է Ք.Ա. 8-6-րդ դարերի թուագրութեան դամբարաններ: Բերդի տարածքում, սկսած պրոնզեդարեան ժամանակաշրջանից մինչեւ երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգութիւն կայ: Ի դէպ, նոյն այս Սեւ բերդի մասին է պատմւում յայտնի Ռուբենի յուշերում:
Այդուհանդերձ, Սեւ ղուլը թէ՛ իբրեւ պատմամշակութային կոթող, թէ՛ իբրեւ պեղումնավայր, ըստ երեւոյթին, դադարեցնելու է իր գոյութիւնը: Սպասարկման կենտրոնի վերածուելով, զրկուելով սեփական դէմքից, այն թերեւս նմանուելու է արհեստականօրէն փքուած շրթունքներով ճիշտ այն «տիկնոջը», որը երեսի անյաջող գեղեցկագիտական գործողութեան արդիւնքում զրկուել է սեփական դիմագծերից եւ չի յաջողել իւրացնել նորը` ինչպէս լինում է սովորաբար` անբովանդակ գերժամանակակիցը: Իսկ երբ նորաձեւութեան միտումները չեն խնայում մեր ազգային արժէքները, վերջին յոյսը մնում է սերունդների յիշողութիւնը, դրա հիման վրայ ծնուող պահանջատիրութիւնը եւ այս ամէնի տրամաբանական շարունակութիւն պայքարը` յանուն մեր ինքնութեան պահպանման:
Անգլիացի յայտնի բանաստեղծ Ճորճ Պայրոնն ասել է. «Եթէ սուրբ գրութիւնները ճիշդ են ընկալուել, Հայաստանն այն վայրն է, որտեղ գտնուել է դրախտը: Բայց ինչ էլ լինի նրանց ճակատագիրը, որը ցաւալի է եղել գալիքի համեմատ, նրանց երկիրը միշտ պէտք է լինի աշխարհի ամենահետաքրքիրներից մէկը»:
Էլիզապէթ Պաուէր
(Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից)
Վիեննայի Մխիթարեան միաբանութեան գիտական գործունէութիւնը նպաստել է հայագիտութեան զարգացմանը Եւրոպայում. միաբանութեան մատենադարանում աշխատել են եւրոպացի բազմաթիւ արեւելագէտներ-հայագէտներ, նրանց ուսումնասիրութիւնները հրապարակուել են միաբանութեան պարբերականներում:
Հայ ժողովրդի պատմութիւնն ու մշակոյթը ուսումնասիրել են նաեւ աւստրիացի գիտնականները: Վիեննայի ազգագրութեան թանգարանի աշխատակից էլիզապէթ Պաուէր-Մաննտորֆը (ծ. 1948), որը հայոց լեզու է ուսումնասիրել Վիեննայի Մխիթարեան միաբանութիւնում, հրատարակել է «Հայաստան, պատմութիւնը եւ մշակոյթը» (1975), «Վաղ շրջանի Հայաստանը» (1984) աշխատութիւնները, հայ արուեստին նուիրուած յօդուածներ: Արուեստաբան, ճարտարապետութեան մասնագէտ ժոզեֆ Սթրժիկովսքին (1862-1941) հրատարակել է Թ. Թորամանեանի փաստագրական նիւթերի օգտագործումով ստեղծուած «Հայերի ճարտարապետութիւնը եւ Եւրոպան» երկհատոր կոթողային աշխատութիւնը (1918), որտեղ բարձր է գնահատել հայ հին ճարտարապետութեան նուաճումները, ցոյց տուել դրա ազդեցութիւնը եւրոպական երկրների ճարտարապետութեան վրայ: