ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Թրքական Անթալիա քաղաքում «Մեծ քսանեակ»-ի վեհաժողովն աւարտուեց: Այն անցկացուեց Իսլամական պետութիւն ահաբեկչական խմբաւորման կողմից Փարիզում իրականացուած` 152 մարդու կեանք խլած ահաբեկչութիւնների թարմ տրամադրութիւնների ներքոյ, եւ թւում էր, թէ կը դառնայ Իսլամական պետութեան դէմ միջազգային համընդհանուր ճակատի ձեւաւորման հարթակ: Մինչդեռ առաջատար քսան երկրների ղեկավարները Անթալիայից մեկնեցին իրենց երկրները` առանց արդիւնքի: Գերտէրութիւնները, փաստօրէն, Փարիզում կատարուածն ընդունեցին ի գիտութիւն:
Գագաթաժողովին ընդառաջ` Ռուսաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յիշեցրեց ՄԱԿ-ի հովանու ներքոյ Իսլամական պետութեան դէմ լայնածաւալ քոալիսիոն ձեւաւորելու մասին նախագահ Վլատիմիր Փութինի առաջարկը: Չնայած փաստին, որ Փութինն Անթալիայում երկկողմ հանդիպումներ ունեցաւ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի եւ Մեծն Բրիտանիոյ վարչապետ Տէյվիտ Քամերոնի հետ, կարծես չյաջողուեց հակաահաբեկչական քոալիսիոնի ձեւաւորման հարցում պայմանաւորուածութիւնների հասնել` չնայած դրա անհրաժեշտութեան վերաբերեալ հաւաստիացումներին:
Այդ մասին է խօսում նաեւ փաստը, որ վեհաժողովի օրերին ֆրանսական ռազմաօդային ուժերը զանգուածային օդային հարուած հասցրին Իսլամական պետութեան` Սուրիոյ Ռաքքա քաղաքում գտնուող ռազմական կարեւոր կէտերին, ինչն ակնյայտօրէն հոգեբանական նշանակութիւն ունէր մի կողմից` Ֆրանսայի ընկճուած հասարակութեանը, միւս կողմից` Իսլամական պետութեան ապացուցելու, որ Փարիզի ահաբեկչութիւնները ոչ միայն չեն վախեցրել Ֆրանսային, այլեւ ստիպել են աւելի բազմացնել Իսլամական պետութեան դիրքերին ուղղուած հարուածները: Իր հերթին, Միացեալ Նահանգների նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Պեն Ռոտսը Անթալիայում յայտարարեց, թէ Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսան մտադիր են բազմացնել Իրաքում եւ Սուրիայում Իսլամական պետութեան դիրքերին ուղղուած օդային հարուածները:
Թէ՛ Սուրիայում Ֆրանսայի առանձին գործողութիւնները եւ թէ՛ Ռոտսի այս յայտարարութիւնը վկայում են, որ Արեւմտեան քոալիսիոնին մաս կազմող Փարիզն ու Ուաշինկթընը տրամադրուած չեն փոխել արդէն ստեղծուած հակաահաբեկչական պայքարի ձեւաչափը: Դա է, թերեւս, պատճառը, որ Եւրոմիութիւնը եւ Միացեալ Նահանգները անպատասխան թողեցին Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորպեօրն Եաքլանտի` իրականում ամբողջ համաշխարհային հանրութեան ցանկութիւնները բարձրաձայնող կոչը, թէ անհրաժեշտ է, որ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները Իսլամական պետութեան դէմ պայքարի եւ Սուրիոյ իրադրութեան քաղաքական կարգաւորման հասնելու համար ընդհանուր ռազմավարութիւն մշակեն: «Իսլամական պետութիւնը կարելի Է կանգնեցնել միայն ռազմական միջոցներով: Իսլամական պետութեան չսանձահարելով` անկարելի է քաղաքական լուծման հասնել», ասել է Եաքլանտը:
Այս հարցում Արեւմուտքի յապաղելու պատճառը թերեւս այն է, որ նրանք չեն ցանկանում օրինականացնել Սուրիայում Ռուսաստանի ներկայութիւնն ու գործողութիւնները եւ բարձրացնել Մոսկուայի միջազգային կշիռը: Խնդիրն այն է, որ, դնելով ՄԱԿ-ի հովանու ներքոյ համընդհանուր քոալիսիոնի ձեւաւորման պահանջ` Մոսկուան իրականում ցանկանում է ճեղքել իր նկատմամբ Արեւմուտքի կողմից իրականացուող քաղաքական մեկուսացումը: Սակայն որքան էլ Արեւմուտքը չցանկանայ խոստովանել, Ռուսաստանն արդէն այդ ճեղքումն ապահովել է, եւ դա արուել է Սուրիոյ ճգնաժամի յաղթահարմանն ուղղուած այսպէս կոչուած` «վիեննական ձեւաչափի» ստեղծման միջոցով: ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի մշտական անդամ երկրների եւ մերձաւորարեւելեան պետութիւնների մասնակցութեամբ Վիեննայում ընթացող բանակցութիւնների արդիւնքում նախօրէին յաջողուել է գտնել սուրիական հարցի քաղաքական լուծման բանալին, ըստ որի, որոշուել է, որ Սուրիոյ գործող իշխանութիւնը եւ նրա դէմ պատերազմ մղող ընդդիմութիւնը պէտք է բանակցութիւններ սկսեն 18 ամսուայ ընթացքում նոր ընտրութիւններ անցկացնելու եւ հրադադար հաստատելու շուրջ: Այսինքն ստեղծուել է մի իրավիճակ, երբ մի կողմից Արեւմուտքն ու Ռուսաստանը կարողանում են լեզու գտնել սուրիական հարցի քաղաքական լուծման հարցում, բայց միւս կողմից` չեն կարողանում կամ չեն ցանկանում վերջապէս լուծել իրենց իսկ անպատասխանատուութեան պատճառով գերհրէշի վերածուած Իսլամական պետութեան դէմ միասնական ճակատ կամ քոալիսիոն ձեւաւորելու եւ Իսլամական պետութեան վերջնականապէս ոչնչացնելու հարցը:
Չի կարելի բացառել, որ դրա պատճառներից մէկը Թուրքիոյ եւ Սէուտական Արաբիոյ ցուցաբերած դիմադրութիւնն է` հաշուի առնելով, որ երկուսի համար էլ սկզբունքային է մերձաւորարեւելեան տարածաշրջանում Իսլամական պետութեան գոյութիւնն ու դրա միջոցով հաստատուած գոյավիճակի պահպանումը: Բայց դրանից առաւել կարեւոր է, որ, փաստօրէն, անգամ ահաբեկչութեան համար ուղղակի թիրախի վերածուելու պարագայում Եւրոպան չի ուզում խոստովանել, որ վաղուց արդէն իրենց հիմնական խնդիրը կամ գլխացաւանքը ոչ թէ Ասատի վարչակարգն է, այլ ԻՊ-ն ու մերձաւորարեւելեան տարածաշրջանում գործող ծայրայեղ իսլամական խմբաւորումները, եւ որ Ասատի հեռացումը չէ, որ երաշխաւորելու է սեփական հասարակութիւնների անվտանգութիւնը սեփական երկրում եւ իրենց մայրաքաղաքները զերծ է պահելու հնարաւոր նոր արարքներից: Ու թէեւ թւում էր, որ գոնէ Ֆրանսային պատուհասած ողբերգութիւնը կը սթափեցնի եւրոպական երկրների, Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի իշխող ընտրանիներին, Անթալիայում անցկացուած անպտուղ գագաթաժողովը, առանձին-առանձին, սուրիական անապատներում կիսատ-պռատ գործողութիւններ կազմակերպելու եւ Իսլամական պետութեան դէմ Սուրիայում ու Իրաքում ցամաքային ընդհանուր գործողութիւնների դիմելուց յամառօրէն հրաժարուելու փաստերը յուշում են, որ առաջնորդողը մնում է Ռէալ փոլիթիքի շնականութիւնը, ընդհուպ` հակամարդկային քաղաքականութիւնը, ներքին դիրքային պայքարին տուրք տալը, որի համար սեփական կեանքով «վճարում են» բացարձակապէս անմեղ մարդիկ:
Հետաքրքիր է` Իսլամական պետութիւնը եւրոպական երկրների մայրաքաղաքներում դեռ քանի՞ ահաբեկչական արարք պէտք է կազմակերպի, որպէսզի, ի վերջոյ, իշխող ընտրանիների ընկալումներում ինչ-որ բան փոխուի:
(Յապաւումով)