Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Մարդն Ու Երաժշտութիւնը

$
0
0

music-dandelion_33016

ԱՐՄԷՆ ՃԵՆՏԵՐԵՃԵԱՆ

Երաժշտութիւնը շփման համամարդկային  լեզու է:  Դժուար է պատկերացնել մարդու կեանքն առանց երաժշտութեան, քանի որ այն արտայայտում է մարդկային ամենավեհ զգացումներն ու ամենանուրբ ապրումները: Այն ձեւաւորում է մարդու ներաշխարհը, ճաշակը, օգնում` ճիշդ գնահատելու իրադարձութիւնները:

Մարդու հոգեվիճակի, ինչպէս նաեւ առողջութեան եւ երաժշտութեան փոխներգործման հարցերը փիլիսոփաների ուշադրութեանն են արժանացել քաղաքակրթութեան  հնագոյն այնպիսի կենտրոններում, ինչպիսիք էին` Հին Յունաստանը, Եգիպտոսը, Հռոմը, Չինաստանը եւ այլն: Դեռեւս Ե. դարու մ.թ.ա. Կոնֆուցիոսը իր կանոնական ուսումնասիրութիւններից մէկում գրում է. «Ցանկանո՞ւմ էք կատարելագործուել: Մանրակրկիտ ուսումնասիրեցէք երաժշտութիւն: Երաժշտութիւնը մեզ նկարագրում է եւ պատկերում երկնքի ու երկրի միութիւնը»:

Ըստ հին յունական մի առասպելի, Օրփէոսի  երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ուր չէին օգնում  նետն ու սուրը, ուժն ու արիութիւնը:

Ինչպէս գրում է Մոսկուայի Աւանդական բժշկութեան եւ երաժշտաթերապիայի հիմնարկի տնօրէն, Ռուսաստանի Բժշկական գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, Աւանդական բժշկութեան միջազգային միութեան նախագահ Սերգեյ Շուշարջեանը, յոյն փիլիսոփաներ Պիւթագորասի, Արիստոտէլի եւ Պղատոնի կարծիքով, երաժշտութիւնը հաւասարակշռում է ամբողջ տիեզերքի համամասնութիւնն ու ներդաշնակութիւնը: Արիստոտէլը երաժշտութիւնը համարում էր ինչպէս հիւանդութիւնների բուժման, այնպէս էլ հոգու սրբագործման` քաթարսիսի լաւագոյն միջոց:

Մարդ-երաժշտութիւն յարաբերութիւնը իր մշտական արտայայտութիւնն է գտել նաեւ  հայ գիտնական փիլիսոփաների աշխատութիւններում: Դեռեւս ԺԳ.  դարում հայ խոշորագոյն մտածող Յովհաննէս Երզնկացին (Պլուզ) իր «Մեկնութիւն քերականին»  աշխատութեան մէջ գրում է, որ երաժշտական արուեստն իր մէջ միացնում է հոգեւորը եւ նիւթականը: Հետաքրքրական է այն փաստը, որ ինչպէս Յովհաննէս Երզնկացին, այնպէս էլ միջնադարեան մի շարք հայ գիտնականներ, փորձնական ճանապարհով  յանգել են այն եզրակացութեանը, որ  երաժշտութիւնը մարդու ֆիզիքականի եւ հոգեւոր-իմացականի վրայ ունի  ներգործման  հսկայական  հնարաւորութիւններ;

ԺԵ. դարի ֆլամանտացի հռչակաւոր երաժիշտ, արուեստի տեսաբան եւ փիլիսոփայ Իոհան Տինկտորիսն իր «Երաժշտութեան ներգործութեան ընդհանրացումներ» աշխատութեան մէջ գրում է մարդու հոգեւոր աշխարհի եւ ֆիզիքականի վրայ երաժշտութեան ունեցած 20 ազդեցութիւնների մասին: Դրանցից են` ա) հաճելի է աստծուն, բ) զարդարում է աստծոյ փառաբանութիւնը, գ) ցրում է տխրութիւնը, դ) մեղմում է դաժանութիւնը, է) քշում է սատանային, զ) բուժում է հիւանդներին, է) ծնում է մեծ սէր, ը) երջանկացնում է մարդկանց եւ այլն:  Մարդու հոգեյուզական վիճակի վրայ երաժշտութեան ազդեցութեան մասին բաւականին պատկերաւոր է ասել ռուս հանճարեղ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինը իր «Քարէ հիւրը» ստեղծագործութեան մէջ. «Կեանքի հաճոյքներից  թերեւս երաժշտութիւնը զիջում է միայն սիրուն. սակայն սէրն էլ մեղեդի է»:

Երաժշտութիւնը որպէս բուժման միջոց գալիս է  հարիւրամեակների խորքից` սկսած դեռեւս հին եւ չինական բժշկութիւնից: Ինչպէս վկայում է Հին Կտակարանը «Երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին: Սաւուղը հանգստանում էր, եւ չար ոգին նրանից հեռանում էր»:

Պատահական չէ, որ հին յոյների արուեստների հովանաւորող Ապողոնի  որդին` Էսկուլապը հովանաւորում էր բժշկութեանը, իսկ հին հռոմէացիների աստուածուհի Միներուան  հաւասարապէս հովանաւորում էր եւ երաժիշտներին եւ բժիշկներին:

ԺԲ. դարի նշանաւոր բժշկապետ Մխիթար Հերացին գրում է. «Զուարճացրու հիւանդին խաղերով եւ կատակներով, ամէն կերպ ուրախութիւն պատճառիր նրան: Թող հնարաւորին չափ շատ լսի գուսաններին, լարերի ձայնը եւ դուրեկան մեղեդիներ»:

Համարւում է, որ եկեղեցու զանգերը հեշտութեամբ քշում են դիւային ուժերին եւ խորհրդաւոր կապ են ստեղծում սրբազան ուժերի ու մարդկային հոգիների միջեւ: Յենուելով երաժշտութեան միջոցով հիւանդութիւնների բուժման աւանդական մեթոտների վրայ, ներկայումս բժշկագիտութեան մէջ իր ուրոյն տեղն է գտել երաժշտադարմանումը, որը հոգեդարմանական միջոց է` պայմանաւորուած  երաժշտութեան բուժիչ ներգործութեամբ  մարդու հոգեբանական վիճակի վրայ:

Երաժշտական դարմանումի գիտականօրէն հիմնաւորուած առաջին ուսումնական ծրագրերը իրականացուել են Լոնտոնում, 1961 թուին, իսկ տասնհինգ տարի անց այստեղ հիմնադրուել է երաժշտական դարմանումի մեծ կենտրոն: Գերմանացի երաժշտադարմանումի իրենց նոյնատիպ աշխատանքները սկսեցին 1978 թուին` Աախենի երաժշտական քոլեճում: Աւելի ուշ` ելնելով գրանցուած հիանալի արդիւնքներից, համալսարանի բժշկական բաժանմունքում հիմնադրուեց երաժշտական դարմանումի հիմնարկ: Հետագայում Եւրոպայի մի շարք այլ երկրներում իրականացուեցին երաժշտական դարմանումի ուսումնական նմանատիպ ծրագրեր, որոնք բաւականին յաջողութեամբ  կիրառւում  են   առ  այսօր:

Երաժշտական դարմանումի կիրառումը մեծ տարածում է գտել նաեւ Միացեալ Նահանգներում, Աւստրալիայում, Ճափոնում, Նոր Զելանտիայում, Հարաւային Ամերիկայում եւ մի շարք այլ երկրներում:

Հայրենական եւ արտասահմանեան երաժշտադարմանողների կողմից կատարուած են բազմապիսի  հետազօտութիւններ, որոնք փաստում են  այն մասին, որ երաժշտութիւնը կարող է ազդել մեր էութեան վրայ, ինչպէս դրական, կենարար, ոգեւորող եւ վեհացնող, այնպէս էլ` բացասական, մեր հոգեվիճակը  քայքայող եւ նոյնիսկ` մահուան հասցնող:  Ապացուցուած է երաժշտութեան բարերար ազդեցութիւնը նէյրոէնդոկրին համակարգի գործառոյթների վրայ, եւ յատկապէս արեան մէջ գտնուող` յուզական բոլոր հակազդեցութիւնները կարգաւորող հորմոնների վրայ: Երաժշտութեան նկատմամբ եղած վերաբերմունքով բնորոշւում է նաեւ մարդու ներքին բարոյական արժեհամակարգը: Այս առումով շատ կարեւոր է ունկնդրուող երաժշտութեան ճիշդ ընտրութիւնը :        

Մարդկային օրկանիզմի վրայ երաժշտութեան  ազդեցութեան  երկարատեւ   ուսումնասիրութիւնների արդիւնքում  գիտնականների կողմից  հաստատուել է.

1.- «Ծանր մետալ» (հեւի մեթըլ) երաժշտութեան հնչիւններից  դադարում են աճել բոյսերը:

2.- Սուր, ճչացող, բարձր յաճախականութեամբ հնչող ձայները ընդունակ են մակարդել օրկանական սպիտակուցները: Համերգի ընթացքում հում հաւկիթը երեք ժամ հզօր բարձրախօսի մօտ պահելուց յետոյ պարզուեց, որ այն ամբողջապէս մակարդուել` «եփուել» է:

3.- Ձուկը սատկում է  լուսային վառ ազդեցութիւններով ուղեկցուող ռոք երաժշտութեան ազդեցութեամբ:

4.- Մի քանի ժամ տիսքոթեքում լինելուց յետոյ դեռահասը յայտնւում է ամենատիպիկ հիփնոսի վիճակում: Իսկ սա նշանակում է, որ այս վիճակում գտնուող մարդուն դիւրութեամբ կարելի է ուղղորդել որոշակի գործողութիւնների:

Հիմա խօսենք մարդու ֆիզիքական եւ հոգեմտաւոր վիճակների վրայ դասական երաժշտութեան ներգործութեան մասին: Երբ գիտնականները անցեալ դարի կէսերից սկսեցին լրջօրէն ուսումնասիրել դասական երաժշտութեան ազդեցութիւնը մարդու ներաշխարհի վրայ, զարմանալի արդիւնքներ գրանցեցին: Փաստուեց, որ գրեթէ առանց բացառութեան, հիւանդ մարդիկ լսելով դասական երաժշտութիւն սովորականից շատ աւելի արագ են ապաքինւում: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ դասական երաժշտութիւնը խիստ դրական ներգործութիւն է ունենում մարդկային օրկանիզմի կենսագործունէութեան վրայ` բարելաւելով ուղեղի աշխատանքը, նպաստելով նիւթափոխանակութեանը, զարգացնելով յիշողութիւնը, կարգաւորելով սրտանօթային համակարգի աշխատանքը, ազատելով գլխացաւից եւ այլն: Ապացուցուած է, որ Մոցարթի երաժշտութիւնը արագացնում է տեղեկատուութեան իւրացումն ու մշակումը, էականօրէն աշխուժացնում  ուղեղի աշխատանքը: Պեթհովենի, Լիսթի, Կրիկի ստեղծագործութիւնները հեշտութեամբ բուժում են գլխացաւերը, կարգաւորում շնչառական համակարգը, արագացնում նիւթափոխանակութիւնը: Հայտնի, Վիվալտիի, Քորելլիի գործերը կարգաւորում են արեան շրջանառութիւնը, նպաստում սրտի կշռուաթաւոր  աշխատանքին, պարգեւում երջանկութեան զգացողութիւն` դուրս բերելով ընկճուածութեան վիճակներից:

Հարկ է նշել, որ մարդու ֆիզիքական եւ հոգեկան վիճակների վրայ բացի դասական երաժշտութիւնից, խիստ դրական ազդեցութիւն ունի նաեւ ազգային զուլալ աղբիւրներից եկող ժողովրդական երաժշտութիւնը, որն իր մէջ ամբողջացնում է ազգային, ժառանգական, ցեղային, մենթալ եւ  կարեւորագոյն  մի  շարք  այլ  յատկանիշներ:

Ի հարկէ, խօսելով դասական կամ ազգային-ժողովրդական երաժշտութեան մասին, որպէս բուժիչ խիստ ներգործուն միջոց, պէտք է նկատի ունենալ, որ այն խիստ անհատական է եւ կախուած է մարդու հոգեմտաւոր առանձնայատկութիւններից, հետեւաբար նոյն երաժշտական ստեղծագործութեան ազդեցութիւնը տարբեր մարդկանց վրայ լինում է տարբեր:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>