Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Ամէնուր Արագաչափեր Են Ու Փոսեր. Հայաստանի Ճանապարհները

$
0
0

Tatul Hagopian11ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի ճանապարհների վիճակը այսօր յիշեցնում է 90-ական թուականները: Այն ժամանակ պատերազմ էր, Հայաստանը նոր էր անկախացել, տնտեսութիւնը ծանր վիճակի մէջ էր, ամէն բան արւում էր ռազմաճակատի համար, հետեւաբար ճանապարհների վատ ու քարուքանդ վիճակը բնական էր համարւում:

Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ես իմ ինքնաշարժով կտրել եմ մի քանի հազար քիլոմեթր ճանապարհ եւ կարող եմ ասել, որ ինչպէս գլխաւոր, այնպէս էլ երկրորդական ճանապարհները խայտառակ վիճակում են: Սովորաբար գարնանը Հայաստանի ճանապարհները աւելի են փոսառատ դառնում տեղացած ձեան հետեւանքով: Ժամանակին ձիւնը չմաքրելու պատճառով ասֆալտը աւելի շուտ է շարքից դուրս գալիս:

Սիսիան-Գորիս հատուածը, որը Հայաստան-Իրան եւ Հայաստան-Արցախ մայրուղու մի մասն է, դարձել է դժուարանցանելի հազարաւոր փոսերի պատճառով: Այո՛, մի՛ զարմացէք, մօտ 30 քիլոմեթրանոց այդ հատուածում հազարաւոր փոսեր կան: Աւելի տանելի վիճակում է Գորիս-Ստեփանակերտ հատուածը:

Խայտառակ վիճակում է նաեւ Երեւան-Վանաձոր ճանապարհը, ընդ որում` այնքան էլ մեծ չէ տարբերութիւնը, թէ ո՛ր ուղին ես ընտրում` Երեւան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձո՞ր, թէ՞ Երեւան-Սեւան-Դիլիջան-Վանաձոր: Քարուքանդ վիճակում է յատկապէս Դիլիջան-Վանաձոր հատուածը:

Ճանապարհների քարուքանդ վիճակը մի կողմից, այդ ճանապարհներին աւելացող արագաչափերը` միւս կողմից, առաջ են բերում վարորդների արդար զայրոյթը: Ժամանակին, երբ հանգուցեալ Քըրք Քըրքորեանի տասնեակ միլիոնաւոր տոլար ներդրումների շնորհիւ հանրապետական եւ մարզային նշանակութեան բազմաթիւ ճանապարհահատուածներ վերանորոգուեցին,   Հայաստանում երթեւեկելը հաճելի էր ու երազային: Ալպիական բնութիւնը, սաղարթախիտ անտառները, լեռնային ոլորանները, ճանապարհի հարեւանութեամբ հոսող արագընթաց գետերը հմայում էին մարդուն:

Հիմա վարորդներն ու ուղեւորները սեւեռւում են կա՛մ փոսերի, կա՛մ արագաչափերի ու տեսախցիկների վրայ: Մարտի 18-ին Վանաձորից Երեւան վերադարձի ճանապարհին որոշեցի հաշուել արագաչափերը, երբ յաղթահարել էինք քարուքանդ Դիլիջան-Վանաձոր հատուածը եւ դուրս եկել հանրապետութեան մեծութեամբ երրորդ քաղաքից:

Երկու արագաչափ է դրուած Սպիտակ քաղաքում. մէկը քաղաք մտնելիս, միւսը` դուրս գալիս: Սպիտակից մինչեւ Արագածոտնի մարզի առաջին գիւղը` Ծիլքար, մօտ 10 քիլոմեթր հատուածում արագաչափեր չկան, քանի որ ելեկտրականութիւն չկայ, իսկ առանց ելեկտրականութեան արագաչափերը չեն կարող աշխատել:

Արագաչափերի իսկական տարափ սկսւում է Ծիլքարից Աշտարակ հատուածում: Մօտ 60 քիլոմեթր ճանապարհի վրայ տեղադրուած է 10 արագաչափ: Առաջին արագաչափը դրուած է Ծիլքար գիւղում: Յաջորդ գիւղը Գեղարօտն է, որտեղ նոյնպէս տեղադրուած է: Ծիլքարից Գեղարօտ հեռաւորութիւնը մէկ-երկու քիլոմեթր է: Յաջորդ գիւղը քրտաբնակ Ջամշլուն է, որտեղ նոյնպէս կայ արագաչափ: Ջամշլուից դէպի յաջորդ քրտաբնակ գիւղ` Ալագեազ, մէկ-երկու քիլոմեթր է, այնտեղ էլ կայ արագաչափ: Ալագեազին յաջորդում է երրորդ քրտաբնակ գիւղ` Ռիա Թազա, որտեղ նոյնպէս կայ արագաչափ: Այսպիսով, ընդամէնը 10 քիլոմեթր` Ծիլքար-Ռիա Թազա ճանապարհի վրայ տեղադրուած է հինգ հատ արագաչափ: Ինչո՞ւ:

Շարունակենք ընթացքը: Ռիա Թազային յաջորդում է Ապարան քաղաքը, որտեղ դրուած է երկու արագաչափ. մէկը քաղաք մտնելիս, միւսը` դուրս գալիս: Ապարանից յետոյ Քուչակ գիւղն է, որտեղ նոյնպէս կայ արագաչափ: Մինչեւ Աշտարակ հասնելը արագաչափեր են դրուած նաեւ Արտաշաւան, Օհանաւան, Կարբի գիւղերում:

Այսպիսով, Սպիտակից մինչեւ Աշտարակ 70-75 քիլոմեթր ճանապարհահատուածում տեղադրուած է 13 արագաչափ: Հարց. շատ չէ՞:

Հայաստանում կան ճանապարհահատուածներ, որտեղ արագաչափեր ընդհանրապէս չկան կամ հատուկենտ են: Գիտէ՞ք ինչո՛ւ: Որովհետեւ ճանապարհի այդ հատուածներում չկայ ելեկտրականութիւն, իսկ առանց ելեկտրականութեան արագաչափերը չեն աշխատում:

Որտեղ չկան արագաչափեր, այնտեղ կարելի է տեսնել ոստիկանական մեքենաներ: Ամենափոքր խախտման իսկ դէպքում նրանք կազմում են արձանագրութիւն եւ տուգանում վարորդներին:

Անշուշտ, վարորդները պէտք է յարգեն երթեւեկութեան կանոնները: Արագաչափերը եւ միւս տեսագրող սարքերը` տեսախցիկները, որոնք տեղադրուած են կամ տեղադրւում են Հայաստանի ճանապարհներին եւ Երեւանի խաչմերուկներում, պէտք է ծառայեն երթեւեկութեան կարգաւորմանը եւ որպէս արդիւնք` ճանապարհային արկածների եւ դժբախտ պատահարների նուազեցմանը:

Վերջին տարիներին Երեւանի խաչմերուկներում եւ Հայաստանի ճանապարհներին տեղադրուել են շուրջ 200 տեսագրող սարքեր եւ արագաչափեր: Երթեւեկութիւնը ակնյայտօրէն բարելաւուել է: Սակայն միւս կողմից` չեն պակասել ո՛չ ճանապարհային արկածները եւ ո՛չ էլ դրանց պատճառով մահուան դէպքերը: Աւելի՛ն. դրանք աւելացել են:

Հայաստանում արագաչափերն ու տեսախցիկները ներկրում է «Սեքիւրիթի Տրիմ» ընկերութիւնը, դրանք բնակավայրերում եւ մայրուղիներին տեղադրում է ոստիկանութիւնը: Արձանագրուած խախտումներից գանձուող գումարների 70 տոկոսը ստանում «Սեքիւրիթի Տրիմ»-ը, 30 տոկոսն անցնում է ոստիկանութեան արտապիւտճէական ֆոնտ: Ընկերութիւնը 25 տարի սպասարկման պայմանագիր է կնքուել` պարտաւորուելով 2011-2017 թուականների ընթացքում մօտ 10 միլիոն եւրոյի (մօտ 5,5 միլիառ դրամ) ներդրումներ կատարել: Խոստացած ներդրումները ընկերութիւնը 6 տարուայ փոխարէն կատարել է երկու տարուայ ընթացքում եւ նոյն ժամանակահատուածում էլ յետ է բերել կատարած ներդրումը` ստանալով 13,5 միլիոն եւրոյի եկամուտ:

Նախորդ շաբաթ ես ինքնաշարժով մեկնել էի Թիֆլիս: Վրաստանի ճանապարհները իրենց որակով ակնյայտօրէն գերազանցում են հայկական ճանապարհներին: Որոշ հատուածներում ճանապարհները եւրոպական որակի են: Այդ երկրում արագաչափեր ու տեսախցիկներ չկան, իսկ ճանապարհային ոստիկանութիւնը հազուադէպ է կանգնեցնում վարորդներին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>