Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17368

Ինչպէ՞ս Են Ուքրանիացի Արմատականները Կապուած Սիրիայում Ահաբեկիչների Հետ

$
0
0

ԱԼԵՔՍԷՅ ՍԱՆԻՆ

AQ-1_111015

Հոկտեմբերի 25-ին Սիրիայի նախագահ Պաշշար Ասատը ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր մեկնաբանութիւն է արել` զուգահեռ անցկացնելով Ուքրանիայում եւ Սիրիայում կատարուող իրադարձութիւնների միջեւ: Այս մասին յայտնի է դարձել Ռուսաստանի պատուիրակութեան անդամ, Տումայի (խորհրդարան) պատգամաւոր Ալեքսանտր Եուշչենքոյի խօսքերից: Ըստ նրա` Ասատը նշել է, որ «թէեւ երկրները տարբեր են», բայց դրանցում կատարուողի ճարտարապետը մէկն է»: «Ուքրանիայի ազատամոլները եւ ՏԱՀԷՇ-ի ահաբեկիչները կառավարւում են մէկ կենտրոնից», նշել է Եուշչենքոն` մէջբերում կատարելով Սիրիայի նախագահի ասածից: Այնինչ յայտնի է, որ Ուքրանիայում կան ուժեր, որոնք անթաքոյց համակրում են սիրիական ընդդիմութեանը: «Լենթահու»-ն յիշում է, թէ ինչ արմատական իսլամական խմբաւորումներ են գործում Ուքրանիայի տարածքում:

Համայնքները

Իսլամական արմատական եւ ծայրայեղական խմբաւորումներն Ուքրանիայում աշխատելու հնարաւորութիւն են ստացել դեռեւս նախագահ Վիքթոր Եուշչենքոյի օրօք: Միեւնոյն ժամանակ, Ուքրանիայում նման կազմակերպութիւնների, աւանդական իսլամի քարոզիչների առաջացմանը կամ պարզապէս դրա ազդեցութեան ուժեղացմանը նպաստող որեւէ պայման չկար: Ուքրանիայում այդ պահին կար ոչ աւելի, քան կէս միլիոն մուսուլման, որոնց երկու երրորդն ապրում էր Խրիմում, մօտաւորապէս 50-60 հազարը` Քիեւում: Ուքրանիայի մնացած մուսուլմաններն ապրում էին Տոնեցքի, Լուկանսքի եւ Խարքովի մարզերում: Խոշոր համայնք պահպանւում է Օտեսայում, բայց այդ քաղաքը գրաւիչ է ծայրայեղական կազմակերպութիւնների համար նաւահանգստի, մշտական գաղթականութեան եւ այն ամէնի պատճառով, ինչը կապուած է դրա հետ:

AQ-2_111015

Մուսուլմանների թուաքանակի աւելացումն ալիքաձեւ չէր ընթանում, այլ, աւելի շուտ` ցանցառ կերպով. բնականօրէն աւելանում էր Ուքրանիայի քաղաքացիների թիւը, որոնք յայտարարում էին «ըստ ծագման» իրենց դաւանանքի մասին: Այսինքն` օրինակ, աւելի վաղ իրենց անհաւատ կամ ուղղափառ քրիստոնեայ համարող թաթարները (ոչ թէ Խրիմի, այլ Քազան-վոլժսկեան ծագման), յատկապէս երիտասարդութիւնը, իրենց պատմական եւ ազգային արմատների հանդէպ հետաքրքրութեան հասկանալի պայթիւնի արդիւնքում վերադարձան նախնիների կրօնին: Թաթար բնակչութիւնը խորհրդային ժամանակներում կենտրոնացած էր Տոնպասում` շրջանի արագ տնտեսական աճի պատճառով: Օրինակ, խոշոր մզկիթ եւ նրան կից գործող Իսլամական մշակութային կենտրոն (ԻՄԿ) կայ Կոնստանտինովկայում (Տոնեցքից Սլաւեանսկ տանող կիսաճանապարհին, այժմ ուքրանացի զինեալ ուժերի վերահսկողութեան տակ է):

Խոշոր մզկիթներ կան Լուկանսքում եւ Տոնեցքում («Ալ-Ամալ»), ընդ որում` մինչեւ մարտական գործողութիւնների սկսուելը Նովոռոսիայում դրանք, ուքրանիական չափանիշներով, բաւական աշխուժ գործունէութիւն էին վարում: Այսպէս, Լուանսքի մզկիթի հիման վրայ 2011թ. անցկացուեց «գիտալուսաւորչական քարաւան»` «Մոհամետը ողորմածութիւն է աշխարհների համար» կարգախօսով: Խարքովի մզկիթում տեղի ունեցան սեմինարներ «գործունեայ մուսուլմանների համար»` ըստ շարիաթի դրոյթների: Այստեղ պէտք է ընդգծել, որ այդ յարաբերականօրէն հին մուսուլմանական համայնքներն իրենց ձեւաւորումից մինչեւ վերջին ժամանակներս հանաֆիական մազհապի (յարանուանութիւն) աւանդական սիւննի դաւանողներ էին, ինչը պատմականօրէն բնորոշ էր ամբողջ Ռուսաստանի մուսուլմաններին:

Բարգաւաճումը

Ուքրանիայում մուսուլմանների աճի երկրորդ աղբիւրը դարձաւ ուքրանիացիների յայտնուելը հէնց ծայրայեղական եւ արմատական խմբերի քարոզչութեան ազդեցութեան տակ: Այստեղ որպէս դասագրքային օրինակ սովորաբար յիշում են Վլատիմիր Խոտովի` 2004թ. սեպտեմբերի 1-ին Պեսլանի դպրոցի զաւթման ամենադաժան եւ ամենայայտնի մասնակիցներից մէկի պատմութիւնը: Հակառակ Օսեթիայում տարածուած կարծիքի` նրա երակներում ոչ մի կաթիլ օսեթիական արիւն չէր հոսում, իսկ Խոտովը նրա խորթ հօր ազգանունն էր, որը նրան որդեգրել էր երեք տարեկանում: Վլատիմիրը ծնուել է ուքրանիական Պերտիանսկում, իսկ Օսեթիայում ապրել է մինչեւ 19 տարեկանը:

AQ-3_111015

Շատ աւելի կարեւոր է, որ 2004թ. յեղափոխութիւնից յետոյ Ուքրանիայում ցանկալի հիւր էր «Հիզպ ութ-Թահրիր» արմատական կուսակցութիւնը: Դեռ 2007թ. նրանք խորհրդաժողովներ եւ համագումարներ էին անցկացնում Խրիմում եւ Օտեսայում: Տուեալներ կան, որ տարբեր ժամանակներում Օտեսա էին գալիս այդ կազմակերպութեան առաջնորդները, որոնք գտնւում էին ամենահետախուզուող ահաբեկիչների ցուցակներում, եւ Թալիպանի ղեկավարութիւնը: Անգամ գոյութիւն ունի լուսանկար Օտեսայում, որտեղ ներկայ է մէկը, որը նման է մոլլայ Օմարին:

Եանուքովիչի օրօք իրավիճակը կտրուկ փոխուեց: Օտեսայում 2012թ. մայիսի 30-ին ձերբակալուեցին «ուղիղ ճանապարհ» ահաբեկչական արմատական խմբաւորման անդամները: Դրա ղեկավարներն էին արաբական ծագմամբ Ուքրանիայի քաղաքացիներ` եգիպտացի Օտայ Խալետը («Ապտուլքարիմ») եւ սիրիացի Մասրի Մոհամետը (վերջինիս սիրիական ծագումը հարցեր է առաջացնում, քանի որ նրա անունը` «Միսր», նշանակում է «Եգիպտոս»): Ջրատարների փողոցում վարձակալուած գրասենեակում նրանք կազմակերպել էին մի ամբողջ աղօթատուն, որտեղ ապրում էին տասնեակ չգրանցուած արտասահմանցի քաղաքացիներ, պահւում էր ծայրայեղական գրականութիւն, պայթուցիկ եւ նռնակներ: Ուքրանիայի մուսուլմանների հոգեւոր վարչութիւնը («Ումմաէ ՈւՄՎՀ) նրանցից հրաժարուել էր, բայց ազատական շատ գործիչներ, որոնք այդ ժամանակ գտնւում էին Եանուքովիչին ընդդիմութեան շարքերում, նետուեցին պաշտպանելու «դաւանանքի ազատութիւնը»: Սալաֆիների Օտեսայի կազմակերպութեան վերացումը մատուցուեց որպէս համարեա թէ ժողովրդավարական իրաւունքների վրայ յարձակման գիտակցական տարր:

Ի դէպ, Ուքրանիայի չափաւոր մուսուլմանական համայնքները երկար ժամանակ կենտրոնացուած ոչ մի ղեկավարութիւն չեն ունեցել հիմնականում Խրիմ-թաթարական շարժման այն ժամանակուան դիրքորոշման պատճառով: Այդ շարժման ոչ այնքան կրօնական ղեկավարները, սակայն, հաճոյքով ֆինանսական օգնութիւն էին ստանում ումից ասես: Արդիւնքում` Ռուսաստանում չճանաչուած մէճլիսը եւ նրա ղեկավարները դարձան Ուքրանիայի մուսուլմանների կարծիքի գրեթէ հիմնական արտայայտողները` աստիճանաբար զաւթելով դիրքեր նաեւ աւանդական համայնքներում: Միեւնոյն ժամանակ, Ուքրանիայում մզկիթների եւ Իմկ-ների շինարարութեան խոշոր հովանաւորները բոլոր ժամանակներում եղել են Սէուտական եւ քաթարական «բարեգործական հիմնադրամները»` «Նուրը», «Անսարը» եւ «Ալհարամեյնը», որոնք արգելուած էին Ռուսաստանում դեռեւս երկրորդ չեչենական պատերազմի ժամանակներից` որպէս զինեալների հիմնական ֆինանսաւորողներ:

Միանձնեայ Ղեկավարութիւն

Ուքրանիայի մասնատուած մուսուլմանական կառոյցներն այդպէս էլ չկարողացան ձեւաւորել մի ինչ-որ միանձնեայ ղեկավարութիւն այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստեղծուել «Ալ ռաիտ» հիմնադրամը (արաբերէն դա բոլորովին այլ կերպ է հնչում, դա պարզապէս Սէուտական Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիատի ուքրանիական` կիւրեղեան գրութեան տարբերակն է), որը միաւորեց պաշտօնապէս գրանցուած ԻՄԿ-ները: Հիմա հէնց «Ալռիատն» է օգտւում Քիեւի իշխանութիւնների պաշտօնական աջակցութիւնից եւ, ըստ էութեան, կատարում է Ուքրանիայի մուսուլմանների քաղաքական թեւի դեր` ներգրաւուած լինելով քիեւեան քաղաքականութեան մէջ:

AQ-4_111015

«Ալռաիտի» ներկայացուցիչներն, օրինակ, կանոնաւորապէս մարտի 15-ին թողարկում են «շնորհաւորանքներ» Ուքրանիայի մուսուլմաններին` Սիրիայում «յեղափոխութեան սկսման» տարելիցի առիթով: «Մօտեցել է Ասատի բռնատիրական վարչակարգի դէմ Սիրիայի ժողովրդի հերոսական ապստամբութիւնն սկսելու տարելիցը: Բռնատէրը հաշուարկը կատարում է սիրիացիներին կրօնական եւ ազգային յատկանիշներով բաժանելու վրայ, փորձ է արւում միմեանց դէմ լարել սիւննիներին, ալաւիներին, քրիստոնեաներին, քրտերին: Թող Բարձրեալը շուտափոյթ ազատագրում շնորհի սիրիացի ժողովրդին»,- ասւում է դրանցում:

Միեւնոյն ժամանակ, «Ալռաիտի» ղեկավարութիւնը, որն իրեն մի շարք փաստաթղթերում անուանում է «ումմա», այսինքն` մուսուլմանների ամբողջութիւն, քանիցս հանդիպել է Սէուտական Արաբիայի «ուլեմա»-ների (կրօնաբանների) խորհրդի հետ, որը բացայայտ պաշտպանում է Սիրիայում առաւել ծայրայեղական ուժերին: Իսկ Նիքոլաեւ քաղաքի իմամ-խաթիպ ոմն Ռուսլան (առանց ազգանուան եւ որեւէ այլ տուեալների) դեռեւս այս տարուայ գարնանը յայտարարում էր, թէ «Իսլամի մէջ ծայրայեղական հոսանքներ չկան»:

Միեւնոյն ժամանակ, ծայրայեղական խմբաւորումներն Ուքրանիայում առանձնապէս ուշադրութիւն չեն դարձնում աւանդաբար իսլամ դաւանող ժողովուրդների, որպէս կանոն` գաղթականների բնակութեան համար տեղական մասնաճիւղեր ձեւաւորելուն: Բախումներն ազգային հողի վրայ (օրինակ, Քրիւոյ Ռոկի ազրպէյճանական համայնքի շուրջ) գրեթէ աննկատ մնացին մուսուլման առաջնորդների կողմից, բայց լայնօրէն օգտագործուեցին ուքրանիացի ազգայնականների կողմից: Այսինքն` իրենց հիմնական գործառոյթը` մուսուլմանական ումմայի կերակրումը, այդ կառոյցները եւ կազմակերպութիւնները չեն կատարում` իրենց հաւատակիցներին առանց աջակցութեան թողնելով: Իսկ հիմնական ուժը ծախսւում է առաւել ծայրայեղական եւ ընկերային ու տնտեսական հանգամանքներում խճճուած բնակչութեան խմբերի հաւաքագրման վրայ, այդ թուում ուղղափառների եւ յոյն-կաթողիկէների շրջանում:

Հաւաքագրումը

AQ-5_111015

2013թ. յունուարին Ուքրանիոյ Անվտանգութեան Ծառայութիւնն եւ Ներքին գործերի նախարարութիւնը Խրիմում նախաձեռնում են լայնածաւալ գործողութիւն «Հիզպ ութ-Թահրիր»-ի դէմ: Սաքի-Սուտաք-Պելոկորսք եռանկիւնում յայտնաբերուել են մարզաճամբարներ, զինամթերքի գաղտնարաններ եւ խափանարար գրականութիւն: Եւ նորից պայքարն իսլամական արմատականութեան եւ ծայրայեղականութեան դէմ առաջ է բերում կտրուկ հակազդեցութիւն մտաւորականութեան եւ քաղաքական շրջանակների եւրոպամէտ մասի կողմից, որոնք հիմա գտնւում են Քիեւի իշխանութիւնում: Ծայրայեղականների դէմ գործողութիւններն այդպէս էլ չհասցուեցին մինչեւ վերջ: Խրիմի թաթարների առաջնորդներ Ճեմիլեւը եւ Չուպարովը բացայայտ սպառնում էին յուզումներ հրահրել Խրիմում, եթէ գործողութիւնն ընդդէմ արմատականների չդադարեցուի, եւ ձերբակալուածները` բաց չթողնուեն:

Արմատականների եւ եւրահամարկման կողմնակիցների կենտրոնացուած եւ փոխադարձ աջակցութիւնը բացատրւում է բաւական պարզ: Ուքրանիացի քաղաքագէտ եւ միեւնոյն ժամանակ` «Ալռաիտի» ղեկավարներից Ռինաթ Մուհամետովը պնդում է, որ ուքրանիացի մուսուլմաններն «աջակցել են մայտանին», որովհետեւ «իսլամի զարգացումը հիմա չի կրում յետխորհրդային բնոյթ»: «Դա արդէն աւելի մօտ է Եւրոպային, իսլամի այն տարբերակին, նրան, թէ ինչպէս են ապրում եւ աշխատում յանուն իրենց կրօնի մուսուլմաններն Արեւմուտքում: Ի հարկէ, նրանք դեռ բաւական հեռու են եւրոպական մակարդակից, բայց միտումն ակնյայտ է: Ուքրանիայում մենք տեսնում ենք այն իսլամի գծերը, որն առկայ է այսօր Եւրոպայում` ընկերային, քաղաքացիական, բացայայտ, մտաւոր, արդիական, զարգացած արեւմտեան մշակոյթի, կերպարների եւ արհեստագիտութիւնների տարրերով: Արեւմտեան` լաւագոյն իմաստով: Ուքրանացի մուսուլմաններն արդէն մեզանից առաջ են անցել, թէեւ աւելի վատ դիրքերից էին սկսել», ասել է նա իր ելոյթներից մէկում:

AQ-6_111015

Այս արտայայտութեան մէջ ոչինչ չկայ իրական իսլամից, այդ թուում եւ եւրոպական իսլամից, այլ միայն ,«Ուքրանիան Եւրոպա է» հին կարգախօսի կրկնութիւնն է, եւ առաջին հայեացքից` ոչինչ չկայ արմատական իսլամից: Եւ այդ նոյն ՈւՄՀՎ եւ «Ալռաիտի» կառոյցներն են կրկնում խռովարարութեան հակառուսական գրեթէ ցանկացած ձեւ («մուսուլմանների իրաւունքների ոտնահարում Ռուսաստանում», «գաստարբայթերների փախուստ Մոսկուայից», «մուսուլմանական դպրոցների փակում», «նիքապով (լաչակով) կանանց հետապնդում»)` լիովին համերաշխ լինելով արդի պետական նախագծի հետ:

Ուստի, զարմանալի ոչինչ չկայ, որ Սիրիայում ռուսական գործողութիւնն սկսուելուց յետոյ Գերագոյն ռատայի (Ուքրանիոյ խորհրդարան) պատգամաւոր Անտոն Գերաշչենքոն առաջարկեց «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան համար տեղեկատուութիւն հաւաքել ռուսաստանցի զինուորականների մասին, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դէմ պայքարին, իսկ պաշտօնական իշխանութիւնները, թէեւ ոչ բացայայտ, բայց սատարեցին այդ նախաձեռնութեանը: Քիեւը լիովին կարող է օգտագործել Անվտանգութեան եւ պաշտպանութեան ազգային խորհրդից պաշտօնական մուսուլմանական կազմակերպութիւնների կախուածութիւնը եւ բազմամեայ ոչ պաշտօնական կապերն իսլամական աշխարհի առաւել արմատական կազմակերպութիւնների հետ:

Չկան ճշգրիտ տուեալներ այն մասին, թէ Ուքրանիայի քանի քաղաքացի է մեկնել «ծառայելու» ԻՊ-ում: Փոխարէնը յայտնի է, որ զգալի է Ուքրանիայից տարբեր պատճառներով եւ պատրուակներով ԻՊ մեկնող երիտասարդ կանանց տոկոսը: Հաւաքագրման (վերբովկայի) այս ամբողջ գործողութիւնը օրինական է, ընդ որում` Ուքրանիայի մուսուլմանական առաջնորդներն այդ «օրինականութիւնը» համարում են արդի ուկրանիական իշխանութիւնների արժանիքը` «դաւանանքի եւ ընտրութեան այդ ազատութիւնն» ուղղակիօրէն հակադրելով Ռուսաստանին, որտեղ ԻՊ-ը, «Հիզպ ութ-Թահրիրը» եւ այլ կառոյցներ արգելուած են օրէնքով` որպէս ծայրայեղական եւ ահաբեկչական կազմակերպութիւններ:

«Լենթա-ռու»

Թարգմ. «Նորավանք»


Viewing all articles
Browse latest Browse all 17368

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>