Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 17235

Շահումեանի Շրջան. 2018 Թ. Կատարուածն Ու Նախանշուած Ծրագրերը

Image may be NSFW.
Clik here to view.

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները հոկտեմբերի 10-ին այցելել են Շահումեանի շրջան եւ արտագնայ նիստ ունեցել Քարվաճառ քաղաքում` շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանի մասնակցութեամբ:

Առիթից օգտուելով` «Ապառաժ»-ը հարցազրոյց է ունեցել Շահումեանի շրջանի վարչակազմի ղեկավար, դաշնակցական, Շուշիի ազատագրման մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գագիկ Մարտիրոսեանի հետ, ով այս պաշտօնը ստանձնել է սոյն թուականի յունիսի 23-ին:

«ԱՊԱՌԱԺ».- Շահումեանը բազմազաւակ ընտանիքների մեծաթիւ շրջանն է համարւում: Ի՞նչ ծրագրեր են իրականացւում շրջանում ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանման նպատակով:

ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանման միջոցառումների իրականացման նպատակով Շահումեանի շրջանի բոլոր համայնքներում իրականացուել է ուսումնասիրութիւն: Շրջանն ունի 72 բազմազաւակ ընտանիք, 2019-ին բազմազաւակ ընտանիքների թիւը կ՛աւելանայ եւս 8-ով: Այդ ընտանիքների համար առաջնահերթ խնդիր է բնակարանով ապահովելու հարցը: Ընդհանուր առմամբ, բնակարանով ապահովուել են 39 ընտանիք, 8 ընտանիքի համար կառուցւում են բնակարաններ: Կատարուել է շինարարական աշխատանքների 65%-ը: Ծրագիրն ընթացքի մէջ է, նախատեսւում է բնակարանով ապահովել  24 ընտանիքի:

«Ա.».- Ի՞նչ փուլում է այլ ընկերային խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգման եւ կառուցման հարցը:

Գ. Մ.- Շրջանում շատ են նաեւ նիւթապէս անապահով խմբերին պատկանող ընտանիքները, որոնք հնարաւորութիւն չունեն սեփական միջոցներով լուծել իրենց բնակարանային խնդիրները: Այդ նպատակով ուսումնասիրուել է Շահումեանի շրջանի քաղաքացիների 224 դիմում, եւ 16 ընտանիքի տրամադրուել է անհրաժեշտ շինանիւթ` բնակարանային պայմանները բարելաւելու նպատակով: Անբարենպաստ եղանակի պատճառով շրջանում վնասուած 9 տներին նոյնպէս տրամադրուել են անհրաժեշտ շինանիւթեր:

«Ա.».- Շրջանում հրատապ լուծում պահանջող հարցերից մէկը դպրոցաշինութիւնն է: Ի՞նչ անելիքներ ունէք այս ուղղութեամբ:

Գ. Մ.- Շրջանի բնակչութեան առջեւ ծառացած կարեւորագոյն խնդիրներից է կրթութեան մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտութիւն կայ թէ՛ բարելաւել դպրոցների շէնքային պայմանները, թէ՛ լրացնել անհրաժեշտ մասնագէտների պակասը:

Դպրոցաշինութիւնը շրջանում իրականացւում է պետական աջակցութեան եւ բարերարների միջոցներով: 2018-ի` կառավարութեան ընդհանուր շինարարութեան եւ վերանորոգման աշխատանքների ծրագրում ներառուել է Շահումեան շրջանի Չարեքտար գիւղի դպրոցի շէնքի կառուցումը. շինարարութեան մեկնարկը տրուած է, եւ կատարուած է ընդհանուր աշխատանքների 20%-ը: Բարերար Գէորգ Բարսեղեանի շնորհիւ` հիմնովին վերանորոգուել է Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցը: Աւարտուել են Զուարի դպրոցի ներքին յարդարման աշխատանքները:

Աշխատանքներն ընթանում են, սակայն շրջանի կրթական հաստատութիւններից 3-ը դեռեւս գտնւում են անբաւարար վիճակում. անհրաժեշտութիւն կայ յառաջիկայ տարուայ ծրագրում ներառել Նոր Խարխափուտ համայնքի նոր դպրոցի կառուցման, Նոր Մանաշիդ համայնքի դպրոցի 4 դասասենեակների կառուցման, Ակնաբերդ համայնքի դպրոցի վերանորոգման աշխատանքները, Նոր Ղարաչինարի եւ Եղէգնուտի դպրոցներում ջեռուցման համակարգի ներդրման հարցերը:

Բացի շէնքային պայմաններից` շրջանն ունի նաեւ մասնագէտների խնդիր: Շրջանում առկայ է 50 մանկավարժի թափուր հաստիք: Կացարանների բացակայութեան պատճառով հնարաւորութիւն չունենք համալրել հաստիքները:

«Ա.».- Ի՞նչ վիճակում են շրջանի հասարակական եւ վարչական նշանակութեան կառոյցները:

Գ. Մ.- Ընթացքի մէջ են հասարակական եւ վարչական նշանակութեան կառոյցների շինարարական աշխատանքները: Մասնաւորապէս Շահումեանի շրջանի Նոր Խարխափուտ գիւղի ոստիկանական կէտին կից կառուցուել է նոր տաղաւար, ծրագրում ներառուել է նաեւ նոր սանհանգոյցի կառուցումը:

Քարվաճառ քաղաքում կառուցման ընթացքի մէջ է հանդիսութիւնների սրահը. կատարուել է աշխատանքների 70%-ը: 2018 թուականի ծրագրում ներառուել են նաեւ դատախազութեան աշխատասենեակի նորոգումը, Դադիվանքի համայնքապետարանի շէնքի տանիքի եւ շրջվարչակազմի շէնքում սանհանգոյցի կառուցումը:

Շրջանի 12 համայնքներում չկան մշակութային օճախներ. ակումբները տեղակայուած են կա՛մ դպրոցի, կա՛մ համայնքապետարանի շէնքում: Շրջանի 12 համայնքներում բացակայում է բուժօգնութեան համար նախատեսուած առանձին շինութիւնները, 4 համայնքում կայ վերանորոգման անհրաժեշտութիւն:

Քարվաճառ քաղաքում անհրաժեշտութիւն է առաջացել կառուցելու նաեւ մանկապարտէզ, իսկ Ակնաբերդ համայնքում կայ մանկապարտէզի շէնքի վերանորոգման խնդիր:

«Ա.».- Ճանապարհների վերակառուցման, վերանորոգման հարցը թերեւս առկայ է Արցախի բոլոր շրջաններում: Ինչպիսի՞ն է պատկերը Շահումեանում:

Գ. Մ.- Շահումեանի շրջանի միջհամայնքային ճանապարհներն անբաւարար են, համահունչ չեն շրջանի բնակչութեան զարգացմանը: Կարելի է ասել, որ բնակչութիւնը յետընթաց զարգացում է ապրում: Շրջանի առաջնային խնդիրը մնում է Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղուց Քարվաճառ տանող` 18 քմ ճանապարհահատուածի ասֆալտապատումը:

2018-ին կատարուել է 37 քմ միջհամայնքային ճանապարհների պահպանման աշխատանքներ, վերակառուցուել է Նոր Գետաշէն գիւղի հետիոտն կամուրջը:

Բացուել է Բերձոր-Քարվաճառ ռազմավարական նշանակութիւն ունեցող ճանապարհը, ընթացքի մէջ են ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Ռազմավարական նշանակութիւն ունեցող ճանապարհի վրայ ներկայումս աշխատում է շինարարների երկու խումբ: Առաջինն արդէն բարեկարգել է մօտ 20 քմ ճանապարհ Բերձոր-Վարդուտ հատուածում: Երկրորդ խումբն աշխատում է Քարվաճառ-Հայթաղ հատուածում: Շինարարները հասցրել են իրականացնել հողային աշխատանքներ, լուծել ջրահեռացման խնդիրները. տեղադրուել են խողովակներ, բացուել փոսորակներ: Նախատեսւում է նաեւ բացել 35 քմ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը:

«Ա.».- Ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցն ի՞նչ վիճակում է:

Գ. Մ.- Շահումեանի շրջանը կարելի է համարել Արցախի թերեւս ամենաջրառատ շրջանը, սակայն շրջանի 13 համայնքներում բացակայում է ջրամատակարարման ցանցը,  ինչը   կարող է բնակչութեան շրջանում բազում հիւանդութիւնների հիմք հանդիսանալ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտութիւն կայ  2019-ի ծրագրում ներառել 13 համայնքների ջրամատակարարման ցանցի հիմնովին վերակառուցումը` բնակչութեան առողջապահական պայմանները բարելաւելու նպատակով:

Պետական պիւտճէի հաշուին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի զարգացման ծրագրով այժմ իրականացւում է Չարեքտար գիւղի արտաքին ջրամատակարարման ցանցի կառուցումը. կատարուել է աշխատանքների 80 %-ը: Վերակառուցուել է նաեւ Քարվաճառ քաղաքի որոշ հատուածների ջրամատակարարման համակարգը: Նախատեսւում է Նոր Գետաշէն համայնքի` աղէտի պատճառով աւերուած ձախափնեայ թաղամասի 1 քմ երկարութեամբ ջրագծի վերակառուցումը:

Այնուհանդերձ, շրջանն դեռեւս ունի բազում չլուծուած խնդիրներ, որոնց մի մասը ուսումնասիրման փուլում է, միւս մասն էլ կը լուծուի ըստ անհրաժեշտութեան:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 17235

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>