ՅԱԿՈԲ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Յօդուածագիրին մտահոգութիւնները տեղին գտնելով հանդերձ, պարզապէս կ՛ուզենք նշել, որ «Ազդակ»-ի 5 հոկտեմբերի մեր թիւով անդրադարձած էինք Արարայի ճակատամարտի 100-ամեակին` յատուկ յօդուածով մը, որ կը կրէր «Հարիւրամեակ Արարայի յաղթանակին . Պաղեստին (14 սեպտեմբեր 1918-1919¬սեպտեմբեր 2018) Արեւելեան Լեգէոնը կը դառնայ հայկական լեգէոն – Légion Arménienne» խորագիրը եւ Լեւոն Ճերմակեանի ստորագրութիւնը (http://www.aztagdaily.com/archives/410900):
ԽՄԲ.
Այսօր ոչ ոք չի կասկածում` սփիւռքը օր օրի հիւծւում է, նուաղում: Բոլորը դա տեսնում են եւ անխտիր տագնապի լալահառաչ ձայն բարձրացնում` ի՞նչ անել, թէեւ այդ ձայնն էլ արդէն հնչում է հռետորականի պէս ու սիրտ չի մտնում, որ այն թունդ հանի: Ուրեմն, իսկապէս, ի՞նչ անել: Գուցէ պէտք է յետահայեաց փորձենք ոչ թէ միայն արձանագրել եղածը, այլ հասկանալ` ի՞նչ կարելի էր անել, որ այդպէս էլ չենք արել ու շարունակում ենք չանել: Գուցէ ժամանակն է դադարեցնելու մինչ օրս կեանքից կտրուած, անհեռանկար, ինքնանպատակ, սին ու անարդիւնք բանավէճերը, որոնք տեղի են ունենում կարծեցեալ ճիշդ ու սխալի արանքում, եւ հասկանանք, որ նման գործելակերպով մեր մատաղ սերնդին ենք անհոգութեան մատնում ու դրանով իսկ մաշեցնում ազգային ոգին, պոկոտում նրա թեւերը ու ի վերուստ թռչելու համար ծնուածներին լաւագոյն դէպքում քայլեցնում ենք: Զարմանալի է, բայց եւ անուրանալի իրականութիւն, որ հայութեան մէջ ազգային գործիչները բազմահազար են, իսկ ազգին նուիրեալները` յատուկենտ, որը եւ յանգեցրել է ազգային ոգեղէնութեան սովին: Ահա ինչի պակաս ունեն սփիւռքն ու Հայաստանը: Ահա, ինչպէս ժողովուրդը կ՛ասէր, որտե՛ղ է թաքնուած շան գլուխը: Հաւանաբար ոմանք ինձ հետ մասամբ չհամաձայնուեն կամ ընդհանրապէս չընդունեն, միեւնոյնն է, դրանից իրականութիւնը չի փոխուի: Վերջապէս հայութիւնը պիտի գիտակցի` իր գոյի երաշխաւորը ազգային ոգեղէնութիւնն է, որ նրա շարժիչ ուժն է, եւ այն ունակ չէ տարրալուծուելու ոչ մի պարագայում ու ոչ մի միջավայրում: Այն ընդհանրական արարող ընթացք է, ինչը յարգել ու սիրել է պէտք, ինչը եւ կը փոխհատուցի մի իմաստութեամբ, որն արդարացնում է մարդկային ծնունդի առաքելութիւնն ու յաւերժութեան խորհուրդը ազգի ինքնութեան` իբրեւ թեւ ու թիկունք Արարատին, ասել է թէ` հայկականութեանը: Ազգային ոգեղէնութիւնը յիշողութեան կենարար ուժանիւթն է: Յիշողութիւնը հայրենիք է: Յիշողութիւնը ես եմ , դու ես , նա է, մեր ներկան է: Աստուած չանի` խաթարուի մեր յիշողութիւնը, խաթարուի հայի ոգեղէն ընթացքը, որի յայտնութիւնն է հայ ժողովրդի պատմութիւնը: Բայցեւայնպէս ինձ անհանգստացնում է այն միտքը, որ խորհրդային ժամանակաշրջանում խեղաթիւրուած պատմութիւնը հիմա էլ ընթանում է իներցիոն տրամաբանութեամբ ու շարունակում է խորացնել ինչ-որ չափով մեր ճաք տուած յիշողութիւնը: Կարծում եմ` այսօր աւելի քան անհրաժեշտ է հայի յիշողութեան թարմացում, որպէսզի փակուեն այն ճաքերը, որ առաջացել է օտար ուժերի շահերը սպասարկող բռնութիւնից, ինչը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` բռնաբարուած ճշմարտութիւն:
Վերջերս աննկատ անցաւ Կիլիկիայի ազատագրութեան համար կազմաւորուած, հայկական լեգէոնիէ յաղթական Արարայի ճակատամարտի
100-ամեակը, ճակատամարտ, որը համաշխարհային պատմութեան մէջ յայտնի պաղեստինեան ռազմաճակատում Մեկիտոյի ճակատամարտի փառապանծ յաղթանակին նպաստ բերած սխրանք է: Հայի զէնքը շառաչեց յանուն արդարութեան, իրաւունքի ու վրէժի: Հայկական լեգէոնի կամաւորական զինուորները հային վերադարձրին Եղեռնով խոնարհուած ազգային արժանապատուութիւնը: Հայ զինուորները մարտադաշտում կեանքի գնով խնկարկեցին յիշատակը նահատակաց ու վաստակեցին արիւն-քրտինքով հայրենիքին տէր կանգնելու արդար իրաւունքը: «Հայկական լեգէոնը» մարտերում միայն յաղթանակներ տօնեց: Հայ կամաւորական զինուորը իրենից կախուած ամէն ինչ արեց, որ նպատակին հասցնի ազգային-ազատագրական իւրատեսակ շարժումը, որն ինքնաբուխ առաջացել էր Կիլիկիայի ազատագրութեան համար: Այն այնքա՜ն վիթխարի էր, որ մէկ մարդու կամ կուսակցութեան խելքի բանը չէր. կարող էր անել ժողովուրդը: Հայ զինուորը մտաւ Կիլիկիա, բայց, ցաւօք, հայ դիւանագէտը պարտուեց: Ուրեմն` ի՞նչ է, չյարգե՞նք հայրենեաց զինուորի յիշատակը: Այսօր մատաղ սերունդը ազգի մահապարտով կրթուելու ու հպարտանալու անհրաժեշտութիւն ունի ու իրաւունք` որպէս նրա արժանաւոր ժառանգ: Ի վերջոյ նրանց հանդէպ ակնածանքի ու սիրոյ խոնարհումի պարտականութիւնը ո՞վ իրաւունք ունի խլելու իր քաղաքական կարճատեսութեամբ: Ի հարկէ, ոչ ոք: Այդ դէպքում, ինչո՞ւ այսօր անտեսուեց համաժողովրդական ինքնաբուխ շարժումը, որն իր ճանապարհին ունեցաւ Արարայի յաղթական ճակատամարտը 1918 թուականին. ժողովուրդն այն հաւասարեցնում էր Ղարաքիլիսային, Բաշ Ապարանին, Սարդարապատին: Ո՞ւր են նայում սփիւռքի աւանդական կուսակցութիւնները, հազար ու մի կազմակերպութիւնները, հոգեւորականն ու աշխարհիկը. չէ՞ որ կամաւորական լեգէոնականները մեր պապերն էին եւ մեզ համար էին իրենց թանկագինը` կեանքը դրել հայրենիքի զոհասեղանին: Նման անյարգալից վերաբերմունք հայրենասիրական, հայրենապաշտական, նուիրումի ու մաքուր ազգային ոգեղէն երեւոյթի նկատմամբ չգիտեմ ինչպէս բնութագրեմ, մանաւանդ սփիւռքից զատ , երբ ունենք հայկական պետութիւն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ: 100 տարուայ ընթացքում, բացի 1927 թուականին Երուսաղէմի Սուրբ Փրկիչ վանքի ազգային գերեզմանոցում Արարայի քաջերին կանգնեցուած մահարձանից, աշխարհում ոչ մի տեղ, գէթ մէկ յիշատակի յուշարձան կամ խաչքար չտեղադրուեց, փողոց, դպրոց, մշակոյթի օջախ չկոչուեց: Ներողութիւն, թերեւս միայն Հրազդան քաղաքում է, որ կայ մշակոյթի կեդրոն ու պարի համոյթ` «Արարա» անունով: Ինչեւէ, գոնէ Ա. Աշխարհամարտի աւարտի
100-ամեակի օրերին աշխարհին յիշեցնենք, որ մենք Ա. աշխարհամարտի յաղթող Դաշնակցային ուժերի «փոքր դաշնակիցն» էինք: Զարմանալի է, որ Պէյրութում Լիբանանի հայերը հոկտեմբերի 6-ին չնշեցին ու չտօնեցին ազատագրուած Պէյրութ առաջինը մտած հայ լեգէոնականների փառաւոր գործը: Այո՛, 1918 թուականի հոկտեբերի 6-ին ազատագրուած Պէյրութը մտաւ Հայկական լեգէոնի երրորդ գումարտակը, որից յետոյ ճանապարհը դէպի բաղձալի Կիլիկիա բաց էր: 1918 թուականի դեկտեմբերի 17-ին Հայկական լեգէոնի զինուորները ոտք դրեցին երազած Կիլիկիան: Արդեօք այս փաստի 100-ամեակը արժանավայել յիշուելո՞ւ է:
Կար ժամանակ, երբ հայը հային աշխարհի որ անկիւնում էլ հանդիպում էր, անպայման հարցնում էր` բնիկ որտեղացի՞ ես: Նոր ժամանակներում աւելի քան անհրաժեշտ է անսալ արմատներում յորձանք տուող արեան կանչին ու hասկանալ` որտեղի՞ց, ինչպէ՞ս եւ ու՞ր ենք գնում: Այնժամ հայրենիքը կ՛ունենայ յարգարժան զաւակներով կերտուած ճշմարիտ կենսագրութիւն, ոչ թէ մարդկանց մտքերը լղոզած, իրականից դուրս, աղաւաղուած ու քաղաքականացուած պատմութիւն: