ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր
Լեւոն Թորոսեանը իր բոլոր նախաձեռնութիւններում բարձր արհեստավարժութիւն ցուցաբերող, խորագիտակ ու նուիրեալ գործիչ է: «Մեծ արժէք ունեն Լեւոն Թորոսեանի ստեղծած բառարանները եւ ընդհանրապէս մշակութային լայն ասպարէզ ընդգրկող նրա ամբողջ գործունէութիւնը, որ ազգին պատիւ է բերում եւ մեծ ճանաչողութիւն ունի նաեւ հայրենիքում», գրել է Լեւոն Թորոսեանի մասին հայրենի արձակագիր, շարժապատկերի մասնագէտ Սերգէյ Գալստեանը: Իսկ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական դերասան, անուանի բեմադրիչ Երուանդ Ղազանչեանը ժամանակին վաւերել է. «Ազնիւ մտաւորականին, որ տոգորուած է հայանպաստ ու հայրենանուէր գործունէութեամբ, մենք մեծապէս պարտական ենք ՀԲԸ Միութեան հովանու տակ Պէյրութում «Վահրամ Փափազեան» թատերախմբի ստեղծմանը»: Իրապէս, ամէն բարի գործ անանց հետք է թողնում եւ արժանանում է գնահատանքի: Գեղեցիկ երեւոյթ է դա առաւելապէս մեր օրերում, յատկապէս երբ խօսքը վերաբերում է հայրենիք-սփիւռք փոխյարաբերութիւններին: Լեւոն Թորոսեանի յիշողութեան մէջ վառ են տպաւորութիւնները հայրենիք առաջին այցելութիւնից, երբ 1968-ին սփիւռքի ուսուցիչների խմբի կազմում նա ժամանեց Երեւան` Սփիւռքի հետ կապերի կոմիտէի կողմից կազմակերպած մանկավարժների վերապատրաստման դասընթացքներին: Նա եղաւ այդ 40 հոգանոց խմբի պատասխանատուն, հանդիպումներ-զրոյցներ ունեցաւ Հայաստանի մի շարք նախարարների հետ, հարցազրոյց` հեռուստատեսութեամբ, եւ «Հայրենիքի Ձայն» պարբերաթերթում լոյս տեսաւ նրա յօդուածը:
Ծնուելով Պէյրութում` Լեւոն Թորոսեանը եւ իր շրջապատը մեծ յարգանքով են յիշում արմատով մուսալեռցի նրա հօր` սփիւռքում ճանաչուած կրթական, հասարակական գործիչ, թատերագիր Յակոբ Թորոսեանին: «Գիրքը, գիրն ու գրականութիւնը մեր տան հիմնական մթնոլորտն էին», ասում է Լեւոն Թորոսեանը: Եւ հետաքրքրական է, որ այդպիսի մթնոլորտի ծնունդ` նա աւարտելով Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, ապա` Ամերիկեան համալսարանը, ձեռք է բերում միջուկային ֆիզիկոսի մասնագիտութիւն` արժանանալով բարձր մագիստրոսի կոչմանը: 16 տարիների ընթացքում դասաւանդելով Պէյրութի մի շարք հայ եւ արաբական դպրոցներում` նա կազմել եւ խմբագրել է (մի քանի այլ մասնագէտների հետ) վեց տարբեր դասագրքեր, երկրորդական վարժարանների համար անգլերէն եւ ֆրանսերէն, որոնք տպագրուել են «Լիպրերի տիւ Լիպան» յայտնի հրատարակչութեան կողմից: 1971-ին ամուսնանալով աւստրիացի ճարտարապետ Վալթրաուտի հետ եւ բնակութիւն հաստատելով Վիեննայում` Լեւոն Թորոսեանը շարունակում է իր գիտահրատարակչական եռանդուն գործունէութիւնը: 1970-ականներին, ի պատիւ իրեն, նա եղել է Շուէտական միջազգային ընկերութեան աւստրիական մասնաճիւղի աշխատակիցը: Եւ որպէս ֆիզիկայի եւ այդ ոլորտի տարբեր գործիքների առաջատար մասնագէտ` բազմիցս գործուղուել է Իտալիա, Գերմանիա, ներկայացնելու նաեւ իր նորամուծութիւններով առաջադիմած տուեալ գիտական ասպարէզը: Եւ մշտապէս արժանացել է «Ալֆա Լաւալ» համաշխարհային ճանաչում ունեցող այդ ընկերութեան բարձր գնահատանքին: 1981-1997 թթ. եղել է մէկ այլ անուանի կազմակերպութեան` IAEA (հիւլէական ուժանիւթի գործակալութեան) աշխատակիցը: Եւ այս ամէնով հանդերձ, դարձեալ գիրն ու գրականութիւնը, բառն ու գիրքը մշտապէս եղել են Լեւոն Թորոսեանի կեանքի անբաժան, սիրելի ուղեկիցները: Դրան զգալիօրէն նպաստել է նաեւ Վիեննայում բնակուող մէկ այլ ճանաչուած հայ մտաւորական, գիտութիւնների դոկտոր Համբարձում Յարութիւնեանի հետ Լեւոն Թորոսեանի աշխատակցութիւնը, յատկապէս` բառակազմութեան ոլորտում: 1984-ից մէկը միւսի ետեւից լոյս են տեսնում Լեւոն Թորոսեանի կազմած, մեկնաբանած եւ խմբագրած հայերէն-գերմաներէն եւ գերմաներէն-հայերէն բառարանները: 1990-ականներին Պէյրութի համբաւանուն «Շիրակ» հրատարակչատունը լոյս է ընծայում ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուների հայերէնով մատուցուող ինքնաուսուցման գրքեր, նաեւ` հայերէն-անգլերէն ու անգլերէն-հայերէն նորակազմ բառարաններ: Ուշագրաւ է, որ 1994-2002 թթ.-ին երբ Լեւոն Թորոսեանը ֆրանսահայ մտաւորական Ռոպեր Տէր Մերկերեանի հետ վարում է Մարսէյի «Ժամանակակից արեւմտահայերէնի եզրաբանական խորհուրդը», այդ ժամանակաշրջանում առանձին հատորով լոյս են տեսնում նաեւ Լեւոն Թորոսեանի կազմած «Մատենագիտական չորս բառացանկեր» եւ «Ուղեցոյց» հատորները: Դրանցում ներկայացուած են Լեւոն Թորոսեանի առաջադրուած մի շարք օտարալեզու բառերի (հիմնականում` եզրերի) նորամոյծ հայկական տարբերակները: Բացի այդ` շատ արժէքաւոր է Լեւոն Թորոսեանի մէկ այլ, բացառիկ նախաձեռնումը. մանրամասն ուսումնասիրելով աշխարհի օտար երեւելի աղբիւրներում զետեղուած տեղեկութիւններ հայկական նիւթերին վերաբերող, եւ անելով իր մասնագիտական վերլուծութիւններն ու դիտարկումները` Լեւոն Թորոսեանը հրատարակում է այդ նիւթերը Վիեննայում լոյս տեսնող «Հրայրք» պարբերականում (խմբագիր` Հրայր Կարապետեան):
Լեւոն Թորոսեանի արժէքաւոր ազգային, գրական-մշակութային այս պրպտումները հետագայում հրատարակուեցին «Օտարները հայերու մասին» առանձին հատորով` մեծ հետաքրքրութեանն արժանանալով թէ՛ հայ, թէ՛ օտար ընթերցողների լայն շրջանակներում: Լեւոն Թորոսեանի բառարանագիտական անխոնջ աշխատանքի վկայութիւններից է նաեւ Մեսրոպ Գույումճեանի պատրաստած բառարանը կրկին վերահրատարակելու փաստը: Ինչպէս գրում է 2014թ.-ի «Շիրակ»-ը իր յատուկ պարբերականի նախաբանում. «Մ. Գույումճեանի պատրաստած բառարանը, որ անցեալ 15 տարիներու ընթացքին սպառած էր, վերստին տպագրելու հարկադրանքին տակ դրաւ եւ այժմէականացուց Լեւոն Թորոսեան: Բառարանագիր Լեւոն Թորոսեան յանձն առաւ Գույումճեանի բառարանը վերատեսութեան ենթարկել` պակսեցնելով այժմ անգործածելի դարձած կարգ մը բառեր եւ աւելացնելով շուրջ 1700 մերօրեայ բառեր: Միացեալ սոյն բառարանին անգլերէն-հայերէնի վերջաւորութեան զետեղուած է «Անգլերէնի մէջ գործածուած համառօտագրութիւններ» բաժինը, իսկ հայերէն-անգլերէնի վերջաւորութեան` «Քերականական գիտելիքներ» շատ օգտակար բաժինը»:
Չափազանց ուշագրաւ եւ արժէքաւոր է նաեւ Լեւոն Թորոսեանի նախաձեռնութեամբ օրերս հրատարակուած նորակազմ մեծածաւալ (1000 էջ) բառարանը, որ միակն է ցայսօր իր տեսակի մէջ. գերմաներէն-արեւմտահայերէն-արեւելահայերէն: Այսինքն` մասնագիտականօրէն, լեզուաբանօրէն նկատի առնելով այն պատմական, իրական հանգամանքը, որ արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնը ունեն որոշակի բառաիմաստային, ուղղագրական տարբերութեան երանգներ, Լեւոն Թորոսեանը թարգմանել է գերմաներէնից նոյն բառը` այդ երկու հայերէններով: Լեւոն Թորոսեանի ազգանուէր բազմակողմանի մշակութագիտական գործունէութեան մասին տակաւին շատ կարելի է խօսել, սակայն հարկ է անպայման նշել, յիշատակել իր կեանքում մեծ տեղ եւ դեր ունեցող իր կնոջը` Վալթրաուտին: Նա ո՛չ միայն սիրում է հայերէն խօսել, այլեւ յարգալից սիրով ճանաչում ու գնահատում է այն ամէնը, ինչ որ հայ ու հայկական է: Արժէ իմանալ, որ Վալթրաուտը անձնուէր զգալի ներդրում արեց երկրաշարժից տուժած Հայաստանին: Հրատարակելով յօդուած-կոչ Աւստրիայի «Kurier» օրաթերթում, նա ձեռնամուխ եղաւ Աւստրիայի մի շարք քաղաքներում դրամահաւաքի` յօգուտ երկրաշարժից տուժած աղէտի գօտիների վերականգնմանը, եւ մարդասիրական ներդրման նշանակալի գումարը փոխանցուեց աղէտի գօտի: Գիւմրին շնորհակալ է աւստրուհուն` նրա բարեգուտ ու սրտագորով գործերի համար: Տիկին Վալթրաուտը շարունակում է այժմ իր մարդասիրական բարեգործութիւնը` վերջին տարիներին գումարային օժանդակութեամբ օգտակար լինելով Պէյրութի եւ Այնճարի կարգ մը դպրոցների սիրիահայ գաղթական երեխաներին: Ուշագրաւ է, որ տեղեկանալով այդ մասին եւ տակաւին նուազ պատկերացում ունենալով Այնճարի մասին` 2015-ին Լիբանանում Աւստրիայի դեսպանը Այնճար այցելեց, փաստեց Այնճարի պաշտօնեաներին, եւ ժողովուրդին, որ տիկին Վալթրաուտի այդ բարեգործական նախաձեռնութեանը պատրաստակամօրէն արձագանգել է Վերին Աւստրիայի նահանգային կառավարութիւնը եւ իր կարգին նոյնպէս ցուցաբերել է գումարային օժանդակութիւն: Աւստրիայի դեսպանը ծանօթանալով Այնճարին` զգալիօրէին գնահատեց սփիւռքի այժմեան կեդրոն Լիբանանի այդ գեղատեսիլ գիւղաքաղաքը, ծաղկեփունջ զետեղեց Եղեռնի զոհ մուսալեռցիների լոյս յիշատակին:
Այո՛, այս ամէնի մասին տակաւին կարելի է խօսել: Բա՜յց… յօդուածիս հեղինակը` ես այս պահին յիշեցի մի սրտագորով եղելութիւն, որի մասին ցանկանում եմ կիսուել իմ ընթերցողիս հետ:
Տարիներ առաջ, մի գեղեցիկ օր մենք` Լեւոն Թորոսեանը եւ ես առաջին անգամ հանդիպեցինք Պէյրութում, մեր այդքան յարգուած «Շիրակ» հրատարակչատանը: Դրա հիմնադիր եւ տնօրէն, անուանի մտաւորական, ազգային մշակութային գործիչ Կարապետ Հաննեսեանը, Լեւոն Թորոսեանը, եւ ես` տողերիս հեղինակը, զրուցեցինք ջերմ ու երկար: Շա՜տ բաների մասին. սփիւռքի, հայրենիքի, ներկայիս լիբանանահայ եւ վիեննահայ օճախների մասին, մեր ամէնքիս գլխատար կարօտի մասին… Լեւոն Թորոսեանը ասաց. «Երանի՜ հիմա մենք ամէնքս Հայաստանում լինէինք, «Շիրակն» էլ Երեւանի սրտում լինէր, մեր բոլոր հրատարակած գրքերն էլ այնտեղ լոյս աշխարհ գային, մեր բոլոր ընթերցողներն էլ հայաստանցի լինէին: Լինէր միշտ շէն ու շէնշող, աներկրաշարժ, ծաղկուն եւ մեզ ամէնքիս իր սրտում միացնող Հայաստան»: Եւ մի պահ մեզ թուաց, թէ այդպէս է… Մենք այդ օրը բաժանուեցինք դուրս գալով «Շիրակ» հրատարակչատնից` մշտապէս պահելով մեր մէջ այդ հրաշալի հանդիպումը: Օրերս, Այնճարում հանդիպելիս Լեւոն Թորոսեանին եւ իր կնոջ` Վալթրաուտին, որոնք ժամանել են Այնճար ամառային վայելումի, ես կրկին յիշեցի Լեւոն Թորոսեանի այդ խօսքերը: Եւ ցանկանում եմ հիմա ասել նրան. մեր աներկրաշարժ սրտում մենք ունենք մեր հայրենիքը եւ այնտեղ մենք ամէնքս միշտ միասին ենք:
Երեւան-Պէյրութ