Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. «Կատուն Հենց Կատու Է». Ֆրանսական Թեմիսը Հաստատել Է Ալիեւեան Վարչակարգի Բռնապետական Էութիւնը

$
0
0

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել նշանակալի իրադարձութիւն, որի մասին տեղեկատուութիւնն օրուայ եռուզեռում ասես մնացել է ստուերում: Բանն այն է, որ ֆրանսական դատարանը թոյլ է տուել Ազրպէյճանն անուանել «դաժան բռնապետութիւն»: Իսկ նախապատմութիւնը հետեւեալն է. 2015թ. սեպտեմբերի 7-ին «Ֆրանս 2» պետական հեռուստաալիքով ցուցադրուել էր երկժամանոց ժապաւէն¬հետաքննութիւն` «Իմ նախագահը գործուղման մէջ» խորագրով: Հետաքննութեան հեղինակներ են լրագրողներ Էլիզ Լիւսիենը, Լորան Ռիշարը եւ ուրիշներ, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգը բազմիցս անուանում են բռնապետական եւ յայտարարում այն մասին, որ «ամերիկեան արտաքին գործերի նախարարութեան դիւանագիտական նամակագրութեան մէջ» նա նկարագրւում է որպէս «Քոռլէոնէի գործելաոճով երկիրը կառավարող կնքահայր» (Ֆրենսիս Քոփոլայի «Կնքահայր» ժապաւէնը պատմում է Քոռլէոնէի սիսիլիական քլանի մասին, որն իր ձեռքում կենտրոնացրել էր Նիւ Եորքի ողջ քրէական պիզնեսը, հեղ.):

Ընդամէնը երկու օր անց` սեպտեմբերի 9-ին, Ազրպէյճանի իշխանութիւնները որոշեցին վիճարկել ֆրանսական հեռուստատեսութեամբ հնչած «բռնապետութիւն», «բռնապետ», «բռնակալ», «աշխարհում ամենադաժան բռնապետութիւններից մէկը» խօսքերը եւ հայց են ներկայացրել ֆրանսական դատարան` ընդդէմ «Ֆրանս թելեվիզիոն» խմբի նախագահ Տելֆին Էռնոթի եւ լրագրողներ Էլիզ Լիւսիենի ու Լորան Ռիշարի` նրանց մեղադրելով անուանարկութեան, այսինքն արատաւորող տեղեկութիւններ (անպայման չէ ստայօդ) հրապարակելու մէջ: Պէտք է ասել` սա աննախադէպ գործ էր, քանի որ Ֆրանսայի պետութեան մէջ առաջին անգամ արտասահմանեան պետութիւնը դատի էր տալիս ֆրանսական լրագրողներին: Նախ 2017թ., Նանթի դատարանը, իսկ հիմա արդէն Վերսայի վճռաբեկ դատարանը կայացրել են դատավճիռ` Պաքուի հայցը վարոյթ չընդունել, հիմնաւորելով դա նրանով, որ մամուլի ազատութեան մասին 1881թ. ընդունուած օրէնքի համաձայն, Ֆրանսայում «արտասահմանեան պետութիւնը չի կարող անուանարկութեան վերաբերեալ հայց ներկայացնել»: Այլ խօսքով, անուանարկութեան մասին խօսել չի կարելի, պարզապէս լրագրողներն իրերն անուանել են իրենց անուններով, իսկ Ազրպէյճանն իր մենատիրական քաղաքականութեամբ ինքն է արատաւորում իրեն: Լորան Ռիշարը Թուիթըրի սեփական միքրոպլոկում գրել է. «Ազրպէյճանը չի սիրում, երբ իրեն բռնապետութիւն են անուանում, սակայն նրանք դարձեալ պարտութիւն կրեցին: Այնպէս որ, ինչպէս ասում ենք մենք` ֆրանսացիներս, կատուն հենց կատու է, Ազրպէյճանը` բռնապետութիւն»: Էլիզ Լիւսիենը իր հերթին Թուիթըրում գրել է, որ Ազրպէյճանը պարտուել է, յաղթել է տեղեկատուութեան ազատութիւնը:

Ըստ էութեան, մեզ վաղուց է յայտնի, որ Ազրպէյճանում Ալիեւների` արդէն տասնամեակներ տիրող վարչակարգը մինչեւ ուղնուծուծը բռնապետական է: Բռնապետ էր ընտանիքի հայր Հայտար Ալիեւը, կառավարման բռնապետական ոճը նրանից ժառանգել է նաեւ որդին` ներկայիս նախագահը, ով զաւթել է իշխանութիւնը երկրում: Միգուցէ մէկ այլ իրավիճակում մեր ուշադրութիւնը չկենտրոնացնէինք ֆրանսական դատարանի դատավճռի վրայ, բայց Հայաստանում ներքաղաքական գործընթացների կապակցութեամբ, Ալիեւի վերջին յայտարարութիւնները մեզ պարտադրում են դրան: Դեռեւս Սերժ Սարգսեանի նախագահութեան օրօք Ալիեւն իրեն թոյլ էր տուել Հայաստանի ղեկավարութիւնն անուանել յանցաւոր, արիւնալի խմբաւորում: Իսկ Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, որոշակի դիւանագիտական դադար առնելով` կապուած իր յոյսերի հետ, որ` «Հայաստանի նոր ղեկավարութիւնը կառուցողականութիւն կը ցուցաբերի», ինչի շնորհիւ` «ազրպէյճանական հողերը շուտով կ՛ազատագրուեն բռնագրաւումից», մեղադրանքներ թափեց արդէն վարչապետ Նիկոլ Փաշինեանի վրայ, որ, հաւանաբար, չարդարացրեց իր ճաճանչափայլ յոյսերը: Այսպէս, Պաքւում ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Կրեմինկերի հետ վերջերս կայացած հանդիպմանը նա ո՛չ աւել ո՛չ պակաս յայտարարեց, թէ` «Հայաստանում ի յայտ է գալիս բռնապետական նոր վարչակարգ»: Ընդ որում, իր խօսքերին ճշմարտանմանութեան տեսք հաղորդելու համար գլխաւոր քարտուղարին կոչ է արել ուշադրութիւն դարձնել «մարդու իրաւունքների զանգուածային խախտումների» վրայ:

Համաձայնենք` բռնապետութեան, մարդու իրաւունքների զանգուածային խախտումների մէջ մեղադրանքները բաւականին լկտի ու միեւնոյն ժամանակ ծիծաղելի են հնչում մի մարդու շուրթերից, որ աշխարհում, ընդ որում` արդէն երկար տարիներ, յայտնի է որպէս մենատէր ղեկավար, որ` «փառք» է վաստակել մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումների, քաղաքական դաժան բռնաճնշումների, այլախոհութիւնն ու խօսքի ազատութիւնը ճնշելու ասպարէզում, որ` միջազգային մասնագիտացուած կազմակերպութիւնների կողմից արժանացել է մամուլի թշնամի տիտղոսին եւ այլն: Մի մարդուց, որ վերաձեւում է երկրի սահմանադրութիւնը` սեփական կնոջը փոխնախագահ դարձնելու համար: Եւրոպական մի շարք կառոյցներ, մասնաւորապէս` Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգների Քոնկրեսը բազմիցս խիստ քննադատութեան են ենթարկել ալիեւեան վարչակարգը` մարդու իրաւունքների ճչացող խախտումների, իր ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով զեղծարար սխեմաների օգտագործման համար:

Ասես` ճակատագրի հեգնանքով, ֆրանսական դատարանի դատավճռից բառացիօրէն մէկ օր առաջ` սեպտեմբերի 18-ին, Ընդդէմ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի Եւրոպայի խորհրդի կոմիտէն զեկոյցներ է հրապարակել 2004, 2012, 2013, 2015, 2016 եւ 2017 թուականներին Ազրպէյճան կատարած իր 6 այցերի արդիւնքների մասին: Նշւում է, որ Ազրպէյճանում տիրող իրավիճակի ընդհանուր տպաւորութիւնն այնպիսին է, որ ոստիկանութեան, իրաւապահ այլ մարմինների եւ բանակի կողմից խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքի այլ ձեւերը, ինչպէս նաեւ իրաւապահ ողջ համակարգում փտածութիւնը եւ անպատժելիութիւնը մնում են համակարգուած, լայնօրէն տարածուած երեւոյթներ: «Եկել է ժամանակը, որպէսզի Ազրպէյճանի իշխանութիւնները վճռական միջոցներ ձեռնարկեն երկրում խոշտանգումներն արմատախիլ անելու համար եւ լրիւութեամբ կատարեն կոմիտէի յանձնարարականները», ընդգծել է Ընդդէմ խոշտանգումների կոմիտէի նախագահ Նիքոլայ Կնաթովսքին` յոյս յայտնելով, որ Ազրպէյճանի իշխանութիւնները կը կատարեն խոշտանգումներն արգելելու իրենց յանձնառութիւնները` համաձայն Մարդու իրաւունքների եւրոպական հռչակագրի:

Կարելի է չկասկածել, որ պրն. Կնաթովսքու յոյսերը պատրանքային են, քանի որ Ազրպէյճանն աշխարհում առաջնային դիրքեր է զբաղեցնում ոչ միայն մարդու իրաւունքների խախտումների, այլեւ իր ստանձնած միջազգային յանձնառութիւնների չկատարման մասով: Ալիեւն ունի «բռնապետ» հասկացութեան իւրովի մեկնաբանումը` բռնի ուժով աշխարհին թելադրել սեփական կանոնները…


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles