«Փանորամա» կայքը յաջորդաբար կը հրապարակէ 1990 թուականի յունուար 13-20 Պաքուի մէջ տեղի ունեցած ջարդերուն վերաբերեալ ականատեսներու վկայութիւններու շարք, քաղաքական եւ հասարակական գործիչներու յայտարարութիւններ: Նիւթերը տեղադրուած են karabakhrecords.info կայքին մէջ:
Ստորեւ` անոնցմէ քանի մը հատը:
Իկոր ՎՈԼԿԻՆ, գրող.- «Եթէ Սումկայիթում կազմակերպուած ջարդերից յետոյ ձեռնարկուէին հրապարակային, վճռական եւ, չեմ վախենում ասել, դաժան միջոցներ, ապա այսօր մենք չէինք ունենայ ազգամիջեան քրոնիկ ահաբեկչութիւն` Ղարաբաղ, Ֆերկանա, Նոր Ուզեն, Պաքու, Օշ: Ջարդարարները զգում են իրենց անպատժելիութիւնը, քանզի, խօսելով «առարկայական պատճառների մասին», մենք ասես ճանաչում ենք արիւնարբու խրախճանքի նրանց իրաւունքը»:
«Քոմսոմոլսքայա Փրավտա»,
3-07-1990թ.
Անտրէյ ՔԻՊՐԻՔ (գիտնական, Մոսկուա).- «Ազրպէյճանում տեղի էին ունենում խաղաղ քաղաքացիների զանգուածային եւ բազմիցս կրկնուող սպանութիւններ, իսկ Հայաստանում նման որեւէ բան չէր եղել»:
«Սթրանա ի միր» ամսագիր,
Միւնիխ, 1990, թիւ 1 (55)
ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր Ա. ՎՈՐՈՊԵՈՎ.- «Եկէք` ոչ մէկին յիմարի տեղ չդնենք. պէտք չէ մեղադրել անանուն հայերի` իբր նրանք իրենք իրենց էին կոտորում կամ առաջինն էին սկսել, կամ թէ` իրենք իրենց նետում էին պատուհաններից… Այն, ինչ կատարւում է Ազրպէյճանում, «ԽՍՀՄ-ի ներքին գործը» չէ, այլ համաշխարհային աղէտ: Աշխարհը վերջապէս պէտք է յայտարարի, որ այլեւս չի հանդուրժի եւ թոյլ չի տայ ցեղասպանութիւն»:
«Օկոնեոք» ամսագիր,
1990, թիւ 14, էջ 24
Քիրիլ ՍԹՈԼԵԱՐՈՎ,- գրող, Մոսկուա.- «Ջարդերից շատերն իրականացւում էին առանձին դաժանութեամբ: Յունուարի 14-ին 30-40 հոգանոց խումբը ներխուժեց զառամեալ ամուսիններ Թորոսեանների բնակարան, որտեղ գտնւում էին նրանց երկու բարեկամուհիները` նոյնպէս տարիքով կանայք: Հրոսակները ծեծի ենթարկեցին բոլորին, վերցրին երեքուկէս հազար ռուբլի, նշեալ քաղաքացիներին ու նրանց հարեւանուհի Յարութիւնովային բռնի կերպով դուրս հանեցին քաղաքից, պենզին լցրին եւ վառեցին»:
«Ռասփատ», Մոսկուա,
«Օլմա-փրեսս», 2001թ.
Պաքուի գլխաւոր հոգեբուժ Ա. ՍՈՒԼԹԱՆՈՎ.- «Մի՞թէ նրանք, ովքեր ծեծում, վառում եւ խուլիկանութիւններ էին անում, չէին մտածում, որ ամէն ինչի համար հարկ կը լինի պատասխան տալ: Մի՞թէ նրանք կարծում են, թէ արցունքներով թողնուած հարստութիւնը որեւէ մէկին երջանկութիւն կը բերի: Երբե՜ք»:
«Պաքինսքի ռապոչի» թերթ,
24 մարտ 1990
Զօրավար Ալեքսանտր ԼԵՊԵՏ.- «Հայերին բռնում եւ մահացու հարուածներով ծեծի էին ենթարկում, միաժամանակ` հրեաներին, օսերին, վրացիներին եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայերին: Ծեծում էին, ինչպէս ասում են, դէմքին, այլ ոչ թէ անձնագրին նայելով»:
«Զայ տերժաւու օպիտնօ» գիրք, էջ 252:
Լէյլա ԵՈՒՆՈՒՍՈՎԱ, 1990 թուականին «Ժողովրդական ճակատ»-ի վարչութեան անդամ.- «Այդ քայլերին սատարում էր պաշտօնական ղեկավարութիւնը, որը դեռեւս անցեալ աշնանը «Ժողովրդական ճակատ»-ին որակում էր որպէս ծայրահեղականներ, յանցագործներ, իսկ այժմ դադարեց հալածել նրանց, քանի որ «Ճակատ»-ի աջ թեւի գաղափարները նրան հարազատ էին: Հանրապետութեան ղեկավարութիւնն աչք է փակում նաեւ աջ թեւի` Հայաստանի հետ հակամարտութիւնը շարունակելու ձգտման վրայ: Օրինակների համար պէտք չէ հեռուն գնալ. Պաքւում հրդեհեցին հայկական եկեղեցին, ընդ որում, ոստիկանութիւնը չարձագանգեց վանտալիզմի այդ քայլին…»:
CIA գործակալութեանը տուած հարցազրոյցից,
1990 թ., յունուար
Նիքոլայ ՓԵԹՐՈՒՇԵՆՔՕ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւոր, գնդապետ.- «Որպէս իրադարձութիւնների ականատես` ասեմ, որ ողջ Պաքուն քաջ գիտէր, որ քաղաքում կը մտցուեն պարէտային ժամ եւ զօրքեր: Իսկ այստեղ` այս դահլիճում, հանրապետութեան ղեկավարներն իրենց անմեղի տեղ են դնում, իբր չգիտէին, չէին տեսել, որ զօրքերը մտնում են Պաքու: Ընդ որում, նրանք ջարդերի ամենաթէժ պահին անընդհատ դիմում էին Գերագոյն խորհրդին` տեղում արտակարգ դրութիւն մտցնելու խնդրանքով` շրջաններում, միայն թէ` ոչ Պաքւում: Մի՞թէ պատճառն այն չէր, որ քաջ գիտէին` «Ժողովրդական ճակատ»-ը փաստօրէն մտցրել էր «իր» պարէտային ժամը եւ «իր» արտակարգ դրութիւնը Պաքւում»:
ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի
1990 թ. մարտի 5-ի նստաշրջանի ելոյթից
Վատիմ ՊԱՔԱԹԻՆ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարար.- «Ազրպէյճանական ԽՍՀ ղեկավարութիւնը, մասնաւորապէս, համապատասխան մարմինները չէին կարող չիմանալ, որ յատուկ կազմակերպուած հանրահաւաքում նախապէս ծրագրուած էր այն սադրանքը` իբր հայերն սպաննում են ազրպէյճանցիներին: Եւ միանգամից հանրահաւաքի 5 հազար մասնակիցներ ցրուեցին քաղաքով մէկ` ունենալով հայերի բնակարանների հասցէները: Այդ իրավիճակում դժուար էր ինչ-որ բան ձեռնարկել, յատկապէս եթէ հաշուի առնենք այն փաստը, որ ներքին զօրքերի գործողութիւններն ամէն կերպ արգելափակւում էին նրանով, որ աւազակները որպէս կենդանի վահան օգտագործում էին կանանց եւ երեխաներին»: «Ի՞նչ դասեր քաղեցին Ազրպէյճանի իշխանութիւններն այդ ողբերգութիւնից», եւ ինքն էլ պատասխանեց` «Ո՛չ մի»:
ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի
1990 թուականի նստաշրջանի ելոյթից
Ռոպերթ ՔՈՒՇԵՆ, Human Rights Watch իրաւապաշտպան կազմակերպութեան զեկուցող.- «Ջարդերն ամբողջութեամբ (կամ, հնարաւոր է, մասամբ) չէ, որ տարերային էին, քանի որ ջարդարարներն ունէին հայերի ցուցակներն ու հասցէները»:
Conflict in the Soviet Union:
Black January for Azerbaidzhan,
Human Rights Watch, May 1991.
Կարի ԳԱՍՊԱՐՈՎ, ճատրակի աշխարհի ախոյեան.- «Հայկական ջարդերը Պաքւում ոչ ոքի կողմից չկանխուեցին, չնայած` Պաքւում կային ներքին զօրքերի 11 հազար զինուորներ: Այնտեղ էր ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լիսաուսքասը, իսկ յետոյ ԽՄԿԿ Կենտկոմից իրավիճակը վերահսկելու համար ժամանեց եւ Փրիմաքովը: Բայց ոչ ոք չէր միջամտում այնքան ժամանակ, մինչեւ չիրականացուեց զտումը: Ընդ որում, այդ ջարդերն ինչ-որ մի տեղում չէին, այլ` հսկայ մայրաքաղաքում, որտեղ բազմաբնակարան շէնքեր էին: Նման մեծ քաղաքում, ինչպիսին Պաքուն էր, ամբոխը չէր կարող թիրախային գործողութիւններ իրականացնել: Երբ ջարդարարները նպատակաուղղուած գնում են շրջանից շրջան եւ բնակարանից բնակարան, նշանակում է, որ նրանց տուել են ցուցակներ, եւ կար այդ ամէնը համակարգող: Ներխուժում էին հայերի բնակարանները, կողոպտում, սպանում, բռնաբարում: Ոմանց շպրտում պատուհաններից…. Զոհերի ճշգրիտ թիւը ես չգիտեմ, սակայն ունեցած տեղեկութեան համաձայն, մօտ 120 մարդ է մահացել»:
«Պուլվար Կորտոնա» թերթ,
2 դեկտեմբեր 2008թ.
Ալեքսէյ ՎԱՍԻԼԵՒ, խորհրդային բանակի սպայ.- «Դեռեւս մտցուած չեն պարէտային ժամն ու զօրքերը, իսկ հայերը հոծ բազմութեամբ խուժում են հսկիչ-անցագրային կէտ` պաշտպանութիւն խնդրելով, բաց ենք թողնում անձնագրերով, որտեղ, ինչպէս յայտնի է, նշուած է ազգութիւնը: Ի՞նչ անել նրանց հետ: Որտե՞ղ բնակեցնել: Ինչո՞վ կերակրել: Խմբի հրամանատար, ազգութեամբ ազրպէյճանցի Ռոմքան, «Օսոպնեաքի» առաջադրանքով դուրս է գալիս քաղաք` քաղաքացիական հագուստով: Վերադառնալով` անմիջապէս օղի է խնդրում: Կորցրել էր հոգեկան հաւասարակշռութիւնը: Տեսել էր` ինչպէս բազմայարկ շէնքի պատշգամբից կահոյքից վառած խարոյկի մէջ էին նետել մերկ կնոջ: Կահոյքը, հասկանալի է, նրա բնակարանից էր: Իսկ յետոյ… Յետոյ ժողովրդական ճակատի մարտիկը պատշգամբից թափահարում էր այդ կնոջ ականջները: Եթէ ինչ-որ մէկը չի հասկացել, կրկնում եմ, դա ազրպէյճանցու, աֆղանական պատերազմի մասնակից սպայի վկայութիւնն է, նա շոքի մէջ էր»:
«Պաքինսքիէ Զարիսովքի»
1990թ.: